Ճառ 351. « ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 351. « ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ »

Խոնարհությունը նվազեցնում է հեռավորությունը մեր և Աստծո միջև

1. 1. Մարդիկ, ովքեր միշտ հիշում են, որ իրենք ո՛չ ա՛յլ ինչ են, քան՝ մարդիկ, բավական հեշտությամբ հասկանում են, թե որքա՜ն օգտակար և անհրաժեշտ է ապաշխարությունը՝ բուժման նման: Արդարև, գրված է. «Աստված հակառակ է հպարտներին. խոնարհներին, մինչդեռ, տալիս է Իր շնորհը» (Հկբ 4, 6)։ Եվ Ավետարանում Տերն ասում է. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղկս 18, 14)։ Մաքսավորը, ով ուշադիր էր՝ խոստովանելու իր մեղքերը, տաճարից դուրս ելավ ավելի արդարացված, քան փարիսեցին, ով իրեն հանգիստ էր զգում՝ իր արժանիքների թվարկմամբ։ Նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն, ասելով. «Ո՜վ Աստված, շնորհակալ եմ Քեզ, որ ես նման չեմ մյուս մարդկանց՝ գողերի, անարդարների, շնացողների. ո՛չ էլ այս մաքսավորի նման եմ։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ամբողջ ունեցվածքից տասանորդ եմ տալիս»։ Եվ սակայն, նրանից ավելի նախընտրելի եղավ նա, ով «կանգ էր առել հեռվում և նույնիսկ չէր համարձակվում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ՝ ծեծում էր իր կուրծքը և ասում. Ո՜վ Աստված, ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս» (Ղկս 18, 10-14)։

Փարիսեցին վայելք էր ապրում ո՛չ այնքան իր բարոյական ենթադրյալ մաքրությունից, որքան ուրիշների թերությունների հետ համեմատությունից։ Անշուշտ, նրա համար ավելի օգտակար կլիներ բացահայտորեն ցույց տալ բժշկին, որի մոտ եկել էր, թե ի՛նչ հիվանդություններով էր ինքը տառապում, քան թաքցնել իր վերքերը և պարծենալ՝ համեմատելով դրանք ուրիշների վերքերի հետ։ Զարմանալի չէ, հետևաբար, որ այդ մաքսավորը, որը չամաչեց ցույց տալ իր հիվանդ մասը, այդտեղից ետ վերադարձավ ավելի առողջացած, քան մյուսը։ Տեսանելիի աշխարհում, բարձրադիր վայրեր հասնելու համար, անկասկած հարկավոր է դեպի վեր շարժվել. Աստծուն, մինչդեռ, Ով ամենավերին բարձրությունն է, հնարավոր է հասնել խոնարհության միջոցով սեփական անձը խոնարհեցնելով, այլ ո՛չ թե՝ բարձրացնելով։ Այդ իսկ պատճառով, մարգարեն ասում է. «Տերը մոտ է նրանց, ովքեր սրտով զղջացած են» (Սղմ 33, 19)։ Եվ տակավին. «Բարձրյալ է Տերը։ Նա Իր հայացքն ուղղում է խոնարհ բաներին և հեռվից է նայում բարձր բաներին» (Սղմ 137, 6)։ Բարձր բաներն այստեղ նշանակում են «հպարտները». առաջիններին, ուստի, նայում է՝ նրանց ընդունելու, մյուսներին՝ մերժելու համար։ Ասելով, որ Նա Իր հայացքը հեռվից է ուղղում բարձր բաներին, ցույց է տալիս բավականաչափ կերպով, որ խոնարհներին մոտիկից է ուշադրություն դարձնում։ Եվ այնուամենայնիվ, քիչ առաջ որպես «բարձրյալ» էր սահմանել հենց Տիրոջը։ Բայց Աստված – Ի՛նքը միայն – հպարտ չէ, որքան էլ որ մեծ լինի գովքը, որով Նա պանծացվում է։

Հպարտությունը, հետևաբար, թող որ չկարծի, թե կարող է թաքնվել Աստծո աչքերից, քանի որ Աստված ճանաչում է բարձր բաները, և թող որ չկարծի, թե իր բարձրությունը կապված է Աստծո հետ, քանի որ բարձր բաները Աստված դրանց հեռվից է նայում։ Ով, հետևաբար, մերժում է ապաշխարության խոնարհությունը, իր մտքում չունի մերձենալը Աստծուն. ա՛յլ բան է, իրոք, առ Աստված բարձրանալը, և ա՛յլ բան՝ Նրա դեմ հառնելը։ Ով խոնարհվում է Աստծո առաջ, Նրա կողմից բարձրացվում է. ով հառնում է Նրա դեմ, Նրա կողմից հեռացվում է։ Մի բան է ճշմարիտ մեծության ամրությունը, մեկ ա՛յլ բան՝ դատարկ հպարտության ունայնությունը։ Ով որ դրսից փքվում է, իր ներսում փչանում է։ «Ով, մինչդեռ, նախընտրում է խոնարհ մնալ Աստծո տան շեմին, քան թե բնակվել մեղավորների տանը» (Սղմ 83, 11), Աստված նրան ընտրում է, որպեսզի բնակվի Իր գավիթներում, և, չնայած որ նա ոչինչ չէր պահանջում ինքն իր համար, նրան ներս է մտցնում երանելի վայրը։ Սրա համար է, որ Սաղմոսի մեջ այդքա՜ն քաղցրությամբ և գերագո՜ւյն ճշմարտությամբ երգվում է. «Երանելի՜ է այն մարդը, որին Դու ընդունում ես, ո՜վ Տեր» (Սղմ 83, 6)։ Մի՛ կարծիր, ապա, թե նա, ով խոնարհեցնում է իրեն, միշտ ցածրում է մնում, քանի որ ասվել է, որ բարձրացվելու է։ Բայց մի՛ կարծիր, թե այս տեսակի բարձրացումը տեղի է ունենում մարդկանց աչքերի առաջ՝ երկրային աշխարհի հետ կապակցված ինչ որ մի գերազանցության պատճառով։

«Երանելի՜ է այն մարդը, որին Դու ընդունում ես, ո՜վ Տեր» խոսքերի մեջ ներառված և քողազերծված է այս ընդունելության հոգևոր բարձրության մակարդակը։ «Դեպի վեր բարձրանալու աստիճաններ դրեց», շարունակում է Սաղմոսը, «իր սրտի խորքում, լացի հովտում, իր կողմից հաստատված վայրում» (Սղմ 83, 6-7): Որտե՞ղ, ուրեմն, դրեց վեր բարձրանալու սկիզբը: Սրտի մեջ, այսինքն՝ լացի հովտում։ Սա՛ է «ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» խոսքի իմաստը։ Ինչպես, արդարև, «բարձրացումը» մարդու պանծացումն է, այնպես էլ հովիտը մատնանշում է նրա խոնարհությունը, նրա հառաչանքները հովիտների խորքում։ Ինչպես, իրոք, ցավը զղջման ուղեկիցն է, այնպես էլ լացը վշտի ուղեկիցն է։

Սաղմոսի շարունակությունը շատ լավ համապատասխանում է նյութին. «Նա, ով տվեց օրենքը, կտա նաև օրհնությունը» (Սղմ 83, 8)։ Օրենքը տրվեց մեղքի պատճառած վերքերը լույսի տակ դնելու համար. վերքեր, որոնք շնորհի օրհնությունը կարող է բուժել։ Օրենքը տրվեց բացահայտ կերպով ցույց տալու համար հպարտին իր տկարությունը, և ապաշխարության տրամադրելու համար տկարին։ Օրենքը տրվեց, որպեսզի լացի հովտում մենք կարողանանք ասել [Առաքյալի հետ]. «Իմ անդամների մեջ տեսնում եմ մի օրենք, որը պատերազմ է մղում իմ մտքում եղած օրենքի դեմ և ինձ ստրկացնում է մեղքի օրենքին, որն իմ անդամների մեջ է». և իր հետ աղաղակեինք՝ լացելով. «Դժբախտ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից» (Հռմ 7, 24)։ Թող որ օգնությա՜ն հասնի մեզ, լսելով մեր աղաղակը, Նա, Ով կրկին ոտքի է կանգնեցնում ընկածներին, ազատում է բանտարկյալներին, կրկին տեսողություն է պարգևում կույրերին (Հմմտ. Սղմ 145, 7-8). «Աստծո շնորհը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռմ 7, 23-25):

 

Ապաշխարության երեք տեսակներ։ Նախամկրտական ապաշխարությունը։

2. 2. Երեքն են ապաշխարության գործերը, և դրանց մասին դուք, ինչպես և ես, տեղյակ եք։ Դրանք, իրոք, կիրառվում են Աստծո Եկեղեցում և քաջ հայտնի են նրան, ով ջանասիրաբար ուշադրություն է դարձնում դրանց։ Առաջինը կապված է նոր մարդու ծննդի հետ, մինչև որ փրկաբեր Մկրտությամբ չկատարվի բոլոր անցյալ մեղքերի լվացումը։ Այս ծնունդը նման է երկունքի ծննդաբերությանը. երեխայի ծննդյան ժամանակ ցավը, որը ներքին օրգանների վրա գործադրված ճնշման պատճառով տանջում է ծննդկանին, անցնում է, և տխրությանը հաջորդում է ուրախությունը։ Ով, իրոք, այլևս իր կամքի տերն է և մտադիր է մերձենալ հավատացյալների խորհուրդներին[1], չի կարող նոր կյանք սկսել, եթե նախ չի զղջում անցյալի համար։ Նման ապաշխարությունից ազատված են միայն երեխաները, քանի որ նրանք դեռևս չեն կարող օգտվել ազատ կամքից։ Նրանց, այդուհանդերձ, նրանց սրբագործման և սկզբնական մեղքի թողության համար, օգնություն է հասցնում հավատքը նրանց, ովքեր ներկայացնում են նրանց, այնպես՝ որ, ինչպես նրանք ի ծնե մեղքի բծեր ստացան ուրիշներից, այնպես էլ մաքրվեն դրանցից ուրիշների հարցերի ու պատասխանների միջոցով[2]։

