Ճառ 15. « ՍԱՂՄՈՍԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՏՈՂԻ ՄԱՍԻՆ. "ՔՈ ՏԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ՍԻՐԵՑԻ, Ո՜Վ ՏԵՐ" » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 15. « ՍԱՂՄՈՍԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՏՈՂԻ ՄԱՍԻՆ. "ՔՈ ՏԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ՍԻՐԵՑԻ, Ո՜Վ ՏԵՐ" »

Քրիստոսի տունը քրիստոնյաներն են

1. «Տիրոջ տան գեղեցկությունը և Նրա փառքի բնակության վայրը» (Սղմ 25, 8) մենք սիրում ենք, երբ մենք ինքներս ենք լինում Իր տունը և Իր փառքի բնակության վայրը։ Ի՞նչ է, արդարև, Տիրոջ տան գեղեցկությունը և Նրա փառքի բնակության վայրը, եթե ո՛չ՝ Իր տաճարը, որի մասին Առաքյալը հայտարարում է. «Սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք» (1Կր 3, 17)։

Եվ ուրեմն, ինչպես որ մեր մարմնական տեսողությունն է վայելք ապրում ի տես նյութական շինությունների, որոնք կառուցված են վայելչությամբ ու շքեղությամբ, միևնույն ձևով, երբ կենդանի քարերը (1Պտ 2, 5), այսինքն՝ հավատացյալների սրտերն են շաղախվում սիրո զոդով, ստացվում է Աստծո տան գեղեցկությունը և Նրա փառքի բնակության վայրը։

Սովորեցե՛ք, հետևաբար, թե ի՛նչ պետք է սիրեք, որպեսզի կարողանաք դա սիրել։ Ով, արդարև, սիրում է Աստծո տան գեղեցկությունը, կասկած չկա, որ սիրում է Եկեղեցին, հասկացված ո՛չ որպես մարդակերտ պատեր ու տանիքներ, ո՛չ որպես փայլուն մարմարներ կամ ոսկեզօծ առաստաղներ, այլ՝ որպես հավատարիմ, սրբակենցաղ մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն իրենց ողջ սրտով, իրենց ողջ հոգիով, իրենց ողջ մտքով, և մերձավորին՝ ինչպես իրենց սեփական անձերը (հմմտ. Մտթ 22, 37-39)։

 

Բազմաթիվ են քրիստոնյաները, բայց սակավաթիվ են լավ քրիստոնյաները

2. Պատահում է, սակայն, որ քրիստոնյաների հասարակության մեջ, այն հարցերում, որոնք վերաբերվում են խորհուրդների մասնակցությանն ու հաղորդությանը, [մարդիկ] բազմացել են ըստ քանակի (հմմտ. Սղմ 39, 6)։ Որովհետև ա՛յլ բան է թիվը, և ա՛յլ բան՝ քանակը։ Թիվը վերաբերվում է նրանց, որոնց մասին Առաքյալն ասում է. «Տերը ճանաչում է յուրայիններին» (2Տմ 2, 19)։ Բայց կա նաև քանակը, որովհետև մի մեծ տան մեջ չկան միայն ոսկեղեն ու արծաթեղեն անոթներ, այլ նաև՝ փայտեղեն ու կավեղեն. առաջինները սահմանված են ազնիվ գործածության, երկրորդները՝ ցածրակարգ նպատակների (2Տմ 2, 20)։ Թիվը, հետևաբար, մատնանշում է ազնիվ գործածության սահմանված անոթներին, [իսկ] քանակը՝ այն անոթներին, որոնք սահմանված են ցածրակարգ գործածության։

Քանի որ գոյություն ունեն այս երկու տեսակի անոթները, կարո՞ղ ենք արդյոք կասկածել, թե դրանցից ո՛ր մեկի մեջ է կայանում Աստծո տան գեղեցկությունը։ Եթե դու, ուրեմն, իրականացնելու համար այն, ինչը որ [քիչ առաջ] երգեցիր, կամենում ես սիրել Աստծո տան գեղեցկությունը և Նրա փառքի բնակության վայրը, փնտրի՛ր ազնիվ գործածության սահմանված անոթները։ Եվ մի՛ ասա. «Փնտրեցի դրանք, բայց չգտա»։ Եթե փնտրել և չես գտել, նշանակում է, որ դու ինքդ էլ այն չես, ինչը որ փնտրել ես։ Նմանը ձգտում է դեպի իրեն նմանվողին, չնմանվողը խուսափում է իրեն չնմանվողից։ Եթե դու ինքդ ցածրակարգ գործածության անոթ ես, բնական է, որ ազնիվ գործածության անոթը քեզ տհաճություն կպատճառի նաև սոսկ նայելով նրան։ Չես լսո՞ւմ, թե ինչպե՛ս ոմանք ասացին ոմն մեկի մասին. «Նրան տեսնելն անգամ մեր համար անտանելի է» (Իմս 2, 14)։ Եթե նրան նայելն անգամ անտանելի է, ինչպե՞ս կարող է ջինջ երևալ քեզ, այնպես՝ որ գտնես նրան։ Քանի որ այդ անոթները գտնվում են ներքին մարդու ոլորտում։ Անկասկած, երբ մեկն արդար լինելու կերպարանք է ընդունում, դա դեռ չի նշանակում, թե իսկապես արդար է։ Միևնույն երեսն ունեն արդարն ու անարդարը։ Երկուսն էլ մարդ են, բայց երկուսն էլ Աստծո տուն չեն, նույնիսկ եթե երկուսն էլ քրիստոնյա են կոչվում։ Անոթ է մեկը և անոթ է մյուսը, սակայն երկուսն էլ ազնիվ գործածության համար չեն, այլ՝ մեկը ազնիվ գործածության, [իսկ] մյուսը՝ ցածրակարգ գործածության։

