Ճառ 1. « ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ "ՍԿԶԲՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ" (ԾՆԴ 1, 1) ԵՎ "ՍԿԶԲՈՒՄ ԷՐ ԲԱՆԸ" (ՀՎՀ 1, 1) ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ, ԸՆԴԴԵՄ ՄԱՆԻՔԵԱԿԱՆՆԵՐԻ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Ընդդեմ մանիքեականների
1. Ամեն ոք, որ հիշում է իր պարտքը և Առաքյալի հորդորը. «Ուրիշ պարտք մի՛ ունեցեք, եթե ո՛չ` փոխադարձաբար միմյանց սիրելու պարտավորությունը» (Հռմ 13, 8), պետք է ջանք գործադրի` վերադարձնելու [այդ պարտքը]։ Իրոք, որքան էլ որ մեծ կարող է լինել սարսափը, որ ճնշում է պարտք ունեցողների վրա` պարտքը պահանջողների վախի պատճառով, շա՜տ ու շա՜տ ավելին է պահանջում սերը, որն ազատում է գանձումը վախի ծանրությունից, և պարտադրում է համեստության շա՜տ ավելի մեծ կշիռը։ Հիշում եմ, որ խոստացել էի ձեզ, եղբայրներ, որ բաց չէի թողնի – այնքանով` որքանով որ Տիրոջը հաճելի կլինի շնորհել ինձ – [առիթը`] պատասխան տալու այն մի քանի անպատկառ ու վնասակար զրպարտություններին, որոնցով մանիքեականները փորձում են խարխլել Հին Կտակարանի արժանահավատության հիմքերը։ Ընդունակ եղեք զանազանելու և տեսնելու [հերետիկոսների] օձագալար թակարդները, և դրանցից դուրս հանելով ձեր վիզը` այն ենթարկեցեք Քրիստոսի լծին։ Նրանք համարձակվում են անզգույշների առաջ այսպիսի թակարդ լարել. պնդում են, թե Նոր և Հին Կտակարանների Գրվածքները հակասում են միմյանց, այնպես` որ չի կարելի երկուսին նույն եղանակով հավատալ։ Եվ ջանալով ապացուցել, թե Ծննդոց գիրքը և Հովհաննեսի Ավետարանը հենց սկզբից հակասում են միմյանց, դրանք հակադրում են իրար։
Ծննդոց 1, 1-ը չի հակասում Հովհաննես 1, 1-ին
2. Պնդում են. «Մովսեսն ասել է. "Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը" (Ծնդ 1, 1), և չի հիշում Որդու անունը, որի միջոցով են ստեղծվել բոլոր բաները, մինչդեռ Հովհաննեսն ասում է. "Սկզբում էր Բանը[1], և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրա միջոցով է արվել, և առանց Նրա չի արվել ոչինչ" (Հվհ 1, 1-3)։ Հովհաննեսի կողմից ասվածը հակասում է Մովսեսի կողմից ասվածին»։
Թե՞ ավելի ճիշտ է, որ հենց իրենք են հակասում իրենք իրենց, նախընտրելով իրենց կուրության մեջ քննադատել բաներ, որ չեն հասկանում, փոխանակ ակնածանքով ուսումնասիրելու դրանք։ Ի՞նչ կհակադարձեն, երբ ես կպատասխանեմ, որ «Սկիզբը» հենց Աստծո Որդին է, որի մեջ Ծննդոցը հաստատում է, որ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը։ Դժվարություն չեմ զգում փաստելու սա, իմանալով, որ տրամադրությանս ներքո վկայություններ ունեմ հենց Նոր Կտակարանից, որին – կամա, թե ակամա – հպարտության վիզը ջարդած` ենթարկվում են նաև իրենք։
Սրա համար Տերը անհավատ հրեաներին ասաց. «Եթե Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, որովհետև նա իմ մասին է գրել» (Հվհ 5, 46)։ Ինչպե՞ս չտեսնել նույն Տիրոջը, որի մեջ` իբրև Սկզբի, Հայրն Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Իրոք, նախադասությունը. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնդ 1, 1), գրել է հենց Մովսեսը, որի վերաբերյալ Ինքնին Տիրոջ իսկ հեղինակությունը հաստատել է, որ գրվել է Իր մասին։ Կամ գուցե Ինքը չէ՞ նաև «Սկիզբը»։ Հնարավորություն չկա կասկածելու սրան. Ավետարանը հստակ կերպով ասում է, որ երբ հրեաները Տիրոջը հարցնում են, թե Ինքն ո՞վ է, Նա պատասխանում է. «Սկիզբը. նույնը, որ խոսում եմ ձեզ» (Հվհ 8, 25)։
