« ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԿՈՂՄԻՑ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ՀՈԳԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԿՈՂՄԻՑ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ՀՈԳԻՆ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 16, 16.32.

 

[...] Սուրբ Հոգին գործում է միայն ու միայն բարու և փրկության նպատակով։ Նախևառաջ քաղցր է Նրա ներկայությունը, անուշ է դրա վերաբերյալ ունեցած գիտակցությունը, թեթևագույն՝ Իր լուծը (հմմտ. Մտթ 11, 28-30)։

Լույսի ու գիտության ճառագայթներով է ավետվում Իր փառապանծ գալուստը։ Գալիս է օրինավոր աջակցի սրտով. քանի որ գալիս է փրկելու, բժշկելու, ուսուցանելու, խորհուրդ տալու, զորացնելու, բանականությունը լուսավորելու. նախապես նրանը, ով ընդունում է Իրեն, ապա, նրա միջոցով, նաև ուրիշներինը։

Եվ ինչպես մարմնի աչքը, նախ խավարի մեջ գտնվելով, ապա անսպասելի կերպով արևը տեսնելով՝ լուսավորվում է և հստակ կերպով տեսնում է այն, ինչը որ [նախապես] չէր տեսնում, նմանապես նա, ով ստացել է Սուրբ Հոգու այցելության պատիվը, լուսավորված հոգի ունի և գերբնական կերպով տեսնում է այն, ինչը որ [նախապես] չէր ճանաչում։ Նրա մարմինը երկրի վրա է, և սակայն, նրա հոգին տեսնում է Երկինքը, ինչպես մի հայելու մեջ։ Տեսնում է Եսայիի նման. «Տիրոջը՝ մի բարձր ու վերացած գահի վրա բազմած» (Ես 6, 1). և տեսնում է Եզեկիելի նման. Նրան, Ով նստում է «քերովբեների գլուխների վրա» (Եզկ 10, 1). տեսնում է Դանիելի նման. «Հազար հազարավորներ ծառայում էին Նրան և բյուր բյուրավորներ սպասավորում էին Նրան» (Դնլ 7, 10). և այն ոչնչությունը, որ մարդն է, տեսնում է աշխարհի սկիզբն ու վերջը, ժամանակների միջակայքը, [...] բաներ, որոնք չի ուսանել. արդարև, վայելում է ներկայությունը Նրա, Ով ճշմարտապես ներածում է լույսի մեջ։ Մարդը փակված է մնում իր պատերի մեջ, իսկ իր գիտությունն ընդարձակվում է դրանցից անդին. տեսնում է մինչև իսկ այն, ինչ անում են ուրիշները(1)։ [...]

Խաղաղության Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով և Սուրբ Հոգու սիրո զորությամբ, թող որ ձեզ բոլորիդ արժանի նկատի Իր հոգևոր և երկնային պարգևներին։

Նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

(1) Ի նկատի ունի ծածուկ գործերն ու մտքերը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։