
Ճառ 366. « ՍԱՂՄՈՍ 22, 1 ՏՈՂԻ ՄԱՍԻՆ. "ՏԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ԻՆՁ ԵՎ ԻՆՁ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ" »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
22-րդ Սաղմոսի բացատրությունը՝ մկրտության թեկնածուների համար, որոնք այն պետք է սովորեն անգիր
1. Տիրոջ Անունով, ո՜վ թանկագիններ, ձեզ ենք հանձնում Սաղմոսը, որը պետք է անգիր սովորեք Մկրտության համար, որը տենչում եք ստանալ. և մենք պետք է նաև մեկնաբանենք ձեզ դրա խորին իմաստը՝ աղերսելով աստվածային շնորհին, որ լուսավորի այն մեր համար: Սաղմոսի հատուկ թեման մարդկային ցեղի փրկագնումն է իր անկումից, և Եկեղեցու վարդապետությունը՝ իր խորհուրդների հետ միասին:
Այժմ լռության մեջ ունկնդրության դրեք ձեր սիրտը, որպեսզի ձեր լիակատար ուշադրությամբ` ընծայեք խոսքի սերմն ընդունելուն հարմար ակոսը. ծարաված հողը, երբ ընդունած կլինի սերմը, և երբ իր ժամանակին Քրիստոսի Արյունը ոռոգած կլինի այն՝ արբեցնելով նրան, կծլի՝ բարձր աճեցնելով հասկը, և առատ կլինի հունձքը:
Սղմ 22, 1. Միմիայն Քրիստոսի կողմից փրկագնված լինելով է, որ մարդը կարող է եղանակել Սաղմոսի գովաբանությունը
2. «Տերը հովվում է ինձ, և ինձ ոչինչ չի պակասում»[1]. սա գովաբանության վեհ սկիզբ է, ո՜վ իմ թանկագիններ: Ասելը` «Տերը հովվում է ինձ», ամրապնդում է մեր վստահությունը այն պաշտպանության հանդեպ, որ ստանում ենք. ասելը՝ «և ինձ ոչինչ չի պակասում», ամրապնդում է շնորհի անհուն բարիքները, որոնք կյանքի մեր հարուստ գոյացությունն են: Բայց հարցնենք ինքներս մեզ, թե ո՞վ է արտասանում այս գովաբանությունը, և ջանանք հասկանալ դրա չափն ու որակը:
Այն արտասանում է հե՛նց այն մարդը, որը, մինչ Երուսաղեմից իջնում էր Երիքով, ընկավ ավազակների ձեռքը[2]: Այն արտասանում է նա, ով, իր առաջին ծագման արժանապատվությունից մերկացված, անուժ պառկած էր մերկ՝ հողին, թաղման կտավի վրա: Եվ տակավին, սա ասում է նա, ով, ինչպես հայտնեց Օրենքի և Մարգարեների ավետումը, սեփական ուժերով վեր կենալ փորձելուց հետո, գետնին տապալվեց իր վերքի ցավից և ավելի ծանր անկումով դարձյալ ընկավ նույն վիճակի մեջ, որի մեջ գտնվում էր գետնին փռված. իրոք, Առաքյալն ասում է. «Օրենքը ոչինչ չհասցրեց կատարելության»[3]: Այդպիսի վիճակում գետնատարած եղած մարդուն օգնություն բերեց մեր Սամարացին, այսինքն՝ Հիսուսը, Ում հրեաները կոչեցին Սամարացի[4], որ նշանակում է պահապան. Նա, Ով, ողորմությունից մղված, անցնում էր այդ ճանապարհով, – այսինքն՝ մարմնացել էր, որպեսզի Ինքը՝ արդարը, մեռներ մեր մեղքերի համար, – գետնից բարձրացրեց ընկած մարդուն և նրան Իր ջորու վրա դրեց: Երբ մարդը թափառում էր մոլորված ոչխարի նման, Նա նրան Իր ուսերին առավ և վերադարձրեց դրախտ, որտեղից ընկել էր, այդպիսով վերակազմելով հարյուրի կատարյալ թիվը[5], ամբողջական հոտը: Մարգարեն, իրոք, ասում է. «Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը, հանձն առավ մեր ցավերը»[6]:
Դու, ուրեմն, մա՜րդ, որ տարվում ես ողորմության ջորու վրա, տարվում ես քեզ սիրող Տիրոջ ուսերին, և ճանաչված ու սիրված ես քո Արարչի և Տիրոջ կողմից, և ճանաչում ու սիրում ես Նրան քո հերթին, հռչակի՜ր այսուհետ. «Տերն իմ առաջնորդն է»: Անշուշտ չէիր կարողանա հայտարարել դա, եթե դեռ փռված լինեիր գետնին, եթե կրկին ոտքի կանգնեցված չլինեիր Տիրոջ կողմից: Նրա առաջնորդելը նշանակում է քեզ կրել: Եվ երբ դու ասում ես. «Տերն առաջնորդում է ինձ», ճանաչում ես, որ քո մեջ չունես քեզ սեփական ոչինչ, որը քեզ կմղեր ապավինելու ինքդ քեզ: Զգո՛ւյշ եղիր, ուրեմն, որ չպարծենաս քո արժանիքներով, որովհետև բնավ չունեիր դրանցից, երբ Տերը եկավ քեզ կրկին ոտքի կանգնեցնելու: Նա քեզ մերկ գտավ, ո՛չ թե զգեստավորված, վիրավոր, ո՛չ թե առողջ, գետնին փռված, ո՛չ թե ուղիղ ոտքի կանգնած, մոլորության մեջ թափառող, ո՛չ թե վերադարձի ճանապարհին: Զգուշացի՛ր, ուրեմն, որ չպարծենաս, չափազա՜նց զգույշ եղիր դրանից. Նա, Ով գթաց քեզ և քեզ կիսամեռ վիճակում վեր բարձրացրեց գետնից, այժմ շարունակում է կրել քեզ Իր ուսերին, եթե դու խոնարհ ես մնում, մինչդեռ եթե պարծենում ես, թողնում է, որ ընկնես: Այսպիսով, երկյուղի և ուղղամտության մեջ քայլելով, ասելուց հետո՝ «Տերն իմ առաջնորդն է», կարող ես վստահությամբ ավելացնել. «և ինձ ոչինչ չի պակասելու»: Արդարև, գրված է. «Ոչինչ չի պակասում նրանց, ովքեր երկնչում են Նրանից»[7], և տակավին. «Տերն Իր բարիքներից չի զրկում նրան, ով ընթանում է ուղղամտությամբ»[8]:
Սղմ 22, 2. Քրիստոնյաների արոտավայրը, որտեղ Քրիստոսը հովիվ է
3. Լավ ճանաչելու համար, որ քեզ ոչինչ չի պակասելու, ավելացրո՛ւ հաջորդ նախադասությունը. «Դալար մարգագետիններում է հանգստացնում ինձ, հանդարտ ջրերի մոտ է առաջնորդում ինձ»[9]: Դու, մա՜րդ, պետք է ճանաչես, թե ի՛նչ էիր, որտե՛ղ էիր, ո՛ւմ էիր ենթակա. մոլորված ոչխար էիր, անապատ ու չոր տեղում էիր, սնվում էիր փշերով ու տատասկներով, հանձնված էիր մի վարձկանի, որը, երբ գայլը վրա էր հասնում, քեզ չէր պաշտպանում[10]: Այժմ, մինչդեռ, քեզ փնտրել է ճշմարիտ Հովիվը, Ով, Իր սիրուց մղված, քեզ Իր ուսերին է դրել[11], քեզ վերադարձրել է փարախը, որը Տիրոջ Տունն է՝ Եկեղեցին. այստեղ Քրիստոսը քո Հովիվն է, և այստեղ, միասին բնակվելու նպատակով, հավաքված են ոչխարները: Այս Հովիվը նման չէ այն վարձկանին, որի տակ գտնվում էիր, երբ քեզ տանջում էր քո թշվառությունը, և դու պետք է վախենայիր գայլից: Լավ Հովվի քո հանդեպ ունեցած խնամքի չափը քեզ հայտնի է դարձնում այն փաստը, որ Նա քո համար տվեց Իր կյանքը:
Նա Ինքը Ավետարանում հայտարարում է. «Լավ հովիվը պատրաստ է իր կյանքը տալու իր ոչխարների համար»[12]: Եվ Ինքն արեց դա. Իրեն ընծայեց քեզ սպառնացող գայլին՝ թույլ տալով, որ Իրեն սպանեն քո համար: Այժմ, ուրեմն, հոտը ապահով բնակվում է փարախում՝ առանց ուրիշների կարիքի, որոնք կփակեն ու կբացեն ցանկապատի դուռը. Քրիստոսը հովիվն է և դուռն է, միաժամանակ նաև արոտավայրն է և այն մատակարարողը. «Ես եմ ոչխարների դուռը», հայտարարում է Նա: «Ով մտնում է իմ միջով, կփրկվի: Կկարողանա մտնել ու ելնել և կերակուր գտնել»[13]: Արոտավայրերը, որոնք լավ Հովիվը պատրաստել է քո համար և որտեղ քեզ դրել է արածելու, այն կանաչ դաշտերը չեն, որտեղ խառը` քաղցր ու դառնահամ խոտեր են աճում, որոնք մեկ կան, մեկ չկան՝ եղանակների հաջորդականության համաձայն: Քո արոտավայրը Աստծո խոսքն է, և Նրա պատվիրաններն են այն քաղցր դաշտերը, որտեղ դու պետք է արածես: Այդ արոտավայրերն էր ճաշակել նա, ով երգում էր Աստծուն. «Որքա՜ն քաղցր են Քո խոսքերն իմ քիմքին, ավելի՛, քան մեղրը իմ բերանին»[14]: Եվ միշտ այս արոտավայրերին ակնարկելով, բայց Տիրոջ ոչխարներին դիմելով՝ ասում է. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքա՜ն լավն է Տերը»[15]:
Կարդա՛, ուրեմն, Հին Կտակարանի Տասնաբանյան. «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ վկայություն մի՛ տուր»[16], և հաջորդ մասերը. կարդա՛ գովասանքը, որը Նոր Կտակարանն ուղղում է պատվիրաններին. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը: Երանի՜ հեզերին, որովհետև նրանք են ժառանգելու երկիրը»[17], և հաջորդ խոսքերը, և դեռ բազմաթիվ նման հատվածներ՝ փոխանցված Մարգարեների և Առաքյալների կողմից: Այս արոտավայրերին է ակնարկում Հովիվը, երբ գոչում է՝ դիմելով ոչխարներին. «Հայթայթեցե՛ք կերակուրը, որը չի կորչում»[18]. այն չի կորչում, որովհետև «Աստծո խոսքը մնում է հավիտյան»[19]. Տիրոջ խոսքը քո կերակուրն է, մանավանդ թե՝ ո՛չ միայն կերակուր, այլ նաև` ըմպելիք: Այսպես է Նա ասում՝ Մարգարեի միջոցով դիմելով հին ժողովրդին. «Ովքեր սնվում են ինձնով, է՛լ ավելի մեծ քաղց կզգան, և ովքեր խմում են ինձնից, է՛լ ավելի մեծ ծարավ կունենան»[20]: Եվ ուղղակի կերպով Ինքն Իրեն ակնարկելով. «Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք»[21]:
Այս արոտավայրերը գտնվում են վերստին կազդուրող ջրի մոտ, և արոտավայրերն ու ջուրը մեկ միասնական տարածք ունեն Ընդհանրական Եկեղեցու ներսում, որտեղ գտնում ես քո արոտավայրը կյանքի պատվիրանների մեջ և աղբյուրը, որից ցայտում է ջուրը հավիտենական կյանքի համար[22], որից կքաղես՝ դրանով նորոգվելու համար, երբ կմկրտվես Քրիստոսի [Մկրտության] մեջ: Այս ջուրը պետք է ոռոգի քո արոտավայրերը, որպեսզի դու կարողանաս աճել. միմիայն Քրիստոսի Մկրտությունն է պատվիրաններին հասունացնել տալիս իրենց պտուղները, և մեզ սնվել է տալիս դրանցով՝ մինչև մեզ հագեցնելը:
Սղմ 22, 3. Որո՞նք են արդարության ճանապարհները, որոնցից չպետք է շեղվենք