Իսկապես ճշմարիտ է Սաղմոսերգուի ողբը. «Ահա՛, անօրենության մեջ եմ ես ծնվել, մեղքի մեջ է ինձ հղացել իմ մայրը» (Սղմ 50, 7), համանման կերպով այն բանին, ինչը որ գրված է [մեկ ա՛յլ հատվածում]. որ Աստծո առաջ միայն մեկ օրական երեխան անգամ մաքուր չէ (հմմտ. Հոբ 14, 4): Մի կողմ թողնենք երեխաներին, որոնց աստիճանի ու ճակատագրի վերաբերյալ – Սրբերին խոստացված ապագա կյանքի հարցում – տեղին չէ ավելին քննել, քանի որ դա գերազանցում է մարդկայինի չափը: Բարեպաշտորեն հավատում ենք, սակայն, որ նրանց օգտակար է հոգևոր փրկության համար այն, ինչը որ այդ առումով պահպանում է, հաստատուն ամրությամբ, եկեղեցական իշխանությունը, ամբողջ աշխարհում։ Մյուս մարդկանց դեպքում, ոչ ոք չի անցնում Քրիստոսին՝ սկսելու համար լինել այն, ինչ չէր, եթե նախ չի զղջում իր ո՛չ քրիստոնեական անցյալի համար։ Սա՛ էր ապաշխարության առաջին ձևը, որ պատվիրվել էր հրեաներին Պետրոս Առաքյալի բերանով. «Ապաշխարեցե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող որ մկրտվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Գրծ 2, 38): Նույն ապաշխարությունն էր պատվիրվում Տիրոջ կողմից, երբ ասում էր. «Ապաշխարեցե՛ք, որովհետև Երկնքի Արքայությունը մոտ է» (Մտթ 4, 17)։ Դրա մասին նաև Հովհաննես Մկրտիչը՝ Նախակարապետը, որ պատրաստեց Տիրոջ ճանապարհը, Սուրբ Հոգով լի ասում է. «Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ կարծել տվեց, թե կարող եք խուսափել Աստծո պատժից, որ շուտով վրա է հասնելու։ Ուրեմն, ապաշխարության արժանի պտուղներ բերեք» (Մտթ 3, 7-8)։

 

Բոլորի համար ընդհանուր ամենօրյա ապաշխարությունը

3. 3. Ապաշխարության երկրորդ տեսակը, որին պետք է ենթարկվենք մեր ողջ կյանքի ընթացքում, քանի դեռ ապրում ենք մահկանացու մարմնի մեջ, աղոթքի տևական խոնարհությունն է։ Սա նախևառաջ պայմանավորված է նրանով, որ ոչ ոք, եթե չի զղջում այս ժամանակավոր, ապականացու, մահկանացու կյանքի համար, չի կարող փափագել հավիտենական կյանքը, որը ենթակա չէ ապականությանն ու մահվանը։ Ով, իրոք, մկրտական նվիրագործման միջոցով ծնվում է նոր կյանքին, անցյալ կյանքի բոլոր մեղքերն իր վրայից թոթափելով հանդերձ՝ չի թոթափում նաև, այդ պահին, մարմնի մահկանացու լինելն ու ապականությունը։ Եվ նույնիսկ եթե դա այդպես չլիներ, ճշմարիտ է մնում այն, ինչը որ գրված է, և ինչը որ, համենայն դեպս, յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում զգում է իր մեջ. և այսինքն, որ «ապականացու մարմինը ծանրացնում է հոգին և երկրային օթևանը ճնշում է բազմաթիվ մտքերով բռնված միտքը» (Իմս 9, 15)։ Ինչը որ չի լինելու այն երանության մեջ, որտեղ «մահը կլանվելու է հաղթանակի մեջ» (հմմտ. 1Կր 15, 54)։

Բայց մինչ այդ, կասկած չկա, որ անկախ մեր բարեկեցության վիճակից, պետք է այս կյանքում ապաշխարության հոգի ունենանք, որպեսզի կարողանանք խանդավառությամբ ընթանալ դեպի հավիտենական կյանքի անապական նպատակակետը։ Այս պատճառով Առաքյալն ասում է. «Քանի դեռ բնակվում ենք մարմնի մեջ, աքսորի մեջ ենք, Տիրոջից հեռու. իսկապես, քայլում ենք հավատքի լույսի ներքո, ո՛չ թե՝ տեսողության մեջ» (2Կր 5, 6-7)։ Ո՞վ է, ուրեմն, շտապում և ցանկանում վերադառնալ հայրենիք՝ դեմ առ դեմ տեսնելու այդ տեսիլքը, եթե ո՛չ՝ նա, ով ընդունակ է զղջալու իր աքսորական կյանքի համար։ Ապաշխարողի այս ցավից է պոռթկում սաղմոսերգուի վշտահար ձայնը, որն հնչում է այսպես. «Ավա՜ղ, որքա՜ն երկար է աքսորս»։ Եվ որպեսզի դու չմտածես, թե սա վերաբերվում է տակավին չմկրտված մեկին, ով այսպես է խոսում, ուշադրություն դարձրու հետագա խոսքերին. «Բնակվում էի Կեդարի վրանների մեջ։ Ես, որ խաղաղության կողմնակիցն եմ, խաղաղությունն ատողների հետ եմ բնակվել։ Երբ խոսում էի նրանց հետ, նրանք ինձ հակառակվում էին ամեն չափից ավելի» (Սղմ 119, 5-7)։

Այս խոսքը միայն մկրտված մարդունը չէ, այլ նաև՝ շատ հաստատուն ավետարանչինը և շատ ուժեղ մարտիրոսինը։ Առաքյալն, իրոք, ասում է. «Գիտենք, որ եթե մեր այս երկրային տունը քանդվի, մենք, սակայն, Աստծուց երկնքում կստանանք մի տուն, որը մարդու ձեռքով չի շինվել և որը հավիտենական կլինի։ Մենք, հետևաբար, հառաչում ենք մեր այս վիճակում, ցանկանալով զգեստավորվել մեր երկնային բնակարանով. պայմանով, սակայն, որ գտնվենք արդեն հագնված, և ո՛չ թե՝ մերկ։ Իրոք, մենք, որ երկրային վիճակում ենք, հառաչում ենք, կարծես բեռի տակ լինենք, բայց չենք ուզում մերկացվել, այլ՝ վրայից հագնել, որպեսզի այն, ինչը որ մահկանացու է, կլանվի կյանքի մեջ» (2Կր 5, 1-4)։

Մենք, ըստ էության, ցանկանում ենք չլինել այն վիճակում, որի մեջ գտնվում ենք։ Ի՞նչ է, արդարև, մեր ողբը, եթե ո՛չ՝ ափսոսանքը, որ տեսնում ենք մեզ այս վիճակում։ Իսկ ե՞րբ է ավարտվելու ապրելու այս վիճակը, եթե ո՛չ՝ այն ժամանակ, երբ, երկրային այս տունը քանդվելով, մեզ որպես վիճակ կտրվի երկնային օթևանը, որը հոգու և մարմնի մեջ մի նոր տարածաչափություն կհաստատի ամբողջ մարդու համար։ Փոխակերպման այս անհրաժեշտությունը նաև Սուրբ Հոբին է մղում ասելու, որ ո՛չ այնքան գայթակղություններ կան կյանքում, որքան՝ որ կյանքն ինքնին մի գայթակղություն է։ Նա այսպես է արտահայտվում. «Մի՞թե մարդու կյանքը գայթակղություն չէ երկրի վրա»։ Միևնույն հատվածում նա հրաշալի կերպով անդրադառնում է նաև ընկած մարդու խորհրդին, ասելով. «Ինչպես ստրուկը, որ փախչում է իր տիրոջից և ապաստան է գտնում ստվերների մեջ» (Հոբ 7, 1-2)։ Ներկա կյանքն, իրոք, կյանքից ավելի, հարկավոր է կյանքի ստվեր անվանել։ Առանց պատճառի չէ, որ Ադամը, մեղքի պատճառով Աստծո դեմ կատարած հանցանքից հետո փախստական ​​դարձած, թաքնվեց Նրա ներկայությունից՝ ծածկվելով ծառերի տերևների մեջ, որոնք ստվերոտ տեղեր են ապահովում. «Ինչպես մեկը, ով փախչում է իր Տիրոջից», գրված է, «նա ապաստան է գտնում ստվերների մեջ»։

 

Ապաշխարության անհրաժեշտությունը Խոսքի և Խորհուրդների սպասավորների համար

3. 4. Ով որ Մկրտությունից հետո, որը նրան մաքրել է անցյալի մեղքերից, չի գործել այնպիսի մեղքեր, որոնց պատճառով կարող է բացառվել խորանի հաղորդությունից[3], թող որ չհամարձակվի հպարտանալ, գրեթե պարծենալով իբր ձեռք բերած լիակատար անվտանգությամբ։ Հենց այս պատճառով է, որ նախորդ ճառը խոսեցինք։ Փոխարենը, թող որ պահպանի խոնարհությունը, որը քրիստոնեական վարքի գրեթե միակ կանոնն է. «Չհպարտանանք, ուրեմն, մենք, որ հող ենք ու փոշի» (Հմմտ. Սրք 10, 9), մինչև որ ամբողջովին կանցնի այս գիշերը, «որի ընթացքում թափառում են անտառի բոլոր գազանները, մռնչում են առյուծների ձագերը՝ փնտրելով իրենց որսը, և Աստծուց իրենց կերակուրն են խնդրում» (Սղմ 103, 21): Հոբն ինքն էլ խնդրեց այս կերակուրը, երբ ասաց. «Մարդկային կյանքը երկրի վրա փորձություն է», և Տերն այդ առումով հավելեց. «Սատանան իշխանություն է ստացել մաղելու ձեզ ցորենի նման» (Ղկս 22, 31):

Ո՞ր խելամիտ մարդը չէր տխրի։ Ո՞վ չէր ցանկանա խուսափել դրանից՝ ապաշխարության միջոցով։ Ո՞վ հետամուտ չէր լինի՝ լսված լինելու, ամենայն խոնարհությամբ հայցելով աստվածային օգնությունը, մինչև որ կդադարեն գայթակղության այս բոլոր պատճառները և երկրային իրականությունների ստվերները։ Եվ այն լույսը, որ երբեք չի մարում, հավերժական օրը, կլուսավորի նաև մեզ։ «Ի լույս կբերի խավարի գաղտնիքները և բացահայտ կդարձնի սրտերի դիտավորությունները։ Այն ժամանակ յուրաքանչյուր ոք Աստծուց կստանա արժանի գովասանքը» (հմմտ. 1Կր 4, 5)։

Իսկ եթե մեկը պարծենում է, որ այնքա՜ն է տիրապետել իր մարմնին, որ աշխարհում այն խաչված է դարձրել ամեն չար արարքի համար, և որ պատժում է այն՝ նրա անդամները ստրկության ենթարկելով, որպեսզի մեղքն այլևս չթագավորի իր մահկանացու մարմնի վրա՝ ինքը չհնազանդվելով մեղքի ցանկություններին. եթե երկրպագում է միակ ճշմարիտ Աստծուն, առանց որևէ կռապաշտական ​​ծեսի տրվելու կամ դիվային պաշտամունքների թակարդն ընկնելու, և ապարդյուն չի ընդունում Տիրոջ՝ իր Աստծո անունը. եթե ապահով հավատքով ակնկալում է հավիտենական խաղաղությունը և պարտուպատշաճ պատվով է պատասխանում իր ծնողներին. եթե չի պղծվել մարդասպանության արյունով, ո՛չ էլ աղտոտվել է պոռնկությամբ, գողության խաբեությամբ, կեղծավորության երկերեսանիությամբ, ուրիշների ունեցվածքների կամ կնոջ նկատմամբ ցանկասիրությամբ. եթե իր ունեցվածքների մեջ էլ չափը չի անցնում շքեղությամբ, ո՛չ էլ ցամաքում է ագահությամբ. եթե կռվազան չէ, ո՛չ էլ՝ վիրավորող կամ չարախոս. և, ի վերջո, վաճառում է իր ամբողջ ունեցվածքը և ստացված գումարը տալիս է աղքատներին. եթե մեկն է, որ հետևում է Քրիստոսին, իր սրտի արմատը տնկելով Երկնքի գանձարանի մեջ. ուրեմն ի՞նչ կարելի է ավելացնել այսքա՜ն կատարյալ արդարությանը։

