
Ճառ 373. « ՏԻՐՈՋ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Քրիստոսը՝ Մոգերին հայտնված
1. Հանդիսավոր տոնախմբությունը, որն այսօր կատարում ենք, ստացել է հունական «Էպիֆանի՛ա» անվանումը, որովհետև նշանակում է Տիրոջ «հայտնությունը»: Այս օրն, արդարև, Մոգերի երկրպագությամբ, որոնք կարծես հեթանոսների առաջին պտուղները լինեն, տոնվում է հայտնությունը Նրա, Ով, ինչպես կարդում ենք նաև, ծնվել էր դրանից մի քանի օր առաջ: Նա այն անկյունաքարն է, որն Իր մեջ միացրեց, այսպես ասած, երկու պատերը՝ թլփատվածների և անթլփատների, այսինքն՝ հրեաների և հեթանոսների, որոնք գալիս էին տարբեր կողմերից: «Արդարև, Նա է մեր խաղաղությունը, Նա, Ով երկուսից մեկ ժողովուրդ արեց»[1]: Հրեա հովիվներին ավետելու համար հրեշտակներ եկան Երկնքից[2], [իսկ] որպեսզի հեթանոսների Մոգերի կողմից երկրպագվեր, մի աստղ պայծառ փայլեց երկնքում[3]: Թե՛ հրեշտակների և թե՛ աստղի միջոցով երկինքները պատմեցին Աստծո փառքը, որպեսզի շնորհի օգնությամբ Նրա, Ով ծնվել էր, պատմեին դա նաև Առաքյալները, կրելով Տիրոջը, ինչպես երկինքները, և ամբողջ երկրով մեկ տարածվեր նրանց ձայնը, և մինչև աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը[4]: Այս ամենը հասել է մինչև մեզ. մենք հավատում ենք սրանց, ուստի և խոսում ենք դրանց մասին[5]:
2. Ավետարանական այս ընթերցման մեջ, որ լսեցինք, մենք, ո՜վ եղբայրներ, պետք է, հետևաբար, բազմաթիվ բաների շուրջ խորհրդածենք: Մոգերը գալիս են Արևելքից, փնտրում են Հրեաների մի Թագավորի, Ով նախկինում երբևէ չէր փնտրվել հրեաների այդքա՜ն թագավորների մեջ: Փնտրում են Մեկին, Ով առնական չափահաս տարիքում չէ, կամ ծերունի, կամ մարդկային աչքին ակնառու` շքեղ կեցավայրով, կամ զորքերով հզոր. այնպիսին, որ զենքերով ահ ներշնչի, կամ հագած լինի ճոխ ծիրանի՝ փայլփլող թագով: [Նա ավելի շուտ ցնծալու է Իր խաչով, որով փրկագնելու է բոլոր Մարտիրոսներին, ովքեր վկայել են Իր մասին: Նա լինելու է Նա, Ով հարություն է առնում դժոխքներից և համբառնում է Երկինք]: Բայց առայժմ սոսկ նորածին է, մի քանի օրվա, որ պառկած է օրորոցի մեջ, որ անհագ կպչում է [Իր Մոր] կրծքին՝ առանց մարմնի վրա որևէ զարդարանքի, առանց անդամների մեջ որևէ ուժի, առանց ընտանեկան ժառանգության. որ չի առանձնանում ո՛չ Իր տարիքով և ո՛չ էլ ծնողների որևէ իշխանությամբ:
Մոգերը Հրեաների Թագավորի մասին տեղեկություն են հարցնում հրեաների թագավորից. [Աստված և մարդ] Քրիստոսի մասին՝ մարդ Հերովդեսից. [Երկնքի Թագավորի մասին, որ ստեղծել է մարդուն, երկրավոր մարդ թագավորից]. տեղեկություն մանկահասակի մասին՝ մեծահասակից. ծածուկի մասին՝ ականավորից. խոնարհի մասին՝ հզորից. մեկի մասին, ով դեռ չի խոսում, մեկից, ով խոսում է. աղքատի մասին՝ հարուստից. տկարի մասին՝ ուժեղից. և, այնուամենայնիվ, այնպիսի Մեկի մասին, Ում պետք է երկրպագեր նա, ով արհամարհում էր Նրան, որովհետև, [թեև Հերովդեսը հալածում էր Նրան, Քրիստոսն իշխանություն ուներ նրա և մյուսների վրա]: Անշուշտ, Նրա մեջ ոչ մի թագավորական շուք չէր նշմարվում, այլ` պաշտվում էր ճշմարիտ վեհությունը[6]:
Անմեղ մարտիրոսները` փառավորված
3. Վերջում Հերովդեսը վախենում է Նրանից, որովհետև Մոգերը փնտրում են Նրան: Նրանք ցանկանում են գտնել մի թագավոր, իսկ նա վախենում է կորցնել թագավորությունը: Վերջին հաշվով, երկուսն էլ փնտրում են Նրան. նրանք՝ կյանք գտնելու համար, նա՝ Նրան սպանելու ցանկությամբ. նա՝ Նրա դեմ մի մեծ ոճիր գործելու համար, նրանք՝ որպեսզի Նա ների իրենց բոլոր մեղքերը:
Իսկապես, Հերովդեսը բազմաթիվ մանուկների սպանեց մի գործողության ընթացքում, որն ուղղված էր միայն Մեկի մահվանը: Եվ այդքա՜ն անմեղների դեմ դաժանագույն և ծայր աստիճան արյունարբու կոտորածն իրագործելիս[7], այդպիսի անօրինությամբ նա առաջին հերթին սպանեց ինքն իրեն:
Մինչ այդ, մեր [Քրիստոս] Թագավորը, [Աստծո] Բանը, [Աստված] Մանուկը, մինչ Մոգերը երկրպագում էին Նրան, մինչ մանուկները մեռնում էին Նրա համար, գտնվում էր օրորոցի մեջ կամ կաթ էր ծծում, և, խոսելուն դեռևս հասած չլինելով հանդերձ, գտնում էր ոմանց, ովքեր հավատում էին Իրեն. և, չարչարանքները տակավին կրած չլինելով հանդերձ, արդեն մարտիրոսներ էր պատրաստում:
Ո՜վ երջանիկ մանուկներ, հազիվ ծնված, դեռևս փորձության չենթարկված, դեռևս պայքարի մեջ չմտած և արդեն փառքով պսակված: Քրիստոսի համար կրած չարչարանքով ձեր վաստակած փառքի պսակին կարող է կասկածել [միայն] նա, ով չի մտածում, որ Քրիստոսի Մկրտությունն էլ է մանուկներին օգտակար: Դեռևս չունեիք այն հասակը, որ կարողանայիք հավատալ Քրիստոսի ապագա չարչարանքներին, բայց ունեիք մարմին և դրանով իսկ հնարավորություն՝ կրելու տառապանքն այն չարչարանքների համար, որն Ինքը՝ Քրիստոսն էր կրելու:
Անմտություն է կարծելը, թե այս մանուկները դուրս են մնացել Մանուկ Փրկչի շնորհից, Ով եկել էր փնտրելու այն, ինչը որ կորած էր: Նա հետամուտ եղավ այս նպատակին ո՛չ միայն մարմին առնելով ու ծնվելով, այլ նաև` խաչի տանջանքով, [դժոխք իջնելով, Երկինք համբառնալով, Հոր աջ կողմում բազմելով]: Նա, Ով Իր ծննդյան ժամանակ կարող էր ունենալ Իր մասին ավետող հրեշտակներ, Իրեն հռչակող երկինքներ, Իրեն երկրպագող Մոգեր, անշուշտ կարող էր տնօրինել նաև, որ այս մանուկներն այստեղ չմեռնեին Իր համար. այդպես կվարվեր, եթե իմանար, որ այդ մահվան մեջ նրանք կորչելու էին, և ո՛չ թե ապրելու էին ավելի մեծ երջանկությամբ:
Հեռո՜ւ մեզնից, հեռո՜ւ մեզնից այն միտքը, թե Նա, Ով եկավ ազատագրելու մարդկանց, Ով խաչափայտի վրա աղոթում էր Իրեն սպանողների համար[8], ոչինչ չի արել Իր համար սպանվածների վարձատրության համար:
Հրեաները որպես ճանապարհը ցույց տվող նշաններ
4. Ի՞նչ կարող եմ ասել այն ապաշնորհ հրեաների մասին, որոնք Քրիստոսին փնտրող Մոգերին ներկայացրեցին մինչև իսկ մարգարեությունը, որը մատնանշում էր տեղը, նկարագրեցին Բեթղեհեմ քաղաքը[9], (իսկ հետո իրենք այն չգտան): Նման են Նոյյան տապանը կառուցողներին, որոնք հոգացին մյուսների փրկությանը, իսկ իրենք մեռան ջրհեղեղի մեջ[10]. նման են մղոնաքարերի, որ ցույց տվեցին ճանապարհը, բայց իրենք չկարողացան քայլել, [որովհետև հիմարաբար մնացին ճանապարհին]:
Նրանց հարցրեցին, թե որտե՞ղ էր ծնվելու Քրիստոսը: Պատասխանեցին. «Հուդեայի Բեթղեհեմում, որովհետև այսպես է գրված Մարգարեի կողմից. "Եվ դու, Բեթղեհեմ, Հուդայի երկիր, ամենևին էլ ամենափոքրը չես Հուդայի քաղաքների մեջ. քանի որ քեզնից ելնելու է մի Առաջնորդ, որ հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին"»[11]: Նրանք, ովքեր փնտրում էին, լսեցին և շարունակեցին ճանապարհը: Անշարժ մնացին օրենսգետները, որոնք տվել էին ցուցումները: Հակադիր զգացմունքներով բաժանված, ոմանք երկրպագուներ դարձան, մյուսները՝ հալածողներ: Հրեաները հիմա էլ չեն դադարում նման մի բան ներկայացնել մեզ: Հեթանոսներից ոմանք, արդարև, վաղուց ի վեր մարգարեացված Քրիստոսին ճանաչելու համար, երբ մենք նրանց ներկայացնում ենք Գրքի հստակ վկայությունները, կասկածելով, թե այս բաները հորինվել են քրիստոնյաների կողմից, նախընտրում են հրեաների Գրքերին ապավինել, և այդպիսով, ինչպես արեցին Մոգերը, նրանց թողնում են այնտեղ՝ ապարդյուն կերպով կարդալու, իսկ իրենք գնում են հավատարմորեն երկրպագելու:
Տոնի հոգևոր տպավորիչ հանդիսավորությունը
5. Նշե՜նք, ուրեմն, այս տոնական օրը` ցնծալով ի Տեր. ո՛չ միայն այն պատճառով, որ Տերը ծնվեց հրեաների մեջ, այլ նաև` որովհետև հայտնվեց հեթանոսներին: Արժե ուշադրություն դարձնել բոլոր մանրամասներին և, համապարփակ տեսողությամբ, հայել այս հոգևոր սքանչելիությանը: Ծնվում է Քրիստոսը: Կույսը հղանում է, ծննդաբերում, կրծքով կերակրում: Առկա է պտղաբերությունը, բայց չի կորսվում կուսությունը: Հրեշտակներն ավետում են, հովիվները` փառաբանում, երկինքները` պատմում, Մոգերը լի են բաղձանքով, թագավորները՝ ահով, հրեաները ցույց են տալիս, հեթանոսները` երկրպագում: Ապարդյուն է դարձվում դաժանների գործը, փառքով են պսակվում մանուկները, հավատացյալները զմայլվում են: Ի՞նչ է այս խոնարհ բարձրությունը, մի տկարի այս ուժը, մի փոքրի այս մեծությունը:
Անշուշտ, բոլոր այս բաները գործեց այն Բանը[12], Ում միջոցով ստեղծվեց ամեն բան: Բանը, որ հեռու էր մեզնից, մարմին եղավ, որպեսզի բնակվի մեր մեջ[13]: Ճանաչե՜նք, ուրեմն, որ ժամանակի մեջ մտավ Նա, Ում միջոցով ստեղծվեցին ժամանակները, և, ժամանակի մեջ նշելով Նրա տոնը, տենչա՜նք հավիտենական պարգևներին: