Ճառ 293. « ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 293. « ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ »

Համեմատության մեջ են դրվում Հովհաննեսի և Քրիստոսի ծնունդները

1. Այսօր հանդիսավորությամբ կատարում ենք Սուրբ Հովհաննեսի տոնը. հիացումով լսեցինք նրա ծննդյան մասին, մինչ ընթերցվում էր Ավետարանը: Որքա՜ն մեծ է Դատավորի փառքը, եթե այսքա՜ն մեծ է Նրա ավետաբերի փառքը: Ո՞վ է Նա, Ով գալու է որպես Ճանապարհ, եթե այսպիսին է նա, ով պատրաստում է ճանապարհը: Եկեղեցին որպես սրբազան իրականություն է համարում Հովհաննեսի ծնունդը, և չկա Հայրերից որևէ մեկը, որի ծնունդը կարող ենք տոնել այսպիսի հանդիսավորությամբ. տոնում ենք Հովհաննեսի ծնունդը և տոնում ենք Քրիստոսի ծնունդը: Մենք չենք կարող չանել դա, և եթե պատահի, որ մեկնությունը, մեր կողմից, ավելի ցածր դիրքում մնա` այսքա՜ն մեծ իրադարձության համեմատ, այդուամենայնիվ, որպես խորհրդածության առարկա կմնա` առավել պտղաբեր կերպով և ավելի մեծ խորությամբ։

​Հովհաննեսը մի ամուլ տարեց կնոջից ծնվեց, Քրիստոսը ծնվեց մի երիտասարդ կույսից: Ամլությունը ծնեց Հովհաննեսին, անարատությունը՝ Քրիստոսին: Հովհաննեսի ծննդյան դեպքում տարիքը չէր համապատասխանում որդեծնությանը, Քրիստոսի ծննդյան դեպքում բացակայում էր ամուսնական միությունը: Առաջինը ավետվում է հրեշտակի կողմից, ով քարոզում է նրա գալուստը, Երկրորդը հղացվում է հրեշտակի ավետմամբ: Չեն հավատում, որ Հովհաննեսը ծնվելու է, և հայրը համրանում է. Քրիստոսի ծննդյանը հավատում են, և Նա հղացվում է հավատքով: Նախ հավատքն է հասնում Կույսի մտքին, ապա իրագործվում է պտղաբերությունը մոր արգանդում:

Այնուամենայնիվ, երբ հրեշտակն ավետեց Հովհաննեսի ծնունդը, Զաքարիայի խոսքերը, թե. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ դա. ես ծեր եմ, և կինս էլ՝ տարիքն առած» (Ղկս 1, 18), գրեթե նույնն էին, ինչ Մարիամի խոսքերը՝ իր մոտալուտ մայրության մասին, հրեշտակի ավետման ժամանակ. «Ինչպե՞ս է հնարավոր դա։ Ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղկս 1, 34)։ Գրեթե նույն խոսքերն են: Զաքարիային ասվում է. «Ահա՛, համր կլինես և չես կարողանա խոսել, մինչև այն օրը, երբ այս բաները կկատարվեն, որովհետև չհավատացիր իմ խոսքերին, որոնք իրականանալու են իրենց ժամանակին» (Ղկս 1, 20)։ Մարիամին, ընդհակառակը, [ասվում է]. «Սուրբ Հոգին կիջնի քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Նա, Ով ծնվելու է քեզնից, Սուրբ է և Աստծո Որդի պիտի կոչվի» (Ղկս 1, 35)։ Առաջինը խրատվում է, երկրորդը՝ լուսավորվում: Զաքարիային ասվում է. «Որովհետև չհավատացիր». Մարիամին ասվում է. «Ստացիր այն, ինչ խնդրեցիր»: Քիչ թե շատ նույն խոսքերն են. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ դա» և «Ինչպե՞ս կլինի դա»: Դրանց իմաստը, սակայն, թաքնված չէր մնում նրանից, ով լսում էր խոսքերը և տեսնում էր իր մտքի մեջ: Երկուսի խոսքերում էլ միտքն ակնհայտ չէր. մարդկանց համար այն ծածուկ էր, բայց ո՛չ հրեշտակի համար. մանավանդ թե՝ այն թաքնված չէր Նրանից, Ով խոսում էր հրեշտակի պաշտոնեության միջոցով:

​Վերջապես, Հովհաննեսը ծնվում է այն ժամանակ, երբ ցերեկվա լույսը սկսում է արդեն նվազել, մինչ գիշերվա տևողությունը երկարում է. Քրիստոսը ծնվում է այն ժամանակ, երբ գիշերը նվազում է հօգուտ ցերեկվա լույսի: Եվ կարծես հետադարձ հայացք գցելով երկուսի ծննդյան այս նշանակալից փաստին՝ Հովհաննեսն ինքը ասում է. «Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ» (Հվհ 3, 30)։

Նախապես ներկայացրեցինք այն, ինչը որ ցանկանում ենք ուսումնասիրել, և խոստացանք, որ կամենում ենք քննարկել դա, բայց կանխավ ասացի սա, որովհետև, եթե կարողության պակասի կամ ժամանակի սղության պատճառով չհաջողենք քննարկել այս մեծ խորհրդի բոլոր թաքնված իմաստները, ձեզ ավելի լավ կուսուցանի Նա, Ով խոսում է ձեր մեջ՝ նաև առանց մեզ. Նա, Ում մասին դուք մտածում եք բարեպաշտությամբ, Ում ընդունել եք ձեր սրտերի մեջ և Ում տաճարներն եք դարձել[1]:

 

Հովհաննեսը կարծես սահմանագիծն է Հին և Նոր Կտակարանների միջև։ Սրա համար է տարեց ծնողներից ծնվում և արգանդի մեջ ուրախությունից խայտում։ Զաքարիայի բերանը նախ փակվում է, ապա բացվում։

2. Հովհաննեսն, ուստի, թվում է մեջտեղում հաստատված՝ որպես երկու Կտակարանների՝ Հնի և Նորի սահմանագիծ: Ինչպես ասացի, այն, որ նա որոշակիորեն սահմանագիծ է, հենց ինքը՝ Տերը հաստատում է` ասելով. «Օրենքը և Մարգարեները մինչև Հովհաննես Մկրտիչն էին» (Ղկս 16, 16)։ Նա, այսպիսով, մարմնավորում է Հինը և դառնում է Նորի ավետաբերը: Ինչ վերաբերվում է Հնին, նա ծնվում է տարեց ծնողներից. կանխապատկերելով Նորը՝ նա մարգարե է կոչվում դեռևս մոր արգանդից: Քանի որ, դեռ չծնված, Մարիամի գալստյան պահին ցնծությամբ խաղաց իր մոր որովայնում: Այդ ժամանակվանից արդեն նշանակված էր. ծնվելուց առաջ արդեն ընտրված էր. ներկայացվում է որպես նախակարապետ Նրա, Ում կողմից դեռևս չէր տեսնվել: Սրանք աստվածային իրադարձություններ են, մարդկային տկարությունից վեր: Կարճ ասած՝ նա ծնվում է, ստանում է [իր] անունը, և հոր լեզուն արձակվում է (հմմտ. Ղկս 1)։