Այս մարդուն, սակայն, մենք ասում ենք, որ չպետք է պարծենա դրանով։ Թող որ հասկանա, որ բոլոր այդ բաներն իրեն տրված են, որ դրանք գոյություն չունեն իր արժանիքների շնորհիվ։ «Այն բաներից, որոնք նա ունի, ի՞նչն է, իրոք, այն, ինչը որ չի ստացել։ Իսկ եթե ստացել է, ինչո՞ւ է դրանով հպարտանում, կարծես թե դա չի ստացել» (հմմտ. 1Կր 4, 7)։ Թող որ իմաստուն կերպով բաշխի Տիրոջ փողը. թող որ հոգ տանի իր մերձավորին այնպես, ինչպես որ գիտի, որ ինքն էլ է նպաստ ստացել։ Ո՛չ էլ թող կարծի, թե բավարար է ստացածը պահպանելը, որովհետև ենթարկվում է վտանգին՝ լսելու, թե ինչպե՛ս է իրեն ասվում. «Չար և ծույլ ծառա, [...] դու պետք է իմ փողը փոխ տայիր, որպեսզի երբ վերադառնայի, կարողանայի այն տոկոսով ետ ստանալ» (հմմտ. Մտթ 25, 26-30). և վտանգին է ենթարկվում, հետևաբար, իրեն զրկված տեսնելու նաև այն բաներից, որոնք ստացել էր, և դուրս նետվելու՝ խավարի մեջ։ Եթե ​​նրանք, ովքեր կարողանում են անվնաս պահպանել իրենց ստացածը, պետք է վախենան այդպիսի ծանր պատժից, ապա ի՞նչ հույս կարող են ունենալ նրանք, ովքեր այն մսխում են անբարո ու չարագործ ձևով։ Եթե ​​զբաղված ես մարդկային գործերով, հավատարիմ եղիր քո պարտականություններին, բայց մի հոգևոր շահույթի համար, այլ ո՛չ թե՝ նյութական. կապված մի՛ մնա աշխարհային գործերին, և սակայն, քանի որ պետք է ճակատամարտ մղես Աստծո համար, ծույլ մի՛ եղիր և անգործ պարապության մեջ նողկալի։

Թող որ ուրախությամբ տան, ուրեմն, եթե կարող են, իրենց բոլոր ողորմությունները. և՛ երբ ինչ որ մի բան են տալիս աղքատների նյութական ապրուստի համար, և՛ երբ, Երկնային Հացը բաժանելով, հավատացյալների սրտերի մեջ անառիկ ամրոցներ են կառուցում սատանայի հարձակումների դեմ։ «Աստված սիրում է նրանց, ովքեր տալիս են ուրախությամբ» (2Կր 9, 7)։ Դժվարությունների ժամանակ թույլ չտանք, որ մեզ թուլացնի դրանց դիմանալու անհարմարությունը. անհրաժեշտ է, որ դրանք գոյություն ունենան, որպեսզի մարդն իմանա, որ ինքը սոսկ մարդ է։ Թույլ չտանք, որ զայրույթը տիրանա մեր վրա՝ նրանց նկատմամբ, ովքեր ընդդիմանում են մեզ ատելությամբ. նրանց նկատմամբ, ովքեր, կարիքից մղված, մեզնից խնդրում են նյարդայնացնող համառությամբ. նրանց նկատմամբ, ովքեր մեզնից օգնություն են խնդրում իրենց աշխատանքի մեջ, անտարբերություն դրսևորելով այն փաստի նկատմամբ, որ մենք գործերով շա՜տ ավելի ծանրաբեռնված ենք, քան իրենք. ի վերջո, նրանց նկատմամբ, ովքեր շահից կամ իրենց մտավոր թշվառ բթությունից կուրացած, դիմադրում են ակնհայտ արդարության մասին կատարվող խոսակցությանը։

Նաև տալու մեջ հարկավոր չէ անցնել արդար չափը. ինչպես նաև խոսելիս՝ պետք չէ խոսել ավելին, քան անհրաժեշտ է, հատկապես՝ երբ դա անհրաժեշտ չէ։ Ճիշտ է, որ «գեղեցիկ են քայլերը նրանց, ովքեր խաղաղության ավետիս են բերում. նրանց, ովքեր բարի բաներ են ավետում» (Հռմ 10, 15), սակայն նրանք էլ, երբ չոր հողի են դիպչում, իրենց վրա են վերցնում այն ​​փոշին, որը հետո, արդարացիորեն, թափ է տրվում ի դատապարտություն նրանց, ովքեր չար կամքով արհամարհում են այս ընծան։ Փաստն այն է, որ ամեն օր հարկավոր է ապաշխարել՝ ինքնին կյանքին բնորոշ փոփոխականության և անգիտության պատճառով. ինչպես նաև՝ այն ամենօրյա չարության պատճառով, որը երանի՜ թե սահմանափակված լիներ այն չափաբաժնի մեջ, որի մասին ասվել է. «Յուրաքանչյուր օրվա համար բավական է իր չարությունը» (Մտթ 6, 34)։ Մեզ, ուստի, պատվիրվում է կրել այն և տանել մինչև վերջ, և հավատարիմ մնալ Աստծուն՝ գործելով հաստատակամորեն, որպեսզի մեր համբերատարությամբ շատ պտուղ բերենք։ Բայց, ի վերջո, պետք է ամենօրյա ապաշխարություն կատարենք նաև այն փոշու իսկ համար, որը բնորոշ է ներկա աշխարհին և որը կպչում է առաքյալների ոտքերին՝ իրենց ծառայության ժամանակ կատարված ճանապարհորդությունների ժամանակ[4]։ Վնասները կարող են պատահել մինչև իսկ ա՜յս աստիճան կլանող ծառայությանը վերաբերվող գործունեության ընթացքում։ Թող որ Տերը շնորհ անի, որ նրանք ավելի մեծ օգուտներով փոխհատուցվեն։

 

Աշխարհականների ամենօրյա մեղքերը և ապաշխարության անհրաժեշտությունը

3. 5. Եթե [ամենօրյա ապաշխարության այս ոգին] անհրաժեշտ է նաև Աստծո խոսքը տարածողների և Նրա Խորհուրդների սպասավորների, այսինքն՝ Քրիստոսի զինվորների համար, ապա այն որքա՜ն ավելի անհրաժեշտ է մյուս բոլոր ''վարձու աշխատողների'' համար, ովքեր, որոշակի իմաստով, ''գավառականների'' են նմանվում մեծ Արքայի առաջ։ Այն հավատարմագույն և ուժեղագույն զինվորը, ինչպիսին էր Պողոս Առաքյալը, որպեսզի իրեն հպանցիկ կերպով անգամ չդիպչեր փողի նկատմամբ ագահ տենչանքի կեղծ կամ ենթադրյալ կասկածը, «ծառայեց» իր սեփական միջոցներով, և երբ այնպես պատահեց, որ նրան պակասեց անհրաժեշտը, նա հետևյալ կերպ արտահայտվեց. «Մյուս եկեղեցիները կողոպտեցի՝ նրանցից աշխատավարձ ընդունելով, որպեսզի ձեզ ծառայեյի» (2Կր 11, 8):

Որքա՜ն առավել, ուրեմն, Եկեղեցու ''գավառականները'', ստիպված լինելով աշխարհիկ գործերով զբաղվել, պետք է ամեն օր ապաշխարեն: Նրանք, նույնիսկ եթե զերծ են գողություններից, կողոպուտներից, խարդախություններից, շնություններից, պոռնկություններից և ամեն տեսակի ցանկասիրություններից, ատելությունների դաժանությունից և համառ թշնամություններից, կռապաշտական բոլոր ապականություններից, թատերական ներկայացումների թեթևսոլիկությունից, հերետիկոսությունների ու հերձվածների անբարիշտ պոռոտախոսությունից, զերծ են, հետևաբար, ամեն տեսակ չարությունից ու չարագործություններից, պետք է մաքուր և անարատ լինեն։ Այդուհանդերձ, սակայն, թե՛ ընտանեկան ունեցվածքների կառավարման, թե՛ ամուսիններին միմյանց միացնող սերտագույն կապերի հարցում, նրանք դեռևս շատ են մեղանչում, և այնքան, որ թվում են ո՛չ միայն աշխարհի փոշիով ծածկված, այլև ուղղակի՝ ցեխով պատված։ Ահա՛ թե ինչո՛ւ է Առաքյալը նրանց ասում. «Ձեր համար, միմյանց հետ վիճելն արդեն հանցանք է։ Ինչո՞ւ չեք նախընտրում հանդուրժել անարդարությանն ու խարդախությանը»։

Բայց շատ ավելի գարշելի է այն փաստը, որ, ոմանց պատճառով, նա ստիպված էր ավելացնել. «Դուք եք, որ անօրինաբար եք գործում և գողանում եք. և դա՝ եղբայրներից» (1Կր 6, 7-8)։ Բայց, մի կողմ թողնելով անօրենություններն ու խարդախությունները, նա ասում է, որ ոճրագործություն է նաև սոսկ վեճեր ունենալը և երկրային ունեցվածքների համար դատական ​​​​հայցեր հարուցելը։ Եվ հորդորում է թողնել, որ նման վեճերը գոնե եկեղեցական դատարաններում լուծվեն։ Նույն պատճառով էլ ասվել է. «Ով ամուսնացած չէ, Տիրոջը վերաբերվող բաների մասին է հոգ տանում, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը. ով, մինչդեռ, ամուսնացած է, աշխարհային բաների մասին է հոգ տանում, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը» (1Կր 7, 32-33)։ Կնոջ վերաբերյալ էլ է նույն բաներն ասում։ Ասում է նաև. «Վերադարձեք միասին ապրելու, որպեսզի սատանան փորձության չենթարկի ձեզ՝ որպես լծակ գործածելով ձեր բնազդները»։ Հասկացնելու համար, որ դա մեղք էր, բայց թույլատրվում էր որպես մարդկային թուլությանը տրված զիջում, անմիջապես հավելում է. «Բայց սա ձեզ ասում եմ թույլտվությամբ, ո՛չ թե՝ հրամանով» (1Կր 7, 5.6)։ Սեռերի միությունն իրականում անմեղ է միայն այն դեպքում, երբ իրեն որպես նպատակ ունի որդեծնությունը։

