Նամականու հիմնական նյութերը – Գրադարան – Mashtoz.org

Նամականու հիմնական նյութերը

Անկասկած, Իգնատիոսի նամականու առավել հետաքրքրականության և առավել արդիականության պատճառը կայանում է նրա մտքի հարստության մեջ: Ուսուցումները, հորդորները, հատկապես՝ այդ ամենի գաղափարային հիմքն ու հիմնավորումները, որոնք մարտիրոսության պատրաստվող Եպիսկոպոսը մեջբերում է շարունակ, վավերական են բոլոր ժամանակների մարդկանց համար, հատկապես՝ հավատավոր քրիստոնյաների համար, որոնք կոչված են հավատքի նմանատիպ փորձառություն ապրելու, թեև տարբեր ժամանակներում և տարբեր պարագաներում ու իրավիճակներում:

Արդեն ասացինք, որ Իգնատիոսի նամականին գրասեղանի առաջ հանդարտորեն կատարված աշխատանքի արդյունքը չէ: Չպետք է, հետևաբար, ակնկալենք գտնել նրանում համակարգված մի միտք: Ընդհակառակն, քանի որ խոսքը վերաբերվում է հանկարծակի շարադրված և պահի խորհրդազգացական (միստիկ) հրայրքի համաձայն թելադրված գրությունների, նրանցում գտնում ենք իրար հաջորդող պատկերների, սկզբում հազիվ ակնարկված և հետո կրկին քննարկված գաղափարների, կարճառոտ, մասնատված արտահայտությունների մի ամբողջություն: Նմանվում են լուսեղեն փայլատակումների, սլացիկ, վայրկենական, բայց ազդեցիկ և ուժգին՝ թափանցելու մինչև հոգու խորքերը: Այստեղից էլ ահա՛ ծնվում է անհրաժեշտությունը, ընթերցողի համար, որդեգրելու ավելի խորհրդածական, քան քննողական դիրքորոշում, դարերի հեռավորությունից բացահայտելու համար ներկայությունն այն միևնույն Հոգու, որի ներշնչմամբ են շարադրվել այդ էջերը:

Թվարկել այստեղ, արագ համադրությամբ թեև, Իգնատիոսի մտքի էական բոլոր կետերը, տաժանելի և թերևս նաև անօգուտ աշխատանք կլիներ: Արդյունքում կստացվեր նախադասությունների չոր ու ցամաք մի ցանկ, որի ներկայացրած վտանգներից մեկն էլ այն կլիներ, որ Իգնատիոսի գործածած արտահայտություններից շատերը, իրենց բնագրային ամբողջականությունից կտրվելով, կկորցնեին իրենց իմաստն ու արդյունավետությունը:

Կարող ենք, սակայն, թվարկել մի քանի նյութեր, որոնք բոլոր նամակներում էլ առավել կամ նվազ չափով ներկա լինելով՝ կազմում են ամբողջ նամականու գաղափարային շարժիչ ուժը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։