 

Աստված գիտի նաև չարերին բարու նպատակների համար գործածելու ձևը

3. Մի՞թե հարկավոր է թողնել հեռանալ մեծ տնից, [սոսկ] այն պատճառով, որ այնտեղ [նաև] վատ անոթներ են գտնվում։ Մինչդեռ Աստված, [այդ] մեծ տան Տերը, գիտի, թե ինչպե՛ս կարող է գործածել ազնիվ գործածության և ցածրակարգ նպատակների սահմանված անոթներին։ Ինչպես որ չարերը գիտեն լավ բաներն անգամ չարիքի համար գործածելու ձևը, այդպես էլ, մյուս կողմից, Աստված գիտի նաև վատ բաները բարու համար գործածելու ձևը։ Քանի՜ բարի բաներ են գործածում չարերը իրենց նպատակների համար։ Իրոք, Աստծո բոլոր արարածները լավն են ու բարի։ Ի՞նչ իմաստով են չարերը գործածում դրանք չար նպատակների համար։ Այն իմաստով, որի համար Աստվածաշունչը հանդիմանում է նրանց, երբ ասում է. «Դուք խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև վատ եք խնդրում, այսինքն՝ ձեր կրքերին գոհացում տալու համար» (Հկբ 4, 3)։ Իսկ ինչպե՞ս են անվանվում այսպիսիք, որոնք վատ նպատակով են գործածում Աստծո [պարգևած] բարիքները։ Շարունակում է՝ ասելով. «Շնացողներ»։ Իսկ ինչո՞ւ [հենց] շնացողներ։ «Չգիտե՞ք. ով որ մտերիմ է այս աշխարհի հետ, իրեն դարձնում է Աստծուն թշնամի» (Հկբ 4, 4)։ Շնացողներ է անվանում նրանց։ Կան շնացող հոգիներ և կան պոռնկացող հոգիներ. փորձենք հասկանալ։

Պոռնկացող հոգիները նրանք են, ովքեր, որոշակի առումով, պոռնկանում են բազմաթիվ կեղծ աստվածությունների մատուցված պաշտամունքով. շնացողները, մինչդեռ, այն հոգիներն են, որոնք, [միակ ճշմարիտ Աստծո հետ] միության զոդով արդեն միացած լինելով, ինչպես օրինական ամուսնության մեջ, այս օրինական ամուսնության նկատմամբ չեն պահպանում հոգու հավատարմությունը։ Ավելի պարզորեն ասելու համար. հեթանոսի հոգին պոռնկացող է, վատ քրիստոնյայի հոգին՝ շնացող[1]։ Հեթանոսի պոռնկացող հոգին օրինական փեսա չունի, և ապականվում է տարբեր դևերի հետ պոռնկանալով։ Իսկ վատ քրիստոնյայի հոգին ինչո՞ւ է շնացող։ Որովհետև, իր Փեսային չթողնելով հանդերձ, Նրա հանդեպ հավատարիմ չի մնում։

