
Ճառ 345. « ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԴԵՊ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ՄԱՍԻՆ. ԱՐՏԱՍԱՆՎԱԾ՝ ՏՈՒԲՈՒՌԲԻԻ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ ՏՈՆԻ ՕՐԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Կանոններ հարուստների համար
1. Մարտիրոսների հանդիսավոր տոնը և Տերունական օրը հորդորում են մեզ խոսել այն սակավ համարման մասին, որը պետք է ունենանք ներկա կյանքի հանդեպ, ինչպես նաև՝ գալիք աշխարհի հույսի մասին։ Եթե ինձ հարցնես, թե ի՞նչն է, որի հանդեպ հարկավոր է սակավ համարում ունենալ, կասեմ քեզ, որ յուրաքանչյուր բարեպաշտ և սուրբ մարտիրոս հասել է մինչև ներկա կյանքի հանդեպ արհամարհանքի։ Եթե հարցնես, թե ի՞նչն է հարկավոր հուսալ, կասեմ քեզ, որ այսօր Տերը հարություն առավ։ Եթե վստահ չես իրականության վերաբերյալ, հաստատուն եղիր հույսի մեջ. եթե քեզ սարսափեցնում է գործելու ջանքը, թող որ քեզ սփոփի պարգևատրության միտքը։
Առաջին ընթերցվածի մեջ, որ կարդացինք, Տիմոթեոսին ուղղված Նամակից, Առաքյալը, պատվիրանների շարքին, որ տալիս է Տիմոթեոսին, խրատում է նաև մեզ. «Այս աշխարհի հարուստներին կպատվիրես», ասում է, «որ չգոռոզանան, որ իրենց հույսը չդնեն հարստությունների անորոշության վրա, այլ՝ կենդանի Աստծո վրա, Ով ամեն ինչ բաշխում է մեզ առատությամբ, որպեսզի վայելենք դրանք։ Թող որ հարստանան բարի գործերի մեջ. թող որ պատրաստակամ լինեն տալու. թող որ առատաձեռն լինեն։ Այսպես վարվելով, մի լավ դրամագլուխ կդնեն մի կողմ, ապագայի համար, ձեռքբերելու համար ճշմարիտ կյանքը» (1Տմ 6, 17-19)։
Այս ընթերցվածը թող որ սակավ պատշաճ չթվա երանելի մարտիրոսների տոնակատարության համար։ Սրա քննարկման նյութը, իրոք, աշխարհից անջատումն է։ Երբ, ապա, հարուստներին հանձնարարում է մի լավ դրամագլուխ ապահովել ապագայի համար և դրանով ձեռքբերել ճշմարիտ կյանքը, [դրանով իսկ] ցույց է տալիս, որ այս կյանքը կեղծ է։ Հատկապես հարուստները պետք է լսեն այս խորհուրդը։ Երբ աղքատները տեսնում են նրանց, տրտնջում են, դժգոհում, հիանում են նրանցով և նախանձում են նրանց։ Կուզենային նրանց հավասար լինել, ցավում են՝ չլինելու համար։ Եվ հաճախ, հարուստների հանդեպ հիացմունքի իրենց արտահայտությունների մեջ ասում են. «Միա՜յն սրանք, միա՜յն սրանց մասին կարելի է ասել, որ ապրում են»։ Հարուստները, երբ լսում են այս խոսքերը, որոնցով իրենց քծնում են ծանծաղամիտ մարդիկ, և այսինքն, թե «միա՜յն սրանք են, որ կարելի է ասել, թե ապրում են», թող որ չկարծեն, շողոքորթության այս խոսքերի պատճառով հպարտացած, թե իրոք ապրում են ճշմարտապես։ Ասում է Առաքյալը. «Այս աշխարհի հարուստներին ուզում եմ հանձնարարել, որ չգոռոզանան, որ իրենց հույսը չդնեն հարստությունների անորոշության վրա, այլ՝ կենդանի Աստծո վրա, Ով ամեն ինչ բաշխում է մեզ առատությամբ, որպեսզի վայելենք դրանք։ Թող որ հարստանան», բայց ի՞նչ բաների մեջ։ «Բարի գործերի»։ «Թող որ պատրաստակամ լինեն տալու» առատաձեռնությամբ, որպեսզի չկորցնեն այն, ինչը տալիս են։ Թող որ իրենց ունեցածից բաժին տան նրան, ով որ չունի։ Եվ սա ի՞նչ արդյունքի է հանգելու։ Որ մի լավ դրամագլուխ են իբրև գանձ կուտակելու ապագայի համար, ունենալու համար ճշմարիտ կյանքը։
