« ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՄ ԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԻՄ ԱՆՁԸ, ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ ԷԼ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ » (Հվհ 17, 19) – Գրադարան – Mashtoz.org

« ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՄ ԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԻՄ ԱՆՁԸ, ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ ԷԼ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ » (Հվհ 17, 19)

Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420). « Հովնանի մասին », 2, 2, 9 (SC 43).

 

[...] «Նրանք, ովքեր կառչում են ունայնություններից, անօգուտ կերպով կկորցնեն իրենց ընծայված ողորմությունը» (հմմտ. Հվն 2, 9)։ Աստված, Ով Իր էությամբ իսկ ողորմած է, պատրաստակամ է գթասրտությամբ փրկելու նրան, ում չի կարող փրկել արդարությամբ։ Բայց մենք, մեր իսկ նախաձեռնությամբ, վատնում և կորցնում ենք մեր համար պատրաստված ողորմությունը, որն ընծայվում է մեզ։ [...]

Թեև վիրավորանք է հասցվում Ողորմությանը, այսինքն՝ անձամբ Աստծուն, քանի որ «Աստված ողորմած է և բարեգութ, համբերատար և լի կարեկցանքով» (հմմտ. Սղմ 145, 8), Ողորմությունը, այդուամենայնիվ, չի լքում նրանց, ովքեր կառչում են ունայնություններից, չի անիծում նրանց. մանավանդ թե, սպասում է, որ վերադառնան, քանի դեռ նրանք կամովին մերժում են ողորմությունը, որն այնտեղ է, իրենց առաջ։ [...]

«Բայց ես գովաբանող ձայնով Քեզ զոհ կմատուցեմ և կկատարեմ տվածս երդումը. փրկությունը գալիս է Տիրոջից» (Հվն 2, 10)։ [...] Ես, որ չարչարվեցի(1) շատերի(2) փրկության համար, Քեզ զոհ կմատուցեմ գովաբանող ձայնով և երախտագիտության մատուցմամբ, ընծայելով իմ սեփական անձը։ Քանի որ «Քրիստոսը՝ մեր Զատիկը, մորթվել է» (1Կր 5, 7)։ Ճշմարիտ Քահանայապետը և [միաժամանակ] Գառը լինելով, Ինքն Իրեն ընծայեց մեր համար։ – «Եվ Քեզ երախտագիտություն կհայտնեմ», ասում է, «ինչպես որ երախտագիտություն հայտնեցի՝ ասելով. "Օրհնո՜ւմ եմ Քեզ, Հա՜յր, Տեր երկնքի և երկրի" (հմմտ. Մտթ 11, 25), և կատարում եմ բոլորի փրկության համար տվածս երդումը, որպեսզի "չկորցնեմ ոչինչ այնքանից, որը Նա տվել է ինձ" (Հվհ 6, 39)»։

Մենք տեսնում ենք, թե ինչե՜ր է Տերը, Իր Չարչարանքների մեջ, խոստացել մեր փրկության համար։ Սուտ չդարձնենք Նրա խոսքերը, մաքուր լինենք և բոլոր մեղքերից անջատված, որպեսզի ընծայի մեզ Աստծուն, Ում որ նվիրաբերել է մեզ։ [...]

(1) Բնագրում բառացի՝ հոշոտվեցի։
(2) Աստվածաշնչյան արտահայտությունը (հունարեն՝ «ἀντὶ πολλῶν» - «անտի պոլլոն») թարգմանությունն է եբրայեցերեն «բազմություն» եզրի (արմատը. «רַב» - «ռաբ». Ես 53, 11-12), որը սահմանափակ քանակով «շատեր» չի նշանակում, այլ՝ փրկվածների հոգնակի թիվը հակադրում է միակ Փրկչի եզակի թվին, առանց այդ հոգնակի թիվը ինչ որ կերպ սահմանափակելու (Հռմ 5, 6-21; հմմտ. նաև Մտթ 26, 28): Հնարավոր է թարգմանել նաև «բոլորի»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։