Դու, սակայն, մի՛ ասա. «Ինչո՞ւ պետք է Աստծո տանը լինեն սրանք»։ Պատասխանը սա է. Դրանք ցածրակարգ գործածության անոթներ են։ Աստված գիտի նրանց գործածելու ձևը։ Արարիչը չի սխալվում. կարողացած լինելով ստեղծել նրանց, նրանց նաև գործածել գիտի։ Մեծ տան մեջ նրանք էլ իրենց տեղն ունեն։ Բայց եթե դու ինձ հարցնես, թե Աստված ինչպե՞ս է նրանց գործածում բարու նպատակների համար, պետք է խոստովանեմ, որ ես մարդ լինելով՝ չեմ կարող բացատրել Աստծո ծրագիրը։ Արդարև, սովորել եմ Պողոս Առաքյալի հետ՝ [նման հարցերում] երկյուղ դրսևորել, որովհետև ինքն էլ, այս բաների շուրջ մտորելով, երկյուղ զգաց և երկյուղածությամբ բացականչեց. «Ո՜վ աստվածային իմաստության և գիտության հարստության խորություն։ Քանի՜ցս անքննելի են նրա դատողությունները, և անհասանելի՝ նրա ճանապարհները։ Իսկապես, ո՞վ երբևէ կարողացավ ճանաչել Տիրոջ միտքը։ Կամ ո՞վ երբևէ եղավ Նրա խորհրդականը։ Կամ ո՞վ առաջինը ինչ որ մի բան տվեց Նրան, այնպես՝ որ իրավունք ունենա Նրանից փոխհատուցում ստանալու։ Քանի որ Նրանից և Նրա միջոցով և Նրա մեջ են բոլոր գոյությունները. և Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից» (Հռմ 11, 33-36)։ [Իսկ] մեզ՝ հիացմունքով լի դիտումը, սքանչացումը, երկյուղը, վավերացումն ու ընդունումը, որովհետև մենք չենք կարող ըմբռնել։ Իսկ իրեն ի՞նչ։ Փա՜ռքը՝ հավիտյանս հավիտենից։ Ե՛վ ազնիվ գործածության սահմանված անոթների, և՛ ցածրակարգ նպատակների սահմանված անոթների համար, Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Նրանցից ոմանց Նա թագադրում է, ոմանց՝ դատապարտում, բայց երբեք չի սխալվում։ Ոմանց փորձության է ենթարկում, ուրիշների գործածում է այդ մյուսներին փորձության ենթարկելու նպատակով, բոլորին գործածում է կարգով ու կանոնով[2]։

 

Բարիները մաքրագործվում են նեղություններով, ինչպես ոսկին՝ կրակով

4. «Բայց», կասի ինչ որ մեկը, «ի՞նչ գործ ունեն վատ մարդիկ այս աշխարհում»։ Դո՛ւ պատասխան տուր ինձ. «Ի՞նչ գործ ունի ծղոտը ոսկերիչի հնոցի մեջ»։ Կարծում եմ, որ այնտեղ, որտեղ ոսկին մաքրագործվում է, առանց օգտակարության չէ, որ գտնվում է ծղոտը։ Մի պահ տեսնենք այն ամենը, որ կա այնտեղ. կա հնոցը, կա ծղոտը, կա ոսկին, կա կրակը, կա արվեստագետը։ Բայց այն երեք բաները, այսինքն՝ ոսկին, ծղոտը և կրակը, հնոցի ներսում են, արվեստագետը՝ հնոցի կողքին։ Իսկ այժմ դիտիր այս աշխարհը։ Աշխարհը հնոցն է, ծղոտը՝ վատ մարդիկ, ոսկին՝ լավ մարդիկ, կրակը՝ նեղությունները, արվեստագետը՝ Աստված։ Լա՛վ նայիր և տե՛ս. ոսկին չի մաքրագործվում, եթե ծղոտը չի վառվում։ Նաև այս նույն Սաղմոսի մեջ, որտեղ ասում ենք, թե սիրում ենք Աստծո տան գեղեցկությունը և Նրա փառքի բնակության վայրը (Սղմ 25, 8), ուշադրությո՛ւն դարձրու ոսկուն, ուշադրությո՛ւն դարձրու ոսկու ձայնին։ Նա տենչում է մաքրագործվել. «Քննի՜ր ինձ, Տե՜ր, և փորձի՜ր ինձ, հնոցի մեջ հալեցրո՜ւ իմ երիկամները» (Սղմ 25, 2)։ Քննի՜ր ինձ, Տե՜ր, և փորձի՜ր ինձ։ Ասում է. «Քննի՜ր ինձ, Տե՜ր, և փորձի՜ր ինձ»։ Պետք է որ վախենար փորձի ենթարկվելուց, և, մինչդեռ, հենց փորձվել է հայցում։ «Քննի՜ր ինձ, Տե՜ր, և փորձի՜ր ինձ»։ Եվ ուշադրությո՛ւն դարձրու, որ հենց կրակն է խնդրում։ «Քննի՜ր ինձ և փորձի՜ր, հնոցի մեջ այրի՜ր իմ երիկամներն ու սիրտը»։