Կան, ապա, ուրիշ մեղքեր ևս. բամբասելը ուրիշների կյանքի և գործերի մասին, որոնք քեզ չեն վերաբերվում. հիմարաբար աղմկելը, որի մասին գրված է. «Անմիտը ծիծաղելիս բարձրացնում է իր ձայնը. իմաստուն մարդը, մինչդեռ, ժպտում է հազիվ տեսանելի կերպով» (Սրք 21, 23)։ Նաև կերակուրների դեպքում, որոնք պատրաստվում են մեր այս ֆիզիկական կյանքին նեցուկ լինելու նպատակով, երբ դրանք վերցվում են ագահությամբ կամ առանց չափավորության, չափազանցությունն ինքնին փաստվում է հաջորդ օրը՝ ստամոքսի ծանրությամբ։ Նաև առևտրի մեջ. վաճառելու և գնելու գործում կարող են մեղանչական լինել ապրանքին տրված բարձր կամ ցածր գնի ցանկությունները։ Մտադիր չեմ այստեղ թվարկել բոլոր այն թերությունները, որոնք յուրաքանչյուր մարդ կարող է առավել ճշգրիտ կերպով գտնել իր մեջ և դրանց համար հանդիմանել ինքն իրեն, եթե ուշադիր նայի Աստվածային Գրությունների հայելու մեջ։ Նույնիսկ եթե թվում է, թե այս բոլոր թերությունները, առանձին առանձին վերցված, մահացու վերք չեն կազմում, այնպես՝ ինչպես սպանությունը, շնությունը և ա՛յլ նմանատիպ մեղքերը, դրանք, այդուամենայնիվ, միասին վերցված, որքան ավելի բազմաթիվ են լինում, կարողանում են սպանել կամ, համենայն դեպս, ինչպես քոսը, այն աստիճան փչացնել մեր արտաքին տեսքի վայելչությունը, որ մեզ հեռու են պահում մաքրամաքուր գրկախառնություններից այն Փեսայի, որի գեղեցկությունը գերազանցում է մարդկանց որդիների գեղեցկությանը (հմմտ. Սղմ 44, 3)։ Բայց բժշկվելու համար կարելի է դիմել ամենօրյա ապաշխարության դեղորայքին։

 

Ամեն օր հարկավոր է զղջալ

3. 6. Եթե այսպես չլիներ, ինչո՞ւ պիտի ամեն օր ծեծեինք մեր կուրծքը։ Եվ դա անում ենք նաև մենք՝ Եպիսկոպոսներս, երբ բոլոր հավատացյալների հետ միասին կանգնում ենք Խորանի առաջ։ Եվ աղոթքի մեջ ասում ենք այն, ինչը որ հարկավոր է ասել կյանքի ամբողջ ընթացքում. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ներում ենք մեր հանդեպ պարտք ունեցողներին» (Մտթ 6, 12)։ Մենք այս աղոթքով չենք աղերսում, որ մեզ ներվեն այն մեղքերը, որոնց վերաբերյալ արդեն իսկ հավատում ենք, որ ներվել են Մկրտությամբ, – և եթե չհավատայինք այս բանին, կկասկածեինք մեր հավատքին, – այլ՝ ակնհայտ կերպով աղոթում ենք յուրաքանչյուր օրվա մեղքերի համար։ Սրանց համար է, որ յուրաքանչյուր ոք երբեք չի դադարում, իր կարողացածի չափով, ողորմություններ տալ, ծոմապահություններ անել, ինչպես նաև աղոթքներ ու աղաչանքներ [բարձրացնել առ Աստված]։

Թող որ յուրաքանչյուր ոք, հետևաբար, փորձի ուշադիր կերպով քննել սեփական անձը, առանց թողնելու, որ իրեն հրապուրեն ամեն տեսակի շողոքորթ կեղծավորությունները։ Հասկացվում է բավական չափով, թե հավիտենական մահվան որքա՜ն վտանգ է իր մեջ պարունակում և թե կատարյալ արդարության որքա՜ն պակասություն է իրենից ներկայացնում [մեր վարքը], երբ թափառում ենք Տիրոջից հեռու։ Եվ սա՝ նաև այն դեպքում, երբ արդեն Քրիստոսի մեջ հաստատված, Ով մեր Ճանապարհն է, ջանք ենք գործադրում Իր մոտ վերադառնալու համար։ Եթե մեղքեր չունենայինք, երբ մեր կուրծքը ծեծելով ասում ենք. «Ների՜ր մեզ մեր պարտքերը», դրանով իսկ կմեղանչեինք ակնհայտ ու ծանր կերպով, որովհետև կստեինք հենց սրբազան արարողությունների արտասանության մեջ։

Մենք մի կողմից մեղավորներ չենք, մանավանդ թե՝ Աստծո զավակներ ենք, քանի որ հավատքով, հույսով և սիրով Աստծուն միացած՝ ջանում ենք նմանվել Նրան, որքան որ կարողանում ենք։ Բայց մյուս կողմից մեղավորներ ենք։ Իրոք, սողոսկում են մեր մեջ չար ու պախարակելի գրգիռներ, որոնց համար պատճառ է հանդիսանում տակավին մահվան մեջ չլուծարված, տակավին հարության մեջ չփոխակերպված մարմնի տկարությունը։ Մեր համար անկասկած առավել շահավետ է ճանաչել և ընդունել այս ամենը, որպեսզի չարժանանանք, մեր հպարտության պատճառով, մեր տկարության առողջացման փոխարեն դատապարտությանը՝ մեր գոռոզության համար։ Հավասարապես ճշմարիտ է, հետևաբար, Հովհաննեսի խոսքը. «Յուրաքանչյուր ոք, որ ծնված է Աստծուց, չի մեղանչում» (1Հվհ 3, 9). և նույն Նամակի մյուս խոսքը. «Եթե ասում ենք, թե մեղք չունենք, խաբում ենք ինքներս մեզ և ճշմարտություն չկա մեր մեջ» (1Հվհ 1, 8)։ Առաջին խոսքը վերաբերվում է նոր մարդու առաջին պտուղներին, երկրորդը՝ հնի մնացուկներին. և՛ մեկը, և՛ մյուսը մենք այս կյանքում կրում ենք մեր մեջ։ Նորը կամաց կամաց առաջանում է և գրավում է հնի տեղը, որը, աստիճանաբար, ետ է քաշվում։ Երբ երկուսը մրցում են մեկը մյուսի դեմ, մենք մարզադաշտում ենք գտնվում։ Եվ ո՛չ միայն մենք ենք հարվածներ հասցնում հակառակորդին [մեր] բարի գործերով, այլ՝ մենք էլ ենք հարվածներ ստանում, երբ մեղքերի մոտով անցնում ենք անզգույշ կերպով։ Առայժմ չի երևում, թե ո՛վ է հաղթում, այլ միայն՝ թե ո՛վ է ավելի շատ վերքեր հասցնում և առավել քաջարի կերպով մենամարտում։ Եվ սա՝ մինչև այն ժամանակ, երբ ոմանք հավիտենական մահվան մեջ կքաշվեն նրա կողմից, ով կարողացավ, նախանձից մղված, անկման մեջ գցել [առաջին] մարդուն, որն ամուր կանգնած էր [իր ոտքերի վրա]. մինչդեռ մյուսները կկարողանան ասել, [իրենց] վերջնական հաղթանակի մեջ. «Ո՞ւր է, ո՜վ մահ, քո ուժը։ Ո՞ւր է քո սուր կտրող զենքը» (1Կր 15, 55)։ Համենայն դեպս, թշնամու կողմից երբեք պարտության չենք մատնվի այնքան հեշտությամբ, որքան այն ժամանակ, երբ իր հետ մրցում ենք նմանվելով իրեն հպարտության մեջ. ո՛չ էլ նրան գետին ենք գցում առավել ուժով, որքան այն ժամանակ, երբ նրա հետ մրցում ենք խոնարհությամբ՝ Տիրոջը նմանվելով։ Եվ երբեք նրան ավելի ուժեղ ցավ չենք պատճառում, որքան այն ժամանակ, երբ մեր վերքերը դարմանում ենք խոստովանությամբ ու ապաշխարությամբ։

 

Երրորդ ապաշխարությունը. մահացու մեղքերի համար։ Ավելի խիստ, քան մյուսները։

4. 7. Երրորդ տեսակի ապաշխարությունն այն մեկն է, որը կատարվում է այն մեղքերի համար, որոնք նշված են Օրենքի Տասնաբանյա [Պատվիրանների] մեջ, և որոնց մասին Առաքյալն ասում է. «Ով որ նման բաներ է անում, չի ժառանգելու Աստծո Արքայությունը» (Գղտ 5, 21)։ Այս տեսակի ապաշխարության ժամանակ հարկավոր է առավել խստություն կիրառել սեփական անձի նկատմամբ, որովհետև, եթե ինքներս մեզ դատենք, կխուսափենք Տիրոջ կողմից դատվելուց, ինչպես Առաքյալն է կրկին ասում. «Եթե մենք ինքներս մեզ դատենք, չենք դատվի Տիրոջ կողմից» (1Կր 11, 31)։ Թող որ բարձրանա, ուրեմն, մարդը իր խղճի ատյանի առաջ և մտածի, որ. «Մենք ներկայանալու ենք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր վարձատրությունը՝ իր կյանքի ընթացքում կատարած թե՛ լավ, թե՛ վատ գործերի համաձայն» (2Կր 5, 10)։

Թող որ, ուրեմն, նա հիմա դատաստանի կանգնի ինքն իր առաջ, որպեսզի դա չպատահի իրեն հետո։ Աստված, արդարև, մեղավորին տալիս է այս սպառնալից հայտարարությունը, ասելով. «Հանդիմանելու եմ քեզ, և քեզ կանգնեցնելու եմ ինքդ քո դիմաց» (Սղմ 49, 21)։ Հետևաբար, դատաստանն իր սրտի ներսում հաստատելով, թող որ որպես մեղադրող ներկա լինի մտորումը, որպես վկա՝ խիղճը, որպես դահիճ՝ երկյուղը։ Եվ թող որ արցունքների մեջ հոսի ինքն իրեն մեղավոր ճանաչող հոգու արյունը։ Վերջում, թող որ անձնական խղճի իսկ կողմից հռչակվի դատավճիռը, այսինքն՝ իրեն անարժան համարելը հաղորդվելու[5] Տիրոջ Մարմնին ու Արյանը։ Ով վախենում է Գերագույն Դատավորի վերջնական դատավճռով Երկնքի Արքայությունից վտարվելուց, եկեղեցական կարգավորումների համաձայն՝ թող որ ինքն իրեն բացառի, այդ միջանկյալ ժամանակահատվածում, Երկնային Հացի Խորհրդից։ Թող որ իր մտքի աչքերի առաջ ներկայացնի ու ներկայացնի գալիք դատաստանի պատկերը, և մտածի, – մինչ ուրիշները մոտենում են Աստծո խորանին, որին ինքը չի մոտենում, – թե որքա՜ն ահարկու է այն վերջնական պատիժը, որը բաժանում է նրանց, ովքեր հասնում են հավիտենական կյանքին, նրանցից, ովքեր անդունդն ի վար նետվում են հավիտենական մահվան մեջ։

