ՊՈՂԻԿԱՐՊՈՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՊՈՂԻԿԱՐՊՈՍԻՆ

Պողիկարպոսին ուղղված նամակով փակվում է Իգնատիոսի նամականին: Ձեռագրերում և հրատարակություններում այն տեղադրվում է նամականու վերջում. կա՛մ որովհետև Սուրբ Մարտիրոսի իսկապես վերջին գրությունն է, կա՛մ որովհետև առանձին տեղ է զբաղեցնում նամակների շարքում, քանի որ միակն է, որ հասցեագրված է անհատ մի անձի:

Պողիկարպոսը[1] Իգնատիոսից ավելի երիտասարդ էր, բայց ինքն էլ էր անմիջական շփման մեջ եղել անձանց հետ, ովքեր Հիսուսի կյանքի ականատես վկաներն էին: Տերտուղիանոսի, Եվսեբիոսի և Սբ. Իրենեուսի վկայությունների համաձայն, Պողիկարպոսն աշակերտել է Սբ. Հովհաննես Ավետարանչին, որի ձեռամբ էլ ձեռնադրվել է Զմյուռնիայի Եպիսկոպոս:

Իգնատիոսի նման, Պողիկարպոսը նույնպես բուռն գործունեություն է ծավալել ի նպաստ Եկեղեցու միության և խաղաղության: 154 թվականին այցելել է Հռոմ, որպեսզի Անիկետոս Քահանայապետի հետ փորձեր լուծել Զատիկի օրվա փշոտ հարցը: Միշտ ի նպաստ Եկեղեցու միության և ի պաշտպանություն հավատքի ուղղադավանության, բազմաթիվ նամակներ է գրել Ասիայի քրիստոնեական համայնքներին, որոնցից, ցավոք, պահպանվել է միայն մեկը, ուղղված՝ Ֆիլիպպիի Եկեղեցուն. այդ նամակը մեր համար հիմնական կարևորություն ունի, քանի որ այդ նամակի հետ միասին՝ Պողիկարպոսը Ֆիլիպպի առաքեց նաև Իգնատիոսի նամակները, որոնք հավաքել էր մեկտեղ:

Պողիկարպոսը նույնպես իր քրիստոնեական վկայությունն ավարտեց մարտիրոսությամբ, որի հետ կապված դեպքերը պատմվում են Վկայաբանություն Պողիկարպոսի (Martyrium Polycarpi) ձեռագրում: Իր այս նամակում Իգնատիոսն իր երիտասարդ ընկերոջը օգտակար խորհուրդներ է տալիս հովվական պաշտոնի վերաբերյալ և հատկապես հորդորում է համբերության ու հարատևության, ինչպես «դարբնասալը մուրճի հարվածների տակ» (Գ 1):

[1] Հունարեն «poly-karpòs» նշանակում է «պտուղներով հարուստ»: Գեղեցիկ անուն, որ լիովին համապատասխանում էր Զմյուռնիայի սրբակյաց Եպիսկոպոսին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։