Թող որ չհամաձայնվեն նրա հետ, ով, քծնելով, ասում է, թե հարուստները ապրում են, թե միայն հարուստներն են ապրում։ Այս կյանքը նման է մի երազի։ Եվ այդ հարստություններն անցնում են ինչպես երազների մեջ։ Լսի՜ր Սաղմոսը, ո՜վ հարուստ, որ, սակայն, աղքատագույն ես. «Քնեցին իրենց քունը, և նրանք բոլորը [= հարուստները] այլևս ոչինչ չգտան իրենց հարստություններից» (Սղմ 75, 6)։ Երբեմն գետնին կուչ եկած, ցրտից դողացող մուրացկանն անգամ, երբ քնով է անցնում, երազում գանձեր է տեսնում։ Ուրախությունից պարում է ու ցատկոտում, փքվում է, գոռոզանում, ամաչում է իր հորը ճանաչելուց՝ հանձինս ցնցոտիներ հագած այն մարդու։ Մինչև այն պահը, երբ արթնանում է, հարուստ է։ Քանի դեռ քնի մեջ էր, վայելելիք [հարստություններ] ուներ՝ խաբվելով։ Երբ քունն ավարտվի, ողբալու պատճառներ կգտնի՝ իրականում։ Ճիշտ այդպես հարուստը, երբ մեռնում է, նման է աղքատին, որն արթնանում է՝ երազում գանձեր տեսնելուց հետո։ Այսպես կատարվեց այն հարուստի հետ, որը ծիրանի ու բեհեզ էր հագնում, որի անունը Սուրբ Գիրքը չի տալիս, և որն արժանի չէ անունով հիշատակվելու. արհամարհում էր աղքատին, որը կուչ էր եկել իր դռան առաջ։ Ծիրանի ու բեհեզ էր հագնում, ինչպես որ վկայում է Ավետարանը, և փառահեղ խնջույքներ էր անում ամեն օր։ Հետո մեռավ և թաղվեց։ Արթնացավ և իրեն բոցերի մեջ գտավ (հմմտ. Ղկս 16, 19-31)։ Քնեց, ուրեմն, իր քունը, իսկ երբ արթնացավ, որքան էլ որ հարուստ էր եղել, իր ձեռքերի մեջ ոչինչ չգտավ, որովհետև իր ձեռքերով ոչ մի բարիք չէր գործել։
Փրկագնման օրինակ ավազակներից
2. Հարստությունները հարկավոր է ցանկանալ կյանքի համար, ո՛չ թե՝ կյանքը հարստությունների համար։ Քանի՜ քանիներ համաձայնության են եկել իրենց թշնամու հետ, համաձայնվելով կորցնել անգամ ամեն ինչ, միայն թե անվնաս թողնվեր կյանքը։ Փրկագնել են կյանքը՝ ի գին այն ամեն ինչի, որ ունեին։ Եթե այսքա՜ն թանկարժեք է անցողիկ կյանքը, մտածիր, թե ի՛նչ գնով է հարկավոր ձեռքբերել հավիտենական կյանքը։ Եթե պատրաստ ես քո բոլոր հարստությունները տալ թշնամուն՝ փոխարենը պահպանել կարողանալու համար մուրացկանի կյանքը, տո՛ւր, ավելի լավ է, ինչ որ մի բան Քրիստոսին, ապրելու համար, փոխարենը, երջանիկ։ Ժամանակավոր կյանքի համար տրվող այսքա՜ն բարձր փրկագնի դիմաց, սովորի՛ր, թե որքա՜ն արժե հավիտենական [կյանքի համար պահանջվող փրկագին]ը, որը դու անտեսում ես՝ ապրելու համար, ըստ էության, սակավաթիվ օրեր, նույնիսկ եթե հասնելու լինես ծերության։ Սակավաթիվ են, իրոք, մարդու օրերը միասին վերցված, մանկությունից մինչև ծերություն։ Մինչև իսկ Ադամը, նույնիսկ եթե միայն այսօր մեռնելու լիներ, սակավաթիվ օրեր ապրած կլիներ, որովհետև դրանք բոլորը վերջացրած կլիներ համենայն դեպս։ Դու, հետևաբար, փրկագին ես վճարում, որպեսզի սակավաթիվ օրեր ունենաս՝ տանջանքներով ու նեղություններով լի, որոնք ապրելու ես աղքատության մեջ, պատուհասներով շրջապատված։ Ի՞նչ գնով։ Դու տրամադիր ես այլևս ոչինչ չունենալու՝ միայն թե ունենաս ինքդ քեզ։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե որքա՛ն է հավիտենական կյանքի արժեքը։ Ավելացրո՛ւ ունեցվածքներին ինքդ քեզ։ Ահա՛ թշնամին – այն թշնամին, որ գերի էր բռնել քեզ – քեզ ասում է. «Եթե ուզում ես կյանքդ փրկել, տո՛ւր ինձ ունեցածդ ամեն ինչը»։ Եվ դու, կյանքդ փրկելու համար, այդ ամենը տալիս ես նրան. այսօր փրկագնված, բայց վաղը կրկին գտնվում ես մահվան վտանգի տակ. այս մեկից ազատված, բայց միշտ ենթակա ես ուրիշ մեկի կողմից սպանվելու վտանգին։