Չես վախենո՞ւմ կրակի մեջ սպառվելուց։ «Ո՛չ», պատասխանում է։ Ինչպե՞ս։ «Որովհետև ողորմությունդ աչքերիս առջև է» (Սղմ 25, 3)։ Կարծես ասելու լինի. «Ահա՛, թե ինչո՛ւ եմ ապահովության զգացումով խնդրում. "Քննի՜ր ինձ, Տե՜ր, և փորձի՜ր ինձ, հնոցի մեջ այրի՜ր իմ երիկամներն ու սիրտը", ո՛չ որովհետև ես ի զորու եմ իմ ուժերով դիմանալու փորձության կրակին, այլ՝ որովհետև Քո ողորմությունն իմ աչքերի առջև է։ Ա՛յլ խոսքերով ասած. Դու, որ պարգևեցիր ինձ լինել փորձված ոսկու նման, ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ ես հնոցի մեջ կորչեմ։ Ընդհակառակը, Դու ինձ այնտեղ մտցնում ես հե՛նց մաքրագործելու համար, և ինձ այնտեղից դուրս ես հանում մաքրագործված։ «Թող որ Տերը պահպանի քո մուտքը և քո ելքը» (Սղմ 120, 8)։ Ահա՛, ուրեմն, [հնոցից] դուրս գալը, ահա՛ հնոցի մեջ մտնելը։ «Կատարյալ ուրախություն համարեցեք, եղբայրներ իմ, երբ ամեն տեսակ փորձությունների եք ենթարկվում» (Հկբ 1, 2)։ Ահա՛, լսեցիր մտնելու մասին, այժմ փնտրիր դուրս գալը։ Որովհետև մտնելը հեշտ է, դուրս գալը մեծ բան է։ Բայց մի՛ վախեցիր։ Աստված հավատարիմ է (ճի՛շտ որովհետև մտել էիր այնտեղ, բայց մտահոգ էիր դուրս գալու վերաբերյալ). «Աստված հավատարիմ է, և թույլ չի տալիս, որ փորձվեք ձեր կարողացածից ավելի, այլ՝ փորձության հետ միասին [ցույց] կտա նաև ելքը»։ Ի՞նչ կերպ [կկատարվի] ելքը։ «Որպեսզի կարողանաք դիմանալ» (1Կր 10, 13)։ Ահա՛, ուրեմն, պատահեց քեզ [փորձությունը], ներս մտար, դիմացար, դուրս ելար։

 

Չարերը մաքրագործման առիթ են բարիների համար

5. Բարիների համար մաքրագործման մեծ առիթ է չարերի առատությունը։ Անկասկած, որքան էլ որ բարիները, չարերի բազմությանը խառնված, մնում են ծածկված, «Տերը ճանաչում է յուրայիններին» (2Տմ 2, 19)։ Այսքա՜ն մեծ արվեստագետի ձեռքից ոսկու մի ավազահատիկն անգամ մեծաքանակ ծղոտի մեջ չի կարող կորչել։ Որքա՜ն շատ է ծղոտը և որքա՜ն քիչ է ոսկին։ Բայց դու մի՛ վախեցիր, արվեստագետն այնքա՜ն մեծ է, որ կարող է մաքրագործել ոսկին, բայց չի կարող այն կորցնել։ Ուշադրությո՛ւն դարձրու ոսկու այն կտորին, որը երանելի Առաքյալն էր. թե ինչպե՛ս էր, այս աշխարհի հնոցի մեջ, մաքրագործվում վտանգներով շրջապատված (և այստեղ հանդիպում ենք այն ցածրակարգ անոթներին, որոնք [տան] ներսում են գտնվում, որոնց, համենայն դեպս, գիտի տեղին գործածել մեծ տան Տերը). ի՞նչ էր, ուրեմն, ասում Առաքյալը, երբ փորձության մեջ էր գտնվում, վտանգներով շրջապատված։ «Վտանգներ ծովում, վտանգներ անապատում, վտանգներ ազգակիցներիցս, վտանգներ հեթանոսներից»։ Բոլոր այս բաները գտնվում են դրսում։ Այժմ հայացքդ դեպի ներս դարձրու. «Վտանգներ կեղծ եղբայրների կողմից» (2Կր 11, 26)։

Եվ ուրեմն դիմում եմ Աստծո ոսկուն, դիմում եմ ազնիվ գործածության սահմանված անոթներին, դիմում եմ ցորենին, որը նեղություն է կրում ծղոտի արանքում, երբ կալսվում է կալատեղում։ Եվ ասում եմ քեզ, քեզ, որ լսում ես, որ լսում ես ո՛չ թե ինձ, այլ՝ մի Ուրիշի, իմ միջոցով. «Բարի՛ եղիր, հանդուրժի՛ր չարին»։ Եվ չեմ ուզում, որ դու ասես. «Բայց ո՞վ է բարի»։ Կամ ավելի ճիշտը, ասա՛, եթե ուզում ես, նաև սա, որովհետև, որքան էլ որ դու բարի լինես, երբեք զերծ չես չարի ինչ որ մի մասնիկից, ինչի համար էլ մեծապես արդարացի կերպով ասված է. «Ոչ ոք բարի չէ, եթե ո՛չ միայն մեկը. Աստված» (Ղկս 18, 19)։ Այն Բարին, Ով ստեղծել է բոլոր բարի բաները, Աստված Ինքն է։ Եթե, ուստի, բարի է Աստված, Ով բոլոր բաները ստեղծել է որպես բարի իրականություններ, և միայն Ինքն է Բարին, Ով բոլոր բարիների պատճառն է, ինչպե՞ս կարող էր բարիների պատճառը լինել, եթե մարդկանցից ոչ մեկը բարի չլիներ։ Իրեն առավել բնորոշ մի ձևի համաձայն, հետևաբար, գոյություն ունի նաև բարի մարդը։ Եթե գոյություն չունենար, Տերն Ինքը չէր ասի. «Բարի մարդը բարի բաներ է դուրս հանում իր սրտի բարի գանձից» (Ղկս 6, 45)։

