Ճառ 255. « ԶԱՏԿԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱԼԼԵԼՈՒԻԱՅԻ ՄԱՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 255. « ԶԱՏԿԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱԼԼԵԼՈՒԻԱՅԻ ՄԱՍԻՆ »

Ալլելուիան այժմ ուխտագնացների երգն է

1.1. Քանի որ հաճելի եղավ Տիրոջը, որ Ձերդ Սիրալիրության հետ հանդիպեինք Ալլելուիայի տարեկան ժամանակահատվածում, պարտավորիչ է իմ համար՝ մի խոսք ասել Ձեզ այս Ալլելուիա եզրի մասին։ Հուսով եմ, որ ծանր չի լինի դա Ձեր համար, եթե մտաբերել տամ Ձեզ բաներ, որոնք գիտեք [արդեն], քանի որ Ալլելուիան մի բառ է, որն ամեն օր արտասանում ենք և որն ամեն օր վայելում ենք։

Գիտեք, ուստի, որ Ալլելուիան համապատասխանում է լատիներենի «Գովաբանեցե՜ք Աստծուն» [բացականչությանը]. մենք միաձայն երգում ենք այս խոսքը և, նրա շուրջը միավորված՝ զգացմունքների հաղորդությամբ, փոխադարձաբար միմյանց խրախուսում ենք՝ գովաբանելու Աստծուն։

Աստծուն, սակայն, կարող է խղճի հանգստությամբ գովաբանել [միայն] նա, ով ոչ մի այնպիսի բան չի գործել, որի համար կարող է զղջալ։ Ինչպես նաև, ինչ վերաբերվում է ներկա ժամանակին, որի ընթացքում պանդուխտ ենք երկրի վրա, Ալլելուիան երգում ենք որպես մխիթարություն՝ ճանապարհի երկայնքին ուժ ստանալու նպատակով. Ալլելուիան, որն ասում ենք հիմա, նման է ճանապարհորդի երգին. և սակայն, այս հոգնատանջ ճանապարհի վրա քայլելով, ձգտում ենք հասնելու այն Հայրենիքին, որտեղ գտնելու ենք հանգիստը, և որտեղ – անհետանալով բոլոր այն գործերը, որոնք մեզ զբաղեցնում են այժմ – ա՛յլ բան չի մնալու, եթե ո՛չ միայն՝ Ալլելուիան։

 

Մարիամը և Մարթան

2.2. Այս մասը՝ ամենաքաղցրը, իր համար ընտրել էր Մարիամը. նա, որ, անզբաղ, ուսանում էր ու փառաբանում։ Իր քույր Մարթան, մինչդեռ, բազմաթիվ գործերով էր զբաղվում։ Նվիրվում էր, ճիշտ է, բաների, որոնք հարկավոր էին, բայց անցողիկ. նվիրվում էր բաների, որոնք հատուկ են նրան, ով ճանապարհին է, ո՛չ նրան, ով հայրենիքում է. նրան, ով պանդուխտ է, ո՛չ նրան, ով նվաճել է քաղաքացիությունը։ Հյուրընկալել էր Տիրոջը և նրանց, ովքեր ընկերակցում էին Նրան. և Տերը մարմին ուներ, և ինչպես որ բարեհաճել էր մարմին ունենալ մեր համար, այնպես էլ բարեհաճել էր քաղց և ծարավ զգալ։ Եվ քանի որ բարեհաճել էր քաղց և ծարավ զգալ, բարեհաճեց կերակուր ընդունել նրանցից, որոնց Ինքը առատորեն նախախնամել էր։ Բարեհաճեց հյուրընկալվել ո՛չ թե կարիքից մղված, այլ՝ բարեհաճությամբ։

