« ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀՆ ԱՄԵՆ ԺԱՄ ՄԵՐ ԱՌԱՋ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀՆ ԱՄԵՆ ԺԱՄ ՄԵՐ ԱՌԱՋ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ »

Սբ. Լևոն Մեծ Պապ (?-461). « Քառասնորդացի չորրորդ քարոզ », 1-2.
 
 
« ''Ահա՛ նպաստավոր պահը, ահա՛ փրկության օրը'' (2Կր 6, 2)։
Ահա՛ փրկության օրը։ Անշուշտ, չկա ժամանակ, որ լի չէ աստվածային պարգևներով։ Աստծո շնորհն ամեն ժամ մեր առաջ բացում է Իր ողորմության մուտքը։ Այդուհանդերձ, ահա՛ պահը, երբ հարկավոր է, որ բոլոր սրտերը հոգևոր առաջադիմության մեջ առաջ մղվեն մի առավել մեծ եռանդով, առավել մեծ վստահությամբ։ Արդարև, վերադարձն այն օրվան, երբ փրկագնվեցինք, հորդորում է մեզ նվիրվել ամեն տեսակ հոգևոր գործերի։ Այդպես կկարողանանք տոնակատարել, մարմնով ու հոգով մաքրված, այն խորհուրդը, որ մյուս բոլորից գերազանց է. Տիրոջ Զատիկի խորհուրդը։
Այդ խորհուրդները կպահանջեին հոգևոր անընդմեջ ջանք, այնպես՝ որ Աստծո հայացքի ներքո միշտ մնայինք այնպիսիք, ինչպիսիք պետք է որ լինեինք Զատկվա տոնի օրը։ Բայց այս առաքինությունը միայն սակավաթիվ մարդկանց մեջ է գտնվում։ Մեր դեպքում, այս կյանքի գործերի մեջ, մարմնի տկարության պատճառով, եռանդը տկարանում է։ [...] Մաքրությունը մեր հոգիներին վերադարձնելու համար Տերը պատրաստել է քառասնօրյա հրահանգման դարմանը, որի ընթացքում բարի գործերով կարող են հատուցվել մյուս ժամանակներում կատարված հանցանքները, և այրվել սուրբ պահեցողության հրով։ Ուստի ուշադրությամբ հետևենք Առաքյալի պատվիրանին. ''Մաքրվենք մարմնի ու հոգու որևէ արատից'' (2Կր 7, 1)։ [...]
Մեր ապրելակերպը, սակայն, թող որ համաձայնվի մեր պահեցողությանը։ Ծոմապահության էական կետը սոսկ կերակուրներից հրաժարվելը չէ. ո՛չ մի օգուտ չկա մարմինը կերակուրից զրկելու մեջ, եթե սիրտը չի հեռանում անարդարությունից, եթե լեզուն չի հեռանում զրպարտությունից։ [...] Սա ժամանակն է հեզության, համբերության, խաղաղության։ [...] Արդ, ուժեղ հոգին թող որ վարժվի ներելու անարդարությունները, հաշվի չառնելու իր դեմ գործված հակառակությունները, մոռանալու վիրավորանքները։ [...] Դրանով հանդերձ, թող որ տխրադեմ չլինի հոգու զգուշավորությունը. թող որ լինի սուրբ։ Թող որ չլսվի հեծեծանքների տրտունջը. թող իրենից չպակասի, իրոք, սուրբ բերկրանքը »։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։