« ՓԱՌՔԸ, ՈՐ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ Է ՄԵՐ ՄԵՋ » (Հռմ 8, 18) – Գրադարան – Mashtoz.org

« ՓԱՌՔԸ, ՈՐ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ Է ՄԵՐ ՄԵՋ » (Հռմ 8, 18)

Սբ. Լևոն Մեծ Պապ (? - մոտ 461). « Ճառեր », 51, 2-6 (SC 74 bis).

 

 

[...] Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց առանձին տարավ մի բարձր լեռան վրա և նրանց հայտնեց Իր փառքը։ Արդարև, թեև նրանք հասկացել էին, որ Աստծո վեհությունը կայանում էր Նրա անձի մեջ, չգիտեին, որ Նրա մարմինը, որ քողի տեղ էր ծառայում Իր աստվածության համար, մասնակցում էր Աստծո զորությանը։ Տերն, ուստի, բացահայտ կերպով խոստացել էր, մի քանի օր առաջ, որ աշակերտներից ոմանք չէին մեռնելու, մինչև որ չտեսնեին Մարդու Որդու գալուստը Իր Արքայությամբ (Մտթ 16, 28), այսինքն՝ փառքի մեծվայելչութան մեջ, [...] որ վայելում էր հատկապես մարդկային բնությանը, որը ստանձնել էր։ [...]

Այս փոխակերպումը, անկասկած, որպես նպատակ ուներ հատկապես հեռացնելը աշակերտների հոգուց խաչի գայթակղությունը, որպեսզի կամովին ընդունված Չարչարանքների խոնարհությունը չսասաներ նրանց հավատքը, քանի որ նրանց հայտնվել էր Քրիստոսի ծածուկ արժանապատվության վեհափառ մեծությունը։ Բայց, մի ո՛չ նվազ նախախնամ ծրագրի համաձայն, Նա ամուր հիմք էր տալիս Սուրբ Եկեղեցու հույսին, որպեսզի Քրիստոսի Մարմնի անդամները գիտակցեին, թե ինչպիսի՛ փոխակերպման առարկան էին լինելու, կանչված լինելով մասնակցելու այն փառքին, որ փայլել էր հանձինս իրենց Գլխի։

Այդ փառքի մասին Տերն Ինքը, խոսելով Իր երկրորդ գալստյան մեծվայելչութան մասին, ասել էր. «Այդ ժամանակ արդարները կփայլեն արևի նման, իրենց Հոր Արքայության մեջ» (Մտթ 13, 43)։ Միևնույն բանը հաստատում էր նաև Պողոս Առաքյալը, ասելով. «Ես գտնում եմ, որ ներկա պահի տառապանքները համեմատելի չեն ապագա փառքին, որ հայտնվելու է մեր մեջ» (Հռմ 8, 18)։ Մի ուրիշ հատվածում էլ տակավին ասում է. «Դուք, արդարև, մեռել եք և ձեր կյանքն այլևս թաքնված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը կհայտնվի, այդ ժամանակ դուք էլ կհայտնվեք Իր հետ փառքի մեջ» (Կղս 3, 3֊4)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։