Վերստին պատմում եմ այն, ինչը որ տեղի ունեցավ՝ որպես իրականությունն իմաստավորող պատկեր. մի՛ անտեսիր այդ մեծ իրադարձությունները որպես տեղի չունեցած, քանի որ հավանաբար կհարցնես, թե դրանք ի՛նչ էին ուզում նշանակել: Այն ամենը, ինչը որ կատարվեց, հարաբերության մեջ դիր իրականության մատնանշման հետ և ըմբռնիր մեծ խորհուրդը: Զաքարիան լռում է և կորցնում է իր ձայնը մինչև Հովհաննեսի` Տիրոջ նախակարապետի ծնունդը. [Տիրոջ,] Ով կրկին վերադարձրեց նրա ձայնը: Ի՞նչ է Զաքարիայի համրությունը, եթե ո՛չ` թաքուն և, Քրիստոսի քարոզչությունից առաջ, որոշակիորեն գաղտնի և անթափանցելի մարգարեություն: Բացվում է Հովհաննեսի գալստյամբ և հայտնի դառնում գալստյամբ Նրա, Ում մասին որ խոսում էր մարգարեությունը: Սա՛ է նշանակում Զաքարիայի ձայնի բացվելը Հովհաննեսի ծննդյան ժամանակ, այնպես` ինչպես Քրիստոսի մահվան ժամանակ տաճարի վարագույրի պատռվելը նշանակում է այն մյուսը: Եթե Հովհաննեսը ներկայացներ ինքն իրեն, Զաքարիայի բերանը չէր բացվի: Լեզուն արձակվում է, որովհետև ծնվում է Ձայնը. իրոք, երբ Հովհաննեսին, ով արդեն լծված էր Տիրոջն ավետելու գործին, հարցրեցին. «Դու ո՞վ ես» (Հվհ 1, 22), նա պատասխանեց. «Ես անապատում աղաղակողի ձայնն եմ» (Հվհ 1, 23)։

 

Հովհաննեսը ձայնն է, Քրիստոսը` Խոսքը։ Խոսքը համարված ձայնը։

3. Հովհաննեսը ձայնն է, իսկ Տերը՝ «սկզբում Բանն էր» (Հվհ 1, 1)։ Հովհաննեսը ձայն է ժամանակի մեջ, Քրիստոսը՝ հավիտենական Խոսքն ի սկզբանե։ Վերցրո՛ւ խոսքը, և ի՞նչ կմնա ձայնից։ Ոչ մի հասկանալի բան չունի, դատարկ աղմուկ է միայն։ Ձայնն, առանց խոսքի, հարվածում է ականջին, բայց ոչինչ չի հաղորդում մտքին։

Այնուամենայնիվ, հե՛նց մեր մտքի կերտման ընթացքում է, որ մենք գիտակցում ենք իրերի կարգը։ Եթե ես մտածում եմ այն բանի մասին, ինչը որ պետք է ասեմ, խոսքն արդեն իմ մեջ է. բայց, ցանկանալով խոսել քո հետ, ես փնտրում եմ, թե ինչպե՛ս այն, ինչը որ արդեն իմ մտքում է, լինի նաև քո մտքում։ Փնտրելով, թե ինչպե՛ս կարող է հասնել քեզ և քո մտքում տեղ գտնել այն խոսքը, որն արդեն զբաղեցնում է իմ միտքը, ես գործածում եմ ձայնս և, ձայնի միջոցով, խոսում եմ քո հետ։ Ձայնի հնչյունը քեզ է հասցնում խոսքի իմաստը. հե՛նց որ ձայնի հնչյունը քեզ հասցնում է խոսքի իմաստը, հնչյունն ինքնին անցնում է. բայց խոսքը, որը ձայնի միջոցով բերվել է քեզ, արդեն քո մտքում է և չի հեռացել իմ մտքից։

Ուստի ձայնը, հենց ի՛նքը՝ ձայնը, երբ խոսքը թափանցել է քո մեջ, չի՞ թվում, թե ասում է. «Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ» (Հվհ 3, 30)։ Ձայնի հնչեղությունը թրթռաց իր ծառայության մեջ, ապա հեռացավ, կարծես ասելու համար. «Իմ այս ուրախությունն ամբողջական է» (Հվհ 3, 29)։ Պահպանե՜նք խոսքը, զգո՜ւյշ լինենք, որ չկորցնենք [մեր] էության խորքում հղացված Բանը։

Կամենո՞ւմ ես ապացույց ունենալ, որ ձայնն անցնում է, իսկ Բանը՝ մնում։ Ո՞ւր է հիմա Հովհաննեսի մկրտությունը։ Նա կատարեց իր ծառայությունը և անհետացավ։ Հիմա մարդիկ հաճախակի դիմում են Քրիստոսի Մկրտությանը։ Բոլորս հավատում ենք Քրիստոսին, փրկության հույսը դնում ենք Քրիստոսի վրա. սա՛ ավետեց ձայնը։ Եվ քանի որ իրոք դժվարին է զանազանել խոսքը ձայնից, հենց ի՛նքը՝ Հովհաննեսը ևս, համարվեց Քրիստոսը։ Ձայնը Խոսքի տեղը դրվեց. բայց ձայնը ճանաչեց ինքն իրեն, որպեսզի վնաս չհասցներ Բանին։ Ասաց. «Ես չեմ Քրիստոսը, ո՛չ էլ Եղիան եմ, ո՛չ էլ մարգարեներից մեկը» (Հվհ 1, 20-22)։ Նրան հարցրեցին. «Ո՞վ ես, ուրեմն»։ «Ես», ասաց, «անապատում աղաղակողի ձայնն եմ. պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը» (Հվհ 1, 23)։

Անապատում աղաղակողի ձայն, լռությունը պատռողի ձայն։ «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը», կարծես ասելով. «Սրա համար եմ ես աղաղակում, որպեսզի Նրան ներմուծեմ [ձեր] սրտի մեջ»։ Բայց Նա չի բարեհաճի գալ այնտեղ, ուր ուզում եմ ներմուծել Նրան, եթե դուք չպատրաստեք ճանապարհը։ Ի՞նչ է նշանակում «պատրաստեցե՛ք ճանապարհը», եթե ո՛չ՝ վե՛ր բարձրացրեք արժանի աղերսանքներ։ Ի՞նչ է նշանակում «պատրաստեցե՛ք ճանապարհը», եթե ո՛չ՝ խոնա՛րհ եղեք ձեր մտքերի մեջ։ Հովհաննեսից իսկ վերցրեք խոնարհության օրինակը։ Նա համարվում է Քրիստոսը, բայց հաստատում է, որ այն չէ, ինչ մարդիկ կարծում են, և ուրիշների սխալը չի շահագործում իր վարկը բարձրացնելու համար։ Եթե ասեր. «Ես եմ Քրիստոսը», որքա՜ն հեշտությամբ կհամոզեր, քանի որ մարդիկ դրանում համոզված էին նրա խոսելուց առաջ արդեն։ Չասաց դա. ճանաչեց իրեն, զատեց իրեն, խոնարհվեց։ Հասկացավ, թե որտե՛ղ էր իր համար գտնվում փրկությունը. գիտակցեց, որ ինքը [սոսկ] ճրագ է, և երկյուղ ապրեց, որպեսզի չհանգցվեր հպարտության քամու փչմամբ։