Այս խորանին, սակայն, որն այժմ Եկեղեցու մեջ է, երկրի վրա տեղակայված, մարդկային աչքերի առաջ դրված՝ Սրբազան Խորհուրդները տեսանելի կերպով ծիսակատարելու համար, նաև բազմաթիվ չարագործներ կարող են մերձենալ։ Եվ դրա պատճառն այն է, որ Աստված համբերություն է դրսևորում ներկա ժամանակներում, ապագայի համար վերապահելով Իր խստության դրսևորումը։ Նրանք, իրոք, խորանին մոտենում են չգիտակցելով, որ Աստծո համբերությունը պետք է իրենց ապաշխարության առաջնորդի։ Եվ այսպես, իրենց սրտերի կարծրության, իրենց զղջում չունեցող սրտերի պատճառով, նրանք իրենք իրենց համար բարկություն են կուտակում Աստծո ցասման և արդար դատաստանի հայտնության օրվա համար. Աստծո, Ով յուրաքանչյուրին հատուցելու է իր գործերի համաձայն (հմմտ. Հռմ 2, 4-6)։ Այն խորանին, որից ներս մեր համար մուտք գործեց Հիսուսը՝ մեր Նախակարապետը, Եկեղեցու Գլուխը, որպեսզի Իրեն հետևեին Իր բոլոր անդամները, չի կարող մերձենալ նրանցից ոչ մեկը, որոնց մասին Առաքյալն ասել է, ինչպես վերևում ակնարկեցի. «Ով նման բաներ է անում, չի մտնի Աստծո Արքայություն»։ Այնտեղ կլինի միայն Քահանան, բայց Իր ամբողջականությամբ, այսինքն՝ ամբողջ Մարմնով, որի Գլուխն է Ինքը, արդեն Երկինք բարձրացած։ Այս ամբողջական Քահանային էր դիմում Պետրոսը՝ ասելով. «Ընտրյալ ցեղ, թագավորական քահանայություն» (1Պտ 2, 9)։ Ինչպե՞ս կհամարձակվի կամ կկարողանա [Տաճարի մեջ] մտնել, Վարագույրից այն կողմ, այն գաղտնի Սրբություն Սրբոցի մեջ նա, ով արհամարհելով Երկնքից մեզ տրված կարգավորության դարմանը՝ չկամեցավ որոշ ժամանակով բաժանված մնալ Խորհուրդների տեսանելի նշաններից։

Ով, հետևաբար, չի ցանկացել խոնարհվել՝ հետո բարձրացվելու համար, նրան ընկնել կտան հենց այն ժամանակ, երբ կցանկանա բարձրացված լինել։ Սուրբ [և] հավիտենական իրականություններից ընդմիշտ բաժանված կլինի նա, ով իր կյանքի ընթացքում իր համար տեղ չի ապահովի Քահանայի Մարմնում՝ հնազանդության արժանիքներով և ապաշխարության [պահանջների] բավարարմամբ։ Ինչպիսի՞ աներես անամոթությամբ կցանկանար, որ աստվածային հայացքն այդ ժամանակ կտրվեր իր մեղքերից, երբ ինքը, իր կյանքի ընթացքում, չցանկացավ ամբողջ սրտով ասել. «Ես ընդունում եմ իմ հանցանքը, իմ մեղքը իմ առջև է միշտ» (Սղմ 50, 5)։ Ինչպե՞ս, – խնդրում եմ, ասացե՜ք ինձ, – Աստված պետք է բարեհաճի ներում շնորհել այն անկումներին, որոնք մարդն, ընդհակառակը, չի բարեհաճում ընդունել իր իսկ անձի մեջ։

 

Երկնքի Արքայությունը. ո՞ւմ համար է այն պատրաստված։

4. 8. Այդ ի՞նչ ճառեր են խոսում նրանք, ովքեր իրենք իրենց շողոքորթում, իրենք իրենց հմայում են իրենց ունայնության մեջ։ Նրանք համառում են իրենց չարագործությունների, իրենց ցանկասիրությունների մեջ, իմանալով հանդերձ, որ Առաքյալն ասում է. «Ով նման բաներ է անում, չի մտնի Աստծո Արքայություն» (Գղտ 5, 21)։ Եվ սակայն, համարձակվում են Աստծո Արքայությունից դուրս պատկերացնել իրենց ցանկալի փրկությունը։ Հրաժարվում են ապաշխարել իրենց մեղքերի համար, ուղղվել՝ կամքի հաստատուն որոշմամբ, դեպի լավը փոխելով իրենց սովորույթները, որոնք իրենց կործանման են տանում, և իրենք իրենց ասում են. «Իմ համար կարևոր չէ Արքայությանը տիրանալը։ Ինձ բավական է փրկվելը»[6]։ Այս կերպ խորհելով՝ նրանց ուշադրությունից նախևառաջ վրիպում է այն փաստը, որ ոչ մի փրկություն չկա նրա համար, ով համառում է չարի մեջ։ Տերն, արդարև, ասել է. «Ամբարշտության տարածման պատճառով շատերի սերը կսառչի, բայց միայն նա, ով մինչև վերջ կհամբերի, կփրկվի» (Մտթ 24, 12-13)։ Նա, անշուշտ, խոստացել է փրկությունը, բայց նրան, ով հարատևում է սիրո մեջ, և ո՛չ թե՝ ամբարշտության։ Որտեղ կա սերը, այնտեղ չեն կարող լինել այն չար գործերը, որոնք մեզ բաժանում են Աստծո Արքայությունից։ «Ամբողջ Օրենքն», իսկապես, «իր լրումը գտնում է միայն մեկ պատվիրանի մեջ, որում գրված է. ''Պիտի սիրես մերձավորիդ ինչպես ինքդ քեզ''» (Գղտ 5, 14)։

Նույնիսկ եթե տարբերություն կա, մի թագավորության ներսում, թագավորողի և չթագավորողի միջև, այդուհանդերձ, սակայն, հարկավոր է, որ բոլորը նույն թագավորության մեջ լինեն, որպեսզի թշնամիների կամ օտարների թվի մեջ չդասվեն։ Բոլոր հռոմեացի քաղաքացիներն, օրինակ, տիրապետում են Հռոմեական թագավորությանը, չնայած ո՛չ բոլորն են այնտեղ հրամայում, մանավանդ թե՝ ոմանք հնազանդվում են ուրիշների, որոնք կառավարիչներն են։ Առաքյալը, սակայն, չի ​​ասել. «Ով նման բաներ է անում, չի թագավորի Աստծո հետ», այլ՝ [ասել է.] «չի մտնի Աստծո Արքայություն»։ Նույն բանն է ասվել նաև մարմնի և արյան վերաբերյալ. «Մարմինն ու արյունը չեն մտնի Աստծո Արքայություն» (1Կր 15, 50). որովհետև «այս ապականացու մարմինը հագնելու է անապականություն, և այս մահկանացու մարմինը՝ անմահություն» (1Կր 15, 53)։ Մարմինն ու արյունը, հետևաբար, ո՛չ որպես այդպիսիք, արժանանալու են զգեստավորելու իրենց շնչավոր մարմինը հոգևոր մարմնի հագուստով և բնությամբ։ Մեր Դատավորի վերջնական դատավճիռը նույնպես պետք է որ սարսափեցներ նրանց։ Նա կամեցավ, որ այն ներկայացվեր մեզ ներկա ժամանակվա մեջ, որպեսզի Իր հավատավորները կարողանային խուսափել դրանից, Ինքը տալով «մի նշան նրանց, ովքեր երկնչում են Իրենից, որպեսզի հեռու փախչեն աղեղներից» (Սղմ 59, 6)։

Հարկավոր է բացառություն անել նրանց համար, ովքեր դատելու են Նրա հետ։ Նա դա խոստացել էր նրանց՝ ասելով. «Դուք նստելու եք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին» (Մտթ 19, 28)։ «Դատավորների» այս դասակարգի մեջ պետք է հասկացվեն բոլոր նրանք, ովքեր ամբողջությամբ թողել են իրենց ունեցվածքները և հետևել են Տիրոջը։ Տասներկու թիվն, իրոք, մատնանշում է մի որոշակի ընդհանրականություն. չի կարելի ասել, օրինակ, որ Պողոս Առաքյալը չի լինելու այդ թվի մեջ, որովհետև այդ Տասներկուսի մեջ չէր։ Բացառությունը պետք է տարածվի նաև նրանց վրա, ովքեր մատնանշվում են որպես «Հրեշտակներ» այս արտահայտության մեջ. «Երբ Մարդու Որդին կգա դատելու Իր հրեշտակների հետ միասին» (Մտթ 16, 27)։ Հրեշտակները հատուկ կերպով Աստծո պատգամաբերներն են։ «Պատգամաբերներ» ասելով՝ հասկանում ենք բոլոր նրանց, ովքեր մարդկանց ավետում են երկնային փրկությունը։ Հետևաբար, Ավետարանիչները նույնպես կարող են լավ պատգամաբերներ կոչվել։ Հովհաննես Մկրտչի մասին ևս ասվել է. «Ահա՛, ես ուղարկում եմ իմ հրեշտակին քո առջևից» (Մղք 3, 1)։ Բացառելով, հետևաբար, ինչպես ասում էի, այս դեպքերը, մարդկային բազմության մնացած մասը բաժանվելու է երկու մեծ դասերի, ինչպես հայտնի է դառնում Տիրոջ իսկ խոսքերից։ Նա, արդարև, կանգնեցնելու է ոչխարներին աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։ Ոչխարներին, այսինքն՝ արդարներին, ասվելու է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, որպես ժառանգությո՛ւն ստացեք Արքայությունը, որը ձեր համար պատրաստվել է աշխարհի հիմնարկումից ի վեր»։ Առանց որևէ կասկածի, սա՛ է այն Արքայությունը, որի մասին խոսում էր Առաքյալը, երբ, չար գործերը թվարկելով, ասում էր. «Ով նման բաներ է անում, չի մտնի Աստծո Արքայություն»։

Լսի՛ր նաև, թե ի՛նչ է ասվելու նրանց, ովքեր գտնվելու են ձախ կողմում. «Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՜ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստվել է սատանայի և նրա հրեշտակների համար» (Մտթ 25, 31-41)։ Ուստի, ոչ ոք չի համարձակվի ենթադրել, թե քրիստոնյա անունը կարող է իր համար որպես երաշխիք ծառայել, եթե գործնականում, ապա, ամենայն հնազանդությամբ ու երկյուղածությամբ չի լսում Առաքյալի խոսքերը, ով ընդգծում է. «Լա՛վ իմացեք, որ ոչ մի պոռնիկ, կամ անմաքուր, կամ ագահ, ինչը որ նույն բանն է, ինչ կռապաշտ ասելը, Քրիստոսի և Աստծո Արքայությունից մաս և բաժին չի ունենալու։ Թող որ ոչ ոք ձեզ չխաբի ունայն պատճառաբանություններով։ Այս բաների համար, իրոք, Աստծո բարկությունը թափվում է կասկածամտության որդիների վրա։ Նրանց հետ, հետևաբար, ոչ մի ընդհանրություն մի՛ ունեցեք» (Եփս 5, 5-7)։ Կորնթացիներին նա նույն բաներն ասում է է՛լ ավելի ընդարձակ կերպով. «Մի՛ խաբեք ինքներդ ձեզ. ո՛չ ցանկասերները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացածները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ ծաղրողները, ո՛չ էլ հափշտակողները չեն ժառանգելու Աստծո Արքայությունը»։ Բայց նկատեցեք նաև, թե ինչպե՛ս է նա կարողանում վերացնել վախն ու հուսահատությունը նրանցից, ովքեր նույնպես նման մեղքեր են գործել անցյալում։ «Այդպիսիք էին», ասում է, «ձեզնից ոմանք. բայց լվացվեցիք և սրբացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծո Հոգիով» (1Կր 6, 9-11)։

