Ճառ 340. « ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 340. « ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ »

Տերը օգնում է կրել եպիսկոպոսական ծառայության ծանրությունը։ Եպիսկոպոսը առաջնորդում է քրիստոնյաներին, բայց որպես քրիստոնյա՝ նա նրանց ծառայակից ընկեր է։
 
1. Այն օրվանից, ինչ այս բեռը դրվել է իմ ուսերին, – և որի համար խստապահանջ հաշիվ է տրվում [Աստծուն], – իմ պատվարժան դիրքի հանդեպ տածածս մտահոգությունն իսկապես մշտական ​​անհանգստության մեջ է պահում ինձ։ Դրանից ո՛չ պակաս, ինձ շա՜տ ավելի մեծ խռովք է պատճառում այս ծանրակշիռ պաշտոնի մասին մտորելը, երբ այն կրկին ներկայացվում է ինձ այդ ամսաթիվն այժմեացնող տարեդարձի օրը, այն աստիճան, որ այն, ինչը որ մի ժամանակ ստացել եմ, կրում եմ այնպես, կարծես այսօր է, որ պետք է ներկայանամ այն ​​ստանալու։
Բայց, այս ծառայության մեջ, ի՞նչն է այդքա՜ն վախեցնում ինձ, եթե ո՛չ՝ այն վտանգը, որ ինձ կարող է ավելի հաճելի լինել այն, ինչը վտանգավոր է իմ պատվարժան դիրքի բանեցման մեջ, քան այն, ինչը որ օգտակար է ձեր փրկությանը։ Թող որ ես ունենամ, ուրեմն, ձեր աղոթքների օգնությունը, որպեսզի բարեհաճությունն ունենա կրելու իմ հետ իմ բեռը Նա, Ով բարեհաճությունն ունի կրելու հենց ինձ։ Երբ աղոթքի մեջ կխնդրեք սա, աղոթեցե՜ք նաև իմ համար. իրոք, իմ այս բեռը, որի մասին հիմա խոսում եմ ձեզ, ուրիշ ի՞նչ է, եթե ո՛չ՝ հենց դո՛ւք։ Խնդրեցե՜ք իմ համար ուժ, այնպես՝ ինչպես ես ինքս աղոթում եմ, որ դուք անտանելի ծանր չլինեք։ Ճշմարտապես, Տեր Հիսուսը չէր ասի «իմ բեռը»(1), եթե այն չկրեր նրա հետ, ով այն կրում է։
Բայց դուք նույնպես նեցուկ եղեք ինձ, որպեսզի, Առաքյալի պատվիրանի համաձայն, մեկս մյուսիս բեռները կրենք և այդպիսով կատարենք Քրիստոսի օրենքը(2)։ Եթե Նա չի կրում մեր բեռը մեր հետ, մենք ճզմվում ենք դրա տակ. եթե Նա չի կրում մեզ, մենք հետզհետե մեռնում ենք։ Այն պահին, երբ ինձ վախ է ներշնչում ձեր համար լինելը, ինձ մխիթարում է ձեր հետ լինելու հանգամանքը։ Ձեր համար, արդարև, ես եպիսկոպոս եմ, ձեր հետ՝ քրիստոնյա։ Առաջին անունը ստացածս պաշտոնն է մատնանշում, երկրորդը՝ շնորհը. առաջինը վտանգի առիթ է, երկրորդը՝ փրկության։ Ի վերջո, կարծես բաց ծովում գտնվելով, ինձ այս ու այն կողմ է շպրտում այդ գործունեության փոթորիկը. բայց հիշելով, որ փրկագնվել եմ Նրա արյունով, այս մտքի պարգևած խաղաղությամբ մտնում եմ ապահովության նավահանգիստը. և, շնորհի մեջ, որն ընդհանուր է մեր համար, հանգիստ եմ գտնում այս անձնական ծառայության հոգնաջան աշխատանքից։ Ուստի, եթե ես ավելի շատ ուրախանում եմ ձեր հետ փրկագնված լինելու փաստով, քան թե՝ ձեր վրա իբրև նախագահող նշանակված լինելով, ապա, Տիրոջ հրամանի համաձայն, ավելի արդյունավետ կերպով կլինեմ ձեր ծառան, որպեսզի անշնորհակալ չլինեմ այն ​​​​գնի համար, որի վճարմամբ արժանացել եմ ծառա լինելուն ձեր հետ(3)։
 