 

Թե ինչո՛ւ Քրիստոսին վկայելու համար շնորհով այդքա՜ն օժտված մարդ ուղարկվեց

4. Այդպիսին էր, արդարև, Աստծո կամեցած ծրագիրը. որ Քրիստոսին վկայություն տար շնորհներով այնքա՜ն օժտված մի մարդ, որ կարողանար նույնիսկ ինքը Քրիստոսը համարվել։ Ի վերջո, ինչպես Քրիստոսն Ինքը ասաց. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մտթ 11, 11)։ Եթե այս մարդուց ավելի մեծը չկա, ապա նա, ով նրանից մեծ է, ավելին է, քան մարդը։ Քրիստոսի գերազանց վկայությունն է Ինքն Իր մասին, բայց հիվանդ ու տկար աչքերի համար թույլ է թվում վկայությունը, որը ցերեկվա լույսը տալիս է Ինքն Իր մասին։ Հիվանդ աչքերը սարսափում են ցերեկվա լույսից և դիմանում են ճրագին։

Ցերեկվա լույսը, ուստի, Իր գալստյան նախաշեմին, Իրենից առաջ ուղարկեց ճրագին։ Բայց այն ուղարկեց հավատացյալների սրտերի մեջ՝ շփոթելու համար անհավատների մտածելակերպը։ «Պատրաստեցի», ասում է, «մի ճրագ` իմ Օծյալի համար» (Սղմ 131, 17). Հայր Աստվածն է խոսում մարգարեության մեջ. «Մի ճրագ պատրաստեցի իմ Օծյալի համար». Հովհաննեսը՝ մունետիկը Փրկչի համար, կարապետը՝ գալիք Դատավորի համար, ընկերը՝ ապագա Փեսայի համար։ «Պատրաստեցի», ասում է, «մի ճրագ` իմ Օծյալի համար»։

Ի՞նչ նպատակով ես այն պատրաստել։ «Նրա թշնամիներին ամոթով պիտի ծածկեմ, բայց Նրա վրա պիտի շողա Իմ սրբությունը» (Սղմ 131, 18)։ Ինչպե՞ս այս ճրագի միջոցով ամոթով ծածկվեցին Նրա թշնամիները։ Հարցնե՛նք Ավետարանին։ Երբ որոշեցին մեղադրել Նրան, հրեաներից ոմանք ասացին Տիրոջը. «Ի՞նչ իշխանությամբ ես անում դա։ [...] Եթե Դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ բացահայտ» (Մտթ 21, 23)։ Մեղադրելու առիթ էին փնտրում, ո՛չ թե հավատք. թե ինչպե՛ս Նրան սխալի մեջ բռնեն, ո՛չ թե՝ ինչպե՛ս փրկվեն։

Ի վերջո, ուշադրություն դարձրեք, թե ի՛նչ պատասխանեց Նա, Ով տեսնում էր նրանց սրտերը, որպեսզի նրանց խայտառակեր ճրագի վերաբերյալ։ Ասաց. «Ես էլ ձեզ մի հարց տամ. ասացե՛ք ինձ, Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից» (Մտթ 21, 24-25)։ Իսկույն պատասխան հարված ստանալով, որքան էլ որ վճռական էին շատ զգույշ ստուգման փորձ կատարելու, սակայն, միջօրեի պայծառության պատճառով, քանի որ չէին կարող իրենց աչքերը սևեռել այդ պայծառ լույսի վրա, որջերի մեջ քաշվեցին` իրենց մտքի խավարի մեջ, և այնտեղ մի խռովալի խորհրդածություն սկսեցին` ձախողումից զայրացած և վրդովված։

«Եթե ասենք», ասում են, – և սա իրենք իրենց մեջ, որտեղ տրվում էին մտածումների, և որտեղ Քրիստոսը հասնում էր Իր հայացքով. – «Եթե ասենք», ասում են, «երկնքից է, Նա մեզ կասի. "Ինչո՞ւ չհավատացիք նրան"» (Մտթ 21, 26)։ Հովհաննեսն, արդարև, վկայություն էր տվել Քրիստոս Տիրոջ մասին։ «Իսկ եթե ասենք՝ մարդկանցից է, ժողովուրդը մեզ կքարկոծի» (Մտթ 21, 26)։ Իրականում, Հովհաննեսը մեծ մարգարե էր համարվում։ Եվ ասացին. «Չգիտենք» (Մտթ 21, 27)։ Չգիտե՜ք. դուք խավարի մեջ եք, կորցրել եք ձեր տեսողությունը։ Որքա՜ն ավելի լավ կլիներ, իրոք, եթե պատահի, որ խավարը գրավի մարդկային միտքը, տեղ բացել լույսի համար, ո՛չ թե կորցնել այն։ Երբ նրանք ասացին. «Չգիտենք», Տերը պատասխանեց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները» (Մտթ 21, 27)։ Քանի որ լավ գիտեմ, թե ի՛նչ մտադրությամբ ասացիք «Չգիտենք». չկամենալով լուսավորվել, այլ` վախենալով բացահայտվել։

 

Քրիստոսը մարմնացած Աստված է

5. Այս է աստվածային տնօրինությունը, որքանով որ մարդը կարող է քննել. ավելի լավ, եթե ավելի օժտված է, պակաս լավ, եթե նվազ օժտված է։ Այս աստվածային տնօրինությունը մեզ թույլ է տալիս նշմարել մի մեծ խորհուրդ։ Արդարև, Քրիստոսը պետք է գար մարմնով. ո՛չ թե մեկ ուրիշը, ո՛չ թե մի հրեշտակ, ո՛չ թե մի պատվիրակ, այլ` հենց Ի՛նքն է, որ գալիս է փրկելու նրանց (Ես 25, 4)։ Քանի որ Նա սովորական մեկը չէր, ինչպե՞ս պիտի հավասարապես գար։ Պիտի ծնվեր մահկանացու մարմնով, պիտի փոքրիկ մանուկ լիներ, մսուրի մեջ պիտի դրվեր, պիտի պաշտպանվեր հարդով, կարիքավոր` կաթով սնվելու, ենթակա` տարիքի համաձայն աճելու. և ի վերջո՝ մինչև իսկ մահվան միջոցով մարդկանց միջից վերցվելու։ Բոլոր այս մանրամասնությունները, հետևաբար, խոնարհության նշաններ են և արտակարգ խոնարհության մի կերպար են կերտում։