 

Բարիները պետք է համբերությամբ տանեն չարերին

6. «Բարի եղիր, ուրեմն, և հանդուրժիր չարին»։ Բարի եղիր միայն մեկ առումով, և երկու իմաստով հանդուրժիր չարին։ Բարի, այսինքն, միայն ներսում. որովհետև, եթե բարի չես ներսում, ընդհանրապես բարի չես։ Բարի, ուրեմն, եղիր ներսում. [իսկ] ով չար է, հանդուրժիր նրան թե՛ ներսում և թե՛ դրսում։ Դրսում հանդուրժիր հերետիկոսին, հանդուրժիր հրեային, հանդուրժիր հեթանոսին։ Իսկ ներսում հանդուրժիր վատ քրիստոնյային, որովհետև «մարդու թշնամիներն իր իսկ տնեցիներն են» (Մտթ 10, 36)։

Երբ հարկադրված ես համբերատարությամբ կրելու ներսում գտնվող բազմաթիվ վատերի կողմից պատճառված նեղությունը, դու հակակրանքի դրսևորումներ ես անում, զայրանում ես, կարծես արդեն հասած լիներ քամհարության ժամանակը։ Եվ, մինչդեռ, դեռևս կալսելու փուլում ես, դեռևս կալատեղում, բակում տակավին ծեծում են [հասկերը]։ Խուրձեր ու որաներ տակավին հավաքվում են կալատեղում, քանի դեռ ժողովուրդները գալիս են հավատքին։ Եվ մտածում ես, թե միայն դու, միայն դու՝ ցորե՞նդ կարող ես գտնվել կալատեղում։ Սխալվում ես։ Այժմ հեծեծում ես կալատեղում, որպեսզի կարողանաս վայելել ցորենի ամբարում։

Բազմաթիվ չարիքներ են կատարվում վատ քրիստոնյաների կողմից։ Եվ նրանք, ովքեր գտնվում են դրսում և չեն ցանկանում քրիստոնյա դառնալ, ինքնարդարացման կեղծ պատճառներ են գտնում [դրա մեջ]։ Նրան, ով իրեն հորդորում է հավատալու [Քրիստոսին], հեթանոսը պատասխանում է. «Եվ ուզում ես, որ ես այսինչ մեկի կամ այնինչ մեկի նմա՞ն լինեմ»։ Եվ անուններ է տալիս անգամ։ Եվ երբեմն ճշմարտությունն է ասում։ Իսկ երբ էլ ոչ մի ճշմարիտ բան չի լինում [ասածի մեջ], դժվար բան չէ զրպարտելը։ Երբ զրպարտում են առանց վարանելու, միշտ կասկած են առաջացնում նրա մեջ, ով չի տեսնում։ Եվ դու, երբ լսում ես այս բաներն ասող մեկին, թերևս [դու նույնպես] ճանաչելով վատ եղբայրների, ներսումդ մտածում ես, որ այդ մարդը ճշմարտությունն է ասում։ Կեղծ եղբայրների կողմից պատահող վտանգներն են (2Կր 11, 26)։ Բայց մի՛ վհատվիր։ Դո՛ւ եղիր այն, ինչ այդ մարդը փնտրում է։ Դո՛ւ եղիր լավ քրիստոնյա, զրպարտող հեթանոսին համոզել կարողանալու համար։

 

Հարատևություն թշնամիներին համբերությամբ տանելու մեջ

7. Նա, սակայն, զրպարտում է նաև լավերին։ Կեղծիք է ասում և, մեծ մասամբ, ընդունելություն է գտնում։ Լա՛վ, իսկ ի՞նչ է անում ոսկին։ Շուրջբոլորն ամբողջը ծղոտ է, ամբողջը՝ կրակ։ [Կրակին] դեմ տուր անմաքրությունները, ո՛չ թե հավատքը։ Ավելի մաքուր դարձիր. այո՛, նեղության միջոցով ավելի մաքուր դարձիր։ Քո համար արժեքավոր է այն, ինչը որ կարող է ազատել քեզ անմաքրություններից, ո՛չ թե այն, ինչը որ վշտացնում է քեզ իբրև ոսկի։ Որովհետև, եթե նվաղում ես, ոչնչանում ես ծղոտի հետ միասին. իսկ եթե ոչնչանում ես ծղոտի հետ միասին, դա նշանակում է, որ ոսկի չէիր, այլ՝ ինքնախաբեությամբ կարծում էիր, թե ոսկի ես։ «Տերը ճանաչում է յուրայիններին» (2Տմ 2, 19)։

Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր վատն են [Եկեղեցու ներսում], կամ որոնց պատճառով ամաչում ես, երբ դրսի վատերի մեջ ես գտնվում, նկատի առ [այն հանգամանքը], որ մեծ տան մեջ, որտեղ դու բնակվում ես, նրանք ազնիվ գործածության սահմանված անոթներ չեն, այլ՝ ցածրակարգ գործածության անոթներ (հմմտ. 2Տմ 2, 20)։ Քեզ զգուշացրել է Առաքյալը, թող որ քեզ նեցուկ լինի Աստված։ Եթե չլինեին վատերը, որոնց համար պետք է աղոթենք, ի՞նչ նպատակով մեզ կասվեր. «Աղոթեցե՛ք ձեր թշնամիների համար» (հմմտ. Մտթ 5, 44)։ Մի՞թե կուզենայինք, որ մեզ թշնամիներ լինեին լավերը։ Ինչպե՞ս կարող էր դա պատահել։ Լավ քրիստոնյան քո թշնամին չի լինի, բացառությամբ այն դեպքի, որ դու վատ քրիստոնյան լինես։ Իսկ եթե լավը լինես, քո թշնամին ա՛յլ ոք չի կարող լինել, եթե ո՛չ միայն՝ չարը։ «Աղոթեցե՛ք ձեր թշնամիների համար»։ Այսինքն, դուք՝ բարիներ, աղոթեցե՛ք չարերի համար։

Վերադարձի՜ր ինքդ քո մեջ, ո՜վ դու, որ մաքրագործվում ես այս հնոցի մեջ, և տե՛ս, թե կարո՞ղ է արդյոք քոնը լինել այս արտահայտությունը. «Քննի՜ր ինձ, Տե՜ր, և փորձի՜ր ինձ. հնոցի մեջ այրի՜ր իմ երիկամներն ու իմ սիրտը, որովհետև Քո ողորմությունն իմ աչքերի առջև է» (Սղմ 25, 2-3)։ Ահա՛, վերադարձի՜ր քո սրտին։ Երբ կանգնում ես Աստծո հայացքի ներքո, ուր որ է սկսելու ես [սրտիցդ դուրս] հեղել քո աղոթքը։ Եվ ահա՛ միտքդ է գալիս նա, ով վիրավորել է քեզ, միտքդ է գալիս նա, ով ճնշել է քեզ, միտքդ է գալիս նա, ով ունեզրկել է քեզ, միտքդ է գալիս նա, ով քեզ բանտ է նետել։ Զգաստացի՛ր այժմ, լավ ուշադրությո՛ւն դարձրու քո սրտին, նայի՛ր քո Տիրոջը։ Մի կողմից քո չար թշնամին է, մյուս կողմից՝ քո բարի Տերը։ Քո չար թշնամին վնասում է քեզ։ Քո բարի Տերը քեզ ասում է, որ պետք է աղոթես քո թշնամու համար։ Քո չար թշնամու և քո բարի Տիրոջ միջև գտնվելով, դու ի՞նչ ես անելու։ Աղոթելու ես առաջինի դե՞մ, թե՞ հնազանդվելու ես Երկրորդին։

 

Աստված քեզ հրամայում է աղոթել թշնամիների համար և քեզ օգնում է անել այդ աղոթքը

8. Քո Տիրոջ հրամանից դու գիտես, որ պետք է աղոթես քո այդ չար թշնամու համար։ Ի՞նչ ես անելու։ Տերը հրամայել է, դժվարին բաներ է հրամայել, բայց [նաև] մեծ բաներ է խոստացել։ Որո՞նք են դժվարին բաները, որ հրամայել է։ «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք արեք նրանց, ովքեր ատում են ձեզ, և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր հալածում են ձեզ» (Մտթ 5, 44)։ Դժվարին բաներ են, բայց «Քո շուրթերի խոսքերին հետևելով՝ դժվարին ճանապարհների վրա քայլեցի» (Սղմ 16, 4)։ Ինչպե՞ս կկարողանայիր դժվարին ճանապարհների վրա քայլել քո սեփական ուժերով, եթե ո՛չ միայն՝ «որովհետև Քո ողորմությունը իմ աչքերի առջև է» (Սղմ 25, 3)։

Ահա՛, դժվարին բաներ է հրամայել, դառը բաներ է հրամայել, բայց տե՛ս, թե ի՛նչ է խոստացել. «Աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր հալածում են ձեզ, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ Երկնքում է» (Մտթ 5, 44-45)։

