ՆԱԽԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԱԽԱԲԱՆ

«Ձեզ հորդորում են իմ կապանքները,
որոնք ես կրում եմ Հիսուս Քրիստոսի պատճառով,
մինչ աղոթում եմ հասնելու Աստծուն.
հարատևեցեք ձեր համերաշխության
և փոխադարձ աղոթքի մեջ ... » (Թրալ. ԺԲ 2):

 

Յոթը նամակներ, գրված՝ գրեթե քսան դար առաջ, մահվան դատապարտված մի Եպիսկոպոսի կողմից, քրիստոնեական մի քանի համայնքների, որոնց անունն անգամ այսօր դժվարությամբ է հիշվում: Ի՞նչ արդիականություն կարող են ունենալ:

Այս հարցին իմաստալի պատասխան հնարավոր է տալ միմիայն նամակներն իսկ ընթերցելուց հետո, ընթերցանությամբ, որն հարկավոր է կատարել պատշաճ ուշադրությամբ ու խորհրդածությամբ:

Առաջին իսկ պահից, համենայն դեպս, օգտակար է հիշել, որ այս նամակների հեղինակը, Իգնատիոս Անտիոքացին, մարտիրոս է. մի մարդ, այսինքն, որ ամբողջ խորությամբ ապրել է այն, ինչ գրել է և իր ուսուցումներին վկայել է սեփական կյանքի ընծայմամբ:

Այս առաջին ճշգրտումից հետո, ամենատարբեր բնույթի կարող են լինել հետաքրքրությունները, որոնք կարող են արթնանալ այս նամակների ընթերցանությամբ:

Պատմաբաններն այս գրություններում կարող են արժեքավոր տեղեկություններ գտնել քրիստոնեական առաջին համայնքների վերաբերյալ: Աստվածաբանները կարող են բազմաթիվ վկայություններ գտնել իրենց քննարկումների համար: Հավատավոր անձինք կարող են հաղորդակցության մեջ մտնել արտահայտված ճշմարտությունների ու որոշ գաղափարների հետ, որոնք կօժանդակեն զորացնելու ու ամրապնդելու իրենց հավատքը, և մանավանդ՝ իրենց սերն ու անձնական հաղորդությունը Տիրոջ հետ: Եվ այսպես, ամեն ոք կարող է այս նամակներին մերձենալ իր յուրահատուկ հետաքրքրություններով:

Ամենքը, սակայն, համաձայն կգտնվեն մի կետի շուրջ: Իգնատիոս Անտիոքացու նամակներն ամենավավերական վկայություններից են այն բանի, թե ի՛նչ է նշանակում սիրել Աստծուն ամեն ինչից վեր: Ինչը որ, հավատացյալի համար, միշտ էլ մնում է որպես իր կյանքի ամենակարևոր ու ամենաարդիական հանձնառությունը:

Իգնատիոսը Աստծուն սիրահարված հոգի է. նրա համար միմիայն Աստծո մեջ է ամեն բան ստանում արժեք, մինչ Աստծուց դուրս ամեն բան անիմաստ է:

Սիրել Աստծուն ամեն ինչից վեր, հետևաբար՝ նաև սեփական կյանքից էլ վեր:

Ահա՛ այստեղից է ծնվում Աստծո հետ շուտով հանդիպելու իղձը, բաղձանքը՝ որքան կարելի է շուտով հասնել մարտիրոսությանը, հասնելու համար Միակ Բարիքին:

Այստեղից են ծնվում Իգնատիոսի անդադար հորդորները՝ պահպանելու և հոգատարությամբ խնամելու Միությունը, քանի որ Աստված Միություն է և Հաղորդություն:

Այստեղից են ծնվում նաև այն կրակոտ արտահայտությունները, որոնք Սուրբ Մարտիրոսն ուղղում է հերետիկոսների դեմ, որոնք ապականում են Քրիստոսի Հոտը և մարդկանց հեռացնում են Աստծուց: Ուրիշ ոչ մի «մեղքի» դեմ չի արտահայտվում Իգնատիոսը, կարծես ընդգծելով այն ճշմարտությունը, որ Քրիստոնեական Սրբությունը դա նախևառաջ սրբությունն է Հավատքի մեջ, որի վրա է հիմնվում հոգևոր կյանքի և առաքինությունների ամբողջ կառույցը:

