
« ՄԵՐՁԱՎՈՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ. ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՅԱՑԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420). « Գաղատացիներին ուղղված Նամակի մեկնություն », 3, 6.
[...] «Քանի դեռ առիթ ունենք, ուրեմն, բարիք գործենք բոլորի, մանավանդ՝ հավատքի մեջ մեր եղբայրների հանդեպ» (Գղտ 6, 10)։ Ներկա ժամանակը՝ կյանքի ընթացքի ժամանակը, սերմանելու ժամանակն է։ Այս կյանքում մենք կարող ենք սերմանել այն, ինչ կամենանք։ Երբ այս կյանքն ավարտվի, այլևս չենք կարող գործել։ Ահա՛ թե ինչո՛ւ Տերն ասում է. «Պետք է կատարենք գործերը Նրա, Ով ինձ ուղարկել է, քանի դեռ ցերեկ է. հետո գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել» (Հվհ 9, 4)։
Հիվանդ թե առողջ, խոնարհ թե հզոր, աղքատ թե հարուստ, քաղցած թե կուշտ, ամեն ինչ անենք Տիրոջ անունով` համբերությամբ և միևնույն տրամադրվածությամբ. այդպես մեր մեջ կկատարվի այն, ինչ ասում է Գրվածքը. «Ամեն ինչ գործակցում է նրանց բարիքին, ովքեր սիրում են Աստծուն» (Հռմ 8, 28)։
Ինքնին զայրույթը, կիրքը, ստացված վիրավորանքը, որը վրեժ է պահանջում, դառնում են իմ համար հաղթանակի նույնքան առիթներ, եթե ես չեմ կորցնում ինքնատիրապետությունս, եթե լռություն եմ պահպանում հանուն Աստծո, եթե մոլությունների յուրաքանչյուր ցավ պատճառող խայթման և ճնշման ներքո մտածում եմ Աստծո մասին, Ով Վերևից նայում է ինձ։
Երբ նվերներ ենք բաշխում, չասենք. «Սա ընկեր է, [իսկ] նրան չեմ ճանաչում. սա իրավունք ունի ստանալու, [իսկ] նրան պետք է արհամարհել»։ Նմանվե՜նք մեր Հորը, «Ով Իր արևը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրևել է տալիս արդարների ու մեղավորների վրա» (Մտթ 5, 45)։ Նրա Բարության աղբյուրը բաց է բոլորի համար։ Ստրուկ թե ազատ, հասարակ մարդ թե թագավոր, հարուստ թե աղքատ. բոլորը նույն կերպ են խմում դրանից։ Տան մեջ վառված ճրագը լուսավորում է բոլորին՝ առանց խտրականության։
Սբ. Հովհաննես Ավետարանիչը կյանքի վերջում, երբ [այլևս] չէր կարողանում ամբողջական ճառով արտահայտել իր միտքը, ուրիշ ոչինչ չէր արտաբերում, քան այս խոսքը. «Որդյակներ իմ, սիրեցե՜ք միմյանց» (հմմտ. Հվհ 13, 31-35; 1Հվհ 3, 18; 4, 7-8)։ Վերջում, իր աշակերտները հարցրեցին նրան. «Վարդապետ, ինչո՞ւ ես մեզ միշտ այս խոսքն ասում»։ Հովհաննեսը պատասխանեց իրեն վայելող այս խոսքով. «Որովհետև սա Տիրոջ պատվիրանն է. միայն սա անե՜նք, և սա բավակա՛ն է»։ [...]