« ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԱՏԻ ՁԵԶ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 4, 18-22.
[...] Ով էլ որ դու լինես, մեր լուսավոր, փառավոր, սրբագույն Հավատքի ճանաչողությանն ավելացրու ճանաչողությունը ինքդ քո։ Մա՜րդ, բնությամբ կրկնակի ես՝ հոգուց ու մարմնից կազմված. և միևնույն Աստվածն է, որ Արարիչն է մարմնի և հոգու։ Իմացիր նաև, որ ունես ազատ հոգի՝ Աստծո գլուխգործոց, իր Հեղինակի պատկերով, անմահ՝ Աստծո շնորհով, Ով այն ստեղծել է անմահ։ Կենդանի, բանական ու անեղծանելի էակ է, շնորհով Նրա, Ով իրեն ընձեռել է այս առանձնահատկությունները, օժտել է կարողությամբ՝ անելու այն, ինչ ուզում է։ [...]
Իմացիր տակավին. այս աշխարհում ծնվելուց առաջ հոգին ոչ մի մեղք չի գործել(*), այլ՝ առանց մեղքի եկած լինելուց հետո, ահա՛ որ կամքի որոշումով մեղանչում ենք։ [...]
Հոգին անմահ է և, լինի տղամարդկանց, թե կանանց հոգիները, բոլորը հավասար են. արդարև, մարմնի անդամներն են միայն տարբեր։ Չկա հոգիների մի դասակարգ, որ մեղանչում է, որովհետև բնությամբ մեղանչական է, և հոգիների մի ուրիշ դասակարգ, որ բարի գործեր է կատարում, որովհետև բնությամբ առաքինի է. այլ՝ բոլորն էլ գործում են ազատ ընտրողությամբ, քանի որ բոլորիս հոգիներն էլ միևնույն կառուցվածքի գոյացությունն ունեն և նման են։
Հոգին ազատ է և դևը նրան կարող է հուշումներ տալ, բայց իշխանությունը չունի հարկադրելու նրան՝ ընտրություն կատարելիս։ Դնում է քո մեջ պոռնկության մի միտք. եթե ուզում ես այն, ընդունում ես, իսկ եթե չես ուզում, մերժում ես։ Քանի որ եթե դու դա պարտադրաբար անեիր, ինչի՞ համար Աստված պետք է պատրաստած լիներ գեհենը։ Եթե բնությունը – և ո՛չ թե ազատ ընտրողությունը – մղեր քեզ բարիք գործելու, ինչի՞ համար Աստված պետք է պատրաստած լիներ անճառելի պսակները։ [...]
Թանկագին ընկեր, այժմ դու իմացար – առայժմ ցանկալի չափով – այն, ինչ վերաբերվում է հոգուն։ [...]
(*) Ի նկատի ունի մարդու հղացման պահին ստեղծվելուց մինչև ծնունդն ընկած ներարգանդային ժամանակահատվածը։