« ԵՍ ԵԿԵԼ ԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ԿՅԱՆՔԸ ՈՒՆԵՆԱՆ, ԵՎ ԱՅՆ ԱՌԱՏՈՐԵՆ ՈՒՆԵՆԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՍ ԵԿԵԼ ԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ԿՅԱՆՔԸ ՈՒՆԵՆԱՆ, ԵՎ ԱՅՆ ԱՌԱՏՈՐԵՆ ՈՒՆԵՆԱՆ »

Հատված Սբ. Կղեմես Ալեքսանդրացու (150-215) « Մանկավարժը » աշխատությունից, 9, 83 (SC 70, p. 258)
 

[...] Մենք, որ հիվանդ ենք, կարիքն ունենք Փրկչի. մոլորված ենք, կարիքն ունենք Իր առաջնորդության. կույր ենք, կարիքն ունենք Իրեն, որ բերի մեզ լույսը. ծարավ ենք, կարիքն ունենք կյանքի աղբյուրի. մեռած ենք, կարիքն ունենք կյանքի. ոչխարներս՝ Հովվի. մանուկներս՝ Մանկավարժի. մի խոսքով, մարդկային մեր ողջ բնությունը կարիքն ունի Հիսուսի։

Եթե մեկը կամենում է, կարող է ուսանել այն գերագույն իմաստությունը, որը մեզ սովորեցնում է սրբազնագույն Հովիվն ու Վարդապետը՝ Հոր ամենակարող Բանը(*), երբ այլաբանությունը գործածելով՝ հռչակում է Իրեն ոչխարների Հովիվ։ Ինչպես նաև մանուկների Մանկավարժ. արդարև, խոսքը Իսրայելի հովիվներին ուղղելով, Իր արդար ու փրկարար հոգատարությունը նկարագրում է Եզեկիել մարգարեի բերանով. «Կապելու եմ վիրավոր ոչխարի վերքերը, խնամելու եմ հիվանդին, ետ փարախ եմ վերադարձնելու մոլորվածին, և նրանց արածել եմ տալու սուրբ լեռան վրա» (Եզկ 34, 16)։ [...]

Այո՛, ո՜վ Տեր, կերակրիր մեզ Քո արդարության արոտներում։ Ո՜վ ուսուցիչ մեր, արածեցրու Քո ոչխարներին Քո սուրբ լեռան վրա. Եկեղեցու, որ գտնվում է բարձունքի վրա, հասնում է ամպերից վեր, հպվում է երկնքին։ «Նրանց համար հովիվ կլինեմ», ասում է, «և կլինեմ նրանց մեջ» (Եզկ 34, 24)։ Նա կամենում է փրկել իմ մարմինը՝ ինձ անապական պատմուճանը հագցնելով։ [...] «Նախքան դու կկանչես ինձ, կպատասխանեմ քեզ» (Ես 58, 9)։ [...]

Այսպիսին է մեր Մանկավարժը, իսկապե՛ս բարի։ «Չեմ եկել», ասում է, «ծառայություն ստանալու, այլ՝ ծառայելու» (Մտթ 20, 28)։ Այս պատճառով է, որ Ավետարանում գրված է, որ «հոգնած» էր (հմմտ. Հվհ 4, 5) Նա, ով ջանք ու հոգնություն կրեց մեր համար, խոստանալով նաև, որ «սեփական կյանքն էր նվիրաբերելու շատերի փրկության համար» (Մրկ 10, 45)։ Այդպես ցույց տվեց, որ Ինքն է միակ բարի Հովիվը։

Վեհանձն ու մեծագործ է Նա, ով հասնում է Իր կյանքը մեր համար նվիրաբերելու։ Իսկապես ծառայում է մարդկանց և լի է բարությամբ, Նա, ով մարդու Տերը լինել կարողանալով հանդերձ, կամեցավ լինել նրա եղբայրը։ Բարի է մեր համար մեռնելու աստիճան։ [...]

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։