Այստեղից են տակավին ծնվում խորհրդազգացական (միստիկ) այն զմայլելի սլացքն ու անզսպելի եռանդն ու հրայրքը, որոնցով այս Նամակները եզակի գլուխգործոցներ են դառնում համաշխարհային գրականության անմահ երկերի շարքում:

 
* * *
 
Ներկա հրատարակության նպատակն է Քսանմեկերորդ դար մուտք գործած քրիստոնյային հնարավորություն ընձեռել ծանոթանալու այս Նամակներին, իսկ Նամակների միջոցով՝ նրանց Հեղինակին և Քրիստոնեության առաջին տասնամյակներում տիրող եռանդուն հոգուն ու աստվածավառ իղձերին:

Ներկա աշխատանքն, ուստի, ծանրացված չէ պատմա-բանասիրական քննություններով: Հետևաբար, և՛ ընդհանուր ներածության մեջ, և՛ առանձին նամակների համառոտ ներկայացման ժամանակ, և՛ ծանոթագրություններում ամբողջովին բացառել ենք քննական բնույթի հղումներն ու նկատողությունները: Ընդգծել ենք, մինչդեռ, աստվածաբանական, հովվական և հոգեմարզական (ասկետիկ) բնույթի այն տարրերը, որոնք օգտակար ենք նկատել ներկա դարաշրջանում ապրող քրիստոնյայի համար:

Ընթերցողն այսպիսով – հուսով ենք – կգտնի այս հրատարակությունը բավականին ճկուն և դյուրընթեռնելի, առանց ավելորդ ծանրաբեռնումների, որոնք ուսումնասիրողների համար միայն կարող են ինչ որ հետաքրքրություն ներկայացնել: Սույն հրատարակության նպատակն է ընթերցողին պարգևել խաղաղ մտորումների ու խորհրդածության պահեր, որոնք իր մտքին խոսելուց առաջ՝ ընդունակ կլինեն խոսելու իր սրտին:

 
* * *
 
Միայն մի խոսք՝ թարգմանության վերաբերյալ: Արդի լեզուներով ներկայացնել Իգնատիոսի նամակները, թարգմանիչների միաձայն գնահատմամբ՝ այնքան էլ դյուրին գործ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Հայտնի է, որ նամակներն Իգնատիոսը գրի է առել Ասորիքից դեպի Հռոմ ձգված իր ուղևորության սակավաթիվ հանդարտ պահերին: Նա շատ սեղմ նախադասություններով է արտահայտում իր մտքերը, քանի որ և՛ ինքը, և՛ իր անմիջական ընթերցողները քաջատեղյակ էին նամակներում ակնարկվող հարցերին ու իրավիճակներին, որոնք մեր համար, սակայն, մնում են անհայտ անցյալի մշուշի ետևում: Այստեղից էլ, ահա՛, առաջ են գալիս դժվարիմաց հատվածները, որոնց գումարվում են շարադասության հաճախակի պատահող անկատարությունները, կտրուկ անցումները մի մտքից մյուսին, շարահյուսական նոր ու համարձակ դասավորումը:

Հասկանալի է դառնում, որ բնագրի որոշ հատվածների տառացիորեն հավատարիմ թարգմանությունը արդի լեզուների՝ ուղղակի անհնարին է: Այդուհանդերձ, Իգնատիոսի արդի թարգմանիչները փորձում են պահպանել – կերպային որոշակի չորության ու միօրինակության գնով անգամ – այն կուռ կարճառոտությունը, ավելորդություններից զուրկ էականությունն ու այն «ձայներանգը», որոնք Իգնատիոսի նամակների բնորոշ հատկություններն են:

Հուսալով, համենայն դեպս, որ այդպիսով հնարավոր կդառնա մի քիչ ավելի խորը կերպով հասկանալ և առավել ամբողջական կերպով ընկալել ու գնահատել Իգնատիոսի միտքը:

 
* * *
 
Թարգմանությունը կատարվել է քննական հետևյալ հրատարակություններից.
- S. Ignazio d'Antiochia, Le Lettere, a cura di Guido Gandolfo, Edizioni Paoline, Roma 1980;
- Ignazio di Antiochia, Ora comincio a essere discepolo, a cura di Sabino Chialà, Edizioni Qiqajon, Bose 2004.
Այս երկրորդն իր հերթին հետևում է բնագրերի հետևյալ հրատարակությանը.
- Ignace d'Antioche - Polycarpe de Smyrne, Lettres. Martyre de Polycarpe, SC 10, Paris 1958.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։