4. Այն բանից հետո, երբ մկրտական վերածննդի ջուրը քեզ ընդունակ դարձրած կլինի ճաշակելու քաղցր արոտների համը, այն ժամանակ կհասկանաս և ուրախությամբ կբացականչես. «Ինձ դարձրեց դեպի Ինքը, ինձ առաջնորդեց արդարության ճանապարհով՝ ի սեր Իր Անվան»[23]: Սատանան մեղքով խռովել էր հոգիդ և այն հեռացրել էր Աստծուց. Հայր Աստված, Քրիստոսի միջոցով, քեզ վերադարձրեց Իրեն, ո՛չ թե այն արժանիքների համար, որոնք դու ձեռք էիր բերել Նրա հանդեպ, այլ` ի սեր Իր Անվան: Եվ երբ կլինես լուսավորված ու դարձի եկած, հավատացյալ դարձած, ջրից վերստին ծնված, աստվածային արոտավայրերում սնված, կասես. «Ինձ դարձրեց դեպի Ինքը». սա գովաբանության հռչակում է, որը կարող ես պարծանքով կատարել, եթե անխաթար պահես գիտակցությունը, որ դա կարող ես անել ո՛չ թե քո ինչ որ մի արժանիքի, այլ` Իր Անվան համար:
Եվ լսի՛ր Նրանից, Ով առաջնորդում է քեզ, թե ո՛րն է այն արդար ճանապարհը, որի վրա Նա դրել է քեզ. «Որքա՜ն լայն է դուռը, և ընդարձակ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կործանում, [...] նեղ է, մինչդեռ, դուռը, և անձուկ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք»[24]: Կարճ ու շահավետ է յուրաքանչյուր ուղիղ ճանապարհ: Ուղին, որով Աստված քեզ պատվիրել է գնալ՝ Երկնքի Արքայությանը հասնելու համար, չի անցնում վայելքների, ոսկու և արծաթի հարստությունների, զարդերի ու թանկարժեք զգեստների զարդարանքների, աշխարհիկ ազնվականության պատիվների, փիլիսոփաների ամբողջ իմաստության հպարտության միջով: Բոլոր այս բաները և նմանատիպ ա՛յլ երկրավոր բարիքները, որոնք վատ են գործածվում նրանց կողմից, ովքեր դրանք ստանում են բարի գործածության նպատակով, նրանց համար կազմում են այն լայն, ընդարձակ ուղին, որով ընթանում են լոկ տեսանելի բաների հույսով, և որը, երբ նրանք զրկվում են այս կյանքից, նրանց հասցնում է ո՛չ թե այն հույսի կատարմանը, որը չտածեցին կյանքում, այլ` կորստյանը: «Քնեցին իրենց քունը հարստության մարդիկ և ոչինչ չգտան իրենց ձեռքերում»[25]: Աստված կամենում է, որ դու ընթանաս արդարության ճանապարհով, որը ողորմության և ճշմարտության ճանապարհն է, քանի որ «Տիրոջ բոլոր շավիղները ճշմարտություն են և շնորհ»[26]: Նա կամենում է, որ դու մի կողմ թողնես լայն, ընդարձակ ճանապարհը և ընթանաս նեղ ու արագ ճանապարհով, որն անցնում է քաղցի, ծարավի, մերկության, ծոմապահության, խոնարհության, աղքատության, համբերության միջով, և երկրավոր բաների արհամարհման միջով, զորավիգ ունենալով, սակայն, խոստացված հույսը:
Եթե ուզում ես պարզորոշ կերպով իմանալ այն ճանապարհի շահավետությունը, որով մտադիր ես ընթանալ, լսի՛ր. «Սիրի՛ր Տիրոջը` քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով», և. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես: Այս երկու պատվիրաններից են կախված Մովսեսի ամբողջ Օրենքը և Մարգարեների ուսուցումը»[27]:
Եթե քեզ թանկ է Երկնքի Արքայությանը հասնելը, այնտեղ արագորեն հասնելու համար քայլի՛ր այս երկու ուղիներով. դրանց են գալիս միանում բոլոր մյուսները, և դրանք միասին կազմում են մեկ միակ ուղի. երբ կհասնես նպատակակետին, իսկույն կվայելես ամբողջ ճանապարհը փութաջանորեն և առանց հոգնության ավարտին հասցրած լինելու ուրախությունը:
Սղմ 22, 4. Քրիստոսն ուղեկցում է մեզ ճանապարհին, քանի դեռ չենք շեղվում ուղիղ ուղուց
5. Ահա՛, ուրեմն, այն ուղիները, որոնցով դու պետք է ընթանաս՝ հաստատուն պահելով քայլերդ կատաղած սատանայի նենգությունների միջով, որպեսզի կարողանաս ապահով սրտով երգել Աստծուն. «Նույնիսկ եթե մահվան ստվերների խորքերում քայլեմ, չեմ վախենա ոչ մի չարիքից, որովհետև Դու իմ հետ ես»[28]:
Մահվան ստվեր է կոչվում մեղքի ուղին, այն, որի վրա սատանան՝ բաժանարարն ու հարձակվողը, իր խաբեությունների ցանցերն է լարում ուղղամտությամբ ընթացողների առաջ: Կոչվում է ստվեր, որովհետև խավարը ոչ մի ընդհանուր բան չունի լույսի հետ. Առաքյալը մեզ սովորեցնում է մերժել այն գործերը, որոնք հատուկ են մեղքի ստվերին, ասելով. «Դե՛ն նետենք խավարի գործերը և հագնե՛նք լույսի զենքերը: Վարվե՛նք պարկեշտությամբ, ինչպես լիակատար ցերեկով, ո՛չ անառակություններով ու հարբեցողություններով, ո՛չ անմաքրություններով ու սանձարձակություններով, ո՛չ կռիվներով ու նախանձով»[29]: Ուրեմն, քանի դեռ մնում ես այս կյանքում, դու քայլում ես երկրային մոլությունների ու նեղությունների միջով, որոնք մահվան ստվերն են, բայց քո սրտում պետք է շողա Քրիստոսը, Ով վառում է մեր ճրագը Աստծո սիրո և մերձավորի սիրո լույսով. այդ ժամանակ, իսկապես, ոչնչից չես վախենա՝ Նրան իսկ ունենալով քո հետ: Նա ասում է Մարգարեի ձայնի միջոցով. «Քեզ չեմ թողնի և քեզ չեմ լքի»[30]. և տակավին, Ավետարանում ասում է. «Ահավասիկ ես ձեր հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վախճանը»[31]: Նա քո լավ պահապանն է: Քո կողքին է Տերը՝ քո Աստվածը. զգո՛ւյշ եղիր, որ չանջատվես Նրանից, Ով առաջնորդում է քեզ, քո ինչ որ մի մեծամտության պատճառով, որը քեզ լքված կթողներ մահվան ստվերների մեջ:
Սղմ 22, 4-5. Թե ինչպե՛ս վստահությամբ մոտենալ Տիրոջ սեղանին
6. Երբ կզգաս, որ թշնամին, մեր այս մահվան ստվերների մեջ, իր նենգություններով հարձակվում է քո վրա և ջանում է կանգնեցնել քեզ վախի միջոցով, ձե՛ռքդ վերցրու կյանքի կանոնապահության գավազանը և վստահությամբ հենվի՛ր ողորմության ցուպին. քեզ օգնության կշողա Արդարության Արեգակը, որ Քրիստոսն է, և դու կկարողանաս ամենայն ճշմարտությամբ ասել. «Քո գավազանն ու Քո ցուպը ինձ վստահություն են տալիս»[32]: Արդարև, գավազանը ծառայում է հպարտներին կառավարելուն, ինչպես գրված է Երկրորդ Սաղմոսում՝ ակնարկելով Քրիստոսին. «Երկաթե գավազանով կհովվես նրանց և կավե անոթների պես կփշրես նրանց»[33]: Իսկ ցուպը զորավիգ է լինում տկարին ու հոգնածին:
Մի՛ մոռացիր, ուրեմն, գավազանը, որ պատժում է ու սանձում, և հպարտությամբ մի՛ պարծենա, երբ լի ես բարիքներով, որոնք Աստծո պարգևն են, և մի՛ տրտնջա Նրա դեմ, որպեսզի Նա, բարկացած, չփշրի քեզ քո հպարտության մեջ՝ կավե անոթի նման:
Մի՛ մոռացիր նաև ցուպի հենարանը՝ չափազանց ապավինելով քո ուժերին։ Մի՛ ասա. «Ես սուրբ եմ, չեմ կարող սայթաքել»: Մեր տկարության մեջ մենք ենթակա ենք բազում անկումների, և մեզ ապահով պահելու համար բավարար չեն այն սուրբ գործերը, որ կատարում ենք այստեղ՝ այս երկրի վրա, որը դեռ փշեր ու տատասկներ է աճեցնում: Մեր տկար մարմինը չունի փառավորյալ կյանքի մաքրությունը, և քանի դեռ չի վերադարձել հողին, որից վերցվել է, չի կարող հաստատուն կանգնած մնալ, եթե ո՛չ` հենվելով աստվածային շնորհի ցուպին: Թե՛ երբ հանդարտ ընթանում ես Տիրոջ ճանապարհի վրա, և թե՛ երբ տարուբերված ես կրքերի փոթորիկի կողմից, պետք է ամբողջությամբ հենվես Աստծո ողորմության ցուպին: Երբ, դրան հենված, կսնվես Հոգու պարգևներով, բերկրանքով կճաշակես Տիրոջ անուշությունը և կկարողանաս իսկապես ասել Սաղմոսերգուի հետ. «Իմ առջև սեղան պատրաստեցիր նրանց աչքի առաջ, ովքեր հալածում են ինձ: Օծեցիր յուղով իմ գլուխը. որքա՜ն գեղեցիկ է արբեցնող բաժակը, որ Դու ես լցնում»[34]:
Այս երգը ամբողջ երկրի վրա բարձրացնում է համայն Եկեղեցին, որն հենվում է շնորհի ցուպին. այն հռչակում է ընդդեմ հերետիկոսների` հրեաների ու հեթանոսների, որոնք նեղություններ են տալիս իրեն իրենց արհամարհանքով, և այն հռչակում է՝ փնտրելով իր փառքը Աստծո մեջ, ո՛չ թե իր անձի: Պատրաստված ճոխ սեղանը, որ բերկրանք է տալիս, որին ակնարկում է մյուս համարը, Քրիստոսի Չարչարանքներն են, Ով խաչի սեղանի վրա Իրեն իբրև պատարագ ընծայեց Հայր Աստծուն մեր համար, այդպիսով պարգևելով Եկեղեցուն կյանքի խնջույքը, որտեղ Նա մեզ հագեցնում է Իր Մարմնով, արբեցնում է Իր Արյամբ: Այս սեղանից Եկեղեցին քաղում է կերակուր և կյանք` նրանց աչքի առաջ, ովքեր հալածում են իրեն, և ցնծում է՝ հավիտենական կյանքի հույսը դրած լինելով Քրիստոսի՝ իր Տիրոջ վրա, Ով առատորեն օծել է իրեն ուրախության յուղով` Սուրբ Հոգու միջոցով: Այս սեղանի պատճառով Առաքյալը կշտամբում էր կորնթացիներին, որոնք մասնակցում էին կուռքերին մատուցված խնջույքներին. «Չեք կարող մասնակցել Տիրոջ սեղանին և դևերի սեղանին»[35]:
Սղմ 22, 6. Աստծո ողորմությունը կանխում է մեզ և հետևում է մեզ
7. Ուրեմն, երբ աստվածային շնորհը, որը բուռն կերպով ցանկանում եք ստանալ, ձեզ ուղեկցած կլինի հոգևոր խնջույքի սեղանի մոտ, սրա մեջ կունենաք ճշմարտության ճանաչումը, և ձեզնից յուրաքանչյուրն այդ ժամանակ, ցնծալով և երախտագիտություն հայտնելով, կկարողանա գիտակցաբար, վստահությամբ ասել. «Եվ ողորմությունդ ուղեկցելու է ինձ կյանքիս բոլոր օրերում»[36]: Աստվածային ներկայության մեծ սփոփանքը ուղեկցում է քեզ. քեզ հետևում է Աստծո ողորմությունը՝ ակնհայտորեն քո թշվառության, քո տկարության պատճառով: Բայց նախապես, կամենալով ցույց տալ քեզ հավիտենական կյանքի ճանապարհը, կանխում է քեզ, այսինքն՝ նախորդում է քեզ, և ինչպես ասված է մեկ ա՛յլ Սաղմոսում. «Իմ Աստվածը, Նրա ողորմությունն ընդառաջ կգա ինձ»[37]: Նրա ողորմությունը կանխում է քեզ՝ առաջնորդելով քեզ այն