Թող որ դա՜ս տան մեզ, եղբայրներս, [ներկա կյանքի] վտանգները։ Ինչո՞ւ ենք այսքա՜ն անպատրաստ, հակառակ այն փաստի, որ ունենք Աստծո խոսքերը և մարդկային փորձառությունները։ Ահա՛, տվեցիր ունեցածդ ամեն ինչը և հեռանում ես գոհ և ուրախ, որովհետև ողջ ես. նույնիսկ եթե աղքատ ես, կարիքավոր, մերկացած, նույնիսկ եթե մուրացկան ես։ Գոհ ես, այդուհանդերձ, որովհետև ողջ ես, և որովհետև քաղցր է կյանքի լույսը։ Բայց ենթադրիր, որ քեզ հայտնվում է Քրիստոսը և որ Ինքն էլ պայման է կապում քո հետ. Ինքը, որ չէր գերեվարել քեզ, բայց որ քո համար գերեվարվել էր. որ չի ցանկանում սպանել քեզ, այլ՝ քո համար սիրով թույլատրեց սպանել Իրեն։ Հենց Ինքն է, որ Իր կյանքը տվեց քո համար, – ինչպիսի՜ գին, – Ինքը, որ ստեղծեց քեզ, քեզ առաջարկում է. «Պայմանագի՛ր կնքիր իմ հետ։ Ուզո՞ւմ ես կյանքդ անվնաս պահել։ Ի գին մնացած ամեն ինչի՞։ Եթե ուզում ես ունենալ քեզ, պետք է ունենաս ինձ։ Պետք է ատես քեզ և սիրես ինձ, այնպես՝ որ, կորցնելով քո կյանքը, գտնես այն, և ստիպված չլինես կորցնել այն՝ ցանկանալով այն պահել։ Ինչ վերաբերվում է քո հարստություններին, որոնք ցանկանում ես ունենալ, բայց որոնք, որպես քո ներկա կյանքի փրկագին, տրամադիր ես տալ, քեզ մի լավ խորհուրդ տվեցի արդեն։ Եթե սիրում ես դրանք, ջանա դրանք չկորցնել։ Բայց այնտեղ, որտեղ սիրում ես դրանք, ժամանակի սահմանների մեջ, դրանք մեռնելու են՝ քո հետ միասին։ Ահա՛, ուրեմն, մի խորհուրդ նաև դրանց վերաբերյալ։ Եթե սիրում ես դրանք, դրանք առաջ ուղարկիր՝ այն վայրը, որտեղ դու հասնելու ես հետո, դրանց ետևից. խուսափելու համար, որ, եթե դրանք սիրում ես երկրի վրա, դրանք չկորցնես կյանքիդ ընթացքում կամ դրանք թողնես [այս երկրի վրա], երբ կմեռնես։ Ահա՛ խորհուրդը, որ տվեցի քեզ այդ ուղղությամբ. քեզ չեմ ասում, թե պետք է կորցնես դրանք, այլ՝ որ պահպանես դրանք։ Ուզո՞ւմ ես գանձ կուտակել։ Քեզ չեմ ասում, թե մի՛ կուտակիր. քեզ ասում եմ, թե որտե՛ղ կուտակես։ Համարիր ինձ որպես մեկը, որ խորհուրդ է տալիս քեզ, ո՛չ թե իբրև մեկը, որ հակառակվում է քեզ։ Որտե՞ղ եմ քեզ ասում, ուրեմն, որ կարող ես կուտակել գանձդ։ Գրված է. ''Ձեր համար գանձեր դիզեցեք Երկնքում, ուր գողը մուտք չունի, ո՛չ էլ ցեցն ու ժանգն են փչացնում'' (Մտթ 6, 20)»։
Մի լավ խորհուրդ՝ գանձերի ապահովագրման համար
3. Դու ինձ կասես. «Բայց չեմ տեսնում այն, ինչը որ պահ եմ դնում Երկնքում»։ Ի՞նչ է, տեսնո՞ւմ ես այն, ինչը որ թաղում ես հողի տակ։ Գանձդ հողի տակ թաքցնելով՝ քեզ ապահով ես զգում. ինչո՞ւ պետք է մտահոգվես, երբ այն հանձնում և վստահում ես Աստծուն, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը։ Պահիր քո գանձը այնտեղ, որտեղ քեզ ավելի ճիշտ է թվում։ Եվ եթե կգտնես Քրիստոսից ավելի վստահելի պահապան, ուրեմն շա՜տ լավ, նրա՛ն հանձնիր և վստահիր քո հարստությունը։ «Ես այն հանձնում եմ», ասում ես, «իմ ծառային»։ Շա՜տ լավ։ Բայց որքա՜ն ավելի լավ կլիներ հանձնել դրանք Տիրոջը։ Ծառադ կարող է նաև գողանալ և փախչել։ Եվ բազմաթիվ չարիքների միջից, որոնք պատահել են, [ոմանք] հասնում են նախընտրելու, որ ծառան գողանա և փախչի, քան թե թշնամիներին առաջնորդի իր տիրոջ տան վրա։ Բազմաթիվ ծառաներ հանկարծակի թշնամացել են իրենց տերերի հանդեպ, և դավաճանությամբ նրանց հանձնել են թշնամիներին, նրանց բոլոր հարստությունների հետ մեկտեղ։