Ո՞վ է հարգանքով վերաբերվում այդ խոնարհությանը։ Բարձրյա՛լը։ Որքա՞ն բարձրյալ։ Մի՛ փնտրիր երկրի վրա, գնա՛ վեր՝ նույնիսկ աստղերից անդին։ Երբ հասնես Հրեշտակների երկնային զորքերին, նրանցից կլսես. «Անցի՛ր նաև մեզնից վեր»։ Երբ հասնես Գահերին, Տերություններին, Պետություններին և Իշխանություններին, կլսես. «Գերազանցի՛ր նաև մեզ. մենք նույնպես ստեղծվել ենք. ամեն ինչ Նրա միջոցով է ստեղծվել» (Հվհ 1, 3)։ Բարձրացիր բոլոր արարածներից վեր. այն ամենից, ինչը որ գոյություն է ստացել, այն ամենից, ինչը որ կարգավորվել է, այն ամենից, ինչը որ ենթակա է փոփոխության, լինի՛ մարմնավոր, թե՛ անմարմին. բարձրացիր ամեն ինչից վեր։ Տակավին ի վիճակի չես անելու դա տեսանելի կերպով, վե՛ր բարձրացիր հավատքով. ես հասել եմ Արարչին, և առայժմ քո հավատքից առաջ անցած, – որը այն բանն է, ինչը որ առաջնորդում է քեզ, – ես հասել եմ Արարչին։

Այստե՛ղ դիտիր. «Սկզբում էր Բանը» (Հվհ 1, 1)։ Արդարև, այնպես չէ, թե ինչ որ մի ժամանակում ստեղծվել է. այլ` սկզբում էր։ Ո՛չ թե որպես արարած, որի մասին ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնդ 1, 1)։ Նրա համար, Ով սկզբում էր, գոյություն չունի մի ժամանակ, երբ Նա չկար։ Ահա՛, ուրեմն, Նա, Ով սկզբում էր, և «Բանը Աստծո մոտ էր, և հե՛նց Բանն Ինքը Աստված էր. և բոլոր բաները Նրա միջոցով ստեղծվեցին, և ոչինչ չստեղծվեց առանց Նրա». և «Նա, Ում մեջ է գոյություն ունեցող ամեն ինչի կյանքը» (Հվհ 1, 2-4), եկավ մեր մոտ։ Ո՞ւմ մոտ եկավ։ Արժանավո՞ր էակների մոտ։ Ամենևի՛ն, այլ` անարժան էակների մոտ։ Իրականում, «Քրիստոսը մեռավ ամբարիշտների համար» (Հռմ 5, 6). մանավանդ թե՝ անարժանների համար, բայց Ինքը՝ Արժանավորը։ Մենք, իրոք, արժանի չենք, որ մեր հանդեպ ողորմություն ցուցաբերվի. բայց ողորմածություն ունենալու արժանի է Նա, Ում կարելի է ասել. «Ողորմությամբդ փրկի՜ր մեզ, Տե՜ր» (Սղմ 78, 9)։ Ո՛չ թե մեր անցյալի արժանիքների համար, այլ` «Ողորմությամբդ փրկի՜ր մեզ, Տե՜ր, և ների՜ր մեր մեղքերը ի սեր Քո Անվան» (Սղմ 78, 9), ո՛չ թե հանուն մեր արժանիքի։ Ո՛չ թե մեղքերի պատճառով, ուրեմն, այլ` ի սեր Քո Անվան։ Արդարև, այն, ինչ հասնում է մեղքերին, անշուշտ պարգևը չէ, այլ` պատիժը։ Հետևաբար՝ ի սեր Քո Անվան։

Ահա՛ թե ո՛ւմ մոտ եկավ, ահա՛ թե որքա՜ն արժանավոր մեկը եկավ։ Ինչպե՞ս Նա եկավ մեր մոտ։ Բանը ճշմարտապես մարմնացավ, որպեսզի գա և բնակվի մեր մեջ (հմմտ. Հվհ 1, 14)։ Մյուս կողմից, եթե Նա եկած լիներ միայն Իր Աստվածությամբ, ո՞վ կկարողանար ընկալել Նրան, ո՞վ կկարողանար պարունակել Նրան, ո՞վ կկարողանար ընդունել Նրան։ Բայց Նա Իր վրա վերցրեց այն, ինչը որ մենք էինք, որպեսզի մենք չմնայինք այն, ինչը որ էինք. այն, ի նկատի ունեմ, ինչը որ մենք էինք ըստ բնության, և ո՛չ թե` ըստ մեղքի։ Անշուշտ, որպես Մարդ՝ մարդկանց համար, բայց ո՛չ որպես մեղավոր՝ մեղավորների համար։ Այս երկու բաներից՝ մարդու բնությունը և մարդու մեղքը, մեկը վերցրեց Իր վրա, մյուսը՝ բժշկեց։ Արդարև, եթե Նա ստանձներ մեր մեղքը, Ինքն էլ Իր հերթին փրկչի կարիք կունենար։ Այն Իր վրա վերցրեց, մինչդեռ, որպեսզի դրա համար պատասխանատու լինի և այն վերացնի, ո՛չ թե` որպեսզի Իրենը դարձնի. այսպես` թաքնված Աստվածը երևաց որպես Մարդ մարդկանց մեջ։

 

Մարմնի մեջ թաքնված Աստծուն հարկավոր եղավ մի մարդու վկայությունը, որից ավելի մեծը չպետք է գտնվեր։ Հովհաննեսը, ով աշակերտներ ունեցավ` ինչպես Հիսուսը, վկա դարձավ Քրիստոսին, Ով ավելի արժանի է հավատքի։

6. Ո՞վ, ուրեմն, կարող է վկայություն տալ արեգակնային այս լույսին, որ թաքնված է մարմնի մեջ՝ ինչպես ամպի ետևում։ Պատրաստի՛ր մի ճրագ, որը լույս կապահովի, բայց նրա պայծառությունն այնքա՜ն կենդանի դարձրո՛ւ, որ նրանից առավել լինի միայն արեգակի լույսը։ «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մտթ 11, 11)։ Ո՜վ անճառելի նախախնամություն։

Ես, եղբայրներ, երբ խորհում եմ այս բաների մասին, մեծ հիացմունք եմ ապրում այն ամենի համար, ինչ Հովհաննեսն ասում է Քրիստոսի մասին, ինչպես վկայում է Ավետարանը. «Ես արժանի չեմ», ասում է նա, «արձակելու Նրա կոշիկների կապերը» (Հվհ 1, 27)։ Ի՞նչ կարելի է ասել ավելի մեծ խոնարհությամբ։ Ո՞վ է ավելի վեհ, քան Քրիստոսը։ Ո՞վ է ավելի խոնարհ, քան Խաչյալը։ «Ով հարսն ունի, նա է փեսան. իսկ փեսայի բարեկամը կանգնած է և լսում է նրան ու մեծապես ուրախանում է փեսայի ձայնից» (Հվհ 3, 29), և ո՛չ թե իր սեփական ձայնից։ «Մենք բոլորս», ասում է, «Նրա լիությունից ստացանք» (Հվհ 1, 16)։ Որքա՜ն բաներ է նա ասում Քրիստոսի մասին, և ինչպիսի՜ փառահեղությամբ, ինչպիսի՜ վեհությամբ, ինչպիսի՜ ազնվականությամբ, այնպես` որ ոչ ոք չի կարող խոսել դրանց մասին ավելի արժանավայել կերպով։

Եվ սակայն, նա Տիրոջ աշակերտների թվում չէր. Նրա հետևից չգնաց` ինչպես Պետրոսը, Անդրեասը, Հովհաննեսը, ինչպես մյուս բոլորը։ Մանավանդ թե, ինքն իր հերթին աշակերտներ հավաքեց իր շուրջը. և, թեև Տերն արդեն հաստատվել էր Իր աշակերտների հետ, Հովհաննեսը դեռ շարունակում էր աշակերտներ ունենալ։ Նրանք Հովհաննեսի աշակերտներ էին կոչվում։ Ոմանք մինչև իսկ հասնում էին Տիրոջն ասելու. «Ինչո՞ւ են Հովհաննեսի աշակերտները ծոմ պահում, իսկ Քո աշակերտները չեն պահում» (Մրկ 2, 18)։ Անկասկած, կարապետի հավատարմության խիստ պահանջներից էր, որ Քրիստոսն ավետվեր մեկի կողմից, ով կարող էր նույնիսկ մրցակից համարվել։ Հովհաննեսն աշակերտներ ուներ, Քրիստոսը նույնպես ուներ. Հովհաննեսը գրեթե ինքնավար էր ուսուցման մեջ, բայց հավատարմորեն նվիրված վկա էր Քրիստոսին։ Ուստի, «կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մտթ 11, 11)։

Եղել են Մարգարեներ և ունեցել են աշակերտներ, բայց ո՛չ Քրիստոսի երկրային կյանքի ժամանակ։ Եղան հետո մեծ Առաքյալներ, բայց որպես Քրիստոսի աշակերտներ, ո՛չ որովհետև կարողացան աշակերտներ ունենալ Քրիստոսի հետ միաժամանակ։ Հովհաննեսն ունի աշակերտներ, ի մի է հավաքում նրանց, մկրտում է. ի՞նչ մտածենք սրա մասին։ Քրիստոսից դո՞ւրս, թե՞ Քրիստոսի մեջ։ Բայց իրականում հե՛նց Նրա մեջ, այնպես` ինչպես Աստված էր ազատագրում մարդուն. արտաքնապես՝ գրեթե դրսից, որպեսզի վկան արժանահավատ լիներ։

Դա հարկավոր է ընկալել այն նույն իմաստով, [որով ընկալում ենք այս խոսքը.] «վկայում էին Տիրոջը», ինչպես Պետրոսը, Անդրեասը, Հովհաննեսը և մյուսները՝ ասելով նրանց. «Գովաբանեցե՛ք Նրան, Ում հետևում եք, ավետարանեցե՛ք Նրան, Ում ուղղված է ձեր նվիրումը»։ Թող որ գա՜ ճրագը՝ թշնամիներին ամոթահար անելու նպատակով, թող որ աշակերտնե՜ր ունենա։ Ինչպես որ Քրիստոսը [աշակերտներ] ունի, Հովհաննեսն էլ ունի։ Մկրտում է Քրիստոսը, մկրտում է նաև Հովհաննեսը. և գնում են Հովհաննեսի մոտ` ասելու նրան. «Նա, Ում մասին դու վկայեցիր, ահավասիկ մկրտում է, և բոլորը գնում են Նրա մոտ» (Հվհ 3, 26). [սա ասում էին] նրան գրգռելու նպատակով, որպեսզի նախանձից դրդված, Քրիստոսին որպես մրցակցի վերաբերվելով, ինչ որ մի վատ բան ասեր Նրա մասին։

Բայց ճրագն այնժամ ավելի ապահով է այրվում, այնժամ ավելի պայծառ է փայլում, այնժամ վերարծարծվում է, և որքան ավելի է զատորոշվում, այնքան ավելի է ազատում վտանգներից։ «Արդեն ասացի ձեզ», ասում է նա, «որ ես չեմ Քրիստոսը։ [...] Ով հարսն ունի, նա է փեսան։ [...] Ով վերևից է գալիս, նա ամենքից վեր է» (Հվհ 3, 29.31)։ Այնժամ բոլոր հավատացյալները զգում էին Քրիստոսի հմայքը, և նմանապես` թշնամիները պատռված էին տեսնում իրենց դիմակները, քանի որ ինչ որ կերպ գովաբանության էր մղվում նա, ով կարծվում էր, թե հակված էր նախանձի։ Ծառան, արդարև, չի կարող չճանաչել Տիրոջը, արարածը չի կարող չվկայել Արարչին. ո՛չ թե որովհետև ստիպված է, այլ` որովհետև դա անում է հոժարակամ։ Քանի որ ընկեր է, և ո՛չ թե` նախանձոտ մրցակից. և փնտրում է ո՛չ թե իր սեփական փառքը, այլ` Փեսայի փառքը։

 

Քրիստոսի հարսանյաց հանդեսին Հովհաննեսը փեսայի ընկերն է. Քրիստոսը միջնորդ է որպես մարդ

7. Այս պարտականությունը հատուկ է փեսայի ընկերներին. մարդկային հարսանիքներում ավանդական է մի հանդիսավոր ծես, որի ժամանակ, մյուս բոլոր ընկերներից բացի, ներկա է նաև խաչեղբայրը՝ ամենամտերիմ ընկերը, ով ճանաչում է փեսայի տունը։ Եվ նա կարևոր է, իսկապե՛ս շա՜տ կարևոր է։ Այն, ինչը որ մարդկային հարսանիքներում մարդը մարդու համար խաչեղբայրն է, նույնն է Հովհաննեսը Քրիստոսի նկատմամբ. և նույն Ինքը՝ Աստված Քրիստոս Փեսան, Աստծո և մարդկանց միջև Միջնորդ է, բայց որպես մարդ։ Քանի որ որպես Աստված՝ Նա Միջնորդ չէ, այլ` հավասար է Հորը, նույնն է, ինչ Հայրը, մեկ միակ Աստված՝ Հոր հետ։