Ահա՛ թե ի՛նչ Սկզբում է Աստված ստեղծել երկինքն ու երկիրը։ Աստված, հետևաբար, երկինքն ու երկիրը ստեղծել է Որդու մեջ, Որի միջոցով ստեղծվել են բոլոր բաները և առանց Որի չի ստեղծվել ոչինչ։ Այսպիսով, ի մտի առնելով Ավետարանի և Ծննդոցի [փոխադարձ] ներդաշնակությունը, պահպանում ենք [ուղղափառ հավատքի] ժառանգությունը` երկու Կտակարանների փոխադարձ համաձայնությամբ, և թողնում ենք ժառանգազուրկ հերետիկոսների կեղծ[2] զրպարտությունները[3]։
Համաձայնությունը Հովհաննեսի և Պողոսի միջև
3. Ոչ մի կերպ, ապա, ձեր լուսավորված միտքը[4] չպետք է խռովվի այն փաստի պատճառով, որ մինչ Հովհաննես Ավետարանիչը չի ասում. «Ամեն ինչ ստեղծվել է Նրա մեջ», այլ. «Ամեն ինչ ստեղծվել է Նրա միջոցով», Ծննդոցի մեջ, ապա, չենք կարդում. «Սկզբի միջոցով Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը», այլ. «Սկզբի մեջ[5] Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ [Պողոս] Առաքյալն, իրոք, ասում է. «Հայտնելու համար մեզ Իր կամքի խորհուրդը, որն Իր բարեհաճությամբ նախասահնանել էր Նրա մեջ և որը պետք է կատարվեր ժամանակների լրմանը. վերամիավորել ամեն բան Քրիստոսի մեջ, երկնայիններն ու երկրայինները` Նրա մեջ» (Եփս 1, 9-10)։ Ինչպես որ այս հատվածում լսեցիր «Նրա մեջ», բայց հասկանում ես նաև «Նրա միջոցով», այնպես էլ Հովհաննեսի հատվածում, որտեղ ասվում է «Ամեն ինչ Նրա միջոցով ... », հարկադրված ես հասկանալ նաև «Նրա մեջ»։ Եվ ինչպես որ ինձ տխմարի տեղ չեք դնում, եթե այս հատվածում հասկանում եմ, որ Նրա մեջ են ստեղծվել բոլոր բաները, մինչ կարդում եմ «Նրա միջոցով», ո՞վ կարգելի ինձ հասկանալ նաև «Նրա միջոցով», երբ Ծննդոցի մեջ կարդում եմ, որ Նրա մեջ են ստեղծվել երկինքն ու երկիրը։ Եթե անշուշտ մանիքեականները խնդիրը չտեղափոխեն երկու Կտակարաններից և այն չխցկեն Նոր Կտակարանի երկու սրբագույն վկաների, այսինքն` Պողոսի և Հովհաննեսի միջև, այն պատճառաբանությամբ, որ առաջինն ասել է «Նրա մեջ», իսկ երկրորդը` «Նրա միջոցով»։ Բայց մենք, ինչպես որ չենք կարծում, թե Պողոսն ու Հովհաննեսը հակասության մեջ են միմյանց միջև, այնպես էլ նրանց[6] հարկադրում ենք ընդունել համաձայնությունը Մովսեսի և Պողոսի միջև։
4. Եվ քանի որ, ինչպես այս երկուսն են համաձայնվում միմյանց միջև, Հովհաննեսը ևս համաձայնվում է նրանց երկուսի հետ էլ, այն հիմքի վրա, որ գրել է «Նրա միջոցով», բայց այնպես, որ կարելի է հասկանալ նաև «Նրա մեջ», այնպես էլ բոլոր աստվածային Գրություններն են համաձայնվում միմյանց միջև։ Բայց ինչպես պատահում է սովորաբար, որ, երբ մեր աչքերը սևեռում ենք գիշերվա մթության մեջ շարժվող ամպերի վրա, մեր տեսողությունը մնում է նրանց մթության պատճառով այն աստիճան ապակողմնորոշված, որ մեզ թվում է տեսնել, թե աստղերն են շարժվում հակառակ ուղղությամբ, այդպես էլ այս հերետիկոսներին [է պատահում]. քանի որ խաղաղություն չեն գտնում իրենց սխալի ամպի մեջ, թվում է [իրենց], թե ընդհակառակը` աստվածային Գրությունն է, որ միմյանց հակասող հատվածներ ունի։
Բոլոր Գրվածքները համաձայնվում են միմյանց
5. Թերևս կարող էին առարկել, որ Աստծո Բանի վերաբերյալ չի ասվել «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» նախադասությունը (Ծնդ 1, 1)։ Ընդունիր, եթե ուզում ես, թե այդպես է. նախադասությունը, որ գրվել է, – «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը», – թող որ հասկացվի ո՛չ թե «Սկզբի մեջ» [իմաստով], այսինքն` Աստծո միակ Որդու, այլ. «ժամանակի սկզբում», ո՛չ որովհետև ժամանակն արդեն գոյություն ուներ, արարածից առաջ, – ոչ ոք չի ասի, թե ժամանակը հավիտենակից է Աստծուն, Ով ժամանակների Արարիչն է, – այլ` այն իմաստով, որ ժամանակը սկիզբ է առել երկնքի և երկրի հետ։ Շատ լավ, եթե ինչ որ մեկն այն հասկանում է այսպես, – ընդունելով, սակայն, տարածությունը արարածի ու Արարչի միջև, այնպես, որ չի ասի, թե Արարիչ Աստծուն հավիտենակից է այն, ինչը որ Նա ստեղծել է, – անկասկած հստակ կերևա անձերի մի բազմակիություն այն նախադասության մեջ, որում ասվում է. «Ստեղծենք մարդուն մեր պատկերով և նմանությամբ» (Ծնդ 1, 26), և այն մյուսում. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով» (Ծնդ 1, 27)։ Թեև չի երևում [անմիջական կերպով], նաև անվան միության ներքո, խելացի մարդկանց համար ենթատեքստում հասկացվում է Երրորդությունը։