Եթե քեզ ասած լիներ. «Աղոթի՛ր քո թշնամու համար, որպեսզի որդին լինես քո հոր, քո մարմնական հոր, որպեսզի քեզ ժառանգությունից չզրկի», – (և սակայն այն, ինչը որ նա թողնելու է քեզ, այստեղից [միևնույնն է] չի կարողանալու տանել իր հետ), – դու կվախենայիր և կանեիր այն, ինչ նա քեզ ասում է։ Այս դժվարին բաների համար, [մինչդեռ], քեզ խոստացվում է, որ Բարձրյալի որդին ես լինելու։ Մտածի՜ր Հոր մասին և հասկացի՜ր, թե ինչպիսի՛ ժառանգության մասին է խոսքը։ Ոտքի՛, ուրեմն. սկսի՛ր աղոթել քո այդ մեծ թշնամու համար, որը քեզ բազմաթիվ չարիքներ է արել, որը քո վրա բազմաթիվ դառնություններ է թափել. սկսի՛ր աղոթել նրա համար, և կնկատես, որ սիրտդ սկսում է մռթմռթալ քո դեմ։ Քո բարի կամքը, տրամադրվածությունը, ներքին մարդու համաձայն ապրված բերկրանքը, քո Տիրոջ հանդեպ գործադրածդ հնազանդությունը, թշնամուդ համար կատարածդ աղոթքը, այս բոլորը ոսկի է։ Իսկ այն, որ քո հիվանդագին վիճակը սկսում է տրտնջալ քո դեմ, երբ դու սկսում ես աղոթել, սրանք անմաքրություններն են, որոնցից Աստված կամենում է մաքրագործել քեզ հնոցի մեջ։

 

Չարերն ավելի հեշտությամբ են նկատվում, քան բարիները։ Բայց մեծաքանակ են բարիները, որոնք իրենց ամբողջ սրտով փնտրում են Աստծուն

9. Եվ ուրեմն հրահանգվի՜ր չարիքների մեջ, ո՜վ բարի [հոգի], յուրաքանչյուր ոք, որ բարի է, բարի՝ ո՛չ թե քո անձնական արժանիքով, – որովհետև դու էլ ես չար եղել, – այլ՝ պարգևով Նրա, Ով երբեք չար չէ. հրահանգվի՜ր վատերի մեջ գտնվելով։ Եվ ինձ մի՛ ասա. «Եթե ուղղակի անհրաժեշտ էր, որ մեր հրահանգման համար գոյություն ունենային չարերը, գոնե սակավաթիվ լինեին. գոնե քիչ լինեին վատերը, և շատ՝ լավերը»։

Չես ըմբռնո՞ւմ, որ, եթե քիչ լինեին, չէին կարողանա վնաս հասցնել շատերին։ Իսկապես մտածիր, ո՜վ խելացի մարդ, որ, եթե բարիները շատ լինեին, իսկ չարերը՝ քիչ, սակավաթիվ չարերը չէին համարձակվի նեղություն պատճառել բազմաթիվ բարիներին։ Իսկ եթե չկարողանային համարձակվել, չէին կարողանա և ո՛չ իսկ հրահանգել։ Ահա՛, մինչդեռ, [այնպես է], որ, ճի՛շտ որովհետև չարերը շատ են, սակավաթիվ բարիները նեղություններ են կրում բազմաթիվ չարերի մեջ. և, նեղություններ կրելով, քրտինք են թափում. և, քրտինք թափելով, ոսկին մաքրագործվում է։

