
« ՀԱՎԱՏՔԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420). « Բանավեճ մի դիվայինի ու մի ուղղափառի միջև » (SC 473).
[...] Կարծո՞ւմ ես, որ Մարդու Որդին, երբ գա, հավատք կգտնի երկրի վրա (հմմտ. Ղկս 18, 8)։
Նրանք, ովքեր արտասանում են Ավետարանի այս խոսքը, պետք է իմանան, որ հավատքը, որի մասին խոսվում է այստեղ, այն հավատքն է, որի մասին Տերն ասում էր. «Քո հավատքը փրկեց քեզ» (Մտթ 9, 22)։ Եվ մի ուրիշ տեղում, հարյուրապետի մասին, [ասում է]. «Իսրայելի մեջ ոչ ոք չգտա, որ այսքա՜ն մեծ հավատք ունենար» (Մտթ 8, 10)։ [...]
Ո՛չ հարյուրապետը, ո՛չ էլ այդ խեղճ կինը, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ (Մրկ 5, 25), չունեին Երրորդության խորհրդի հավատքը, որը Առաքյալներին հայտնվեց Քրիստոսի Հարությունից հետո, [...] այլ` նրանց սրտի պարզությունն է և Աստծուն տրված հոգին, որոնք այստեղ հաստատվում են։ «Արդարև, ասում էր մտքում. "Եթե կարողանամ գոնե Իր պատմուճանին դիպչել, կփրկվեմ"» (Մտթ 9, 21)։
Ահա՛ այն հավատքը, որի մասին Տերն ասել է, որ հազվադեպ է գտնվում։ Ահա՛ այն հավատքը, որը, նաև նրա մեջ, ով հավատում է, դժվարությամբ է կատարյալ լինում։ «Գնա՛, թող որ քեզ քո հավատքի համաձայն լինի» (Մտթ 8, 13)։ Այս խոսքը, ես այն ցանկանում եմ չլսել։ Իրոք, եթե ինձ իմ հավատքի համաձայն պիտի լինի, քիչ կմնա, որ մեռնեմ։ Անշուշտ, «հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Որդի Աստծուն, հավատում եմ Սուրբ Հոգուն, Ով Աստված է. հավատում եմ միայն մեկ Աստծո»։ Այդուհանդերձ, սակայն, չեմ ուզում, որ ինձ «իմ հավատքի համաձայն» լինի։ Հաճախ, իրոք, վրա է հասնում թշնամին և Տիրոջ արտի մեջ ցանում է որոմը։ [...]
Իրականում, շատ անգամներ, աղոթքի ժամանակ [մտովի] թափառում եմ փողոցներով, հաշվում եմ շահերս, կամ ավելի, ամոթալի երևակայություններով հրապուրված, զբաղվում եմ բաներով, որոնց մասին կամաչեի ասել։ Որտե՞ղ է հավատքը։ Ամեն ոք թող հարցաքննի իր սիրտը, և կտեսնի, թե կյանքում որքա՜ն հազվադեպ է գտնվում [Աստծուն] ա՜յն աստիճան հավատարիմ հոգի, ով ոչինչ չի անում փառքի ցանկությունից մղված, ո՛չ էլ` "ի՞նչ կասեն մարդիկ" [տրամաբանությամբ]։ [...] Իրոք, մոլությունները առաքինություններին մոտիկ են քայլում։ Դժվար է միայն Աստծուն որպես դատավոր ունենալով գոհանալը։ [...]