Ո՞ւմ, ուստի, հանձնել և վստահել։ «Առայժմ», ասում ես, «իմ ծառային եմ հանձնում և վստահում իմ ոսկին»։ Եվ ուրեմն կարգին է. քո ծառային՝ քո ոսկին։ Իսկ հոգիդ ո՞ւմ ես հանձնում։ «Հոգիս», ասում ես, «հանձնում եմ իմ Աստծուն»։ Որքա՜ն ավելի լավ կանեիր, ո՜վ մարդ, եթե քո ոսկին էլ հանձնեիր Նրան, Ում որ հանձնում ես քո հոգին։ Մի՞թե Նա, որ հավատարիմ է հոգիդ պահպանելու հարցում, անհավատարիմ է հարստությանդ պահպանման գործում։ Այն քո համար չի՞ պահպանի Նա, Ով փրկում է նաև հենց քեզ։ Վստահի՛ր Նրան։ Ենթադրենք, որ քո ծառան ազնիվ կերպով կվարվի. չի գողանա։ Բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ այնպես կգործի, որ կխուսափի գանձդ կորցնելուց։ Իր հավատարմությունը բացարձակ է քեզ չթալանելու հարցում։ Դու ուշադրություն ես դարձնում նրա հավատարմությանը, և ուշադրություն չես դարձնո՞ւմ նրա միամտությանն ու անկարողությանը։ Ահա՛. պահ է դրել, բայց լավ չի թաքցրել գանձը։ Վրա է հասնում մեկ ուրիշը և այն վերցնում տանում է։ Մի՞թե ինչ որ մեկը կարող է անել սա Քրիստոսին։
Ցնցի՛ր անշարժությունդ։ Լա՛վ որոշում կայացրու. գանձեր դիզիր Երկնքո՛ւմ։ Բայց ի՞նչ եմ ասում. ցնցի՛ր անշարժությունդ։ Կարծես թե ջանք է պահանջվում Երկնքում գանձեր կուտակելու համար։ [Ունեցվածքներիդ համար], նույնիսկ եթե ջանք է պահանջվում, ուզես թե չուզես՝ պարտավոր ես այդ ջանքը գործադրել. անելիք գործ էր՝ պահ դնելու համար ունեցվածքները – որոնց նկատմամբ մեծ համարում ունենք – ինչ որ մի պաշտպանված տեղում, որտեղից ոչ ոք չէր կարողանա գողանալ դրանք։ Քրիստոսը, մինչդեռ, երբ ասում է. «Գանձեր կուտակիր Երկնքում», քեզ չի ասում. «Աստիճաններ գտիր, [կամ] վրադ թևեր աճեցրու»։ Քեզ պարզապես ասում է. «Տո՛ւր ինձ երկրի վրա և ես կպահեմ դա Երկնքում»։ «Տուր ինձ», ասում է, «երկրի՛ վրա։ Ես եկել եմ աղքատ լինելու երկրի վրա, որպեսզի դու հարուստ լինես Երկնքում»։ Մի փոխառություն արա, որը փոխանցվում է։ Եթե մտահոգությունն ունես, որ ինչ որ մեկը կարող է խաբեությամբ տիրանալ քո ունեցվածքներին և չես ուզում կորցնել դրանք. եթե փնտրում ես ինչ որ մեկին, ով կարող է տանել դրանք այնտեղ, որտեղ դու ինքդ էլ գնալու ես. Քրիստոսն այնտեղ է՝ մեկ և մյուս դեպքերում էլ։ Քեզ չի խաբում, ընդհակառակը՝ բեռնափոխադրում է անում քո համար։
Քրիստոսը հանձինս աղքատի
4. «Բայց», հարցնում ես ինձ, «որտե՞ղ կարող եմ գտնել Քրիստոսին երկրի վրա։ Իմ հավատքի տվյալները, որքանով որ լսել եմ Եկեղեցում և սովորել եմ ու հավատացել, խորհուրդը, որ ուսուցանվել է ինձ, այն է, որ Հիսուս Քրիստոսը թաղվեց, որ երրորդ օրը հարություն առավ, որ քառասուն օր անց համբարձվեց Երկինք՝ Իր աշակերտների աչքի առաջ, որ գտնվում է Հոր աջ կողմում, և որ վերադառնալու է [ժամանակների] վերջում։ Ինչպե՞ս կարող եմ գտնել Նրան այստեղ։ Ինչպե՞ս կարող եմ Նրան հանձնել և վստահել իմ հարստությունը»։
Մի՛ մտահոգվիր, լսի՛ր մինչև վերջ։ Այսինքն, եթե արդեն լսել ես ամեն ինչ, այդ ժամանակ ասա՛ ամեն ինչ։ Գիտեմ, որ սովորել ես սա. որ խաչվեց, խաչից իջեցվեց, գերեզմանի մեջ դրվեց. որ հարություն առավ և Երկինք համբարձվեց։ Բայց դու կարդացել ես նաև Սողոսի հետ պատահածի մասին։ Երբ նա հալածում էր Եկեղեցին, լինելով գոռոզամիտ, դաժան, կոտորած տենչացող (հմմտ. Գրծ 9, 1), քրիստոնյաների արյանը ծարաված, երբ մոլեգնում էր նրանց դեմ և նրանց հալածում էր՝ նամակներ տանելով Դամասկոս, որպեսզի բանտ գցեր և տանջանքների ենթարկեր յուրաքանչյուրին՝ այր թե կին, ում վերաբերյալ կպարզվեր, որ Քրիստոսի հետևորդներից էր, ինչպե՞ս նրան խոսք ուղղեց Նա, Ում վերաբերյալ դու դավանում ես, որ Նրա գահը Երկնքում է։ Հիշի՛ր, թե նրան ի՛նչ ասաց, ինչը որ դու լսել ես, կարդացել ես. «Սողո՜ս, Սողո՜ս, ինչո՞ւ ես հալածում ինձ» (Գրծ 9, 4)։ Պողոսը չէր տեսնում Նրան, չէր հպվում Նրան։ Նա, սակայն, գոչում էր. «Ինչո՞ւ ես հալածում ինձ»։ Չի ասում. «Ինչո՞ւ ես հալածում իմ ընտանիքի անդամներին, իմ ծառաներին, իմ սրբերին», մանավանդ թե՝ ավելացրու նաև պատվո այս տիտղոսը. «իմ եղբայրներին»։ [Չգործածեց] այս կոչանուններից ո՛չ մեկը, այլ՝ ասաց. «Ինչո՞ւ ես հալածում ի՛նձ», այսինքն՝ իմ անդամներին։ Նրանց համար, որ ոտնակոխ էին արվում երկրի վրա, Գլուխը, Երկնքում, բողոքում էր։ Քեզ էլ [է նույն բանը պատահում]. եթե ինչ որ մեկը տրորում է ոտքդ, գլխիդ բարձունքից լեզուդ բողոքում է և ասում. «Ցավեցնում ես ինձ»։ Չի ասում. «Ցավ ես պատճառում իմ ոտքին»։ Եվ ուրեմն, ինչո՞ւ ես երկմտում, թե ո՛ւմ պետք է տաս։ Նույն [Քրիստոսը], որ ասաց Սողոսին, թե. «Ինչո՞ւ ես հալածում ինձ», ասում է քեզ. «Ինձ ուտելիք տուր երկրի վրա»։ Սողոսը մոլեգնում էր երկրի վրա և իր [սանձազերծած] հալածանքը Երկնքում հասնում էր Քրիստոսին։ Այսպես նաև դու. առատաձեռն եղիր երկրի վրա [և] ուտելիք տված կլինես Քրիստոսին Երկնքում։
Այս դժվարության մասին, որի պատճառով մտահոգված ես, նախապես արդեն խոսել էր Տերը։ Ասում էր, որ զարմացնելու է նաև նրանց, ովքեր կանգնեցված են լինելու Իր աջ կողմում։ Երբ Տերը [նրանց] կասի. «Քաղցած էի և դուք ինձ ուտելիք տվեցիք», նրանք կպատասխանեն. «Տե՜ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած», և իսկույն կստանան այս պատասխանը. «Ամեն անգամ, որ ինչ որ մի բան արեցիք իմ այս ամենափոքր եղբայրներից միայն մեկի համար, ի՛մ համար է, որ արեցիք դա» (Մտթ 25, 35-40)։
Ճշմարիտ հարստությունները
5. Եթե, հետևաբար, չես ուզում տալ, չքմեղանք չունես. դատապարտության պատճառներ ունես միայն։ Այդ հարստությունների վերաբերյալ Տերն ասում է [քեզ]. «Քեզ մի շա՜տ փրկարար խորհուրդ տվեցի։ [Ասում ես, որ այդ հարստությունները] թանկ են քո համար։ Ուրեմն, տեղափոխի՛ր դրանք Երկինք, և երբ տեղափոխած կլինես դրանք, դու էլ կգնաս դրանց ետևից։ Առայժմ դրանց ետևից գնա սրտով, որովհետև ''որտեղ կլինի քո գանձը, այնտեղ կլինի նաև քո սիրտը'' (Մտթ 6, 21)։ Եթե դու հողի տակ ես թաղում քո գանձը, հողի տակ ես թաղում նաև քո սիրտը։ Իսկ եթե սիրտդ թաղում ես հողի տակ, ամաչի՛ր, երբ [Սուրբ Պատարագի ընթացքում] լսում ես կոչը. ''Ի վե՜ր [ձեր] սրտերը'', [և դու պատասխանում ես]. ''Մեր սրտերն ուղղված են Տիրոջը''։ Քեզ», ասում է Տերը, «փրկարար խորհուրդ տվեցի քո հարստությունների համար։ Եթե կգործադրես իմ խորհուրդը, եթե դրան լավագույնս ականջ կդնես, եթե հարուստ կլինես այն ձևով, որով որ ասում է Առաքյալը, այսինքն՝ այնպես, որ չգոռոզանաս, հույսդ հարստության անորոշության վրա չդնես, եթե պատրաստակամ լինես տալու, կիսվելու, այնպես՝ որ մի լավ դրամագլուխ կուտակես ապագայի համար, նվաճելու համար ճշմարիտ կյանքը, եթե այս ամենը անես, դիմի՛ր քո Աստծուն», ասում է Տերը, «և ասա՛ Նրան. "Ահա՛, ո՜վ Տեր, ես Երկինք փոխադրեցի այն, ինչ ունեի, տալով ամեն ինչ, կամ էլ՝ ունեցածս պահելով այնպես, որ կարծես չունենայի, գործածելով աշխարհինը կարծես դա լիարժեք չգործածելով (հմմտ. 1Կր 7, 29.31)։ Երկնքի Արքայությունն արժե՞ այս գինը։ Ահա՛, եթե այսպես վարվեցի, սա՞ է իր գինը"»։ Թանկ գին է։ Բայց [այն, ինչը որ ձեռք ես բերում], ավելին արժե։ Այդ գինը չի համապատասխանում իր արժեքին։ Քանի որ դու ապրելու ես հավետ։ Այստեղ, իսկապես, դու քո բոլոր գանձերը կտայիր նաև սակավաթիվ օրեր տևող կյանքի համար։ Այնտեղ, մինչդեռ, լինելու ես ճշմարտապես հարուստ, ոչ մի բանի պակասությունը չես զգալու։ Որովհետև դու ա՛յս բանին ես ձգտում, երբ ուզում ես հարուստ լինել. չես ուզում երկրի վրա չքավորություն կրել, և հետևաբար՝ ունեցվածքներ ես դիզում, որոնք խտացված ցեխ են, որը ծանրացնում է քեզ և ճնշում, և որը, հազիվ չորանա, քեզ խճճված է պահելու՝ պինդ ու ամուր կերպով։ [Ինչպես նաև], ոչ մի պակասություն չունենալու նպատակով, բազմաթիվ կենդանիներ ես ցանկանում ունենալ՝ քեզ տեղափոխելու համար, և առատ ուտելիք՝ քո ապրուստի, և թանկարժեք զգեստներ՝ հագնվելու համար։ Բայց մի՛ կարծիր, թե, քանի որ շատ բաներ ունես, ուրեմն դու հարուստ ես, իսկ հրեշտակը՝ աղքատ, քանի որ այդ բաները չունի. նա ո՛չ ձի ունի, ո՛չ էլ կառք, ո՛չ սեղան՝ փառահեղ խորտիկներով զարդարված, ո՛չ էլ հագուստներ, քանի որ զգեստավորված է լույսով։ Սովորի՜ր, ո՜վ հարուստ, թե որո՛նք են ճշմարիտ հարստությունները։ Դու ցանկանում ես այս երկրային հարստությունները՝ հագեցնելու համար կոկորդդ և լցնելու համար փորդ։ Բայց քեզ ճշմարտապես հարուստ է դարձնում Նա, Ով քեզ տալիս է քաղց չզգալու պարգևը։ Սոված չլինել, սա՛ է կարիքավոր չլինելը։ Իրոք, որքան էլ որ հարուստ լինես, երբ հասնում է ճաշի ժամը, կամ համենայն դեպս՝ ճաշի գնալուց առաջ, երբ քաղցած ես, դու կարիքի մեջ ես։ Բայց, կարճ ասած, խնջույքներից անկախ, հառաչում ես՝ լի հպարտությամբ։ Եվ ո՛չ թե կարիքների բավարարման պատճառով, այլ՝ կատարելիք գործերի հարուցած ծխի։ Տե՛ս, ապա, թե ինչե՜ր ես մտածում, երբ ցանկանում ես ավելացնել հարստություններդ։ Ուշադրություն դարձրու, թե արդյոք հանգի՞ստ ես քնում, երբ մտահոգվում ես, որ կարող են կորչել այնտեղից, որտեղ դրել ես դրանք, կամ երբ մտածում ես ավելացնել դրամագլուխը. արդյոք վայելո՞ւմ ես խաղաղությունը։ Կարելի կլիներ ասել, որ գտել ես հարստությունը, եթե գտած լինեիր խաղաղությունը։ Եվ մինչդեռ, երբ արթուն ես, ա՛յլ բան չես անում, եթե ո՛չ միայն՝ մտածում ես ունեցվածքդ ավելացնելու մասին. երբ քնում ես, երազումդ գողերին ես տեսնում։ Ցերեկը՝ մտահոգությունների մեջ, գիշերը՝ տագնապի, միշտ՝ կարիքի։
Նա, մինչդեռ, Ով խոստանում է քեզ Երկնքի Արքայությունը, կամենում է քեզ իսկապես հարուստ դարձնել։ Եվ ի՞նչ գնով ես կարծում, թե հնարավոր է գնել այդ ճշմարիտ հարստությունները, այդ ճշմարիտ ու երանելի, նաև հավիտենական կյանքը։ Մի՞թե կարծում ես, թե կարող ես այն ստանալ միևնույն գնով, որով պատրաստակամ ես փրկագնել այս սակավաթիվ, թշվառ և տանջալի օրերը։ Երկնքի Արքայության համար հարկավոր է շա՜տ ավելին վճարել, որովհետև այն շա՜տ ավելին արժե։
Բավական չէ առարկաներ ընծայաբերելը, Աստծուն հարկավոր է նվիրաբերել սեփական անձը։ Տուբուռբիի մարտիրոսների օրինակը։
6. Այժմ դու ինձ կասես. «Ի՞նչ պետք է անեմ։ Դրամագլուխը, որ ունեի, աղքատներին տվեցի, իսկ այնքանին, որքանը որ հիմա ունեմ, մասնակից եմ դարձնում կարիքավորներին։ Ի՞նչ կարող եմ անել ավելի»։
Բայց դու մի բան ունես տակավին, որն ավելին է. ունես ինքդ քեզ։ Ինքդ քեզ ունես որպես ավելին։ Դու էլ քո ունեցվածքներից մեկն ես։ Պետք է ավելացնես նաև ինքդ քեզ։ Լսի՛ր, թե ի՛նչ խորհուրդ տվեց քո Տերը հարուստին. «Գնա՛, վաճառի՛ր ամեն ինչ, որ ունես, և տո՛ւր աղքատներին»։ Այս կետում, [սակայն], հրաժեշտ չտվեց իր զրուցակցին։ Եվ որպեսզի նա չկարծեր, թե կորցնելու էր հարստությունը, որը սիրում էր, նախևառաջ հանգստացրեց նրան՝ ասելով, որ չէր կորցնում [այն], այլ՝ պահ էր դնում. «Եվ գանձ կունենաս Երկնքում»։ Բայց բավական չէ։ Հավելեց. «Ե՛կ և հետևի՛ր ինձ» (Մտթ 19, 21)։
