Միայն թե ես հասնեմ վայելելու Հիսուս Քրիստոսին – Գրադարան – Mashtoz.org

Միայն թե ես հասնեմ վայելելու Հիսուս Քրիստոսին

Ե. – 1. Ասորիքից մինչև Հռոմ, ցամաքում ու ծովում, օր ու գիշեր ես կռվում եմ գազանների դեմ, տասը ընձառյուծների, այսինքն՝ զինվորների մի դասակի կապված, որոնց հանդեպ որքան ավելի ես բարիք գործում, նրանք այնքան ավելի են չարանում: Նրանց կողմից ինձ հասցված խոշտանգումների շնորհիվ է՛լ ավելի եմ աշակերտ դառնում, «բայց սրանով չեմ արդարանում»[1]:

 

2. Թող որ ես կարողանամ վայելել գազաններին, որ պատրաստվել են իմ համար: Մաղթում եմ, որ իրենց գործն արագ անեն: Ես ինքս կթախանձեմ նրանց, որ իսկույն հոշոտեն ինձ, որպեսզի չպատահի այնպես՝ ինչպես վարվեցին ոմանց հետ, երբ, երկնչելով, չմոտեցան նրանց[2]: Իսկ եթե ցանկություն չունենալով երկմտեն, ես ինքս նրանց կստիպեմ:

 

3. Հասկացեք ինձ. ես գիտեմ, թե ի՛նչն է իմ համար լավագույնը: Այժմ սկսում եմ աշակերտ լինել: Թող որ իմ առջև ոչ մի խոչընդոտ չդրվի, ո՛չ տեսանելի և ո՛չ էլ անտեսանելի, որպեսզի ես հասնեմ Հիսուս Քրիստոսին: Թող որ իմ վրա թափվեն կրակ, խաչ, գազանների բազմություն, հոդերի խախտում, ոսկորների բաժանում, անդամների հատում, ամբողջ մարմնի կտրատում, սատանայի դաժան տանջանքներ. միայն թե ես հասնեմ վայելելու Հիսուս Քրիստոսին:

 
[1] 1Կր 4, 4. Իգնատիոսի այս հատվածից տեղեկանում ենք, որ պահակախմբի զինվորների կողմից իրականացված հսկողությունը խիստ նկարագիր է ունեցել, մինչև իսկ անհանդուրժողության հասնելով: Կարող ենք ուստի պատկերացնել, թե Սուրբ Մարտիրոսը որքա՜ն դժվարությունների է հանդիպել Եկեղեցիների պատվիրակներին ընդունելիս և այս նամակները շարադրելիս: Մի հանգամանք, որով այս նամակներն է՛լ ավելի թանկարժեք են դառնում:
[2] Հմմտ. Դն 6, 17-25.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։