« ՈՒՐԱԽԱՑԵ՜Ք, ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՎԵՄԻ ՎՐԱ ՀԱՍՏԱՏՎԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՒՐԱԽԱՑԵ՜Ք, ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՎԵՄԻ ՎՐԱ ՀԱՍՏԱՏՎԱԾ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 14, 1-2.21-23.

 

[...] «Ուրախացի՜ր, Երուսաղեմ, ցնծացե՜ք, դուք բոլորդ, որ սիրում եք» (Ես 66, 10) Հիսուսին, որովհետև հարություն է առել։

Ուրախացե՜ք, դուք բոլորդ, որ վշտի մեջ էիք, [...] քանի որ Նա, Ով բռնության ենթարկվեց, Իր հերթին հարություն առավ։ Ինչպես որ Խաչի հիշատակը տրտմեցնում էր մեր հասարակությանը, թող որ, մինչդեռ, նույնքան լինի հարության բարի ավետիսի համար զգացված մեր ուրախությունը։ Թող որ ուրախության փոխվի տրտմությունը, զվարթության թող որ փոխվեն ողբերը, և բերկրանքով ու ցնծությամբ թող որ լցվեն մեր բերանները ի պատիվ Նրա, Ով, հարությունից հետո, ասաց. «Ուրախացե՜ք»։

Գիտեմ, արդարև, թե նախորդ օրերում ինչպիսի՜ն էր Քրիստոսի ընկերների ցավը, երբ այլևս ոչինչ չէր ասվում Նրա մահվան և թաղման մասին, և տակավին հռչակված չէր հարության բարի լուրը. սպասման մեջ գտնվող ձեր հոգիներն ակնկալում էին ցանկալի լուրը։ Հարությո՜ւն առավ, մեռածը, Նա, Ով «ազատ է մեռյալների մեջ» (Սղմ 88, 6), և մեռյալների ազատարարն է. Այրը, որն առանց տրտնջալու կրել էր փշերից հյուսված անպատիվ պսակը, այս Այրը, հարություն առած, կրում է մահվան դեմ տարած հաղթանակի պսակը։

Եվ ուրեմն, ինչպես որ վկայեցինք Իր Խաչի վերաբերյալ, փաստերով հաստատենք նաև հարությունը։ Առաքյալը հաստատում է, իրոք, մեր համար. «Թաղվեց և երրորդ օրը հարություն առավ Գրվածքների համաձայն» (1Կր 15, 4)։ [...]

Հարության հավատքի վեմի վրա ես հաստատված։ [...]

«Քրիստոսը հարություն առավ մեռելներից, առաջնեկը նրանց, ովքեր մեռել են. երևաց Կեփասին, ապա նաև Տասներկուսին» (1Կր 15, 20; 15, 5)։ Եթե այնպես է, որ չես հավատում միայն մեկ վկայի, ահա՛ քեզ տասներկուսը։ «Իսկ հետո երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների միանգամից» (1Կր 15, 6)։ Եթե չեն հավատում տասներկուսին, թող որ հավատան հինգ հարյուրին։ [...]

Փրկչի հարությունը բազմաթիվ վկաներ ունի. գիշերն ու լիալուսնի լույսը, քանի որ լուսնի վեցերորդ գիշերն էր. գերեզմանի քարը, որն ընդունել էր Նրան, [...] քանի որ քարն ուղղակի կերպով տեսել էր Տիրոջը. քարը, որ թավալվելով հեռացվել էր, այն նույնպես հարության ուղղակի վկաներից մեկն է, նա, որ այնտեղ էր գտնվում մինչև այդ օրը(1)։

Աստծո Միածին Որդու հարությանը վկայեցին հրեշտակները իրենց ներկայությամբ (հմմտ. Մտթ 28, 1-7)։

Պետրոսն ու Հովհաննեսը (հմմտ. Հվհ 20, 3-10) և Թովմասն ու բոլոր Առաքյալները (հմմտ. Հվհ 20, 19-29). առաջին երկուսը, որովհետև վազեցին գերեզման և տեսան թաղման սավանն ու երիզները, որոնցով պատանքվել էր, և որոնք իրենց տեղում էին մնացել հարությունից հետո. [Թովմասը], որ հպվեց [Նրա] ձեռքերին ու ոտքերին, և տեսավ գամերի տեղերը. բոլորը, որովհետև ստացան Փրկչի շնչի պարգևը, և ընդունեցին, Սուրբ Հոգու զորության շնորհիվ, մեղքերը ներելու իշխանությունն ու պատիվը (հմմտ. Հվհ 20, 22-23)։

Ա՛յլ վկաներ [էլ կան]. կանայք, ովքեր հպվեցին Նրա ոտքերին (հմմտ. Մտթ 28, 9), հասկացան երկրաշարժի նշանակությունը և այնտեղ գտնվող հրեշտակի պայծառությունը (հմմտ. Մտթ 28, 2-3). գերեզմանալաթերը, որոնցից Քրիստոսը ազատվել էր և որոնք թողել էր [գերեզմանում]։ [...] Վկայում է նաև Պետրոսը, որն առաջ ուրացել էր երեք անգամ, բայց որը, [սիրո] եռակի հայտարարությունից հետո, դրվեց նախագահելու միստիկ հոտի(2) կառավարմանը (հմմտ. Հվհ 21, 15-19)։ [...]

Հետևաբար, բազմաթիվ վկաներ ունես։ [...]

(1) Հեղինակն ուզում է արտահայտել միտքը, որ մինչև իսկ անկենդան բնությունն իր ուժերով վկայում է հօգուտ այն տիեզերական կարևորություն ունեցող եզակի իրադարձության, որը Քրիստոսի Հարությունն է։
(2) Բնագրում բառացի՝ ոչխարների։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։