Սիրո՞ւմ ես։ Ուզո՞ւմ ես հետևել Նրան, Ում սիրում ես։ Նա, Ում դու կամենում ես հետևել, վազե՜ց, ճախրե՜ց։ Ո՞ր ճանապարհով։ Վշտերի, անարգանքների, կեղծ մեղադրանքների, երեսին թքելու, ապտակների ու ծեծերի, փշե պսակի, խաչի, մահվան։ Ինչո՞ւ ես տեղդ քարացած մնում։ Ուզում էիր հետևել Նրան։ Ահա՛, քո համար մատնանշված է ճանապարհը։ «Բայց ո՞վ կարող է», առարկում ես ինձ, «հետևել Նրան այդ ճանապարհի վրա»։ Ամաչի՛ր, մորուք ունեցող տղամարդ, կարմրի՛ր։ Կանայք հետևեցին Նրան. նրանք, օրինակ, որոնց տոնն ենք կատարում այսօր։ Մենք այսօր հանդիսավոր կերպով կատարում ենք Տուբուռբիի մարտիրոսների տոնը[1]։ Մեր Տերը, որը ձեր Տերն է, նրանց Տերը, բոլորի Տերը, մեր կյանքը Փրկագնողը, մեզնից առաջ անցնելով նեղ ու դժվարին ճանապարհով՝ այն դարձրեց լայն, թագավորական, ապահով և լավ պաշտպանված, որով նաև կանանց հաճելի կլիներ ընթանալ։ Իսկ դու դեռ անշա՞րժ ես մնում։ Չես ցանկանում արյունդ հեղել այսքա՜ն թանկարժեք Արյան փոխարեն։ Քո Տերը քեզ ասում է. «Առաջինը ես չարչարվեցի քո համար։ Փոխադարձի՜ր այն բանին, ինչը որ ստացել ես։ Վերադարձրո՜ւ այն, ինչը որ հայթայթել ես»։ Ասում ես, թե չե՞ս կարող։ Դա կարողացան անել պատանիներն ու պարմանուհիները։ Դա կարողացան անել թույլ տղամարդիկ և կանայք. դա կարողացան անել հարուստ, մեծահարուստ մարդիկ, ովքեր չարչարանքների փորձության դիմաց հայտնվելով՝ թույլ չտվեցին, որ իրենց ետ պահեն իրենց մեծ հարստությունները, ո՛չ էլ՝ որ իրենց հմայեր կյանքի քաղցրությունը, մտաբերելով այն հարուստին, որը, երբ հարստությունները վերջացան, հայտնվեց տանջանքների մեջ (հմմտ. Ղկս 16, 19-31)։ Եվ նրանք իրենցից առաջ չուղարկեցին իրենց հարստությունները, այլ ավելի շուտ՝ իրենք դրանցից առաջ ընթացան մարտիրոսությամբ։ Այսքա՜ն օրինակներ առջևդ ունենալով՝ տեղումդ անշա՞րժ ես մնում։ Եվ սակայն, հանդիսակատարում ես մարտիրոսների տոնը։ Այսօր նրանց մարտիրոսության տարեդարձն է։ «Կմասնակցեմ [տոնին]», ասում ես։ Եվ, թերևս, լավագույն զգեստդ հագած։ Ստուգիր, ավելի լավ է, թե ներքին ի՛նչ հետևողականությամբ. սիրի՛ր այն, ինչ անում ես. նմանվի՛ր նրանց, ում տոնակատարում ես. գործադրի՛ր այն, ինչը որ գովելի ես հռչակում։ «Բայց ես», ասում ես, «չեմ կարող»։ [Հիշի՛ր]. «Տերը մոտ է։ Ո՛չ մի բանի համար մի՛ մտատանջվեցեք» (Փլպ 4, 5-6)։ «Բայց ես», կրկնում ես, «չեմ կարողանում»։ Դու մի՛ վախեցիր, թե Ակունքն Ինքնին կարող է չորանալ։ Այնտեղ, որտեղ մարտիրոսները կարողացան իրենց ծարավը հագեցնել, դու էլ կարող ես հագենալ, եթե մերձենաս ցանկությամբ լի, եթե վեր չխոյանաս բլրի նման, այլ՝ խոնարհվես իբրև հովիտ, որպեսզի կարողանաս լիացվել (հմմտ. Ես 40, 4)։
Ծաղկուն աշխարհ, հիվանդ մարդկություն, Քրիստոսը՝ բժիշկ
7. Այս խոսքերը թող որ դժնդակ չթվան մեզ, եղբայրներ, հատկապես բազմաթիվ նեղություններով լի այս ժամանակներում. աշխարհը մարտիրոսների կողմից արհամարհվեց, երբ իր ծաղկուն ժամանակների մեջ էր. մեծ արժանիքով արհամարհվեց, երբ բարգավաճման մեջ էր, իսկ այժմ [ոմանց կողմից] սիրվում է, մինչ մեռնում է։ Նրանք անտեսեցին աշխարհի ծաղիկները, մինչդեռ դու փարվում ես նրա փշերին։ Եթե այնքա՜ն ծույլ ես, որ չես ուզում դուրս գալ տնից, գոնե փաստը, որ տունը փլվում է, թող որ քեզ վախեցնի։ Բայց պատահում է, որ հեթանոսը անպատվում է քեզ։ Բայց ինչի՞ համար է անպատվում քեզ։ Ճշմարտապես հասել է ժամանակը, երբ հեթանոսը անպատվում է քեզ, որովհետև կատարվում են քո Տիրոջ մարգարեությունները։ Ավելի արդարացի կլիներ, սակայն, որ քեզ անպատվեին, եթե իրականացած չլինեին այն