« ՊԱՏԱՌՈՏԵՔ ՁԵՐ ՍԻՐՏԸ ԵՎ Ո՛Չ ԹԵ ԶԳԵՍՏՆԵՐԸ, ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՏԻՐՈՋԸ՝ ՁԵՐ ԱՍՏԾՈՒՆ » (ՀՎԼ 2, 13) – Գրադարան – Mashtoz.org

« ՊԱՏԱՌՈՏԵՔ ՁԵՐ ՍԻՐՏԸ ԵՎ Ո՛Չ ԹԵ ԶԳԵՍՏՆԵՐԸ, ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՏԻՐՈՋԸ՝ ՁԵՐ ԱՍՏԾՈՒՆ » (ՀՎԼ 2, 13)

Սբ. Լևոն Մեծի (390-461) « Ճառեր »ից, 10 (Քառասնորդացի մասին. SC 49).
 
[...] Տերն ասել է. « Չեմ եկել կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին » (Մտթ 9, 3)։ Հետևաբար, ոչ մի քրիստոնյայի թույլատրված չէ ատել որևիցէ մեկին, ով էլ որ նա լինի, որովհետև, արդարև, բոլորը փրկված են մեղքերի ներման շնորհիվ։ [...] Ուստի, Աստծո ժողովուրդը թող որ սուրբ լինի և թող որ լինի բարի. սուրբ՝ թիկունք դարձնելու համար այն բաներին, որոնք արգելված են, բարի՝ կատարելու համար այն բաները, որոնք հրամայված են։ Անկասկած, մեծ բան է ուղիղ հավատք և սուրբ վարդապետություն ունենալը. գովքի արժանի է որկրամոլությունը զսպելը, անստգտանելի հեզություն [...] ունենալը, բայց այս բոլոր առաքինությունները ոչինչ են առանց սիրո։ [...]
Սիրելիներս, ճիշտ է, որ սիրո բարիքը կիրարկելու համար ամեն ժամանակ պատեհ ու պատշաճ է. այս օրերը, այդուհանդերձ, այդպիսին են հատուկ կերպով։ Ովքեր ցանկանում են Տիրոջ Զատիկին հասնել հոգու և մարմնի սրբությամբ, թող որ գերագույն աստիճանի ջանք գործադրեն՝ ձեռքբերելու համար այն առաքինությունը, որի մեջ բովանդակված և ներառված են մյուս բոլոր առաքինություններն իրենց գերագույն աստիճանով, և որով ծածկվում է « մեղքերի բազմությունը » (1Պտ 4, 8)։ Մինչ պատրաստվում ենք տոնակատարելու բոլոր խորհուրդներից ամենաբարձրը՝ Հիսուս Քրիստոսի Արյան խորհուրդը, որով ջնջվել են մեր անօրինությունները, նախապատրաստվենք ողորմության զոհերով։ Այն, ինչը որ Աստվածային Բարությունը պարգևել է մեզ, մենք էլ տանք նրանց, ովքեր ինչ որ կերպ վիրավորել են մեզ։ Անարդարությունները թող որ նետվեն մոռացության մեջ, հանցանքները թող որ պատիժ չպատճառեն, և ովքեր մեզ վիրավորել են, թող որ չվախենան, որ իրենց կհատուցվի միևնույն կերպ և միևնույն չափով։ [...]
Ամեն ոք պետք է քաջ գիտենա, որ ինքը մի մեղավոր է, և հետևաբար, ինքն էլ ներումը ստանալու համար, պետք է ուրախանա, երբ գտնում է ինչ որ մեկի, ում ինքը պետք է ների։ Այսպիսով, երբ Տիրոջ ուսուցման համաձայն կասենք. « Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք էլ ներում ենք մեզ պարտք եղողներին » (Մտթ 6, 12), վստահ կլինենք, որ կստանանք Աստծո ողորմությունը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։