
« ՊԱՏՎԻՐ ՀՈՐԴ ՈՒ ՄՈՐԴ » (Ել 20, 12)
- 01
- 02
- 03
- 04
- 05
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 7, 15-16.
[...] Երկնավոր Հորը պատվելով՝ պատվում ենք նաև նրանց, ովքեր մեր ծնողներն են ըստ մարմնի. քանի որ Տերն Ինքը դա հստակ կերպով պատվիրել է Օրենքի ու Մարգարեների մեջ. «Պատվիր հորդ ու մորդ, որպեսզի երկարեն օրերդ այն երկրում, որը քեզ տալիս է Տերը՝ քո Աստվածը» (Ել 20, 12)։ Թող որ լսեն այս պատվիրանը ի մասնավորի նրանք, ովքեր հայր և մայր ունեն։ Զավակներ, ամեն ինչում հնազանդվեցեք [ձեր] ծնողներին, որովհետև դա հաճելի է Տիրոջը։
Տերն, արդարև, չի ասել. «Ով սիրում է [իր] հորն ու մորը, արժանի չէ ինձ» (Մտթ 10, 37). քո տգիտությունը թող որ քեզ սխալ մեկնաբանել չտա այս բարի կանոնը, [որովհետև] Նա, իրոք, հավելել է. «Ինձնից ավելի»։ Քանի որ, երբ այստեղի՝ ներքևի հայրերը հակառակ կարծիքի են Երկնավոր Հոր համեմատ, այդ ժամանակ հարկավոր է հնազանդվել աստվածային խոսքին։ Բայց երբ ոչնչով չեն հակառակվում մեր աստվածապաշտությանը, արհամարհել նրանց՝ նշանակում է ապերախտ դառնալ և մոռանալ բարիքը, որ նրանք արել են մեր նկատմամբ։ [...]
Քրիստոնյաների առաջին առաքինությունը աստվածապաշտությունն է. պատվել ծնողներին, արժևորել նրանց, ովքեր մեզ տվել են կյանքը, և նրանց համար խաղաղություն հայթայթել որքան որ կարող ենք. նույնիսկ եթե հատուցեինք(1) [նրանցից ստացած] բազմաթիվ նպաստները, մեր կողմից երբեք չէինք կարողանա, սակայն, տալ նրանց կյանքը։ Իրենց կողմից, եթե մեր շնորհիվ կարողանան նրանք խաղաղություն ունենալ, կզորացնեն մեզ [իրենց] օրհնություններով [...] ։
Թող որ երկնավոր Հորը հաճելի լինի մեր բարի կամքը, և մեզ արժանի համարի արևի պես փայլելու արդարների ընկերակցությամբ, մեր Հոր արքայության մեջ, Որին է պատկանում փառքը՝ Միածին և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, Սուրբ և Կենարար Հոգու հետ, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ [...]
(1) Բառացի՝ վերադարձնեինք։