Ճառ 365. « 15-ՐԴ ՍԱՂՄՈՍԻ 7-ՐԴ ՏՈՂԻ ՄԱՍԻՆ. "ՕՐՀՆԵԼՈ՜Ւ ԵՄ ՏԻՐՈՋԸ, ՈՎ ԻՆՁ ԽԵԼՔ ՏՎԵՑ", ԵՎ ԱՅԼՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 365. « 15-ՐԴ ՍԱՂՄՈՍԻ 7-ՐԴ ՏՈՂԻ ՄԱՍԻՆ. "ՕՐՀՆԵԼՈ՜Ւ ԵՄ ՏԻՐՈՋԸ, ՈՎ ԻՆՁ ԽԵԼՔ ՏՎԵՑ", ԵՎ ԱՅԼՆ »

Ճշմարիտ գովաբանություն չէ, եթե չի բխում սրտից

1. Մենք երգեցինք. «Օրհնելո՜ւ եմ Տիրոջը», և ցանկանում եմ օրհնել Նրան իմ սրտում, ո՛չ միայն ձայնով. «Տիրոջ գովաբանությունն աններդաշնակ է մեղավորի բերանում»[1], ով այն հնչեցնում է սոսկ շուրթերի վրա և ո՛չ թե [իր] սրտում, և ոչ մի օգուտ չի տալիս գովաբանությունը շուրթերով դավանելը՝ առանց ներքուստ դրան համապատասխանեցնելու սիրո դավանությունը:

Դուք տեսե՛ք, եղբայրներ. սերը բերանի առաքինություն չէ. նրա տեղն այնտեղ է, որտեղ գտնվում է Փեսայի ընկերուհին՝ իր գեղեցկությամբ: Դա Սաղմոսն է ասում. «Թագավորի դստեր ողջ փառքը ներքին է»[2]: Փառք` նշանակում է գեղեցկություն, իսկ գեղեցկությունն ա՛յլ բան չէ, եթե ո՛չ` սեր, իսկ սերը կյանքն է: Հետևաբար, կյանք ունենալու համար` սիրի՛ր. և եթե սիրում ես, ունես գեղեցկությունը, որովհետև լավ սերը գեղեցիկ է: Իսկ եթե քեզ պակասում է այս գեղեցկությունը, [ուրեմն] չունես կյանքը. դրա սոսկ արտաքին տեսքն ունես, բայց ներսում ողջ չես:

Եթե մեծ սյուների վրա կանգնեցված մի գերեզման բացենք, կոտրելով դրա մարմարը` չենք գտնի ա՛յլ ինչ, եթե ո՛չ` մի սոսկալի դիակ, գարշահոտ ոսկորներ, մոխիր, որդեր: Ուրեմն, գերեզմանի գեղեցկության արտաքին տեսքը թաքցնում էր մի մեռյալ, որի տեսքից սարսռում ենք սարսափից: Կարելի չէ ենթադրել, թե մեռած մեկը կասի. «Օրհնելո՜ւ եմ Տիրոջը». դա վկայում է Գրվածքը. «Մեռյալները չէ, որ գովաբանում են Քեզ, Աստվա՜ծ, և ո՛չ էլ նրանք, որ իջնում են դժոխք»[3]:

Բացի՛ր Ավետարանը և կլսես, թե ինչպե՛ս է Տերը գոռում սատանայի վրա. «Լռի՛ր»[4]: Եվ սա` հե՛նց այն պատճառով, որ. «Մեռյալները չեն գովաբանում Աստծուն»: Ոչ ոք չի գովաբանում մեկին՝ առանց նրան սիրելու, իսկ եթե մեկը գովաբանում է իր թշնամուն, նա իր թշնամու մեջ գովաբանում է այն առաքինությունը, որը սիրում է: Նա, ով մեղանչում է, դրանով իսկ ինքն իրեն դրսևորում է իբրև Աստծո թշնամի, և հետևաբար` չի կարող գովաբանել ո՛չ Նրան, ո՛չ էլ Նրա զորությունը, որովհետև գովաբանությունն ինքնըստինքյան մի բարիք է, որ համատեղելի չէ մեղքի հետ:

