ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Երբ Իգնատիոսը, դեռ Զմյուռնիա չհասած, ժամանեց Ասիայի կարևորագույն քաղաքներից մեկը հանդիսացող Ֆիլադելֆիա, այնտեղ գտավ քրիստոնեական մի կենսունակ ու ծաղկուն համայնք, որն իրավամբ արժանի ժառանգն էր նրանց, ում մի քանի տարի առաջ Հովհաննես Առաքյալը գովաբանել էր այդքա՜ն շռայլությամբ (Հյտ 3, 7-13): Այդուհանդերձ, Սուրբ Մարտիրոսի կեցությունն այնտեղ կարծես այնքան էլ հանդարտ չի անցել. նամակում հանդիպող մի քանի արտահայտություններ ենթադրելու առիթ են տալիս, որ տեղի են ունեցել բուռն վիճաբանություններ, ոմանք փորձել են «խաբել» նրան և նա հարկադրված է եղել «ձայնը բարձրացնել»: Դժվար է ճշգրիտ կերպով մեկնաբանել նման արտահայտությունների իմաստը. ամենայն հավանականությամբ՝ խոսքը վերաբերվում է որոշ հերետիկոսների, որոնք նենգ (միաժամանակ նաև անմիտ) փորձեր են կատարել՝ Իգնատիոսին խոսքերով որսալու համար:

Թերևս հենց այդ պատճառով է, որ այս նամակում Իգնատիոսն ամենից ավելի մտահոգվում է միության, Եպիսկոպոսի շուրջը համայնքի բոլոր անդամների հաղորդության հարցով: Բաժանումների ահավոր վտանգից հավատացյալներին զգուշացնելով, Իգնատիոսը նախևառաջ հանձնարարում է սրտի դարձը, և հատկապես՝ մասնակցությունը միակ Հաղորդությանը, որովհետև «մեր Տեր Հիսուս Քրիստոսի միայն մեկ մարմին կա, միայն մեկ գավաթ, միայն մեկ խորան, միայն մեկ Եպիսկոպոս» (Դ):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։