Հավասարապես, լավ ուսանած անձանց համար «սկիզբը», որի մասին խոսում է Ավետարանը, չպետք է հակասության մեջ թվար այն «սկզբի» հետ, որի մասին խոսում է Ծննդոցը։ Կարողացել է այդպիսին թվալ միայն անուսներին։ Սրբազան Գրվածքներում, իրոք, նման խոսելաձևերի անթիվ օրինակներ կան։ Տերն Ինքը ճառերից մեկում ասել է. «Ես, մինչդեռ, ձեզ ասում եմ բնավ չերդվել, ո՛չ երկնքի վրա, որն Աստծո տունն է, ո՛չ երկրի վրա, որը Նրա ոտքերի պատվանդանն է» (Մտթ 5, 33-35)։ [Սոսկ] այն պատճառով, որ Տիրոջ անունը չի նշվում, կարո՞ղ են միթե մերժել, որ Քրիստոսը համբարձվել է Երկինք։ Այսպես է ասում նաև Առաքյալը. «Ո՜վ խորություն Աստծո իմաստության և գիտության հարստությունների։ Քանի՜ցս անքննելի են դատողություններդ, և անըմբռնելի` ճանապարհներդ։ Ո՞վ, արդարև, կարողացավ ճանաչել Տիրոջ միտքը, կամ ո՞վ Նրան խորհրդական եղավ։ Ո՞վ առաջինը տվեց Նրան, ստանալու համար փոխարենը։ Քանի որ Նրանից և Նրա միջոցով և Նրա մեջ են բոլոր բաները։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից» (Հռմ 11, 33-36)։ Այստեղ էլ Որդու մասին հստակ հիշատակում չի արվում։ Առաքյալն ասում է, որ մեկն է Աստված և Տերը, որից, որի միջոցով և որի մեջ են բոլոր բաները։ Ուրեմն ինչո՞ւ են սրանք ընտրել Մովսեսին, որպեսզի հակադրեն Հովհաննես Ավետարանչին, բայց չեն ցանկացել հակադրել նրան Պողոս Առաքյալին։ Հենց այն պատճառով, որ ցանկացել են հավատացնել անուսներին, թե երկու Կտակարանները հակասում են միմյանց, այնպես` որ ընդունեն մեկի վկայությունը և մերժեն մյուսինը։ Եվ հենց սրանով է հայտնի դառնում նրանց սխալը։ Որովհետև, եթե ուրիշ մեկը գտնվեր, որ անուս անձանց կփորձեր անմիտ կատաղությամբ կարծել տալ, թե Նոր Կտակարանն էլ է հակասում ինքն իրեն, ի՞նչ կաներ, եթե ո՛չ` միմյանց միջև իբրև թշնամիներ ու հակառակորդներ հակադրել Պողոսին և Հովհաննեսին, այնպես` ինչպես սրանք հակադրում են Մովսեսին և Հովհաննեսին։ Ինչպես որ ճշմարիտ ու անսասան հավատքը մեզ ճանաչել է տալիս համաձայնությունը Պողոսի և Հովհաննեսի միջև, և ուսուցանում է մեզ, որ Երանելի Պողոսի «Նրանից, Նրա միջոցով և Նրա մեջ են բոլոր բաները» խոսքերի մեջ (Հռմ 11, 36) պետք է հասկանանք ո՛չ միայն Հորը, այլ նաև` Որդուն և Սուրբ Հոգուն. այնպես էլ, ի մտի ունենալով, որ կա համաձայնություն Մովսեսի և Հովհաննեսի միջև, Մովսեսի «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» նախադասության մեջ (Ծնդ 1, 1), եթե «սկիզբը» հասկացվում է որպես սկիզբ ժամանակի մեջ, «Աստված» բառի մեջ ճանաչվում է ո՛չ ուրիշ բան, եթե ո՛չ` Երրորդության միությունը. եթե, մինչդեռ, «սկիզբ»ը հասկացվում է Սկիզբը, որի մեջ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, [սա] անկասկած հասկացվում է որպես հենց Որդու վերաբերյալ ասված։
Շատ են հատվածները, որոնք աստվածային Գրությունների այս խոսելաձևերի համաձայն կարող էի մեջբերել։ Բայց չափազանց չծանրաբեռնելու համար ձեր հիշողությունը, եղբայրներ, բավական է, որ մեջբերեցինք նախորդները։ Մյուս հատվածները հորդորում ենք ձեզ որոնել դուք ինքներդ, նկատել դրանք, երբ ընթերցվում են Սրբազան Գրվածքները, ներդաշնակորեն խորհրդածել դրանց շուրջ և քննարկել դրանք միմյանց հետ։