Իսկ եթե մեկն էլ ինչ որ մեկի գովաբանում է ստելով, նրանը զրպարտություն է կամ ծաղրանք, գովաբանության փոխարեն: Եթե սրտից հանում ես սերը, մնում է լոկ սուտը: Ուստի չի կարելի մտածել, թե սուտը գովք է տալիս ճշմարտությանը, և թե նույն աղբյուրից են բխում Աստծո գովաբանությունն ու հայհոյությունը: Ինչպես տեսնում ենք, որ աշխարհի իմաստուններն արհամարհում են այն գովաբանությունները, որոնք տրվում են անպատկառ և չար մարդկանց կողմից, այնպես էլ չի կարելի մտածել, թե Աստված գովաբանություն է ընդունում անմաքուր և անամոթ սրտից, նրանից, ով հայհոյում է և անմիտ է:

Երգի՜ր, ուրեմն. «Օրհնելո՜ւ եմ Տիրոջը, Ով ինձ խելք տվեց»[5]: Դու, որ մտքով առողջ ես, որովհետև բժշկվել ես, և ունես խելամտության պարգևը, պետք է գովաբանես քո Աստծուն, Ով քեզ պարգևել է խելքը, քեզ պարգևել է տեսողությունը. խելքը՝ որպեսզի հասկանաս, թե որքա՜ն է Նրա սիրո լայնությունն ու խորությունը, տեսողությունը՝ որպեսզի հայացքդ ուղղես դեպի Նա, Ով հավատքի հիմքն ու կատարումն է:

Եվ կարող ես, ուրեմն, ըմբռնել սերը, կարող ես հաջողել` տեսնելու Քրիստոսին. սերը՝ սիրելու համար, Քրիստոսին՝ օրհնելու համար, և այսպես` սիրելով ու օրհնելով՝ կարող ես ճանաչել Աստծուն, Ումից քեզ տրվել է խելքը, և Նրան ճանաչելով՝ [կարող ես] ապրել, որովհետև. «Հավիտենական կյանքը սա է. ճանաչել Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և ճանաչել Նրան, Ում դու ուղարկեցիր. Հիսուս Քրիստոսին»[6]:

 

Ընդդեմ հերետիկոսների, որոնք խելամտության պարգևը վերագրում են որակյալ բնությանը

2. Բայց հարցնում եմ քեզ, ի սեր Աստծո, թե որտեղի՞ց է քեզ տրվել խելամտությունը[7]: Ահա՛, հանկարծակի մեր մեջ է ընկնում մեկը՝ ասելու, թե խելամտությունը բխում է այն նույն [աղբյուրից], որից բխում է բնությունը, և թե, եթե բնությունը որակյալ է, որակյալ է նաև խելքը. բավական կլինի, որ [մարդուն] բախտով բաժին ընկնի որակյալ բնություն, որպեսզի խելքը այլասերված չլինի: Ուստի, նա պնդում է. «Օրհնելո՜ւ եմ Տիրոջը բնությամբ, որի հետ մեկտեղ իբրև պարգև ստացա խելամտությունը»:

Բայց եu նրան պատասխանում եմ այսպես. «Ո՜վ հերետիկոս, եթե դու ունենայիր այն որակյալ բնությունը, որը հավակնոտությամբ պնդում ես, թե ունես, այդ դեպքում պետք է լռեր, սուտ հանված, Առաքյալը, ով ասում է. ''Ես չեմ գործում այն բարին, որը կամենում եմ''[8]». նրան բախտով բաժին էր ընկել որակյալ բնություն, և սակայն,  չի կարողանում գործել այն բարին, որը կկամենար գործել: Կամենում է դա, ցանկանում է դա, փորձում է դա, բայց կամքն անզոր է, ցանկությունը՝ ունայն, փորձը՝ ապարդյուն. հակառակ այն ամենի, ինչ կկամենար և ցանկանում է ու փորձում, նա չի կարողանում գործել բարու համաձայն: Ահա՛ թե որքա՜ն որակյալ է այն բնությունը, որի կամքը տկար է, իսկ ցանկությունները՝ ունայն, փորձերն՝ ապարդյուն:

Թող որ միջամտեն այժմ փիլիսոփաները՝ փաստելու իրենց մասին. նրանք շա՜տ շնորհակալ կլինեին քեզնից, որ դու որակյալ բնություն ես շնորհում նրանց այդքա՜ն ձրիաբար: Նրանք, արդարև, ճանաչում են երկինքը, երկիրը, ծովը, քննում են անդունդները, հետազոտում են բնության գաղտնիքները, գիտեն զանազանել գոյությունների տարբեր դասակարգերը, այն, ինչը որ տարբերակում է դրանք, այն, ինչը որ կազմում է դրանց էությունը: Բայց մինչ հասնում են այս ամենի մասին հաշիվ տալուն, եթե անցնում ենք անդին, ահա՛, որ նրանք կորցնում են իրենց կորովը. այդքա՜ն և այդպիսի բա՜րձր գիտելիքների հասնելուց հետո անգամ, չեն հասնում գովաբանություն տալու Աստծուն, և ահա՛ նրանք, մոլորված են իրենց մտքերի մեջ՝ խելազուրկ դարձած, մինչ կարծում էին, թե իմաստուններ են: Աստծո հետ մարդու ունեցած նմանությունը փոխել են խոտակեր հորթի նմանության հետ. գահավիժում են Բահաղների մոլորության մեջ՝ կուրացած [այս] աշխարհի աստծուց, տրվել են անարգ կրքերին և նմանվել են իրենց պաշտամունքի առարկաներին[9]: Եվ սակայն, բարի էր նրանց բնությունը, և դրանից, ըստ քեզ, նրանց տրվում էր խելամտությունը:

Բայց դու պետք է ինքդ քեզ հարցնեիր, ո՜վ անմիտ, թե արդյոք նման բնությունը կարո՞ղ է տալ մի խելք, որը չարախոսում է Աստծո դեմ, Նրան օրհնելու փոխարեն, և ապստամբում է Արարչի իսկ դեմ: Ես եմ ասում ձեզ, եղբայրներ, այն, ինչ դուք պետք է հայտարարեք. «Օրհնելո՜ւ եմ Տիրոջը, Ով ինձ խելք տվեց»[10], որովհետև եթե Նա տված չլիներ ինձ դա, ես հասկանալու կարողություն չէի ունենա, և եթե չհասկանայի, չէի օրհնի. մինչդեռ, Նրանից ինձ տրվեց խելքի և տեսողության պարգևը, մինչ բնությունը կույր է և չի կարող տալ այն, ինչից ինքն իսկ զուրկ է: Եթե դու ինքդ քո համար կերտեիր խելքը, զուրկ կլինեիր տեսողությունից. լույսը, որ քո մեջ է, խավար է: Դու, ուրեմն, պետք է ասես. «Լուսավորի՜ր իմ խավարը, որպեսզի չննջեմ մահվան մեջ»[11]: Մահվան մեջ ննջելն ա՛յլ ինչ չէ, եթե ո՛չ՝ բնությունից այս ինչ որ մի բան հուսալը, կամենալով դարձնել մարմինը սեփական գործիքը և հավակնելով ինքնուրույն արտադրել խելքը. ով վարվում է այսպես, ո՛չ միայն մեռած է, այլ նաև՝ ընկղմված է մահվան մեջ, և ավելի գարշահոտ է, քան չորսօրյա մեռելը[12]: Եթե մեկը սոսկ մեռած լիներ, թերևս կարող էր կրկին արթնացվել. մինչդեռ մահվան մեջ նա քնած է մի կապարյա քնով, ընկղմված է դրա մեջ. նրա համար [ամեն բան] վերջացած է:

 

Միայն Քրիստոսի ողորմությունը կարող է բժշկել մարդկային բնությունը, որն ինքնըստինքյան ախտահարված է

3. Բայց կամենում եմ, որ դու իմանաս, թե ի՛նչ արեց նա, ում բաժին էր ընկել մի բարի բնություն, նա` [հրեշտակը], որը, քո նման, հայտարարեց, թե լավ խելք ունի, քանի որ բարի բնություն ուներ, որովհետև Նա, Ով նրան տվել էր բնությունը, չէր մերժել նրան [նաև] խելքը: Բայց սա մի կարիճ է, որին հարկավոր է ճզմել, ոտնակոխ անել` թույլ չտալու համար, որ անօրինությունը դուրս գա նրա բերանից: Կարդա՛. «Բաժին էի ստացել մի բարի հոգի», և շարունակի՛ր՝ հասկանալու համար, թե ինչպիսի՜ գանձ էիր ստացել. մի գանձ, որը թերևս կրակոտ ածուխների է փոխվելու, որպիսիք մաղթում եմ, որ կուտակվեն քո գլխին՝ այրելու-հեռացնելու համար քո ողջ հավակնոտությունը: Շարունակելով՝ կարդա՛, ուրեմն. «և ավելի շուտ, քանի որ բարի էի, մտել էի անարատ մարմնի մեջ: Երբ իմացա, որ չեմ կարող զսպել ինքս ինձ, եթե Աստված չշնորհի ինձ դա», – և սա արդեն իմաստության նշան էր՝ իմանալ, թե ումի՛ց է գալիս այդ պարգևը, – «դիմեցի Աստծուն և աղաչեցի Նրան»[13]:

Լիովին ճշմարիտ է, որ քեզ բաժին է ընկել մի բարի բնություն. բարի է նաև սատանայի բնությունը, ինչպես այն բոլոր արարածներինը, որոնց Աստված ստեղծել է: Սակայն, որքան էլ որ բարի լինի քո բնությունը, միմիայն եթե Աստված պարգևի քեզ դա, դու կկարողանաս ունենալ այն իմաստուն խելքը, որը քեզ թույլ կտա հրաժարվել վատ տենչանքներից և տիրապետություն հաստատել ցանկությունների վրա: Սովորի՛ր դա, ո՜վ հերետիկոս. ժամանակն է, որ սովորես դա. «Եվ իմացա, որ ա՛յլ կերպ չէի կարող զսպել ինքս ինձ, եթե Աստված չշնորհեր ինձ դա»: Արդարև, հե՛նց իմաստությանն է հատուկ – որն ամբողջությամբ խելք է – իմանալ, թե Ո՛վ է քեզ պարգևում ինքդ քեզ զսպելու շնորհը, և հասկանալ, որ առանց Նրա պարգևի ընդունակ չէիր լինի դրան: Իսկապես ազնվազարմ է, այո՜, այս բնությունը[14], որ անընդունակ է իրեն զսպելու և որ չի կարող չհետևել իր մղումներին, եթե Աստված նրան չի պարգևում այն խելամտությունը, որը թույլ է տալիս նրան չսանձարձակվել:

Երգե՜նք, ուրեմն, եղբայրներ, երգե՜նք. «Օրհնելո՜ւ եմ Տիրոջը, Ով ինձ խելք տվեց»[15]: Նա պարգևեց բնությունը, պարգևեց խելքը. բժշկեց բնությունը, բժշկեց խելքը: Թե՛ բնության, թե՛ խելքի հանդեպ ողորմություն ցուցաբերեց բարեսիրտ Սամարացին, Ով [Երկնքից] իջավ մեզ օգնության հասնելու նպատակով. կապեց մեր վերքերը, լվաց դրանք գինիով, – և գիտե՛նք, թե ի՜նչ Գինիով, – խնամք ցուցաբերեց արարածի հանդեպ, տարավ նրան իջևանատուն՝ հյուրընկալության նպատակով հանձնելով Նրան, Ով բնակվում էր այնտեղ[16]:

Իջևանատունը Եկեղեցին է. Նա, Ով բնակվում է այնտեղ, Սուրբ Հոգին է: Նա Իր պատռված պարկից[17] դուրս բերեց դրամը, որով մեր՝ թշվառներիս համար վճարեց Հյուրընկալին. Նա, ստանալով դրամը, խնամք ցուցաբերեց Իր յուղով, ախտահարված բնության վերքերին քսեց Իր քսուքը և բուժեց այն. կրակ տվեց Իր ձեթին՝ լուսավորելու համար մեր խավարը, և լույս արեց մեր մտքի մեջ: Եթե չունես այս հավատքը, քո համար [եկած] չի լինի Սամարացին, և դու կկորչես քո վերքի պատճառով՝ մերժած լինելով բժշկող ձեռքը:

 

Իմաստուն խելքը Սուրբ Հոգու պարգևն է, որը Քրիստոսը վաստակեց մեր համար

4. Հարցնե՜նք Առաքյալներին, որպեսզի ասեն մեզ, թե ո՛վ իրենց իբրև պարգև տվեց խելքը` Տիրոջ հարությունից հետո այն հայտնի հիսուններորդ օրը: Կարելի չէ, անշուշտ, մտածել, թե իրենք էին, որ առաջացրեցին այն ահեղ որոտումը, որը ցնցեց այն տեղը, որտեղ նրանք գտնվում էին` սպասելով Հոր խոստումներին, և հնարավոր չէ, որ իրենք վառած լինեին ի վերուստ իջած այն հուրը, որով բոլորը միասին բորբոքվեցին, և ո՛չ էլ` որ իրենք ստեղծած լինեին այդ հրեղեն լեզուները: Եվ ո՛չ էլ կարելի է կասկածել, թե իրենք ինքնուրույն հայթայթեցին այդ աստվածային պարգևները, որոնց թվին է պատկանում նաև խելամտությունը, որպեսզի լցվեին դրանցով՝ ըստ իրենց սրտի իղձերի: Եթե մեկը հաստատեր սա, մասնակից չէր լինի այն պարգևներին, որոնք առատորեն տրվեցին այդ հիսուն օրերի լրանալուն պես, և անկասկած` խելամտություն չի ստացել նա, ով կարծում է, թե այն տրվում է բնությանը համապատասխան: Ուրեմն, խելամտությունը տրվեց միայն այն ժամանակ, երբ տրվեց Սուրբ Հոգին:

Պետք է արդեն միասին հասնենք այս եզրակացությանը. դու կարմրում ես՝ ճանաչելով քեզ շփոթված: Եվ եu իսկապես կուզենայի, որ այս շփոթմունքը քեզ հաստատի ճշմարիտ հավատքի մեջ, այս կարմրելը քեզ հասնել տա փառքին: Սուրբ Հոգին Հոր կողմից խոստացված պարգևն է, Որդու նվերը: Եթե խոստացվում է, կա մեկը, որ այն խոստանում է, որովհետև պարգևները, որ մեզ խոստացվում են, մեզնից դուրս են գտնվում, մեր կարողություններից դուրս. անօգուտ կլիներ, եթե խոստացվեր ինչ որ մի բան, որին արդեն տիրապետում ենք, երբ ստանում ենք դրա խոստումը, կամ որին կկարողանայինք տիրապետել, երբ դա մեզ հաճելի կլիներ: Ես քեզ խոստանում եմ այն, ինչը որ դու չունես, և այն խոստանում եմ, երբ ի վիճակի եմ տալու քեզ այն, ինչ խոստանում եմ: Սուրբ Հոգին նույնպես պարգև է, ուրիշ որևէ պարգևից վեր պարգև, մի պարգև, որը պարտական չէ ոչ ոքի և որը տրվում է ձրիաբար[18]:

Ծնվեց Քրիստոսը և պառկեց մսուրի մեջ, որպեսզի կերակուր դառնա աստվածապաշտ ջորիների համար. այդուհանդերձ, ծարավ և հոգնություն կրեց, վաճառվեց Իրենինների կողմից, մատնվեց հրեաներին և ամբաստանվեց, խարազանվեց հեթանոսների կողմից և փշերով պսակվեց, խաչվեց և թաղվեց գերեզմանի մեջ. և ինչո՞ւ այս ամենը: Նպատակը քո համար ձեռքբերելն էր այն պարգևը, որը մտադիր էր տալ քեզ հետո՝ այն պահին, երբ քեզ հավատացյալ հայտարարեիր, կամ ավելի ճիշտը՝ հե՛նց նրա համար, որ դու հավատայիր: Արդարև, եթե պարգևը քեզ տված չլիներ նախքան հավատքին քո հարելը, չէիր հավատա ո՛չ առաջ, ո՛չ հետո: Հետևաբար, եթե դու կարծում ես, թե բնությունից է քեզ տրվում խելամտության պարգևը, ունայն ես դարձնում Քրիստոսի մահը, չարչարանքը, խաչը, որովհետև ունայն կլիներ Նրա մեռնելը, եթե Նա մեռած լիներ, որպեսզի քո համար ձեռքբերեր այն, ինչին դու արդեն տիրապետում էիր, և որպեսզի քեզ նվիրեր այն, ինչ ունեիր:

Փորձի՜ր Տիրոջը վերադարձնել՝ իբրև բոլորովին ունայն բաներ, Նրա խոնարհումը մսուրի մեջ, խաչի անեծքը, Նրա Արյան հեղումը. եթե դու բավական ես ինքդ քեզ, այս ամենն, ուրեմն, ունայն է: Դու հավակնում ես հարուստ լինել և քո հարուստ բնության պարգևների թվին ես դասում նաև խելամտությունը, որի վերաբերյալ կարծում ես, թե բնության պարգևներից մեկն է, ո՛չ թե` շնորհի, և որի համար քեզ պարտական չես համարում Արարչին, եթե ո՛չ այն իմաստով, որ Նա քեզ տվել է բնությունը, որից, ըստ քեզ, բխում է խելամտությունը:

 

Հորդոր ներկաներին՝ քննելու իրենց ներքին փորձառությունը

5. Բայց ես կարծում եմ, որ դու արդեն ճանաչում ես քո մոլորությունը, և մաղթում եմ, որ խրատվեն քո երիկամները[19], որպեսզի դու կարողանաս այն ավելի լավ ճանաչել, և ճանաչելով՝ ի վիճակի լինես խնդրելու, և խնդրելով՝ կարողանաս ստանալ խելամտության, խորհրդի, երկյուղի Հոգին՝ իմաստության ու խոհեմության մեջ աճելու և Տիրոջ նկատմամբ առավել դյուրահպատակ դառնալու նպատակով:

Այժմ, այս վեճը հերետիկոս ընդդիմախոսի հետ վարելուց հետո, դարձյալ դիմում եմ ձեզ, եղբայրներ. ստույգ է, որ ձեզ չէր պակասում մեկը, որ կկարողանար խրատել ձեզ այս խնդրի վերաբերյալ, և դուք ինքներդ կկարողանայիք պարզաբանել այն ձեր համար: Արդարև, եթե ընկած լինեիք – մի բան, որից Աստված թող որ հեռո՜ւ պահի ձեզ – այս մեծ, անմիտ մոլորության մեջ՝ կարծելու, թե բնությունից է պարգևված խելամտությունը, որը ստանում եք Աստծո շնորհից ու ողորմությունից միայն, ձեզ ուղղվելու կկանչեին ձեր իսկ երիկամները՝ աղաղակելով. «Ինչո՞ւ են այդպիսի կասկածներ ծնվում ձեր սրտում»[20]: Յուրաքանչյուր ոք թող որ քննի ինքն իրեն, խուզարկի և հարցաքննի ինքն իրեն, հարցեր չդնի շուրջբոլորը, այլ` հարցաքննի իր իսկ երիկամներին. սրանք իրեն կասեն, որ մեր անդամների մեջ կա մի ա՛յլ օրենք, տարբեր` քան այն, որն ունենք մեր մտքի մեջ[21]. դրա մղումով ես պատրաստ եմ ամեն ոճրի, ենթակա եմ ցանկասիրության հզոր մղումներին, ամեն օր խորասուզվում եմ մեղքերի մեջ՝ մինչև դրանց մեջ խորտակվելը: Հառնում են նախանձը, հպարտությունը, ցանկասիրությունը՝ կազմելու մի զորագունդ, որն հարձակվում է իմ՝ թշվառիս վրա, և եթե կարողանում եմ փախչել Քարիբդիսից, ընկնում եմ Սկիլայի ճանկը[22]. եթե ետ եմ մղում տռփանքը, տեղի եմ տալիս բարկությանը. եթե չեմ խոնարհվում ագահության առաջ, տեղի եմ տալիս հարբեցողությանը. եթե ինձ ետ եմ պահում գողանալուց, փակում եմ, սակայն, սիրտս ու ձեռքերս աղքատների առաջ. եթե ականջ չեմ դնում զրպարտություններին, մահը մտնում է պատուհանից, այսինքն՝ աչքերից, որոնցով ընդունում եմ տռփանքի ու հաճոյամոլության մղումները: Կարճ ասած, եթե փակում եմ մի ճեղք, բացվում են հարյուր ուրիշները, որոնցից մտնում է կործանարար անձրևը, և ի վերջո` եu քարուքանդ եմ լինում: Ահա՛ այն բաները, որ քեզ ասում են քո երիկամները, որոնք, գիտակից իրենց տկարությանը, զգուշացնում, հանդիմանում, ուղղում են քեզ, և քեզ հանգիստ չեն տալիս մինչև գիշեր:

Քո գիշերը քո խավարած խղճի գիշերն է, որի ստվերներով դու, եթե կարողանայիր, կկամենայիր փաթաթվել՝ դրանք իբրև պաշտպանություն հակադրելու համար ճշմարտության լույսին, վստահելով լոկ քո ամրությանը: Բայց միջամտում են քո երիկամները՝ քեզ ուղղելու համար, որովհետև, ինչպես կարդում ենք Սուրբ Գրքի հատվածներից մեկում. «Քո ուժը երիկամներիդ ու երանքներիդ մեջ է»[23]: Քանի որ, սակայն, քո երանքներն այդքա՜ն կակղացած են, այդքա՜ն անուժ են քո երիկամները, ինքդ քեզ կհարցնես, թե ի՛նչ կարող է լինել մյուս անդամների պարագան, եթե այդքա՜ն մեծ է երիկամների տկարությունը, որոնցից մեզ տրվում է ուժը: Եվ երբ մեր երանքներից սովորեցինք, թե որքա՜ն ունայն է մարդկանց կողմից փրկություն ստանալու հույսը, մեզ ուրիշ բան չի մնում անելիք, եթե ո՛չ՝ դրանք գոտիով ամրացնելը, որպեսզի չընկնեն: Մենք ջանում ենք մեխերով ու չվաններով ամրացնել այն տախտակները, որոնցով շինված ենք, երբ դրանք ճեղքվում են՝ ծերությունից կամ տենդի կրակից սպառված, կամ էլ՝ տեղի են տալիս աղետների վրա հասնելուն պես, կամ որևէ ա՛յլ պատճառով. նույն ձևով, դու պետք է միջամտես՝ թիկունք կանգնելու քո երանքներին, այսինքն՝ քո ամրությանը. եթե կորցնում են ուժը, տեղի են տալիս, լուծվում են, քո ամբողջ կազմվածքը քանդվում է: Վերցրո՛ւ, ուրեմն, Խաչի գամերը, ուժգին մեխի՛ր դրանք այնքան խորը, որքան հնարավոր է: Միմիայն այսպես կհաջողես կազմվածքդ ամրացնելու գործում. բայց նրանից, ով երերում է, չպետք է պահանջես, որ կանգուն մնա: Խաչի գամերին է հատուկ ընկածին կրկին բարձրացնելու, տկարին վերականգնելու, երերացողին կանգուն պահելու կարողությունը: Դու խրի՛ր գամերը՝ լա՛վ հարվածելով դրանց, մինչև որ կմտնեն ծուծքի մեջ, բուն իսկ հոգու մեջ: Սա՛ է բուժումը, որ կբուժի քեզ, և հազիվ բուժվես, կասես Տիրոջը. «Քեզ եմ վստահում իմ ուժը»[24], Քեզնից է գալիս իմ ուժը, և Քեզ եմ այն վստահում:

Դիմելով Տիրոջը [...] [25]։

[1] Հմմտ. Սրք 15, 9
[2] Սղմ 44, 14
[3] Սղմ 113, 17
[4] Մրկ 1, 25
[5] Սղմ 15, 7
[6] Հվհ 17, 3
[7] Այս ճառի մեջ քննարկվող խելամտությունը հարկավոր է հասկանալ հոգևոր իրականությունների ըմբռնման ու ընկալման իմաստով: Այն այստեղ սոսկ բնական խելացիության իմաստ չի պարունակում:
[8] Հռմ 7, 19
[9] Հմմտ. Հռմ 1, 21-28
[10] Սղմ 15, 7
[11] Սղմ 12, 4
[12] Հմմտ. Հվհ 11, 39
[13] Իմս 8, 19-21
[14] Հայրապետի այս նախադասությունը հարկավոր է ընթերցել և հասկանալ որպես հեգնական խոսք։
[15] Սղմ 15, 7
[16] Հմմտ. Ղկս 10, 33-35
[17] Ի նկատի ունի Խաչի վրա գամերով ու գեղարդով խոցված մարմնից։
[18] Ձրիաբար` ո՛չ թե բացարձակ, այլ` հարաբերական իմաստով։ Ստացողը չի վճարում դրա գինը, իր համար այդ պարգևը ձրի է, որովհետև դրա վիթխարի գինը վճարվել է Քրիստոսի կողմից` Խաչի վրա։ Ստացողի համար, համենայն դեպս, վավերական է մնում երախտագիտություն հայտնելու և ստացած շնորհին համապատասխանելու բարոյական պարտականությունը։
[19] Հմմտ. Սղմ 15, 7. Հինկտակարանյան բառապաշարը գործածելով, Օգոստինոսը երիկամների մեջ տեսնում է մարդու ցանկությունների ու ախորժակների կենտրոնը:
[20] Հմմտ. Ղկս 24, 38
[21] Հմմտ. Հռմ 7, 23
[22] Սկիլան և Քարիբդիսը հունական դիցաբանության երկու ծովային հրեշներ էին, որ բնակվում էին Մեսսինայի նեղուցի հակադիր ափերին։ Նրանք սկզբում չքնաղ հավերժահարսեր էին եղել, բայց հետագայում, աստվածների կողմից պատժվելով, վերածվել էին սարսափելի արարածների։ Սկիլան, որ գտնվում էր կալաբրիական ափին, վեցգլխանի հրեշ էր և հոշոտում էր անցնող նավերի նավաստիներին։ Իսկ Քարիբդիսը, սիցիլիական ափին, անձև մի հրեշ էր, որն օրական երեք անգամ կլանում և բաց էր թողնում ծովի ջրերը՝ ստեղծելով մահացու հորձանուտներ։ Օդիսևսի ճանապարհորդությանը խոչընդոտելու պատճառով Հոմերոսի «Ոդիսականում» հռչակված այս հրեշները մարմնավորում էին հնագույն նավագնացության իրական վտանգները։ Նրանց անուններից է առաջացել «ընկնել Սկիլայի և Քարիբդիսի միջև» դարձվածքը, որ նշանակում է հայտնվել երկու հավասարազոր վտանգների միջև, որտեղից անհնարին է դուրս գալ առանց կորուստների։
[23] Հոբ 40, 11
[24] Սղմ 58, 10
[25] Օգոստինոսն ավարտում է քարոզի խոսքը և շարունակում է Պատարագի արարողակարգը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։