ճանապարհով, որին անծանոթ ես, քեզ վերադարձնում է Աստծո մոտ, երբ հեռացել ես Աստծուց, քեզ ձգում է դեպի Ինքը, մինչ դեռևս մեղքի ստրուկն ես, որպեսզի քեզ ազատ անձ դարձնի, որպեսզի չթափառես մոլորված, այլ` ընթանաս ուղիղ ճանապարհի վրա, քո կյանքի բոլոր օրերում: Եվ նաև հետևում է քեզ՝ պաշտպանելով քեզ թիկունքից, որպեսզի գարշապարդ նենգությամբ չխայթի օձը՝ սատանան, որ քո թշնամին է, և քեզ ցած չգցի. արդարև, հատուկ է ավազակին, երբ ուզում է սպանել, հարձակվել դիմացից կամ մարդու վրա նետվել թիկունքից: Սրա համար Աստծո ողորմությունը քայլում է քո առջևից և քո ետևից, որպեսզի դու ընթանաս մեջտեղով՝ ապահով և հանդարտ, քո կյանքի բոլոր օրերում: Քո հույսն ու քո փառքը դի՛ր, ուրեմն, ո՛չ թե քո իսկ անձի, այլ` Աստծո ողորմության վրա, որը կանխում է քեզ և հետևում է քեզ. կանխեց քեզ, երբ մեղավոր էիր, որպեսզի փրկվեիր, և արդար չգտնվեցիր, այնպես` որ կարողանաս պարծենալ, թե հաճելի եղար Աստծուն:
Սղմ 22, 6. Քրիստոսը դեպի Հոր տուն է ուղեկցում նրանց, ովքեր հավատում են ու հարատևում
8. Նկատի՛ առ ապա, թե ո՛ւր ես դու առաջնորդվում, եթե չես լքում Նրան, Ով առաջնորդում է քեզ: Չես ուղեկցվում դեպի աշխարհիկ թշվառության դաշտը, որտեղ փշերի ու տատասկների մեջ պետք է հայթայթես հացդ ջանք գործադրելով ու քրտինք թափելով. և ո՛չ էլ ծովի վտանգների մեջ, որտեղ պիտի առևտուր անես՝ անստույգ վաստակների հետամուտ լինելով դյուրաբեկ նավի վրա, նավաբեկության ենթարկվելու վտանգին ենթակա, ինչպես պատահեց բազմաթիվ մարդկանց, որոնք բռնված էին շահի լարվածությամբ: Դու առաջնորդվում ես դեպի Աստծո օթևանը, և ո՛չ իբրև ժամանակավոր հյուր, որն այնտեղից պետք է հեռանա հետո, այլ` որպես բնակիչ, այնտեղ բնակության նպատակով մնալու համար: Արդարև, Սաղմոսը շարունակում է. «որպեսզի բնակվեմ Տիրոջ տանը երկար տարիներով»[38]: Տիրոջ այս տունը Դրախտն է, երկար օրերը՝ հավիտենական կյանքը. այնտեղ չես կրելու ո՛չ քաղց, ո՛չ ծարավ, քեզ չի չարչարելու ցերեկվա ու գիշերվա տապը ամռանը, կամ ցուրտն ու փոթորիկները ձմռանը: Այնտեղ չեն գտնվում տրտմությունը կամ ցավը. քեզ, մինչդեռ, մշտապես երանելի կդարձնի Սրբերի ընկերակցությունը, և նրանց հետ կվայելես ու կապրես՝ ցնծալով Տիրոջ գովաբանության մեջ հավիտյանս հավիտենից: Մեկ ա՛յլ Սաղմոսում ասվում է. «Երանի՜ նրան, ով բնակվում է Քո տանը. կօրհնի Քեզ հավիտյան»[39]: Սա՛ է մեր հավատքի հույսը, ո՜վ սիրելիներ: Դուք ներկայացել եք՝ կատարելու հավատքի դավանությունը Տիրոջ մեջ. փութացե՜ք, ջա՜նք գործադրեցեք ձերը դարձնելու այն, ինչը որ հայտարարում եք, թե հավատում եք, այն գործի վերածելով կյանքում:
Դուք քրիստոնյա եք դառնում ո՛չ թե ներկա, այլ` գալիք կյանքի համար, որը նույն Ինքը՝ Քրիստոս Տերը պարգևում է ձեզ, եթե հավատում եք և եթե հարատևեք հավատարմության մեջ` Նրա հանդեպ, Ով ապրում և թագավորում է Հայր Աստծո հետ՝ Սուրբ Հոգու միության մեջ, հավիտյանս հավիտենից: Ամեն: