« ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ, ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ, ՔԱՆԻ՜ ԱՆԳԱՄՆԵՐ ԿԱՄԵՑԱ ՀԱՎԱՔԵԼ ՈՐԴԻՆԵՐԻԴ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ, ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ, ՔԱՆԻ՜ ԱՆԳԱՄՆԵՐ ԿԱՄԵՑԱ ՀԱՎԱՔԵԼ ՈՐԴԻՆԵՐԻԴ »

Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420). « 95-րդ Սաղմոսի մեկնություն », 95 (CCL 78, 154-155); « Նամակներ », 58, 2-4 (PL 22, 580).

 

[...] Քրիստոսի Խաչը մարդկային ցեղի հենարանն է. այս սյան վրա է կառուցված նրա օթևանը։ Խաչի մասին խոսելով` հայացքս չեմ ուղղում փայտին, այլ` [Փրկչի] Չարչարանքներին։ Այս Խաչը կարելի է գտնել Բրետանիայում, ինչպես նաև Հնդկաստանում և ողջ տիեզերքում։ [...]

Երանի՜ նրան, ով իր սրտում կրում է Խաչն ու Հարությունը, ինչպես նաև Քրիստոսի Ծննդյան վայրը և Նրա Համբարձման վայրը։ Երանի՜ նրան, ով Բեթղեհեմն ունի իր սրտում, որտեղ Քրիստոսը ծնվում է ամեն օր։ [...] Երանի՜ նրան, ում սրտի մեջ Քրիստոսը հարություն է առնում ամեն օր, որովհետև նա ամեն օր ապաշխարություն է անում իր մեղքերի, նաև թեթևների համար։ Երանի՜ նրան, ով ամեն օր բարձրանում է Ձիթենյաց Լեռից դեպի Երկնքի Արքայությունը, որտեղ ձիթապտուղը հասունացած է, և որտեղ ծնվում է Քրիստոսի լույսը։ [...]

Պետք է հաճույք զգանք ո՛չ թե մտքից, որ այցելել ենք Երուսաղեմ, այլ` որ լավ վարք ենք դրսևորել Երուսաղեմում։ Պետք է ըղձանք ո՛չ թե այն քաղաքը, որը սպանել է Մարգարեներին և հեղել է Քրիստոսի Արյունը, այլ` այն քաղաքը, որին ուրախացնում է ջրառատ գետը (հմմտ. Սղմ 46, 5), այն քաղաքը, որը լեռան վրա կառուցված լինելով` չի կարող ծածուկ պահվել (հմմտ. Մտթ 5, 14), այն քաղաքը, որը Պողոս Առաքյալի կողմից հռչակվում է «Մայր Սրբերի», և որի մեջ [Աստծո Հոգին] ուրախությամբ բնակվում է Արդարների հետ (Գղտ 4, 26-27)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։