Հովվի հոգնությունը ձրի է, վարձատրությունը՝ արդար
 
2. Այո՛, ես պետք է սիրեմ Նրան, Ով փրկագնեց ինձ, և գիտեմ, թե Նա ի՛նչ ասաց Պետրոսին. «Պետրոս, դու սիրո՞ւմ ես ինձ։ Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»(4)։ Սա՝ մեկ անգամ, սա՝ մի երկրորդ անգամ, սա՝ մի երրորդ անգամ։ Հարցաքննվում էր սերը, պատվիրվում էր ջանքը. իրոք, որտեղ ավելի շատ սեր կա, այնտեղ ավելի քիչ է ջանքը։
«Ի՞նչ կհատուցեմ Տիրոջը այն ամեն ինչի համար, որ Նա տվել է ինձ»(5)։ Եթե ասեմ, թե հատուցում եմ արածեցնելով Իր ոչխարներին, ապա սա էլ ես չէ, որ անում եմ, այլ՝ «Աստծո շնորհը, որն իմ հետ է»(6)։ Ինչպե՞ս կարող եմ ունենալ դերը նրա, ով հատուցում է, երբ ես ամեն առումով ամբաստանյալ եմ։ Այդուհանդերձ, սակայն, քանի որ մեր սերն անշահախնդիր է, – քանի որ Իրենն են ոչխարները, որոնք մենք արածեցնում ենք, – մենք վարձատրություն ենք խնդրում։ Ինչպե՞ս է սա կատարվելու։ Ինչպե՞ս է իրագործվում համաձայնությունը «սիրում եմ անվարձահատույց՝ հովիվ լինելու համար» խոսքի և «խնդրում եմ վարձը, որովհետև հովիվ եմ» խոսքի միջև։ Սա ո՛չ մի կերպ հնարավոր չէր լինի, ո՛չ մի կերպ չէր պահանջվի վարձատրությունը նրա կողմից, ով սիրում է անշահախնդիր կերպով, եթե վարձատրությունը չլիներ հենց Նա, Ով սիրված է։ Իրոք, եթե Իր ոչխարներին արածեցնելը այն է, ինչը որ մենք հատուցում ենք այն բանի փոխարեն, որ Նա փրկագնեց մեզ, ի՞նչ ենք հատուցում հենց այն բանի փոխարեն, որ մեզ հովիվներ դարձրեց։ Մեր սեփական չարամտության պատճառով է, որ մենք վատ հովիվներ ենք լինում, – և թող որ դա հեռո՜ւ լինի մեզնից, – իսկ լավ հովիվներ լինելը, – և սա մեզ գալիս է Իրենից, – մեր համար հնարավոր է միմիայն Իր շնորհի միջոցով։
 