 

Եկեղեցու «բանալիները»

4. 9. Յուրաքանչյուր ոք, ով Մկրտությունից հետո ընկնում է հին մեղքերից որևէ մեկի կապանքների մեջ, մի՞թե կցանկանա ա՜յն աստիճան թշնամի լինել իր իսկ սեփական անձին, որ կհապաղի փոխել կյանքը, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ մեղանչում և ապրում է։ Ամեն դեպքում, եթե շարունակում է մեղանչել, ապա իր վրա զայրույթ է կուտակում բարկության և աստվածային արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Բայց այդուհանդերձ, քանի դեռ նա այս կյանքում է, Աստծո համբերությունը նրան կանչում է ապաշխարության։

Ուրեմն, մահաբեր մեղքերի դավադրությունների մեջ խճճված, նա հրաժարվում է, հետաձգում է, վարանում է դիմել Եկեղեցու բանալիներին իսկ, որոնց միջոցով իր մեղքը կարձակվեր երկրի վրա, որպեսզի արձակված լիներ այնտեղ՝ վերևում, Երկնքում։ Եվ կհամարձակվե՞ր արդյոք խոստանալ ինքն իրեն որևիցէ մի փրկություն այս կյանքից հետո, որում միայն խոսքերով է ինքը քրիստոնյա եղել։ Չի դողո՞ւմ Տիրոջ ձայնին ի լուր, որն իսկական որոտմունք է. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ ասում է ''Տե՜ր, Տե՜ր'', կմտնի Երկնքի Արքայություն. այլ՝ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ Երկնքում է, նա՛ կմտնի Երկնքի Արքայություն» (Մտթ 7, 21)։ Առաքյալը նույնպես, այդ մեղքերը Գաղատացիների համար թվարկելով, միևնույն ձևով է եզրակացնում. «Մարմնի գործերը», ասում է, «քաջ հայտնի են. ցանկամոլություն, [բարոյական] անմաքրություն, անառակություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, երկպառակություններ[7], նախանձի դրսևորումներ, զայրույթի պոռթկումներ, բաժանումներ, կողմնակալություններ, չարակնություններ, հարբեցողություն, սանձարձակ խրախճանքներ և նմանատիպ բաներ։ Այսպիսի արարքների վերաբերյալ նախապես զգուշացնում եմ ձեզ, ինչպես արդեն ասացի, որ նրանք, ովքեր այդ բաներն անում են, չեն ժառանգելու Աստծո Արքայությունը» (Գղտ 5, 19-21):

Նման բաների վերաբերյալ, ուրեմն, թող որ յուրաքանչյուր ոք իր կամքի գործադրմամբ դատի ինքն իրեն և, քանի դեռ կարող է, դեպի լավը փոխի իր բարքերը, որպեսզի այնպես չպատահի, որ, երբ այլևս չի կարողանա դա անել, դատվի Տիրոջ կողմից, թեև չի ցանկանում դա։ Եվ երբ հե՛նց ինքն իր դեմ կարտասանի խստագույն դեղամիջոցի – բայց միշտ՝ դեղամիջոցի – դատավճիռը, թող որ Եպիսկոպոսների մոտ գնա, որոնց միջոցով է Եկեղեցում կատարվում «բանալիների» ծառայությունը նաև իր համար։ Այդ ժամանակ, վերջապես, սկսելով լավ որդի լինել, քանի որ ընդունում է հարգել Եկեղեցու մայրական անդամների մեջ վավերական հանդիսացող կարգը, թող որ ընդունի, նրանից, ով նշանակված է Խորհուրդների [մատակարարմանը], իրենից պահանջվող ապաշխարության[8] չափաբաժինը։ Այսպես վարվելով, բարեպաշտ և աղոթող [դառնալով], իր զղջացած սրտի ընծայումը, իր վարմունքը օգտակար կլինի իրեն՝ դրանով փրկություն ստանալու համար, և ուրիշների, որպեսզի օրինակ վերցնեն իրենից։ Եթե, ապա, իր մեղքը, իր համար ծանր վնաս հանդիսանալուց բացի, մեծ գայթակղություն է պատճառել նաև ուրիշների, նա թող որ չհակառակվի, թող որ չհրաժարվի կատարել մի այնպիսի ապաշխարություն, որի մասին կարող են իմանալ շատերը, թերևս նաև Աստծո ողջ ժողովուրդը, որպեսզի մահացու վերքի վրա չավելացնի [նաև] մի ուռուցքի վատթարացումը, եթե ամաչում է քավություն անել[9]: [Հարցը], սակայն, թե դա անելը նպատակահարմար է, թե ո՛չ, կդատի Եպիսկոպոսը, Եկեղեցու համար դրա օգտակարության հիման վրա: Թող որ նա[10] միշտ հիշի, որ «Աստված հակառակ է հպարտներին, բայց իր շնորհը տալիս է խոնարհներին» (Հկբ 4, 6): Ի՞նչ կա ավելի անպտուղ, ավելի խաթարված, քան [ամոթից] չկարմրելը այն վերքի համար, որն հնարավոր չէ թաքցնել, և փոխարենը՝ [ամոթից] կարմրել վիրակապի համար:

 

Ինքնամեղադրանքի հասնելու եղանակներ

4. 10. Թող որ ոչ ոք չկարծի, եղբայրներ, թե կարող է թերագնահատել այս փրկարար ապաշխարության խորհուրդը այն պատճառով, որ տեսնում է, և կարող է պատահել՝ գիտի, որ խորանի Խորհրդին[11] մերձենում են շատ մարդիկ, որոնց մասին ինքն անտեղյակ չէ, որ հանցավոր են այս տեսակի ոճիրների մեջ։ Այո՛, բայց շատ մեղավորներ ուղղվում են, ինչպես Պետրոսը. շատերը հանդուրժվում են, ինչպես Հուդան. շատերն անհայտ են մնալու մինչև Տիրոջ գալուստը, երբ Նա կլուսավորի խավարի մութ թաքստոցները և կքողազերծի սրտերի մտադրությունները (հմմտ. 1Կր 4, 5)։ Շատերն, իրոք, թաքնված են մնում, քանի որ [մարդկանց] մեծ մասը չի ցանկանում մեղադրել ուրիշներին. մանավանդ թե, նրանց արդարացնելով՝ գործածում են նրանց՝ իրենք իրենց արդարացնելու ցանկությամբ։ Ուրիշներն, ապա, բարի քրիստոնյաներ [լինելով հանդերձ], լռում են, սակայն, և համբերությամբ կրում են ուրիշների մեղքերը, չնայած որ ճանաչում են դրանք, որովհետև հաճախ զուրկ են փաստարկներից և եկեղեցական դատավորներին չեն կարող ապացույցներ տրամադրել այն բաների մասին, որ գիտեն։ Եվ թեև երբեմն խոսքը վերաբերվում է իրական դեպքերի, դատավորը, սակայն, դրանք փաստող հստակ ապացույցների բացակայության պատճառով չի կարող հեշտությամբ հավատալ դրանց։ Մեր իրավասության սահմաններում, մենք՝ Եպիսկոպոսներս, ոչ ոքի չենք կարող բացառել հաղորդությունից, – և համենայն դեպքս՝ նման արգելքը կլիներ միմիայն կանխարգելիչ հոգատարության և ո՛չ թե վերջնական բացառման նպատակով, – բացառությամբ այն դեպքի, երբ մարդն ինքնակամ խոստովանված լինի, կամ մի մարդու, ով պատշաճ կերպով քաղաքացիական կամ եկեղեցական դատարան կանչվելուց հետո՝ ճանաչվել է մեղավոր։

Ո՞վ կհամարձակվեր միևնույն անձի նկատմամբ ստանձնել մեղադրողի և դատավորի կրկնակի դերը։ Նման մի կանոն համառոտակի կերպով թելադրվել է Պողոս Առաքյալի կողմից՝ Կորնթացիներին ուղղված վերոնշյալ Նամակի մեջ, երբ մի քանի նմանօրինակ ոճիրներ հիշատակելուց հետո՝ նա ուրվագծել է մի եկեղեցական դատարան՝ նմանատիպ դեպքերի համար։ Արդարև, գրում է. «Նամակներիցս մեկում գրեցի ձեզ, որ չխառնվեք ցանկասեր մարդկանց հետ։ Բայց դրանով չէի ասում խուսափել մարդկանցից որպես այդպիսիք, նույնիսկ եթե խոսքը վերաբերվում է ցանկասերների, ագահների, գողերի, կռապաշտների, հակառակ դեպքում ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից» (1Կր 5, 9-10)։ Իրոք, անհնարին է ապրել աշխարհում առանց նման մարդկանց հետ շփվելու։ Ինչպես նաև, երբեք հնարավոր չի լինի նրանց Քրիստոսի կողմը գրավել, եթե խուսափենք նրանց հետ զրուցելուց և գոյակցելուց։ Այդ պատճառով Տերը, մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստելով, ասում էր. «Առողջները չեն, որ բժշկի կարիք ունեն, այլ՝ հիվանդները։ [...] Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մտթ 9, 12-13)։

Շարունակելով իր Նամակը՝ Առաքյալն ավելացնում է. «Ես ձեզ գրել եմ, որ չշփվեք նրանց հետ։ Եթե մեկն իրեն եղբայր է անվանում, բայց ցանկասեր է, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ չարախոսող, կամ հարբեցող, կամ գող, այդպիսի մեկի հետ դուք չպետք է և ո՛չ իսկ ուտեք միասին։ Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր գտնվում են հասարակությունից դուրս, մի՞թե իմ գործն է նրանց դատելը։ Մի՞թե դուք չեք դատում նրանց, ովքեր ներսում են։ Նրանք, ովքեր դրսում են, նրանց կդատի Աստված։ Դուք ուշադրություն դարձրեք, որ չարերին հեռացնեք ձեր միջից» (1Կր 5, 11-13)։ Այս խոսքերով Առաքյալը ցույց է տալիս բավականաչափ կերպով, որ չարերը չպետք է կուրորեն բացառվեն եկեղեցային հաղորդությունից, որևիցէ մի ձևով, այլ միայն՝ կանոնավոր դատաստանի արդյունքում։ Եթե չեն կարող հեռացվել դատաստանի միջոցով, այդ դեպքում հարկավոր է հանդուրժել նրանց, որպեսզի չպատահի, որ ինչ որ մեկը, վատ վրդովմունքով մերժելով նրանց, վերջ ի վերջո ինքը հեռանա Եկեղեցուց՝ դեպի Գեհեն ուղղված մրցավազքում առաջ անցնելով հենց նրանցից, որոնցից ուզում էր խուսափել։