Նման վեհապանծ փառահեղությունն ի՞նչ պայմաններով պետք է կիրառեր Իր միջնորդությունը, եթե մենք՝ դրանից կտրված, գետնատարած ընկած էինք անչափելի հեռավորության վրա։ Միջնորդության գործը հնարավոր դարձնելու համար Նա պետք է ստանձներ Իրենից տարբեր մի բան. այդուհանդերձ, որպեսզի մենք կարողանանք ստանալ դրա կատարումը, Նա պետք է մնա այն, ինչ կար։ Ահա՛, արդարև, Աստված՝ մեզնից վեր, ահա՛ մենք՝ Նրանից վար՝ բաժանող անհուն տարածությունների այն կողմում։ Հատկապես մեղքի պատնեշն է, որ մեզ պահում է այդքա՜ն հեռու և ամբողջովին բացառում է մեզ։ Այս անսահման հեռավորությունից դեպի Աստված վերադառնալու համար ո՞ր ճանապարհով պիտի ընթանայինք մենք։
Աստված Ինքնըստինքյան մնում է Աստված. մարդը[2] միանում է Աստծուն և դառնում մեկ Անձ, այնպես` որ չստացվի մի կիսաստված, կարծես թե Աստված լիներ աստվածային մասով և մարդ` մարդկային մասով, այլ՝ ամբողջապես Աստված և ամբողջապես Մարդ. որպես Աստված՝ Փրկիչ, որպես մարդ՝ Միջնորդ։ Նրան՝ Նրա միջոցով, և ո՛չ թե` մի ա՛յլ միջնորդությամբ, և ո՛չ թե` մի ուրիշին, որ Նա չէ. այլ` այն բանի միջոցով, ինչը որ մենք ենք Նրա մեջ, Նրան, Ում միջոցով մենք ստեղծվել ենք։

Առաքյալն, ուստի, թեև ճանաչել էր Քրիստոսին որպես Աստված, – արդարև, հղում անելով հրեաների նախկին արժանիքներին, ասում է. «Նրանց հայրերը, որոնցից սերում է Քրիստոսն ըստ մարմնի, Նա, որ ամեն ինչից վեր է, հավիտյան օրհնյա՜լ Աստված ... » (Հռմ 9, 5), – ճանաչելով Նրան Աստված և Աստված ամեն ինչից վեր, և անկասկած ամեն ինչից վեր հե՛նց այն պատճառով, որ ամեն ինչ Նրա միջոցով է ստեղծվել, [այդուհանդերձ, երբ] հասնում է ներկայացնելու Միջնորդին, Նրան Աստված չի կոչում, քանի որ Նա Միջնորդ չէ այն պատճառով, որ Աստված է. Միջնորդ է, մինչդեռ, այն պատճառով, որ մարդ էր դարձել։ Հե՛նց սա է մեր փրկությունը։

«Մեկ է, իրոք, Աստված» (1Տմ 2, 5)։ Քանի որ դուք դա ընդունում եք առանց վարանելու` որպես Ընդհանրական Եկեղեցու հետևորդներ, ընդունում եք որպես ուսյալ մարդիկ, ընդունում եք գիտակցաբար. Մեկ է Աստված։ Արդյո՞ք միայն Հայրն է։ Արդյո՞ք միայն Որդին է։ Արդյո՞ք միայն Սուրբ Հոգին է։ Բայց Հայրը և Որդին և Սուրբ Հոգին [միասին] բացարձակապես մեկ Աստված են։ Հետևաբար. «Մեկ է Աստված, և մեկ է Աստծո և մարդկանց միջև Միջնորդը՝ մարդ Հիսուս Քրիստոսը» (1Տմ 2, 5)։ Եթե ասած լիներ. «Մեկ է Աստված, և մեկ է Աստծո ու մարդկանց միջև միջնորդը՝ Հիսուս Քրիստոսը», Նա կնկատվեր որպես ավելի փոքր Աստված։ Իրոք, գրեթե զատված կլիներ այդ Աստվածային Երրորդությունից, եթե [ասած] լիներ «մեկ Աստված» և «մեկ միջնորդ Աստծո ու մարդկանց միջև` Հիսուս Քրիստոսը», կարծես թե Նա այն Աստվածը չէ, Ում մասին ասվում է, որ «մեկ» է։ Բայց քանի որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին Աստծո միության մեջ են, Աստվածությունը պետք է պահպանի միությունը, [իսկ Քրիստոսի] մարդկությունը պետք է ստանձնի միջնորդությունը։

 

Միջնորդի շնորհը անհրաժեշտ է բոլորին, որպեսզի հաշտվեն Աստծո հետ

8. Այս միջնորդությամբ է, որ մարդկային ցեղի ամբողջությունը հաշտվում է Աստծո հետ, Ումից օտարացել էր Ադամի պատճառով։ Իրոք, Ադամի պատճառով մեղքը մտավ աշխարհ, և մեղքի հետ՝ մահը. այսպես նաև մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև հանձինս Ադամի մեղանչեցին բոլորը (Հռմ 5, 12)։ Ո՞վ կարող էր զերծ մնալ դրանից։ Այս ատելի դարձած զանգվածից ո՞վ կարող է արժանանալ ողորմության առանձնաշնորհությանը։ Ո՞վ, ուրեմն, տվեց քեզ այդ առանձնաշնորհությունը։ «Բայց ի՞նչ ունես, որ ստացած չլինես» (1Կր 4, 7)։

Մենք, հետևաբար, առանձնաշնորհյալ ենք ո՛չ թե [մեր] արժանիքների բերումով, այլ՝ [Աստծո] շնորհով։ Արդարև, եթե դրանք արժանիքներ են, ապա դա պարտավորություն է. եթե պարտավորություն է, [ուրեմն] խոսքը ձրիության մասին չէ. եթե պակասում է ձրիությունը, [ուրեմն] շնորհ չէ։ Սա այն է, ինչ ասաց Առաքյալն ինքը. «Բայց եթե շնորհով է, ուրեմն բնավ գործերով չէ, այլապես` շնորհն այլևս շնորհ չէր լինի» (Հռմ 11, 6)։

Միայն մեկից է գալիս մեր փրկությունը՝ ո՛վ էլ որ լինենք մենք. հզորներ, խոնարհ վիճակում գտնվողներ, ծերեր, երիտասարդներ, պատանիներ, երեխաներ. մենք փրկվում ենք մեկի կողմից։ Մեկ է Աստված և մեկ է Աստծո ու մարդկանց միջև Միջնորդը՝ մարդ Հիսուս Քրիստոսը։ Մի մարդու պատճառով եկավ մահը, մի մարդու պատճառով՝ մեռելների հարությունը. և ինչպես բոլորը մեռնում են հանձինս Ադամի, այնպես էլ բոլորը ստանալու են կյանքը հանձինս Քրիստոսի (1Կր 15, 21-22)։

 

Բոլորը Ադամի մեջ են, և բոլորը` Քրիստոսի մեջ

9. Այս կետում ինչ որ մեկը կարող է առաջ գալ և ասել ինձ. «Ինչպե՞ս է հնարավոր, որ բոլորը [Քրիստոսի մեջ լինեն]։ Իսկ ուրեմն նրա՞նք, ովքեր գցվելու են Գեհեն. նրա՞նք, ովքեր դատապարտվելու են սատանայի հետ միասին. նրա՞նք, ովքեր տանջվելու են հավիտենական կրակի մեջ։ Ինչպե՞ս թե՝ բոլորը և բոլորը»։