«Պայծառորեն փայլի՜ր, ուրեմն, Աստծո տան գեղեցկությամբ» (Սղմ 25, 8)։ Այլևս պատահել է, որ հիվանդագին վիճակդ տրտնջացել է քո դեմ, սրտիդ խորքում։ Աղերսի՜ր [Աստծուն], որ կարողանաս հաղթել։ Թող որ քեզ օգնական լինի Աստված, թող որ օգնի քեզ Նա, Ով հրամայում է։ Այլևս հաղթող ես դարձել քո հիվանդագին վիճակի նկատմամբ, այլևս քաջությամբ ես լցվել և ձեռք ես բերել թշնամու համար աղոթողի արդյունքը (հմմտ. Մտթ 6, 12)։ Մտածի՛ր, թե ինչպիսի՜ մեծ բարիք է սա։ Համեմատի՛ր թշնամուդ քո հետ։ Նա դավեր է նյութում, դու աղոթքներ ես ճառագում։ Նա, եթե վնասում է քեզ, քեզ վնասում է տեսանելի կերպով. դու, որ աղոթում ես նրա համար, դրա մասին միայն Աստված գիտի։ Նա չի մտածում, որ այդպես է, որովհետև չի կարող քննել քո սիրտը։ Ուստի, մինչ նա վնաս է հասցնում տեսանելի կերպով, դու աղոթում ես ծածուկ։ Այս մամլիչի մեջ (քանի որ նաև մամլիչի է նմանեցվել Եկեղեցին) մտածի՜ր մի պահ, թե նա, ճի՛շտ որովհետև վնասում է տեսանելի կերպով, ճզմվածքը չէ՞, որ դուրս է գալիս բոլորի աչքի առաջ։ Ճզմվածքը դուրս է գալիս բոլորի աչքի առաջ, մինչդեռ ձեթը, հավաքման անոթին հասնելուց առաջ, հոսում է ծածուկ ակոսների միջով։ Հոսում է ծածուկ, բայց հետո հայտնվում է իր առատությամբ։ Քանի՜ քանիներ, եղբայրներ իմ, այս ընդհանուր խառնաշփոթի մեջ, այս այսքա՜ն չար աշխարհի մեջ, քանի՜ քանիներ են նրանք, որ փնտրում են Աստծուն չարիքների այս առատության մեջ, [և] փոխել են իրենց ընթացքի ուղղությունը և դարձի են եկել Տիրոջը, և հրաժեշտ են տվել աշխարհին, և անսպասելի կերպով սկսել են աղքատներին նվիրել իրենց ունեցվածքները, նրանք, որ քիչ ժամանակ առաջ հափշտակում էին ուրիշների ունեցվածքները[3]։ Բայց ամենատարբեր հափշտակողները, բռնություն գործադրողները, թալանչիները տեսանելի են բացահայտ կերպով. ճզմվածքն է, այն, որ հոսում է հրապարակներով։ Սրանք, մինչդեռ, մեկը մի կողմից, մյուսը՝ ուրիշ կողմից, սրտերի միությամբ, ամաչելով կուտակել չարիքը այսքա՜ն շատ չարիքի մեջ[4], մտածելով Աստծո կողմից հնչած կոչերի մասին, ծաղրի ենթարկելով աշխարհային տենչանքները, փոխելով [իրենց] սերերն[5] ու սովորույթները, ձեթն են՝ սրբության մամլիչի մեջ, ազնիվ գործածության սահմանված անոթներն են մեծ տան մեջ, ոսկին են հնոցի մեջ, ցորենն են շտեմարանի մեջ։ Սա՛ է Աստծո տան գեղեցկությունը։

[1] Երբեմն այս եզրերը գործածվում են հակառակ հերթականությամբ։ Ավետարանում հանդիպում է «չար և շնացող» սերունդ արտահայտությունը (հմմտ. Մտթ 12, 39), որտեղ «շնացող» եզրը գործածվում է որպես կռապաշտության հոմանիշ։
[2] Կարգը և կանոնը, որոնց մասին խոսում է Հայրապետը, ուրիշ տեղ բացատրվում է, որ սահմանվում է տվյալ մարդու ազատ կամքով։ Տվյալ անձն է, իր ազատ կամքով կատարված ընտրությամբ, դասակարգում իրեն որպես բարձրակարգ (հոգևոր) կամ ցածրակարգ (աշխարհային) անոթ։ Մնացածը հետևում է այս ընտրությանը որպես բնականոն հետևանք։ Այս ընտրությունը, միշտ և ամեն դեպքում, անփոփոխ չէ. մի մարդ, որ վարվել է որպես "ցածրակարգ անոթ", կարող է փոխել իր ընթացքն ու դիրքորոշումը և դառնալ "ազնիվ անոթ", ինչպես որ հնարավոր է նաև հակառակը։
[3] Օգոստինոս Հայրապետի դարձի պատմության մեջ որոշիչ դեր են խաղացել Անապատի Հայրերի վարքագրական պատմություններից ոմանք, ուր պատմվում է նաև հայտնի ավազակների դարձի մասին։ Ամենայն հավանականությամբ, այստեղ ակնարկ է կատարվում դրանց։ Քանի որ Հիպպոնայի համայնքն էլ, ուր Օգոստինոսը եպիսկոպոս էր, մաս էր կազմում Աֆրիկյան Եկեղեցուն, և Անապատի Հայրերը ապրել և գործել էին այդ նույն տարածաշրջանում, պատմությունները քաջ հայտնի էին բոլորին և պարզ ակնարկը իրենց համար բավական էր հասկանալու համար։
[4] Հայրապետը, ամենայն հավանականությամբ, ի նկատի ունի աշխարհի ընդհանուր չարիքի մեջ կուտակել չարիքը որպես անձնական իրականություն։ Դրսի չարիքը, որով մարդը շրջապատված է, բերել անձնական տարածք, կուտակել սեփական գոյության ներսում։
[5] Սրբությունը և փրկությունը, Օգոստինոսի ողջ ուսմունքի համաձայն, իրենց էությամբ՝ սիրո խնդիր են. թողնել ունայնությունների հանդեպ սերը (որը, ունայնություններ սիրելով՝ ինքն էլ է հավասարապես ունայն), և փոխարենը ընտրել հավիտենական արժեքների հանդեպ սերը (որը, իր ըղձացած առարկայի նման, հավիտենական է)։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։