Սուրբ Գրվածքներում այս առումով օրինակներ են ընծայվում մեզ, օրինակ՝ բերքահավաքի դեպքը, երբ մարդուն կոչ է արվում հանդուրժել թեփը մինչև վերջնական մաղումը (հմմտ. Մտթ 3, 12), կամ ցանցերի դեպքը, որոնց մեջ վատ ձկները հանդուրժվում են լավերի հետ միասին, մինչև նրանց ընտրությունը, որը տեղի է ունենում ափին, այսինքն՝ ժամանակների վերջում (հմմտ. Մտթ 13, 47-50)։ Այս հատվածին չի հակասում այն, ինչը որ Առաքյալն ասում է մի ուրիշ տեղում, այն է. «Ո՞վ ես դու, որ դատես ուրիշի ծառային։ Ոտքի վրա կանգնած է մնում, թե ընկնում է, դա իր տիրոջն է վերաբերվում» (Հռմ 14, 4)։ Պողոսը չէր կամենում, որ մի մարդ դատվեր մի ուրիշ մարդու կողմից՝ [սոսկ] կասկածի կամայական հիմքի վրա, կամ իրեն վերապահելով արտակարգ դատաստանի իշխանությունը։ Նա կամենում էր կանոնավոր ընթացակարգ՝ հիմնված Աստծո օրենքի վրա՝ Եկեղեցու կանոնների համաձայն, այսինքն՝ որ մեկը հանցավոր ճանաչվի միայն այն դեպքում, երբ խոստովանում է իր հանցանքը, կամ էլ՝ երբ մեղադրվելուց հետո ապացուցվում է նրա հանցավոր լինելը։ Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ասեր. «Եթե եղբայրներից ինչ որ մեկը համարվում է ցանկասեր կամ կռապաշտ, և այլն», եթե ո՛չ՝ այն պատճառով, որ դա վերաբերվում էր ինչ որ մեկի դեմ ուղղված այն մեղադրանքին, որը հայտնի է դառնում կանոնավոր դատավարությունից հետո կայացված դատավճռով և ամբողջությամբ։ Եթե ​​միայն մեղադրանքը բավարար լիներ, բազմաթիվ անմեղ մարդիկ կդատապարտվեին, քանի որ մարդկանց հաճախ կեղծ մեղադրանքներ են առաջադրվում ինչ որ մի հանցագործության մեջ։

 

Քրիստոսի օրինակը

4. 11. Նրանք, որոնց հորդորում ենք ապաշխարության, թող որ չհետաքրքրվեն, թե ո՛վ է իրենց ընկերը պատժի մեջ, և թող որ չուրախանան այն բանի համար, որ բազմաթիվ ապաշխարողների են գտնում։ Իրոք, նվազ չեն այրվելու [հավիտենական կրակի մեջ], որովհետև այրվողներն ավելի բազմաթիվ են լինելու։ Ինչպես նաև, սա, անշուշտ, փրկության միտք չէ, այլ միայն՝ չարակամության ունայն բավարարում։ Թերևս ոմանք նկատում են, որ բազմաթիվ հովիվներ և սրբազան ծառայողներ եկեղեցական պաշտոնների մեջ իսկ չեն ապրում ժողովրդին ուղղված իրենց ճառերի և մատակարարած խորհուրդների համաձայն։ Թշվա՜ռ մարդիկ, որ նմանների վրա կենտրոնանալով՝ մոռանում են Քրիստոսին։ Նա վաղուց արդեն զգուշացրել է, որ հարկավոր է Աստծո օրենքին հնազանդվել, այլ ո՛չ թե՝ ընդօրինակել նրանց, ովքեր չեն անում այն, ինչը որ ասում են (հմմտ. Մտթ 23, 3). Նա, որ մինչև վերջ համբերելով Իրեն դավաճանողին, նրան նաև ավետարանելու ուղարկեց մյուսների հետ միասին։ Եվ կան այնքա՜ն անհեթեթ, այնքա՜ն բթամիտ, այնքա՜ն ողորմելի մարդիկ, որ ընտրում են ընդօրինակել իրենց հովիվների վատ վարքագիծը, փոխանակ պահելու նրանց կողմից քարոզված Տիրոջ պատվիրանները։ Նման է այն բանին, որ ճանապարհորդը որոշի կանգ առնել իր ընթացքի մեջ, առաջ չգնալ այլևս, տեսնելով հանդերձ ուղեցույց քարերը՝ մեծատառ գրություններով, որ մատնանշում են ճանապարհը։

Ով ցանկանում է հասնել նպատակակետին, ինչո՞ւ չի փնտրում ընդհակառակը՝ գտնել և ապա հարել ընկերների, որոնք հստակ կերպով մատնանշում են ճանապարհը և որոնք այդ ճանապարհի վրա քայլում են ջանասիրաբար և հարատևությամբ։ Կարող է թվալ, թե այսպիսիները բացակայում են։ Փաստն այն է, որ չենք նկատում նրանց։ Նրանք, արդարև, չեն կարող չլինել։ Բայց մարդիկ չեն փնտրում, ուշադիր սիրով, այն, ինչը որ նրանք քարոզում են, որպեսզի իրագործեն դա, այնպես՝ ինչպես զատորոշում են, մինչդեռ, կասկածելի չարությամբ, այն, ինչը որ քրթմնջում են, որպեսզի խաբեն, և սա՝ և՛ որովհետև փաստացի չեն գտնում բարիներին՝ իրենք իսկ չար լինելով, և՛ որովհետև վախենում է նրանց գտնելուց, ցանկանալով չար մնալ, ինչպիսին որ կան ներկայում։ Լա՛վ, ենթադրենք, թե տեսադաշտում չկան նմանողության արժանի անձեր. դու, ո՛վ էլ որ լինես, որ մտածում ես այսպես, միտքդ Տիրոջ վրա սևեռիր, Ով մարդացավ՝ ուսուցանելու համար մարդուն, թե ինչպե՛ս պետք է ապրի։ Եթե Քրիստոսը բնակվում է [քո] ներքին մարդու մեջ, և հավատքի զորությամբ՝ սրտիդ մեջ, կհիշես այն, ինչ ասել է Հովհաննեսը. «Ով ասում է, թե բնակվում է Քրիստոսի մեջ, պետք է վարվի այնպես, ինչպես Ինքն էր վարվում» (1Հվհ 2, 6)։

Եթե այսպես վարվես, հետևելիք առաջնորդի պակաս չես զգա, և երբ [ուրիշները] կդիտարկեն քո վարքը, այլևս չեն բողոքի բարիների պակասից։ Իսկ եթե քո համար պարզ չէ, թե ինչի՛ մեջ է կայանում ուղղամիտ կերպով ապրելը, ջանա՛ ճանաչել աստվածային պատվիրանները։ Շատերը գուցեև ուղղամտորեն են ապրում, բայց, քանի որ դու չգիտես, թե ինչի՛ մեջ է կայանում ուղղամիտ կերպով ապրելը, քեզ թվում է, թե ոչ ոք ճիշտ չի ապրում. մինչդեռ, եթե դա գիտես, իրագործի՛ր այն, ինչը որ գիտես, որպեսզի [նախևառաջ] դու ինքդ ունենաս այն, ինչը որ փնտրում ես, և [ապա] ուրիշների համար մատնանշես, թե ինչի՛ն պետք է հետևեն։ Ուշադրությունդ Քրիստոսի կողմն ուղղիր, Առաքյալների կողմը, որոնցից վերջինը ասել է. «Ջանացե՛ք նմանվել ինձ, ինչպես որ ես եմ ջանում նմանվել Քրիստոսին» (1Կր 4, 16)։ Ուշադրությամբ քննիր, թե քանի՜ հազարավոր մարտիրոսներ կան։ Ինչո՞ւ է նրանց տարեդարձի տոները[12] չափազանցված խնջույքներով հանդիսակատարելը քեզ հաճույք պատճառում, մինչդեռ հաճելի չես գտնում նրանց կյանքի օրինակին ազնիվ բարքերով հետևելը։ Աչքերիդ առաջ ունես ո՛չ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, և դեռևս պատանի տղաներ ու աղջիկներ, որոնք չեն խաբվել իրենց անփորձության պատճառով, ո՛չ էլ թույլ են տվել, որ անօրենությունն այլասերի իրենց, ո՛չ էլ՝ որ իրենց ընկճի վտանգի վախը, ո՛չ էլ՝ որ իրենց կաշառի աշխարհի բարիքների սերը։ Դու չես կարող արդարացումներ փնտրել, դու քո առաջ ո՛չ միայն ունես պատվիրանների անվիճելի բարությունը, այլ նաև՝ վիթխարի բազմությունը նրանց, ովքեր դրանց հետևել են։

 

Վերադարձն Աստծուն

5. 12. Բայց, ի վերջո, ավարտին հասցնենք նյութը, որի շուրջ սկսել էինք խոսել. օգտակարության և փրկության մասին, որոնք իր հետ բերում է ապաշխարությունը։ Եթե դու՝ մեղավորդ, հույսդ կտրելով այլևս փրկությունից, ավելացնում ես մեղք մեղքի վրա, այնպես՝ ինչպես գրված է. «Մեղավորը, չարիքի անդնդի խորքը հասնելով, արհամարհում է» (Առկ 18, 3), դու, այնուամենայնիվ, մի՛ արհամարհիր և մի՛ հուսահատվիր. փոխարենը՝ հոգուդ խորքից կանչի՛ր Տիրոջը և Նրան ասա՛. «Հոգուս խորքից դեպի Քեզ աղաղակեցի, ո՜վ Տեր։ Տե՜ր, լսի՜ր իմ ձայնը։ Թող որ ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։ Եթե հանցանքները քննես, Տե՜ր, ո՞վ կկարողանա փրկվել։ Բայց Քո մոտ է գտնվում ներումը» (Սղմ 129, 1-4)։ Այդպիսի խորը անդնդի միջից Տիրոջն աղաղակեցին նինվեացիները, և գտան այս ներումը։ Ավելի հեշտ բան եղավ մարգարեի սպառնալիքներն արդյունավետությունից զրկելը, քան թե ապաշխարության ինքնախոնարհեցումների օգտակարությունն ապարդյուն դարձնելը (հմմտ. Հվն 3)։