Մարիամն, ուրեմն, նվիրված էր հոգալու այդ քաղցած ու ծարաված անձանց կարիքները։ Հոգատար գործունեությամբ բազմազբաղ էր՝ ուտելիք և խմելիք տալու համար այդ սրբերին և սրբերի Սրբին, որոնք հյուրընկալվել էին իր տանը (հմմտ. Ղկս 10, 38-42)։ Գերազա՜նց գործ, բայց սահմանված՝ դադարելու։ Թե՞ ընդմիշտ տևելու են քաղցն ու ծարավը։ Երբ միացած կլինենք մաքրագույն ու կատարելագույն Բարիքին, չեն լինի [այլևս] կարիքներ, որոնք հարկավոր կլինի հոգալ։ Երանելի կլինենք և այլևս ոչ մի բանի կարիք չենք ունենա. լինելով առատության մեջ՝ ոչինչ չենք ցանկանա։ Եվ ի՞նչ է այն, ինչը որ ունենալու ենք, այնպես՝ որ ստիպված չենք լինելու փնտրել ուրիշ բաներ։ Ձեզ ասել եմ արդեն. այն, ինչը որ այժմ ընդունում եք հավատքով, այն ժամանակ տեսնելու եք դա։ Սա՛ ի նկատի ունեի՝ ասելով. «լինելով առատության մեջ՝ այլևս ոչինչ չեք ցանկանա», այսինքն՝ ուրիշ բաների կարիք այլևս չեք ունենա։ Բայց ի՞նչ է լինելու այս բարիքը, որն ունենալու ենք։ Նրան, ով ծառայում է Իրեն, նրան, ով պատվում է Իրեն, նրան, ով հավատում է Իրեն և հույս է տածում Իր հանդեպ, նրան, ով սիրում է Իրեն, ի՞նչ է արդյոք տալու Աստված։


Աստծո մեծ պարգևներից է առողջությունը

3.3. Մեզ հայտնի են բաները, որոնք Աստված այս աշխարհում տալիս է [նաև] նրանց, ովքեր չեն հավատում Իրեն, ովքեր հույս չեն տածում Իր հանդեպ, ապստամբ են Իր նկատմամբ և [մինչև իսկ] սրբապիղծ են. մեզ հայտնի են պարգևները, որ տալիս է [նաև] նրանց։ Որոնցից առաջինը առողջությունն է, որ գալիս է Նրանից և այնքա՜ն անուշ բան է, որ երբեք չենք հոգնում այն ունենալուց։ Վերցնենք մի աղքատ մարդ. եթե առողջ է, ի՞նչ է պակասում իրեն։ Եվ ընդհակառակը, վերցնենք մի հարուստ մարդ. եթե առողջություն չունի, իրեն ի՞նչ օգուտ են տալիս բոլոր այն բաները, որոնք ունի։ Այսքա՜ն մեծ բարիքը, ինչպիսին առողջությունն է, վստահաբար գալիս է Նրանից, այո՛, հե՛նց Նրանից՝ Տիրոջից, մեր Աստծուց, Ում մենք պաշտում ենք, ճշմարիտ Աստծուց, Ում մենք հավատում ենք, Ում հանդեպ հույս ենք տածում և Ում սիրում ենք։

Այս կետում, սակայն, կարող եք նկատել, թե ինչպե՛ս առողջությունը՝ այս այսքա՜ն մեծ բարիքը, Աստված այն տալիս է ինչպես բարիներին, այնպես էլ՝ չարերին, ինչպես Իրեն անարգողներին, այնպես էլ՝ Իրեն գովաբանողներին։ Մանավանդ թե, մի ուրիշ բան [էլ] կուզենայի ասել ձեզ։ Բարին և չարը երկուսն էլ մարդիկ են. իսկ մարդը, որքան էլ որ չար լինի, անասունից ավելի վեր է։ Եվ ահա՛, Աստված առողջությունը տալիս է նաև ընտանի կենդանիներին ու վայրի գազաններին, և այն տալիս է, այս առողջությունը, նաև ճանճերին ու փոքրիկ որդերին։ Նա, Ով ամեն ինչ ստեղծել է, ամեն ինչ պահպանում է առողջության մեջ։ Մի կողմ թողնելով, ուրեմն, մնացած ամեն բան, – եթե ընդունում ենք, որ առողջությունից ավելի մեծ բարիք չկա, – այստեղից հետևում է, որ Աստված այն տալիս է ո՛չ միայն մարդկանց, այլ նաև՝ անասուններին։ Ինչպես ասում է Սաղմոսը. «Տե՜ր, Դու կփրկես և՛ մարդկանց, և՛ կենդանիներին, քանի որ անչափ մեծ է Քո ողորմությունը, ո՜վ Աստված» (հմմտ. Սղմ 35, 7-8)։ Ակնհայտ է. Աստված լինելով՝ Դու այնպիսին ես, որ բարությունդ սահմանափակված չի մնում այն արարածների շրջանակում, որոնք գտնվում են վերևում, լքվածության մեջ թողնելով նրանց, որոնք գտնվում են ցածրում։ Այն բոլորին է հասնում. հրեշտակներից մինչև ամենաանհավանական ու ամենաաննշան կենդանիներին։ Իմաստությունն, արդարև, տարածվում է [տիեզերքի]  մի ծայրից մինչև մյուսը, ընդարձակվում է ուժգնությամբ և ամեն ինչ կարգավորում է քաղցրությամբ (հմմտ. Իմս 8, 1)։ Այս կարգավորմամբ է, – նրա մեջ քաղցրությանը միացած, – որ առողջությունը հաճելի բան է բոլորի համար։


