« ԿԴԱՌՆԱՆ ՄԵԿ ՀՈՏ ԵՎ ՄԵԿ ՀՈՎԻՎ » (Հվհ 10, 16)
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
Սբ. Լևոն Մեծ (? - մոտ 461). « Տասներկուերորդ ճառ, Քրիստոսի Չարչարանքների մասին » (PL 54, 355-357).
[...] Սուրբ Հոգու ներգործությամբ [Քրիստոսը] ծնվեց կույս մորից և միևնույն Հոգու ներգործությամբ արգասավորում է Իր ամբողջովին մաքուր Եկեղեցին, որպեսզի Մկրտության միջոցով Աստծո համար ծնվի զավակների մի անվերջ բազմություն։ Ասված է սրանց մասին, որ «ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից, ո՛չ էլ այր մարդու կամքից, այլ՝ Աստծուց ծնվեցին» (Հվհ 1, 13)։ Նրա(1) մեջ է, որ Աբրահամի սերունդը օրհնվել է՝ ամբողջ աշխարհի որդեգրության միջոցով, և որ նահապետը ազգերի հայր է դառնում, երբ ո՛չ թե մարմնից, այլ՝ հավատքից են ծնվում խոստման զավակները։
Առանց ժողովուրդներից որևէ մեկին բացառելու, Նա երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից կազմում է սուրբ ոչխարների մեկ միակ հոտ։ Ամեն օր կատարում է այն, ինչը որ խոստացել էր. «Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս արոտից չեն. նրանց էլ ես պետք է առաջնորդեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և կդառնան մեկ հոտ և մեկ հովիվ» (հմմտ. Հվհ 10, 16)։
Արդարև, թեև հատկապես Պետրոսին ասաց. «Հովվի՛ր իմ ոչխարներին» (Հվհ 21, 17), այդուհանդերձ՝ միակ Տերն է հոգ տանում բոլոր հովիվների մասին. և նրանք, ովքեր գալիս են Վեմին՝ Քրիստոսին, Նա նրանց կերակրում է այնքա՜ն սննդարար և այնքա՜ն լավ ոռոգված արոտներում, որ անթիվ անհամար ոչխարներ, Իր սիրո առատությունից զորացած, չեն վարանում մեռնել իրենց Հովվի անվան համար, այնպես՝ ինչպես լավ Հովիվն Իր կյանքը տվեց Իր ոչխարների համար։ [...]