Այս կետում կարող էիր ասել. «Բայց ես արդեն մկրտվել էի ի Քրիստոս, և անցյալի իմ բոլոր մեղքերը ներվել էին Իր կողմից։ Բայց չափազանց շատ այլասերվեցի՝ դեպի ետ ընթանալով իմ հին ճանապարհների վրա, նման մի շան, – գարշելի՝ Աստծո աչքերին, – որ վերադառնում է իր փսխածին։ Ո՞ւր կարող եմ գնալ՝ Աստծո Հոգուց հեռու։ Որտե՞ղ կարող եմ թաքնվել Իր հայացքից»։ Որտե՞ղ, եղբայր իմ, եթե ո՛չ – ապաշխարությա՛մբ – Աստծո ողորմության մոտ, որի զորությունը դու – մեղքո՛վ – արհամարհել էիր։ Ո՛չ մի փախուստ Նրանից, արդարև, արդարացի չէ, եթե ո՛չ միայն մեկը՝ վերադառնալու համար Իրեն. [փախուստ] Իր խստությունից [դեպի] Իր գորովալիությունը։ Ո՞ր վայրը երբևէ կկարողանա թաքցնել քեզ, մինչ փախուստի մեջ ես, այնպես՝ որ Իր ներկայությունը չբացահայտի քեզ։ Եթե բարձրանում ես երկինք, այնտեղ է. եթե իջնում ես դժոխք, ներկա է։ Վերսկսիր, ուրեմն, ընթացքդ ճիշտ ուղղությամբ, և հույսի մեջ մնա, նաև այն ժամանակ, երբ այս աշխարհի բոլոր իրողությունները սպառվում են, որովհետև այդ ժամանակ էլ առաջնորդելու է քեզ Իր ձեռքը, քեզ ճանապարհ է ցույց տալու Իր աջը (հմմտ. Սղմ 138, 7-10)։

Ուստի, ի՛նչ էլ որ դու արած լինես, ո՛ր մեղքի մեջ էլ որ դու ընկած լինես, շարունակում ես մնալ այս կյանքի մեջ, որից Աստված կհեռացներ քեզ, եթե չուզենար ժամանակ տալ քեզ՝ փրկվելու։ Ինչո՞ւ չես ուզում ընդունել, որ Աստծո համբերատար բարությունը մղում է քեզ դարձի գալու (հմմտ. Հռմ 2, 4)։ Նա, Ով, քեզ [Իր] ողջ ձայնով կանչելով, չհամոզեց քեզ չարիքից ետ կանգնելու, ներումն ընծայելով՝ տակավին կանչում է քեզ, որպեսզի վերադառնաս։ Նայի՛ր Դավիթ թագավորին. նա էլ էր ստացել իր ժամանակվա խորհուրդները, այսինքն՝ թլփատությունը, որը, մեր Հայրերի համաձայն, այնպես էր՝ ինչպես մեր համար Մկրտությունն է։ Առաքյալն, իրոք, ասում է, որ Սուրբ Աբրահամը իր հավատքի [վրա] ստացել էր արդարության կնիքը (հմմտ. Հռմ 4, 11)։ Դավիթը նաև նվիրագործվել էր այն պատվական «օծմամբ», որով նախապատկերվում էր Եկեղեցու թագավորական քահանայությունը։ Եվ սակայն, հանկարծակի, հանցավոր դարձավ շնությամբ ու մարդասպանությամբ, բայց, զղջալով, չարագործության այսքա՜ն վիթխարի անդնդի խորքից իզուր չէ, որ կանչեց Տիրոջը, ասելով. «Հեռացրո՜ւ հայացքդ իմ մեղքերից և ջնջի՜ր իմ բոլոր հանցանքները» (Սղմ 50, 11)։ Ի վերջո, ո՞ր արժանիքի համար է ներում ստանում, եթե ո՛չ՝ որովհետև ասում է. «Ընդունում եմ իմ հանցանքը. իմ մեղքը միշտ աչքերիս առաջ է» (Սղմ 50, 5)։ Եվ ի՞նչ ընծայեց Տիրոջը՝ Նրա բարեհաճությունը շահելու համար։ Ասաց. «Եթե Դու զոհ կամենայիր, ես այն կմատուցեի Քեզ. բայց Քեզ հաճելի չեն զոհերը։ Աստծուն հաճելի զոհը զղջացած հոգին է. բեկված ու խոնարհված սիրտն, արդարև, Աստված չի արհամարհում» (Սղմ 50, 18-19)։

Դավիթը, հետևաբար, ո՛չ միայն իր ընծան մատուցեց բարեպաշտ հոգով, այլև՝ այդ խոսքերով ցույց տվեց, թե ի՛նչ է պետք մատուցել։ Իրոք, բավարար չէ [սեփական] վարքագիծը դեպի լավը փոխելը և այլևս չմեղանչելը. հարկավոր է նաև, [արդեն իսկ] գործած [մեղքերի] համար, Աստծուն հատուցում անել. ապաշխարության ցավը, խոնարհության հառաչանքը, զղջացած սրտի ընծայումը և ողորմություններ տալը։ Հիրավի, «երանի՜ ողորմածներին, որովհետև նրանց հանդեպ Աստված ողորմած կլինի» (Մտթ 5, 7)։ Ինչ վերաբերվում է մեղքերին, չի ասվել միայն, որ բավական է հեռու մնալ դրանցից, այլ [նաև]. «Պատահածի համար աղաչի՛ր Տիրոջը, որպեսզի ներվի քեզ» (Սրք 21, 1)։ Մտածիր նաև Պետրոս Առաքյալի մասին։ Նա արդեն մկրտված էր, այսինքն՝ արդեն Քրիստոսի մեջ էր, և ուրիշների էլ էր մկրտել։ Շա՛տ լավ, նայի՛ր նրան. երբ գոռոզանում է և հանդիմանվում, երբ տրվում է վախին և խոցվում, երբ լաց է լինում և բուժվում։ Սուրբ Հոգու էջքից հետո պատահեց, որ մի ոմն Սիմոն ցանկացավ փողով գնել Ինքնին Սուրբ Հոգուն, անբարիշտ և չարագործ առևտուր նյութելով, թեև արդեն մկրտված էր ի Քրիստոս։ Եվ սակայն, Պետրոսի իսկ կողմից ուղղվելով, ընդունեց ապաշխարելու խորհուրդը (հմմտ. Գրծ 8, 13-22)։ Պողոս Առաքյալը, ով նույնպես հավատացյալներին նամակներ էր ուղարկում իր կողմից, ասում է. «Երբ վերադառնամ ձեր մոտ, հուսով եմ, որ Աստված ինձ չի ստորացնի և ստիպված չեմ լինի լալ շատերի վրա, որոնք առաջ մեղանչել են, իսկ հետո ապաշխարություն չեն արել գործած անմաքրությունների, պոռնկությունների ու սանձարձակությունների համար» (2Կր 12, 21)։

Մեր առջև են, ուստի, և՛ ուղղամտորեն գործելու պատվիրանները, և՛ օրինակները՝ ո՛չ միայն նրանց, ովքեր ուղղամիտ կերպով են գործել, այլ նաև՝ ապաշխարողների, ովքեր վերագտել են այն փրկությունը, որը, մեղանչելով, կորցրել էին։ Բայց ենթադրիր անգամ, թե ստույգ չէ Աստծո ներումը։ Ի՞նչ ենք կորցնում Աստծուն աղաչելով, երբ, Նրան վիրավորելով, չենք վարանել, մինչդեռ, կորցնել փրկությունը։ Մի՞թե ինչ որ մեկը ստույգ կերպով գիտի, թե երկրային կայսրից ստանալու է [աղերսված] շնորհը։ Եվ սակայն, փող է ծախսում, ծովեր կտրում անցնում, փոթորիկների վտանգներին դիմագրավում և գրեթե մահվանն ընդառաջ գնում, հե՛նց մահվանից խուսափելու նպատակով։ Աղերսանքներ են արվում, ի վերջո, մի մարդու՝ մարդկանց միջոցով, և այս բոլոր բաներն արվում են անվարան կերպով, չնայած որ արդյունքը կասկածելի է։ Թագավորների սրտերից ավելի մեծ երաշխիք են տալիս Եկեղեցու բանալիները. դրանցով խոստացված է մեզ, որ այն ամենը, որ արձակվում է երկրի վրա, արձակված է մնալու նաև Երկնքում (հմմտ. Մտթ 16, 19)։ Եվ խոնարհությունն էլ, որով խոնարհվում ենք Աստծո Եկեղեցու առաջ, ավելի արժանապատիվ է։ Ի վերջո, մեզ առավել նվազ հոգնություն է պարտադրվում, և խուսափում ենք հավիտենական մահվանից՝ առանց ֆիզիկական մահվան որևէ վտանգի ենթարկվելու։

[1] Ի նկատի ունի Եկեղեցու յոթ խորհուրդները, բայց ի մասնավորի՝ դրանց մեջ առաջին երեքը. քրիստոնեական սկզբնավորման խորհուրդները՝ Մկրտությունը, Դրոշմը և, յուրահատուկ կերպով, Ամենասուրբ Հաղորդությունը։
[2] Ակնարկում է Մկրտության արարողակարգին, երբ քահանան հարցնում է մկրտվողին. «Ի՞նչ ես խնդրում Աստծո Եկեղեցուց», և նա, կամ մանկահաս երեխայի դեպքում՝ կնքահայրը նրա փոխարեն, պատասխանում է. «Հավատք, Հույս, Սեր, և Մկրտություն»։
[3] Ակնարկում է Սուրբ Պատարագին և Ամենասուրբ Հաղորդությանը։
[4] Հայրապետն, ամենայն հավանականությամբ, ի նկատի ունի ծափահարություններն ու գովասանքները, որոնք, ինչպես փոշին է կեղտոտում ճանապարհների վրա քայլող մարդու ոտքերը, կեղտոտում են առաքյալի հոգու ''ցածր մասերը'', որոնց համար էլ Հիսուսը կամեցավ լվանալ Պետրոսի և Առաքյալների ոտքերը (հմմտ. Հվհ 13, 1-15)։
[5] Բնագրում բառացի՝ մասնակցելու, մաս և բաժին ունենալու իմաստով։
[6] «Արքայությանը տիրանալ» ասելով հասկացվում է, ամենայն հավանականությամբ, փառքով պսակված դիրք գրավելը, մինչդեռ «փրկվել» ասելով, կրկին՝ ամենայն հավանականությամբ, հասկացվում է սոսկ Արքայություն մտնելը։
[7] Բնագրում գործածված եզրը մատանշում է սրտերի ներքին անհամերաշխությունը։
[8] Բնագրում բառացի՝ գոհացման։ Մարդու մեղքերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն իրենց տեսակով, մշտապես խոցում են Աստծո սրբությունն ու արդարությունը, ուստի ձևավորում են մի ''պարտք'', որին մարդը պետք է ''գոհացում տա'', այսինքն՝ մարի այդ պարտքը, վերականգնի խախտված արդարությունը։ Սա վավերական է նաև ներում ստանալու դեպքում. ներվում է հանցանքը, բայց պարտքը մնում է, և այն որևէ դեպքում պետք է վերականգնվի։
[9] Քրիստոնեության առաջին դարերում ապաշխարության գործերը կատարվում էին նաև հրապարակային եղանակով, կախված մեղքի ծանրությունից (օրինակ՝ հավատուրացության դեպքում)։
[10] Այսինքն՝ ապաշխարողը։
[11] Ի նկատի ունի Ամենասուրբ Հաղորդության Խորհուրդը, Սուրբ Պատարագը։
[12] Մարտիրոսների և ընդհանրապես Սրբերի դեպքում «ծննդյան օր» կամ «տարեդարձ» ասելիս հասկացվում է նրանց մարտիրոսության կամ մահվան օրը, այսինքն՝ երբ մուտք են գործել Աստծո Արքայություն, «ծնվել են» հավիտենական կյանքին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։