Առաջին մարդը կործանեց մեզ, Մարդու Որդին մեզ փրկեց

4.4. Եթե, հետևաբար, Աստված այսքա՜ն մեծ շնորհը տալիս է բարիներին ու չարերին, մարդկանց և անասուններին, արդյոք ի՞նչ է լինելու, եղբայրներ իմ, այն, ինչը որ Նա վերապահելու է բարիներին։ [Սաղմոսերգուն] նախապես ասել էր. «Տե՜ր, Դու կփրկես և՛ մարդկանց, և՛ կենդանիներին, քանի որ անչափ մեծ է Քո ողորմությունը, ո՜վ Աստված»։ Եվ ապա հավելում էր. «Ինչ վերաբերվում է մարդկանց որդիներին» (Սղմ 35, 7-8)։ Ովքե՞ր են սրանք։ Կարող է թվալ, թե մի բան են մարդիկ ընդհանուր առմամբ (որոնց մասին քիչ առաջ ասել էր. «Դու, Տե՜ր, կփրկես մարդկանց և կենդանիներին»), և մի ուրիշ բան են մարդկանց որդիները։ Բայց իսկապես կարո՞ղ է ճիշտ լինել, որ մի բան են մարդիկ, և մի ուրիշ բան՝ մարդկանց որդիները, և որ մարդկանց որդիները ինչ որ մի տարբեր բան են, քան մարդիկ։ Ո՞րն է, ուրեմն, այդ զանազանության նշանակությունը։ Կոչվում են մարդիկ, քանի որ մաս են կազմում մարդկությանը. կոչվում են մարդկանց որդիներ, երբ մաս են կազմում Մարդու Որդուն. մարդիկ, հետևաբար, մարդկության հետ ունեցած հարաբերության պատճառով, մարդկանց որդիներ՝ Մարդու Որդու հետ ունեցած հարաբերության պատճառով։ Եղել է, իրոք, մի մարդ, որը չի եղել մարդու որդի. նա, որ առաջինը ստեղծվեց, եղավ մարդ, բայց ո՛չ՝ մարդու որդի։ Եվ ի՞նչ ստացանք մենք մարդուց։ Եվ Մարդու Որդուց ի՞նչ ստացանք։ Այն, ինչը որ մենք ստացանք մարդուց, ուզում եմ հիշեցնել ձեզ՝ մեջբերելով Առաքյալի խոսքերը. «Մի մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքի միջոցով՝ մահը, և այդպես տարածվեց բոլոր մարդկանց մեջ, որոնք մեղանչել էին հանձինս նրա» (Հռմ 5, 12)։ Ահա՛ թե ի՛նչ հրամցրեց մեզ մարդը. ահա՛ թե ի՛նչ խմեցինք նախածնողի ձեռքից, և որը մինչև օրս դժվարությամբ փորձում ենք կուլ տալ։ Եթե սա այն է, ինչը որ ստացել ենք մարդուց, Մարդու Որդուց ի՞նչ ենք ստացել։ [Առաքյալն] ասում է. «[Աստված] չխնայեց Իր սեփական Որդուն։ [Եվ] եթե չխնայեց Իր սեփական Որդուն, այլ՝ զոհաբերեց Նրան մեր բոլորի համար, ինչպե՞ս պարգևած չի լինի մեզ, Նրա հետ, ամեն բան» (Հռմ 8, 32)։ Նույն միտքն է արտահայտում նաև մի ուրիշ տեղում. «Ինչպես որ միայն մեկ մարդու անհնազանդության պատճառով շատերը(1) մեղավորի կարգավիճակ ստացան, այնպես էլ, ընդհակառակը, միայն մեկ մարդու հնազանդությամբ շատերը(1) արդարացվելու են« (Հռմ 5, 19)։

Առաջինից, հետևաբար, մեղքը, Քրիստոսից՝ արդարությունը։ Սրանից հետևում է, որ բոլոր մեղավորները պատկանում են մարդու դասակարգին, մինչդեռ բոլոր արդարները՝ Մարդու Որդու դասակարգին։ Եվ զարմանո՞ւմ եք, – երբ լսում եք Սաղմոսի խոսքը, թե. «Դու, ո՜վ Տեր, կփրկես մարդկանց և կենդանիներին», – որ այդպիսի առողջությունն ունեն նաև մեղավորները, ամբարիշտները, անօրենները, նրանք, ովքեր արհամարհում են Աստծուն և հեռանում են Նրանից, նրանք, ովքեր սիրում են աշխարհը(2), և չարագործությանը նվիրված՝ ատում են ճշմարտությունը. որ այդ առողջությունն ունեն նաև [առաջին] մարդու հետ ազգակցական հարաբերություններ ունեցող մարդիկ։ Որպեսզի այդ մարդիկ չգոռոզանան այն փաստի համար, որ տիրապետում են երկրային(3) կարգի առողջությանը, նրանց կողքին հիշատակվում են նաև անասունները(4)։ Ինչի՞ համար ես ուրախանում, ո՜վ մարդ։ Այն, ինչին որ դու տիրապետում ես, մի՞թե դրան չի տիրապետում, քո նման, նաև քո էշը, քո հավը, կենդանիներից յուրաքանչյուրը, որին ունես քո տանը։ Մի՞թե դրան չեն տիրապետում նաև այս ճնճղուկները։ Մարմնի առողջությունը հավասար ձևով չունե՞ս՝ ինչպես այս բոլոր կենդանիները։


Մեծ բերկրանք նրա համար, ով ընդունված է՝ երգելու Աստծո գովքը

5.5. Քննի՛ր, ապա, այն, ինչը որ խոստացվել է մարդկանց որդիներին։ Կգտնես հետևյալ խոսքերը. «Մարդկանց որդիներն, ընդհակառակը, հուսալու են Քո թևերի պաշտպանության ներքո» (Սղմ 35, 8)։ Քանի դեռ ճանապարհին են, պետք է հուսան։ «Մարդկանց որդիներն, ընդհակառակը, հուսալու են Քո թևերի պաշտպանության ներքո»։ Մենք, արդարև, փրկվել ենք, բայց հույսի մեջ (Հռմ 8, 24)։ Եվ այսպես, ուրեմն, Աստծո թևերի պաշտպանության ներքո այս հուսալը տրված չէ անխտիր կերպով մարդկանց և կենդանիներին. տրված է մեզ, որոնց Նա, ներկա կյանքի հոգնությունների մեջ, հույսով կերակրում է(5), սնում, զորացնում և մխիթարում։ Այս հույսի միջոցով ենք մենք երգում Ալլելուիան. և եթե հույսը մեզ այսքա՜ն մեծ բերկրանք է պատճառում, ի՞նչ է լինելու իրականությունը, երբ այն ունենալու ենք ինքն իր մեջ։ Հարցրո՛ւ, թե ի՛նչ է այն լինելու։ Լսի՛ր այն, ինչը որ ասվում է հետո. «Արբենալու են տանդ առատությամբ» (Սղմ 35, 9)։ Սա՛ որպես իրեն առարկա ունի մեր հույսը։ Եթե ծարաված ենք և քաղցած, անհրաժեշտորեն պետք է հագենանք. բայց քանի դեռ տևում է ուղևորությունը, լինելու է քաղցը. հագեցածությունը կունենանք Հայրենիքում։ Ե՞րբ ենք հագենալու։ «Հագեցած կլինեմ, երբ կհայտնվի Քո փառքը» (Սղմ 16, 15)։ Ներկայումս մեր Աստծո փառքը, Քրիստոսի փառքը ծածկված է քողով, և, Նրա հետ միասին, քողով ծածկված է նաև մեզ վերապահված փառքը։ Բայց, «երբ կհայտնվի Քրիստոսը՝ ձեր փառքը, այդ ժամանակ դուք էլ կհայտնվեք Նրա հետ, փառքի մեջ» (Կղս 3, 4)։ Այդ ժամանակ Ալլելուիան կապրվի իր իրականության մեջ. հիմա, մինչդեռ, [այն ապրում ենք] հույսի մեջ։ Հիմա հույսն է, որ երգում է այդ գովքը, երգում է սերը. այն սերը, որն այն երգելու է նաև այնտեղ՝ վերևում. բայց սերը, որն այն երգում է այժմ, սովահար սեր է, [մինչդեռ] սերը, որն այն երգելու է այնտեղ՝ վերևում, լինելու է վայելող սեր։

