« ԹՈՂԵՔ, ՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԻՄ ՄՈՏ ԳԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԹՈՂԵՔ, ՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԻՄ ՄՈՏ ԳԱՆ »

Սբ. Լևոն Մեծ (? - մոտ 461). « Քարոզ 7, Աստվածահայտնության տոնի առթիվ », 3, 4 ; SC 22 bis, PL 54, 258.
 
 
[...] Քրիստոսը սիրում է մանկությունը, որն Ինքն իսկ ապրել է հոգով և մարմնով։ Քրիստոսը սիրում է մանկությունը, որն ուսուցանում է խոնարհությունը, անմեղության վիճակն է, անուշության բնօրինակը։ Քրիստոսը սիրում է մանկությունը. դեպի այն է կողմնորոշում չափահասների վարքը, դեպի այն է վերադարձնում տարեցներին, այն որպես օրինակ է ներկայացնում նրանց, որոնց հրավիրում է հավիտենական Արքայություն։
Բայց հասկանալու համար, թե ինչպե՛ս է հնարավոր հասնել նման զմայլելի դարձի և թե ինչպիսի՛ փոխակերպման միջոցով է հարկավոր վերադառնալ՝ լինելու մանուկների նման, թողնենք, որ ուսուցանի մեզ Պողոս Առաքյալը, որ ասում է. «Եղբայրներ, մանուկների նման մի՛ վարվեք դատողությունների մեջ։ Մանուկների նման եղեք այն ամեն ինչի մեջ, որ առընչվում է չարությանը, մինչդեռ դատողությունների մեջ հասուն մարդկանց պես եղեք» (1Կր 14, 20)։
Խոսքը չի վերաբերվում, հետևաբար, մանկության խաղերին վերադառնալուն, ո՛չ էլ անխոհեմություններին, որ բնորոշ են մարդուն, երբ տհաս է, այլ՝ վերցնելուն այն, ինչը որ պատշաճ է հասունությանը, այսինքն՝ անհապաղ հանդարտեցնել ներքին խռովությունը, իսկույն վերագտնել խաղաղությունը, անմնացորդ կերպով մոռանալ ստացված վիրավորանքները, ամբողջովին անտարբեր լինել պատիվների հանդեպ, ցանկանալ հանդիպել և միասին լինել, պահպանել միևնույն տրամադրությունը իբրև բնական մի բան։ Արդարև, մեծ բարիք է անընդունակ լինելը՝ վնասելու և չարիքից հաճույք ստանալու [...] . ոչ ոքի չհատուցել չարությամբ՝ չարության փոխարեն (Հռմ 12, 17). մանուկների ներքին խաղաղությունն է, որ պետք է ունենան քրիստոնյաները։ [...]
Փրկիչը, մանուկ դառնալով, մոգերի կողմից երկրպագություն ստանալով, մեզ այս խոնարհությունն է ուսուցանում։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։