Քանի որ ոչ ոք չի մեռնում, եթե ո՛չ` հանձինս Ադամի, և ոչ ոք չի ստանալու կյանքը, եթե ո՛չ` հանձինս Քրիստոսի։ Եթե լիներ ևս մեկ ուրիշը, որից մեզ կգար մահը, բոլորը չէին մեռնի հանձինս Ադամի։ Եթե լիներ մի ա՛յլ մեկը, որից կարելի կլիներ ստանալ փրկությունը, ո՛չ բոլորը հանձինս Քրիստոսի կստանային կյանքը։

 

Երեխաներն էլ Փրկչի կարիք ունեն

10. Ինչ որ մեկը կարող է ասել. «Ինչպե՞ս, ուրեմն երեխան էլ Փրկչի կարիք ունի՞»։ Այո՛, իսկապես ունի այդ կարիքը։ Դա վկայում է մայրը, հավատքով լի, ով շտապում է եկեղեցի բերել [իր] մանկանը, որպեսզի ստանա Մկրտությունը։ Դա վկայում է նաև Մայր Եկեղեցին՝ ընդունելով մանկանը, որը պետք է մաքրագործվի մեղքից, և որին ետ է վերադարձնում ազատագրված, կամ էլ` սիրով պահում է սնուցելու համար։ Ո՞վ կարող է հանդգնությունն ունենալ` հակաճառելու այսպիսի մե՜ծ Մորը։

Ի վերջո, հե՛նց մանկան լացն էլ վկայում է նրա թշվառ վիճակի մասին։ Իր սահմանների մեջ` դա է վկայում բնության տկարությունը, որը քիչ բան կարող է հասկանալ. նա [իր կյանքն այս աշխարհում] չի սկսում ծիծաղով, սկսում է լացով։ Ճանաչի՛ր, որ թշվառ է, և օգնությա՛ն հասիր։ Թող որ սիրտդ գթասիրության ամեն տեսակ զգացումներով հարուստ լինի։ Որքան որ քիչ կարող են նրանք օգնել իրենք իրենց, այնքան ավելի մեծ սիրով ենք մենք խոսում հանուն մանուկների բարիքի։

Եկեղեցին սովորաբար օգնության է հասնում խնամակալության կարիք ունեցողներին այն ամենով, ինչն անհրաժեշտ է նրանց ապրուստի համար. բոլորս ոտքի՜ կանգնենք ի պաշտպանություն փոքրիկների, թող որ բոլորի կողմից նրանց օգնությո՜ւն հասնի, որպեսզի չկորցնեն երկնային ժառանգությունը։ Նրանց Տերը նույնպես մանուկ դարձավ, որովհետև սիրում է նրանց։ Ինչպե՞ս է հնարավոր, որ նրանք չունենան փրկության իրավունքը, որը Նա բերեց, երբ նրանք առաջինն էին, որ արժանացան մեռնելու Նրա համար (հմմտ. Մտթ 2, 1-16)։

 

Հիսուսը Քրիստոս է, այսինքն` Փրկիչ, նաև երեխաների համար

11. Ի վերջո, հե՛նց Տեր Փրկչի վերաբերյալ, Նրա մոտալուտ ծնունդն ավետելիս` ասվել է. «Նրան Հիսուս պիտի կոչեն։ Նա, արդարև, պիտի փրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից» (Մտթ 1, 21)։ Մենք կարող ենք հասկանալ Հիսուս անունը, մենք ունենք Նրա անվան իմաստը։ Ինչո՞ւ Հիսուս, – որն, իրոք, լատիներեն նշանակում է Փրկիչ. – ինչո՞ւ Հիսուս։ Նա, արդարև, փրկելու է Իր ժողովրդին։

Բայց Մովսեսը հզոր ձեռքով և Բարձրյալի օգնությամբ փրկեց իր ժողովրդին եգիպտացիների հալածանքներից ու ճնշումներից. Հեսուն նույնպես փրկեց իր ժողովրդին հալածողներից և ազգերի պատերազմներից. Դատավորները փրկեցին իրենց ժողովրդին՝ ազատագրելով այլազգիներից. Թագավորները նույնպես փրկեցին նրանց՝ ազատագրելով նրանց շուրջբոլորը հաչող[3] ազգերի տիրապետությունից։ Հիսուսն այդպես չէ, որ փրկում է, այլ՝ [փրկում է մարդկանց] իրենց մեղքերից։ «Նրան Հիսուս պիտի կոչեն»։ Ինչո՞ւ։ «Նա, արդարև, պիտի փրկի Իր ժողովրդին»։

Այժմ հարց եմ բարձրացնում մանկան մասին. նրան եկեղեցի են բերում, որպեսզի քրիստոնյա դառնա, մկրտվի և, կարծում եմ, այն նպատակով, որ մուտք գործի` անդամակցելու Հիսուսի ժողովրդին։ Ո՞ր Հիսուսի։ Նրա, Ով Իր ժողովրդին փրկում է իրենց մեղքերից։ Եթե երեխայի մեջ չկա մի բան, որից նա պետք է փրկվի, [ուրեմն]  հեռացրե՛ք նրան այստեղից։ Ինչո՞ւ մայրերին չենք ասում. «Հեռացրե՛ք այստեղից այս երեխաներին»։ Ակնհայտ է, որ Հիսուսը Փրկիչ է. եթե սրանք իրենց մեջ փրկվելու ենթակա ոչինչ չունեն, հեռացրե՛ք նրանց այստեղից։ «Առողջները չէ, որ բժշկի կարիք ունեն, այլ՝ հիվանդները» (Մտթ 9, 12)։

Մանկան դեմ կատարված այս խտրականության մեջ կա՞ մեկը, ով կհամարձակվի ինձ ասել. «Հիսուսն իմ համար է, սրա համար չէ»։ Այսինքն՝ Հիսուսը քո համար է, իսկ սրա համար չէ՞ Հիսուսը։ Մի՞թե չի եկել Հիսուսի մոտ[4]։ Մի՞թե նրա փոխարեն չեն պատասխանում, որ հավատում են Հիսուսին[5]։ Մի՞թե մանուկների համար մենք մի ա՛յլ Մկրտություն ենք հաստատել, որով մեղքերի թողություն չի կատարվում։ Հաստատ է, որ եթե այս մանուկը կարողանար պաշտպանվել, կհերքեր հակաճառողի խոսքը և կաղաղակեր. «Տո՜ւր ինձ Քրիստոսի կյանքը. հանձինս Ադամի ես մեռած եմ. տո՜ւր ինձ Քրիստոսի կյանքը, որի հայացքի առաջ մաքուր չէ և ո՛չ իսկ այն մանուկը, որը երկրի վրա դեռևս մեկ օրվա միայն կյանք ունի (Հոբ 14, 4)[6]»։

