Ուր Հիսուս Քրիստոսն է, այնտեղ է Ընդհանրական Եկեղեցին – Գրադարան – Mashtoz.org

Ուր Հիսուս Քրիստոսն է, այնտեղ է Ընդհանրական Եկեղեցին

Ը. – 1. Բոլորդ Եպիսկոպոսին հետևեցեք, ինչպես Հիսուս Քրիստոսն է հետևում Հորը. հետևեցեք քահանայից դասին ինչպես Առաքյալներին. սարկավագների հանդեպ տածեք այն նույն հարգանքը, որն ունեք Աստծո պատվիրանի նկատմամբ: Թող ոչ ոք Եկեղեցուն վերաբերվող որևիցէ մի գործ չկատարի առանց Եպիսկոպոսի: Թող վավերական նկատվի այն Պատարագը[1], որին նախագահում է Եպիսկոպոսը կամ Եպիսկոպոսի կողմից լիազորված անձը[2]:

 

2. Ուր Եպիսկոպոսն է, թող այնտեղ գտնվի նաև համայնքը, ինչպես ուր Հիսուս Քրիստոսն է, այնտեղ է Ընդհանրական Եկեղեցին[3]: Առանց Եպիսկոպոսի օրինավոր չէ ո՛չ մկրտել, ո՛չ էլ սիրո[4] ծեսը կատարել: Ինչը որ նա արտօնում է, հաճո է նաև Աստծուն, որպեսզի այն ամենն, ինչ կատարում եք, ապահով և վավերական լինի:

 
[1] Բնագիրը կրկին գործածում է Գոհաբանություն եզրը:
[2] Միմիայն Եպիսկոպոսը, որպես Առաքյալների հաջորդ, իրավասու է խորհրդակատարել ինչպես Սուրբ Պատարագը, այնպես էլ քրիստոնեական Ծեսի մյուս բոլոր խորհուրդները: Կամ էլ կարող է ինչ որ մեկին լիազորել՝ կատարելու դրանք իր փոխարեն և իր անունից (հանձնե և հանուն իր): Լիազորված այդ անձինք քահանաներն են: Սա է եղել և մնացել Եկեղեցու անփոփոխ վարդապետությունը Քրիստոսի Առաքյալներին աշակերտած Իգնատիոսի ժամանակներից մինչև մեր օրերը:
[3] Հայրախոսական գրականության մեջ սա առաջին անգամն է, որ «Ընդհանրական» եզրը գործածվում է որպես Եկեղեցու ստորոգելի:
[4] Հունարեն բնագրում գործածված է Ագապե եզրը: Գիտենք, որ առաջին քրիստոնյաների համար Ագապեն դա մի եղբայրական ճաշկերույթ էր, որի ավարտին սովորաբար կատարվում էր Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը, այսինքն՝ մատուցվում էր Սուրբ Պատարագը: Պողոս Առաքյալը խստորեն հանդիմանում է Կորնթացիներին այդ արարողության ընթացքում տեղի ունեցող չարաշահումների համար (1Կր 11, 17-34), որից հետո երկու իրողություններն իրարից բաժանվում են: Ագապե (սեր) եզրը Իգնատիոսը գործածում է տարբեր իմաստներով, մինչև իսկ որպես քրիստոնեական համայնքի հոմանիշ (Եկեղեցին նկատելով որպես եղբայրական սիրո վայր): Ուստի հաշվի առնելով այս հատվածի ընդհանուր իմաստը, կարծում ենք, որ Ագապեն այստեղ չի մատնանշում եղբայրական ճաշկերույթը, այլ՝ Սուրբ Պատարագի մատուցումը, որն աստվածային սիրո գերագույն խորհուրդն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։