« ԵՐԱՆԻ՜ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ, ԵՎ ՁԵՐ ԱԿԱՆՋՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԼՍՈՒՄ ԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԱՆԻ՜ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ, ԵՎ ՁԵՐ ԱԿԱՆՋՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԼՍՈՒՄ ԵՆ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 18, 6 (PG 38, 1021).

 

[...] Արմատախիլ արված, մինչև իսկ արմատների մոտից կտրված ծառը, որ հետո կրկին տնկվում է [հողի մեջ], – ուռենին, օրինակ, – նորից արմատակալում է և նորից ծաղկում։ Իսկ երկրի երեսից արմատախիլ եղած մարդը կրկին չի ապրի՞։

Հնձված սերմերը հանգստանում են, ննջում են շտեմարանների մեջ, և կրկին կենդանանում են գարնանը։ Իսկ հնձված, մահվան շտեմարանների մեջ ամբարված մարդը կրկին չի ապրի՞։

Խաղողի որթի բողբոջը, որթատունկից կտրված և ուրիշ տեղ տնկված ճյուղը կրկին կյանք են առնում և պտուղ են տալիս։ Իսկ մարդը, որի համար է ամեն ինչ ստեղծվել, երբ մի անգամ ընկնում է, այլևս չի կարո՞ղ կրկին ոտքի կանգնել։

Ուշադրությամբ դիտեք այն, ինչ կատարվում է ձեր շուրջը։ Խորհրդածեցեք այս ընդարձակ տիեզերքի համայնապատկերի մասին։ Ցանում եմ ցորենի կամ ուրիշ տեսակի մի հատիկ. ընկնում է, փտում է, և այլևս չի կարող որպես կերակուր ծառայել մարդու համար։ Եվ սակայն, սեփական փտածությունից այն վերածնվում է, վեր բարձրանում, բազմանում։ Միայն մեկ հատիկ սերմանեցի և հավաքում եմ քսան, երեսուն կամ ավելի հատիկ։

Արդ, ո՞ւմ համար է այն ստեղծվել։ Մի՞թե մեր գործածության համար չէ։ Ինքնանպատակ չէ, որ այս սերմերը դուրս ելան չգոյությունից։ Հետևաբար` այն, ինչը որ ստեղծվել է մեր համար, մեռնում և վերածնվում է, իսկ մենք, որոնց համար է այդ սքանչելիքը կատարվում ամեն օր, բացառվա՞ծ ենք լինելու այդ բարի նպաստից։ Ինչպե՞ս կարող ենք կարծել, թե հարություն չի լինելու մեր համար։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։