Աղոթք և հնազանդություն. օգնությունը, որ տրվում է Եպիսկոպոսին
 
3. Հետևաբար, եղբայրներ իմ, ձեզ նույնպես «հորդորելով պատվիրում ենք՝ ապարդյուն կերպով չընդունել Աստծո շնորհը»(7)։ Պտղաբեր դարձրեք մեր ծառայությունը. «Դուք Աստծո դաշտն եք»(8). դրսից՝ ընդունեցեք նրան, ով տնկում ու ոռոգում է, ներսից՝ Նրան, Ով ապահովում է աճը(9)։ Ուղղեցե՜ք անկարգապահներին, սփոփեցե՜ք վատասիրտներին, թիկո՜ւնք կանգնեցեք տկարներին(10), հերքեցե՜ք ընդդիմախոսներին, հեռո՜ւ պահեցեք չարերին, կրթեցե՜ք տգետներին, խրախուսեցե՜ք անփույթներին, զսպեցե՜ք կռվասերներին, չափավորեցե՜ք հավակնոտներին, քաջալերեցե՜ք վհատվածներին, խաղաղեցրե՜ք վիճաբանողներին, օգնեցե՜ք կարիքավորներին, ազատեցե՜ք կեղեքվածներին, հավանությո՜ւն ցուցաբերեցեք բարիների նկատմամբ, հանդուրժեցե՜ք վատերին, սիրեցե՜ք բոլորին։ Այսքա՜ն բազմակերպ և զանազան գործերի մեջ տարբերակված այս ծանրակշիռ գործունեության մեջ օգնեցե՜ք ինձ աղոթքով և հնազանդությամբ, այնպես՝ որ հաճույք պատճառեք ինձ ո՛չ այնքան նախագահելու, որքան օգտակար լինելու համար։
 
Աղոթքի մեջ փոխադարձ հանձնառություն՝ եպիսկոպոսի և հավատացեալների միջև։ Վարքը բարեփոխելու հորդոր։
 
4. Արդարև, ինչպես որ ինձ վայելում է բարեխղճորեն ջանասեր լինել Աստծո ողորմությունը հայցելու մեջ՝ ձեր փրկության համար, այնպես էլ պատշաճ է, որ նաև դուք փութակամ լինեք՝ աղոթելու Տիրոջը իմ համար։ Նաև չպետք է անպատշաճ համարենք այն, ինչը գիտենք, որ արել է Առաքյալը. իսկապես, այնքա՜ն էր ցանկանում Տիրոջ առաջ հիշված լինել աղոթքների մեջ, որ ինքն իսկ ամբողջ ժողովրդին աղաչում էր՝ ասելով. «Աղոթեցե՜ք իմ համար»(11)։ Եվ, այո՛, պե՛տք է սա ասենք, որպեսզի այն, ինչը որ վավերական է իմ անձնական հորդորման համար, կարողանա օգտակար լինել նաև ձեզ։ Ակնհայտորեն, ինչպես որ ես պետք է մեծ երկյուղով ու անհանգստությամբ մտածեմ, թե ինչպե՛ս կարող եմ անպախարակելի կերպով կատարել հայրապետական ​​պաշտոնը, այնպես էլ դուք պետք է ձգտեք խոնարհ հնազանդություն ունենալու այն բոլոր բաների վերաբերյալ, որոնք ձեզ պատվիրվում են։
Ուստի, շա՜տ սիրելիներս, միասին աղոթե՜նք, որպեսզի իմ եպիսկոպոսությունը օգուտ տա ինձ և ձեզ. ինձ, արդարև, օգուտ կբերի, եթե ասեմ այն բաները, որոնք հարկավոր է անել. օգուտ կբերի ձեզ, եթե գործադրեք այն, ինչ լսել եք։ Մյուս կողմից, եթե անդադար աղոթած լինենք՝ ես ձեր համար, իսկ դուք՝ իմ, սիրո կատարյալ մղումով, Տիրոջ օգնությամբ, ուրախությամբ կհասնենք հավիտենական երանությանը։ Թող որ մեզ բարեհաճի շնորհել դա Նա, Ով ապրում և թագավորում է հավիտյանս հավիտենից։ Ամեն։
(1) Հմմտ. Մտթ 11, 30
(2) Հմմտ. Գղտ 6, 2
(3) Վճարված գինը Քրիստոսի Արյունն է՝ Խաչի վրա հեղված։
(4) Հվհ 21, 17
(5) Սղմ 115, 12
(6) 1Կր 15, 10
(7) 2Կր 6, 1
(8) 1Կր 3, 9
(9) Հմմտ. 1Կր 3, 6
(10) Հմմտ. 1Թղ 5, 14
(11) 2Թղ 3, 1
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։