« ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ԵՎ ՍԵՂԱՆ ԿՆՍՏԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ [...] ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ԵՎ ՍԵՂԱՆ ԿՆՍՏԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ [...] ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ »

Սբ. Իրենեուս Լուգդունացի (մոտ 130-208). « Բացահայտում Առաքելական Քարոզչության » աշխատությունից
 
 
[...] «Ահա՛ գալու են օրեր, – ասում է Տերը, – երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ ես մի նոր ուխտ եմ կնքելու։ [...] Իմ օրենքը նրանց հոգիների մեջ եմ դնելու, այն գրելու եմ նրանց սրտերի վրա» (Երմ 31, 31...)։ Եսային ավետում է, որ այդ խոստումները մի ժառանգություն են լինելու՝ հեթանոսների կոչման համար. նրանց համար էլ է բացվել Նոր Ուխտի գիրքը. «Սա այն է, ինչ ասում է Իսրայելի Աստվածը. "Այն օրը մարդը կշրջվի իր Արարչի կողմը և իր աչքերը կդիտեն Իսրայելի Սրբին։ Չի շրջվի [կուռքերի] խորաններին, որոնք իր իսկ ձեռքերի գործն են. չի նայի այն բանին, ինչը որ իր մատներն են արել"» (Ես 17, 7...)։ Ակնհայտ է, որ սա ուղղված է նրանց, ովքեր թողնում են կուռքերին և հավատում են Աստծուն՝ մեր Արարչին, Իսրայելի Սրբի միջոցով, և Իսրայելի Սուրբը Քրիստոսն է։ [...]
Եսայի մարգարեի գրքում Բանն Ինքը(1) ասում է, որ հարկավոր եղավ, որ Ինքը հայտնվեր մեր մեջ, – Աստծո Որդին, արդարև, դարձավ Մարդու Որդի, – և մեր համար հնարավոր դարձներ գտնելն Իրեն, Ում դրանից առաջ մենք չէինք ճանաչում. «Ինձ փնտրել տվեցի նրա կողմից, ով ինձ չէր դիմում, ինձ գտնել տվեցի նրան, ով ինձ չէր փնտրում։ Ասացի. "Ահա՛ ես, ահա՛ ես", ժողովրդին, որն իմ Անունը չէր կանչում» (Ես 65, 1)։
Այն, որ այդ ժողովուրդը, որի մասին խոսում է Եսային, պետք է սուրբ ժողովուրդ(2) լինի, հռչակվել է տասներկու մարգարեներից Ովսեեի կողմից. «Ես կսիրեմ Ոչ-սիրվածին, և Ոչ-իմ-ժողովրդին կասեմ. "Դուք իմ ժողովուրդն եք", [...] և նրանք "կենդանի Աստծո զավակներ" կկոչվեն» (Ովս 2, 25; Հռմ 9, 25֊26)։
Սա է նաև նշանակությունն այն բանի, որ ասաց Հովհաննես Մկրտիչը. «Աստված կարող է այս քարերից Աբրահամի զավակներ հարուցել» (Մտթ 3, 9)։ Իրոք որ, Հավատքի շնորհիվ քարերի պաշտամունքից ազատվելով՝ մեր սրտերը տեսնում են Աստծուն և մենք դառնում ենք Աբրահամի զավակները. նրա, ով Հավատքի շնորհիվ արդարացավ։ [...]
 
(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Սուրբ, այսինքն՝ առանձնացված, վերապահված, Աստծո ծառայությանը հատկացված ու սահմանված, ա՛յլ իրականությունների չխառնված։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։