Նրանց չպետք է մերժի շնորհը և ո՛չ իսկ նա, ով պետք է իր սեփականից տա։ Թող որ ողորմություն ցուցաբերվի փոքրիկների նկատմամբ։ Ի՞նչ նպատակով է անչափ գովաբանվում նրանց անմեղությունը։ Թող որ գտնեն Փրկչին, և այլևս չլսեն շողոքորթին։ Երեխաների համար այսպիսի ծանր վտանգի պահին մենք բացարձակապես չպետք է կանգ առնենք քննարկելու, և մեզ արդարացի չի թվում հետաձգել նրանց փրկությունը, նույնիսկ եթե դա արվում է հե՛նց դրա մասին խոսելով։ Թող բերվի՜ մանուկը, թող մաքրագործվի՜, թող ազատագրվի՜, թող ստանա՜ կյանքը։ «Ինչպես որ բոլորը մեռնում են հանձինս Ադամի, այնպես էլ բոլորը ստանալու են կյանքը հանձինս Քրիստոսի» (1Կր 15, 22)։ Նա ժամանակավոր կյանքի մեջ մտնելու ուրիշ ճանապարհ չի գտնում, եթե ո՛չ միայն` Ադամի միջոցով. նա ճանապարհ չի գտնի, որը թույլ կտա իրեն խուսափել հավերժական պատժից, եթե դա չլինի Քրիստոսի միջնորդությունը։ Ինչո՞ւ ես փակում միակ դուռը։ «Մեկ է Աստված և մեկ է Աստծո ու մարդկանց միջև Միջնորդը՝ մարդ Հիսուս Քրիստոսը» (1Կր 15, 21)։ Լսի՛ր, Նա աղաղակում է դեպի քեզ. «Առողջները չեն, որ բժշկի կարիք ունեն, այլ՝ հիվանդները» (Մտթ 9, 12)։ Ինչպե՞ս կարող ես ասել, թե սա առողջ է, եթե ո՛չ միայն նրա համար, որ Բժշկին է, որ դու հակառակվում ես։

 

Հովհաննեսը, մեղքով ծնված, Փրկչի կարիք ունեցավ

12. Նույնիսկ – ասում է – Հովհաննեսը, որի մասին խոսում էիր, նա է՞լ է մեղքով ծնվել։ Նրան, Ով առանց մեղքի է ծնվել, դու գտար միայն հանձինս Նրա, Ում տեսնում ես Ադամի սերնդից զատված։ Դու չես կարող հավատացյալների ձեռքից խլել այս հաստատումը. «Եթե մեկ մարդու պատճառով եկավ մահը, մեկ մարդու պատճառով էլ գալու է մեռելների հարությունը։ Եվ ինչպես որ բոլորը մեռնում են հանձինս Ադամի, այնպես էլ բոլորը ստանալու են կյանքը հանձինս Քրիստոսի» (1Կր 15, 21-22)։ Մեկ մարդու պատճառով մեղքը մտավ աշխարհ, և մեղքի հետ՝ մահը. այսպես նաև մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա (Հռմ 5, 12)։ Եթե սրանք իմ խոսքերը լինեին, կկարողանայի՞ այս հաստատումն ավելի արտահայտիչ դարձնել։ Այն կարո՞ղ էր ավելի ակնհայտ ու ճշգրիտ լինել։ Այսպես, մահը հասավ բոլոր մարդկանց, որովհետև բոլորը մեղանչեցին (Հռմ 5, 12)։

Արդ, դու բացառում ես Հովհաննեսին. բայց զատելով նրան մյուս մարդկանցից, հանելով նրան ընդհանուր ծագման մասնակցությունից, չհամարելով նրան ամուսնական միությունից ծնված, դու նրա համար կբացառես նաև վերոասացյալ հաստատումը։ Արդարև, Նա, Ով կամեցավ խուսափել դրանից Իր համար, բարեհաճեց մի կույսից ծնվել։ Ի՞նչ նպատակով ես ստիպում ինձ վիճել Հովհաննեսի արժանիքների վերաբերյալ։ Մայրական արգանդի մեջ նա ողջունեց Տիրոջը. բայց ես կարծում եմ, որ կամեցավ ողջունել Նրան, Ումից ակնկալում էր փրկությունը։ Իր համար չափազանց վտանգավոր պաշտպանություն փնտրելու մտադրություն չունի։

Տիրոջը, Ով մոտենում էր մկրտվելու համար, նա, ընդհանուր չարիքին մասնակից լինելով, ասում է. «Ես եմ, որ պետք է Քեզնից մկրտվեմ» (Մտթ 3, 14)։ Արդարև, նաև մկրտության մեջ Տերը մտադիր էր խոնարհություն հանձնարարել և գալիս էր Մկրտությանը Սուրբ Խորհրդի շնորհը հաղորդելու։ Ուստի, երիտասարդ հասակում ընդունեց մկրտությունն այնպես, ինչպես որ նորածին ժամանակ ընդունել էր թլպատությունը։ Ընդունեց դեղամիջոցները, որոնք պետք է առաջարկեր, ո՛չ թե` վերքերը։ Հովհաննեսը, մինչդեռ, ի՞նչ պատճառով պիտի ասեր. «Ես եմ, որ պետք է Քեզնից մկրտվեմ», եթե լիովին զերծ լիներ մեղքից, եթե նրա մեջ բժշկվելու ենթակա ոչինչ չլիներ, եթե նրա մեջ մաքրագործվելու ենթակա ոչինչ չլիներ։ Իր կողմից նա իրեն պարտապան է հայտարարում, իսկ դու նրան հանցանքից ազատ ես հռչակում, որպեսզի պարտքերը նրան չներվեն։

Նա ասում է. «Ես եմ, որ պետք է Քեզնից մկրտվեմ. ես եմ, որ դրա կարիքն ունեմ, ինձ դա անհրաժեշտ է»։ Եվ դա նրան շնորհվեց այն ժամանակ։ Արդարև, երբ Տերն իջավ ջրի մեջ, նա ջրից դուրս չմնաց։ Ի՞նչ կարիք կա խոսքս երկարացնելու։ Այսուհետ, եթե հնարավոր է, թող որ դադարի նա, ով հակառակ կարծիքն է պաշտպանում, որովհետև նույն Ինքը՝ Փրկիչը, Իր մունետիկին ևս ազատագրություն պարգևեց։

[1] Ի նկատի ունի Սուրբ Պատարագի ժամանակ ընդունած Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը։
[2] Հայրապետի խոսքը Հիսուս Նազովրեցի մարդու մասին է, Քրիստոսի մասին է որպես մարդ, Մարդու Որդի։
[3] Ի նկատի ունի նրանց կռապաշտական պաշտամունքը։
[4] Ի նկատի ունի Մկրտությունը։
[5] Ի նկատի ունի մանուկների Մկրտության ժամանակ կնքահոր կողմից տրվող պատասխանները։
[6] Ըստ Յոթանասնիցի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։