Ի՞նչ է, արդարև, Ալլելուիան։ Ձեզ դա արդեն ասացի, եղբայրներս. [Ալլելուիա] նշանակում է «Թող որ գո՜վք մատուցվի Աստծուն»։ Ահա՛, ներկայումս դուք լսում եք այս խոսքը և այս ունկնդրությունը ձեզ բերկրանք է պատճառում, և ուրախությունից մղված՝ դուք փառաբանում եք [Աստծուն]։ Եթե դուք այսքա՜ն շատ եք սիրում ցողի մի կաթիլը, որքա՜ն ևս առավել կսիրեք դրա աղբյուրը։ Այն, ինչը որ գխտոցն է օդով լի ստամոքսի համար, փառաբանությունն է հագեցած սրտի համար։ Եվ եթե այժմ փառաբանում ենք մի բան, որը ճանաչել ենք հավատքի միջոցով, ինչպիսի՜ն է արդյոք լինելու մեր փառաբանությունը, երբ հասած կլինենք տեսությանը։ Ահա՛ Մարիամի կողմից ընտրված մասը՝ խորհրդանշանը ապագա կյանքի, որին նա փաստացի դեռ չէր տիրապետում։


Բազմաթիվ կարիքներից անցնելու ենք միակ Բարիքի վայելքին

6.6. Բայց երկու տեսակի կյանք կա. մեկը վայելքի մեջ, մյուսը՝ կարիքի։ Կարիքի մեջ ապրված կյանքը հոգնեցուցիչ է, վայելքի մեջ ապրված կյանքը՝ հաճելի։ Բայց նե՛րս մտիր։ Վայելքը մի՛ փնտրիր դրսում, որպեսզի քեզ չպատահի, որ ստացածդ վայելքի պատճառով փքված՝ չկարողանաս անցնել նեղ դռան միջով (հմմտ. Մտթ 7, 13-14)։ Ահա՛, Մարիամը տեսնում էր Տիրոջը, բայց մարմնով զգեստավորված. ականջ էր դնում Տիրոջը, բայց կրկին՝ Նրա մարմնի միջից, այսինքն, ինչպես որ լսեցիք Եբրայեցիներին ուղղված Նամակի ընթերցվածից, «կարծես քողի միջով» (Եբր 10, 20)։ Երբ, մինչդեռ, կտեսնենք Նրան դեմ առ դեմ, ոչ մի քող չի լինի այլևս։ Համենայն դեպս, Մարիամը նստած էր, այսինքն՝ ուշադրություն չէր դարձնում ուրիշ զբաղմունքների, այլ միայն՝ լսում էր և փառաբանում, մինչդեռ Մարթան գերզբաղված էր մեծաքանակ ծառայություններով։ Նրան ասաց Տերը. «Մարթա՜, Մարթա՜, դու չափազանց շատ գործերով ես զբաղվում, մինչդեռ միայն մեկն է այն, որ հարկավոր է» (Ղկս 10, 41-42)։

Իրականում այն, ինչը որ հարկավոր է, միայն մեկ բան է, ո՛չ թե բազմաթիվ բաներ, չնայած որ, այդ մեկին հասնելուց առաջ, բազմաթիվ բաների կարիքն ունենք։ Դեպի այդ միակ բանն է ուղղված մեր ընթացքը, ուշադրություն դարձնելով, որ [կարիքների] բազմաքանակությունը չհեռացնի մեր միտքը [միակ կարևորից], այնքան, որ կտրվենք նրանից։ Ասում էր Առաքյալը, որ այդ միակ բանին ինքն էլ տակավին չէր հասել։ Ասում էր. «Ինչ վերաբերվում է ինձ, չեմ կարծում, թե արդեն հասել եմ։ Միայն մի բանի համար եմ ես մինչդեռ մտահոգվում. մոռանալով բաները, որոնք մնացել են իմ ետևում, ձգտում եմ հասնել այն բաներին, որոնք առջևում են [...] » (հմմտ. Փլպ 3, 13-14)։ Ո՛չ թե փքվելով, այլ՝ ձգտելով։ Միությունը չի փքում, այլ՝ հանդարտեցնում է։ Բազմաքանակությունը փքում է, միությունը՝ ընդարձակում։ Եվ սա մինչև ե՞րբ։ Քանի դեռ այս աշխարհում ենք։ Երբ հասած կլինենք տիրապետությանը, [միությունը] կհավաքի մեզ մեկի մեջ, չի պարտադրի մեզ տարածվել ավելի։ «Միայն մի բանի համար եմ ես մինչդեռ մտահոգվում. մոռանալով բաները, որոնք մնացել են իմ ետևում, ձգտում եմ հասնել այն բաներին, որոնք առջևում են», [ձգտում եմ] ուժգնությամբ, – ահա՛ տարածվելու այն կերպը, որով բացառվում է ցրվածությունը, – ուժգնությամբ հետամուտ եմ ձեռքբերելու դափնեպսակը(6) այն գերբնական կոչման, որը Աստծուց ստացել եմ ի Քրիստոս Հիսուս (Փլպ 3, 13-14)։ Խոսքերի կարգը պետք է որ այսպիսին լիներ. Միայն մեկ բան եմ ես փնտրում։ Մի օր հասնելու ենք, հետևաբար, և վայելելու ենք Նրան, Ով Մեկն է, բայց այս Մեկը, միայն Նա, ամեն ինչ է լինելու մեր համար։ Ի՞նչ ասացի, իրոք, ո՜վ եղբայրներ, խոսքիս սկզբում։ Ի՞նչ է լինելու այն շատը, որն ունենալու ենք, [և] որի միջոցով այլևս ոչ մի բանի պակասություն չենք ունենալու։ Ի՞նչ է լինելու այս շատը։ Սա էր խնդիրը, որի մասին որոշել էի խոսել. ի՞նչ է տալու մեզ Աստված, որը չի տալու չարերին։ «Թող որ ամբարիշտը բացառվի Աստծո փառքը տեսնելուց» (Ես 26, 10)։ Իր այս փառքն է, հետևաբար, որ տալու է մեզ Աստված, որպեսզի վայելենք այն, և ահա՛ այդ փառքի տեսությունից ամբարիշտը բացառված է լինելու։ Մեր ամբողջ հարստությունը, անհուն հարստությունը, որ ունենալու ենք, լինելու է Աստված Ինքը։ Ո՜վ ագահ մարդ, ի՞նչ էիր կարծում, թե կարող ես ստանալ։ Ի՞նչ հարստություն կարող է Աստծուց խնդրել նա, ում Աստված Ինքը բավական չէ։

 

7.7. Մեզ ասվում է, հետևաբար, որ ունենալու ենք Աստծուն, և որ Ինքը միայն կազմելու է մեր բերկրանքը. ո՛չ միայն, այլ նաև՝ որ վայելքը, որ զգալու ենք միայն Իր հանդեպ, այնքա՜ն մեծ է լինելու, որ ուրիշ ո՛չ մի վայելք չենք փնտրելու։

Մեզ տակավին ասվում է, որ լիարժեք կերպով վայելելու ենք Իրեն միայն, և Իր մեջ՝ փոխադարձաբար վայելելու ենք մեկս մյուսիս։  Եթե, արդարև, Աստծուն չունենայինք, մենք ի՞նչ կլինեինք։ Եվ ուրեմն, միմյանց փոխադարձաբար սիրելով՝ ի՞նչ ենք պարտավոր սիրել, եթե ո՛չ՝ Աստծուն, կա՛մ որովհետև Նրան ունենք արդեն, կա՛մ որովհետև ուզում ենք ունենալ։

Լավ, ուրեմն. երբ մեզ ասվում է, որ մնացած ամեն բան մեզնից վերցվելու է և որպես մեր բերկրանքի աղբյուր լինելու է Աստված միայն, հոգին, որը կախվածության մեջ է ընկել և հանձնվել է բազմաթիվ [ֆիզիկական անցողիկ] հաճույքների, մի տեսակ շնչահեղձության զգացում է ունենում և ասում է. – (խոսքն անշուշտ վերաբերվում է մի մարմնապաշտ, այսինքն՝ մարմնին ստրկացած, մարմնական ցանկությունների մեջ խճճված հոգու, որի թևերի փետուրները պատված են անպարկեշտ ձգտումների ձյութով, ինչը որ իրեն թույլ չի տալիս ճախրել [և հասնել] Աստծուն) – . այս հոգին, ուրեմն, ասում է. «Բայց ի՞նչ եմ ընդհանրապես ունենալու, եթե չեմ կարողանալու ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ էլ կնոջս հետ անկողին մտնել։ Ի՞նչ տեսակ վայելք է ինձ տրվելու»։ Նմանատիպ վայելքները այնպիսի վայելքներ են, որ ծնվում են քո հիվանդության վիճակից, քո անառողջ լինելուց։ Տեսնո՞ւմ ես։ Ներկա կյանքի ընթացքում երբեմն պատահում է, որ մարմինդ հիվանդանում է, մինչդեռ ուրիշ անգամներ առողջ վիճակում է գտնվում։ Ուշադի՛ր լսեք հիմա և թույլ տվեք մի խոսք ասել ձեզ, որը ձեր համար որպես պատկեր կծառայի՝ հասկանալու համար մի բան, որն ա՛յլ կերպ չգիտեմ, թե ինչպե՛ս կարող եմ բացատրել։ Հիվանդները որոշ բաներ են ցանկանում, – և սաստի՛կ կերպով, – օրինակ՝ ջրի մի աղբյուր, կամ ինչ որ մի միրգ, և իրենց ցանկությունն այնքա՜ն տենչալի է, որ համարում են, թե, երբ առողջանան, չեն կարողանա ազատվել այդ ցանկությունը գոհացնելու պահանջից։ Վրա է հասնում առողջությունը և ցանկությունը վերանում է. այն, ինչը որ ցանկացել էին այդքա՜ն տենչանքով, դառնում է անտանելի։ Սա նշան է այն բանի, որ այդ ցանկությունը ծնող պատճառը հիվանդությունն(7) էր։ Բայց ի՞նչ տեսակի է լինելու այս առողջությունը, որը կրկին կորով է պարգևում հիվանդին։

 

Մեր առողջությունը կատարյալ կլինի անմահության մեջ

8.7. Իսկ առողջությունը, որի համաձայն ասում ենք, թե լավ ենք, ի՞նչ է։ Այս առումով կուզենայի, որ ճիշտ հասկանայիք համեմատությունս(8)։ Քիչ առաջ ասում էինք, որ հիվանդի բազմաթիվ ցանկություններն անհետանում են, երբ նա վերագտնում է առողջությունը։ Շատ լավ. ինչպես որ առողջությունը վերացնում է այդ ցանկությունները, այնպես էլ անմահությունը վերացնում է բոլոր ցանկությունները։ Անմահությունն է մեր առողջությունը։ Կրկին մտածեցեք Առաքյալի խոսքերի շուրջ և տեսեք, թե ինչի՛ մեջ է այն կայանում. «Հարկավոր է, որ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ» (1Կր 15, 53)։ «Այդ կերպ մենք կնմանվենք Աստծո հրեշտակներին» (Մտթ 22, 30)։

Թե՞ քեզ թվում է, թե այս հրեշտակները թշվառ են, այն բանի պատճառով, որ կերակուրներ չեն ուտում։ Մի՞թե նրանք, ընդհակառակը, ավելի երանելի չեն, որովհետև զերծ են այս և նմանատիպ ա՛յլ կարիքներից։ Թե՞ քեզ թվում է, թե մարդկանցից ինչ որ մեկը կարող է այնքա՜ն հարուստ լինել, որ հնարավոր լինի համեմատել նրան հրեշտակների հետ։ Հրեշտակներն իսկապես հարուստ են։ Փաստացի, ինչպե՞ս ենք մենք սովոր կոչել հարստությունները։ Պաշարներ։ Իսկ հրեշտակները մեծագույն պաշարների են տիրապետում, քանի որ նրանց համար ամեն ինչ բավականին հեշտ է։ Երբ հիանում են հարուստի ունեցածով, նրա մասին ասում են. «Օ՜հ, որքա՜ն փառավորված է։ Տեր է, հարուստ է, հզոր է։ Իր մեծությունն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս իրեն գնալ ո՛ւր ցանկանում է. ձիեր ունի, ունի միջոցներ, ունի իրեն ծառայելու պատրաստ ստրուկներ»։ Սրանք են այն բաները, որոնք գտնվում են հարուստի տրամադրության ներքո. գնալ ո՛ւր ցանկանում է, չենթարկվել ոչ մի նեղության։ Արդ, մտածի՛ր հրեշտակի մասին. գտնվում է որևիցէ մի տեղում, ուր կամենում է։ Կարիք չունի ասելու. «Ձիս պատրաստիր», և ո՛չ էլ. «Սանձերը կապիր»։ Բաներ, որոնք հարուստներն ասում են հպարտությամբ փքված, հավակնոտությամբ կարծելով, թե իրենք իրենցից ինչ որ մի մեծ բան են ներկայացնում, քանի որ ծառաներ ունեն, որոնց կարող են հրամայել ձիերը [կառքերին] կապել կամ սանձերը դնել։ Ինչպիսի՜ թշվառություն։ Այդպիսի խոսքերը նշան են սահմանափակության, ո՛չ թե՝ զորեղության։

