
« ԵՐԲ ԱՂՈԹՈՒՄ ԵՔ, ԱՍԱՑԵՔ. "ՀԱ՜ՅՐ" »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420). « Գաղատացիներին ուղղված Նամակի մեկնություն ».
[...] Առաքյալը փաստում է, որ Աստծո զավակներ ենք` [մեկնելով] այն տվյալից, որ մեր մեջ ունենք Սուրբ Հոգին (Գղտ 4, 4)։ Ասում է. «Մենք երբեք չէինք համարձակվի ասել. "Հայր մեր, որ Երկնքում ես ... ", եթե չունենայինք գիտակցությունը, որ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ և հավատքի խելամտության զորեղ ձայնով աղաղակում է. "Աբբա՜, Հա՜յր"»։ [...]
Հարկավոր է ի նկատի առնել, որ Աստվածաշնչում «աղաղակ» բառը նշանակում է ո՛չ թե ձայնի ուժգնությունը, այլ` մտքի և արտահայտված ճշմարտության ուժը։ Այսպես է, որ Ելից գրքում Տերը պատասխանում է Մովսեսին. «Ինչո՞ւ ես աղաղակում դեպի ինձ» (Ել 14, 15), այն դեպքում, երբ Մովսեսը ոչ մի խոսք չէր արտասանել։ Աստվածաշունչը, հետևաբար, «աղաղակ» է անվանում նրա սիրտը, որը ճմլվում և արցունքներով հեծեծում էր ժողովրդի համար։ [...]
«Այլևս ստրուկ չես, հետևաբար, այլ` զավակ. և եթե զավակ, ուրեմն նաև ժառանգ` Աստծո կամքով» (Գղտ 4, 7)։ Ասում է, որ ունենալով Աստծո Որդու Հոգին, որը մեր մեջ աղաղակում է «Աբբա՜, Հա՜յր», դադարել եք ստրուկ լինելուց` դառնալու համար զավակ։ Առաջ ոչնչով տարբեր չէիք ստրուկից, թեև պատկանում էիք աստվածային բնությանը(1), այլ` ապրում էիք փոքրիկ երեխաների նման, խնամակալների և դաստիարակների իշխանության տակ։ Քանի որ այժմ զավակներ եք դարձել, ժառանգությունը, հետևաբար, պատկանում է ձեզ։ [...]
Ստրկությունից ազատության անցնելով` հարկավոր է, որ ժառանգեք Հոր Ժառանգի` Քրիստոս Հիսուսի հետ, Ով, մարդկային բնությամբ, որը ստանձնել է, ասում է Սաղմոսի մեջ. «Նա ինձ ասաց. "Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Խնդրիր ինձնից, և ժողովուրդներին կտամ քեզ որպես տիրապետություն"» (Սղմ 2, 7-8)։ Ինչը որ այստեղ ասում ենք եզակի թվով, պետք է հասկացվի ողջ մարդկության համար, քանի որ մենք բոլորս, որ հավատում ենք, մեկ ենք Քրիստոս Հիսուսի մեջ, անդամներն ենք Իր Մարմնի, և սահմանված ենք կատարյալ մարդու վիճակին, որպես գլուխ ունենք Քրիստոսին, որովհետև Քրիստոսն է մարդու գլուխը (1Կր 11, 3)։ [...]
(1) Ի նկատի ունի Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված և նյութական տիեզերքի վրա տեր ու տիրակալ կարգված լինելու հանգամանքը (հմմտ. Ծնդ 1, 26-28), այդ ամենը Գղտ 4, 1-3 հատվածի լույսի տակ ընթերցելով։