բաները, որոնք Նա կանխավ ասել է։ Հեթանոսը մերժում է Աստծուն, Ում դու պատվում ես. դու, հիմքի վրա այն բաների, որոնց աշխարհն այժմ ենթարկվում է, ապացուցի՛ր նրան, որ քո Տերը ճիշտն է ասել, և առանց տխրելու այն բաների համար, որոնք կանխավ ասվել են, ուրախությամբ վայելի՛ր տրված խոստումները։ Նա եկավ մի ժամանակ, երբ – այլևս դեպի իր մայրամուտն ընթանալով աշխարհի տարիքը, որը թվում է այնպես կարգավորված, որ ունենալու է իր վախճանը – լինելու էին մեծաքանակ կոտորածներ ու ավերածություններ, տագնապալի իրավիճակներ ու նեղություններ։ Քո մխիթարության համար եկավ Նա, Ով ճիշտ ժամանակին եկավ։ Եվ որպեսզի դու չվհատվեիր անցողիկ ու մահկանացու կյանքի վշտերի մեջ, մի ա՛յլ կյանք խոստացավ քեզ։ Նախքան աշխարհը կտառապեր այս նեղությունների ու դժբախտությունների պատճառով, ուղարկվեցին Մարգարեները։ Ուղարկվեցին որպես ծառաներ՝ այս մեծ հիվանդի մոտ, որ մարդկային ցեղն է, որ նման է մեկ հիվանդ մարդու, որը հիվանդ պառկած է՝ Արևելքից Արևմուտք տարածված։ Հզոր Բժիշկն ուղարկեց Իր ծառաներին։ Բայց հասավ մի պահ, երբ այս հիվանդի վրա հիվանդության այնպիսի սրացումներ գրանցվեցին, որ նա [դրանց պատճառով] պետք է շատ տառապանք քաշեր։ [Այդ ժամանակ] Բժիշկն ասաց. «Այս հիվանդը շուտով սկսելու է շատ տառապել։ Հարկավոր է, որ ես ինքս գնամ [նրա մոտ]»։ Հիվանդը, եթե անխելք է, Բժշկին կասի. «Տե՜ր, տառապում եմ այն պատճառով, որ եկել ես»։ «Անխե՜լք, ո՛չ թե տառապում ես, որովհետև ես եկել եմ, այլ՝ ես եկել եմ, որովհետև դու տառապում էիր»։ Վերամփոփում եմ, եղբայրներ։ Ինչո՞ւ ենք շատ բաներ ասում։ Տերն արագընթաց կատարելու է Իր խոսքը երկրի վրա (Ես 10, 22; Հռմ 9, 28)։
Բարի վարքով ապրենք, ուրեմն, և մեր բարեվարքությանը որպես հատուցում չակնկալենք երկրի անցողիկ ունեցվածքները։ Երկրային երջանկությունը չափազանց քիչ է բարի վարքով ապրված կյանքի համար։ Այստեղ լավ ապրելը միևնույն արժեքը չունի, քան այն, ինչը որ քո փափագների առարկան է, իսկ եթե փափագում ես [երկրային] բաներ, և ո՛չ իսկ ապրում ես լավ։ Եթե կամենում ես փոխել [իրադրությունը], փոխի՛ր փափագներդ։ Դու հավատք ես ընծայում Աստծուն և դա անում ես երկրի վրա երջանիկ լինելու նպատակով։ Բայց մի՞թե սա է Աստծուն հավատք ընծայելու հիմնավորումը։ Այսքա՜ն քի՞չ արժե քո հավատքը։ Այսքա՜ն քի՞չ ես այն գնահատում։ Այսքա՜ն քչի՞ ես այն վերածում։ Երբ վաճառելիք ինչ որ մի բան ես ունենում այստեղ՝ երկրի վրա, և գնորդի հետ բանակցում ես գնի վերաբերյալ, դու բարձրացնում ես դրա գինը, [իսկ] նա իջեցնում է։ «Այսքա՛ն արժի», ասում ես դու, բարձրացնելով գինը այն բանի, ինչը որ վաճառում ես։ Նա առարկում է. «Չարժի՛ այդ գինը, այլ՝ այսքա՛նը», և քեզ առաջարկում է ավելի ցածր գին, կամենալով ավելի ցածր գնով գնել։ Քրիստոս Տերն ուղղում է քեզ։ Դու Քրիստոսին՝ քո Տիրոջն ասում ես. «Ես հավատք եմ ընծայում Քո հանդեպ, իսկ Դու ինձ ունեցվածքներ տուր երկրի վրա»։ Անխե՜լք։ Այն, ինչը որ վաճառում ես[2], այդքա՜ն ցածրարժեք չէ։ Սխալի մեջ ես։ Չգիտես ունեցածիդ արժեքը։ Դու հավատք ես ընծայում [Աստծուն] և փոխարենը միայն երկրային ունեցվածքնե՞ր ես ակնկալում։ Հավատքդ ավելին արժե, քան ամբողջ երկիրը, [բայց դու] չես կարողանում գնահատել այն։ Ես, որ ավանդել եմ քեզ այն, գիտեմ, թե որքա՜ն արժե։ Արժե այնքան, որքան ամբողջ երկիրը։ Երկրին գումարիր նաև երկինքը։ Այդքանից էլ դեռ ավելին արժե։ Իսկ ի՞նչ կա ավելի [արժեքավոր], քան երկիրն ու երկինքը։ Նա, Ով ստեղծել է երկիրն ու երկինքը։