Եվ ահա՛, նման բաների կարիք մենք այլևս չենք ունենա այնտեղ՝ վերևում, և այս իսկ պատճառով՝ երանելի կլինենք։ Լիացված կլինենք, բայց մեր Աստծով։ Նա Ինքը մեր համար կլինի հատուցում բոլոր այն բաների փոխարեն, որոնք ցանկանում և կարևոր ենք համարում այստեղ՝ ներքևում։ Այստեղ, որպես կարևոր բան, ցանկանում ես կերակուրները. այնտեղ Աստված Ինքն է լինելու քո սնունդը։ Այստեղ ցանկանում ես մարմնական գրկախառնումները. բայց, ինչ վերաբերվում է ինձ, [ավելի] լավ բան է Աստծո հետ միությունը (հմմտ. Սղմ 72, 28)։ Այստեղ տենչում ես հարստություններ ունենալ. բայց ինչպե՞ս կարող է քեզ ինչ որ մի բան պակասել, եթե ունենալու ես Նրան, Ով ամեն ինչի Արարիչն է։ Եվ որպեսզի դու ապահով լինես այն հարցում, թե ինչպիսին է լինելու այդ կյանքը, կգործածեմ Առաքյալի խոսքերը, երբ ասում է. «Աստված ամեն ինչ կլինի ամենքի մեջ» (1Կր 15, 28)։

(1) Աստվածաշնչյան արտահայտությունը (հունարեն՝ «ἀντὶ πολλῶν» - «անտի պոլլոն») թարգմանությունն է եբրայեցերեն «բազմություն» եզրի (արմատը. «רַב» - «ռաբ». Ես 53, 11-12), որը սահմանափակ քանակով «շատեր» չի նշանակում, այլ՝ մեղավորների կամ փրկվածների հոգնակի թիվը հակադրում է մեղանչած նախածնողի և ապա միակ փրկչի եզակի թվին, առանց այդ հոգնակի թիվը ինչ որ կերպ սահմանափակելու (Հռմ 5, 6-21; հմմտ. նաև Մտթ 26, 28): Հնարավոր է թարգմանել նաև «բոլորը»։
(2) Քրիստոնեական բարոյական և միստիկ աստվածաբանության բառապաշարում «աշխարհ» եզրը նշանակում է չորս բան. 1) Սխալ սկզբունքներ, որոնց համաձայն ապրելով՝ մարդիկ շեղվում են բարեպաշտությունից. 2) Խռովություններ ու հալածանքներ քրիստոնյաների դեմ. 3) Հաճույքների ու զվարճությունների անսանձ ու անհագ փնտրտուք. 4) Գայթակղություններ և չար օրինակներ, ներառյալ չար դաստիարակությունը: Նման դեպքերում չի խոսվում ֆիզիկական աշխարհի մասին։
(3) Բնագրում բառացի՝ ժամանակավոր։
(4) Բնագրում բառացի՝ չորքոտանիները։
(5) Բնագրում գործածված եզրը մատնանշում է նորածիններին կրծքով, մայրական կաթով կերակրելը, դիելը։
(6) Բնագրում բառացի՝ արմավենու ճյուղը, որը քրիստոնեական սրբանկարչության մեջ համարվում է մարտիրոսությամբ ձեռքբերված հաղթանակի ու փառքի նշանը։
(7) Բնագրում բառացի՝ տենդը։
(8) Բնագրում բառացի՝ հղումը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։