
Ճառ 375/Ա. « ՆՈՒՅՆ ՕՐԸ ԱՐՏԱՍԱՆՎԱԾ ՄԵԿ Ա՛ՅԼ ՃԱՌԻ ՍԿԻԶԲ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Քրիստոսի խոնարհությունն ու ուժը. Քրիստոսը՝ Գառ և Առյուծ
1. Ինչպես որ Ճշմարտությունը խոսեց Առաքյալների միջոցով, և նրանց խոսքը տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ մինչև երկրի ծագերը (հմմտ. Սղմ 18, 5), այնպես էլ Քրիստոսը՝ մեր Զատիկը, մորթվեց (1Կր 5, 7)։ Նրա մասին Մարգարեն նախապես ասել էր. «Եղավ ինչպես ոչխար, որ տարվում է սպանդի. անմռունչ գառան նման` Նա Իր բերանը չբացեց Իրեն խուզողների առաջ» (Ես 53, 7)։ Ո՞վ է Նա։ Նա է վստահաբար, Ում մասին քիչ անց ասում է. «Խոնարհության մեջ կատարվեց դատաստանը Նրա վրա։ Ո՞վ կպատմի Նրա ծննդաբանության մասին» (Ես 53, 8)։
Տեսնում եմ այսքա՜ն մեծ խոնարհության օրինակ՝ այսքա՜ն մեծ զորություն ունեցող Թագավորի մեջ։ Արդարև, այն «Գառը», որ անմռունչ է մնում Իրեն խուզողների առաջ, նաև «Հուդայի ցեղի Առյուծն» է։ Ո՞վ է այս Գառն ու Առյուծը։ Որպես Գառ՝ Նա հանդուրժեց մահվանը, որպես Առյուծ՝ հաղթեց դրան։ Ո՞վ է այս Գառն ու Առյուծը։ Հեզ և հզոր, սիրալիր և ահարկու, անմեղ և զորավոր, անմռունչ՝ երբ դատվում է, մռնչացող՝ երբ դատելու է։ Ո՞վ է այս Գառն ու Առյուծը։ Չարչարանքների մեջ՝ Գառ, հարության մեջ՝ Առյուծ։ Կամ ավելի ճիշտը՝ և՛ չարչարանքների մեջ է Գառ ու Առյուծ, և՛ հարության մեջ՝ Գառ ու Առյուծ։
Տեսնենք Նրան որպես Գառ չարչարանքների մեջ։ Հե՛նց նոր ասվեց. «Որպես անմռունչ գառ Իրեն խուզողների առաջ՝ Նա Իր բերանը չբացեց»։ Բայց տեսնենք Նրան նաև որպես Առյուծ։ Հակոբն ասում է. «Վեր ելար, ննջեցիր` առյուծի նման թիկնած» (Ծնդ 49, 9)։ Տեսնենք հիմա Գառանը հարության մեջ։ Հայտնության գիրքը, խոսելով կույսերի հավիտենական փառքի մասին, ասում է. «Հետևում են Գառանը, ո՛ւր էլ որ Նա գնա» (Հյտ 14, 4)։ Եվ տեսնենք Առյուծին հարության մեջ։ Նույն Հայտնության գիրքը, որն արդեն մեջբերեցի, ասում է. «Հաղթեց Հուդայի ցեղի Առյուծը ... գիրքը բացելու համար» (Հյտ 5, 5)։
Ինչո՞ւ Գառ` չարչարանքների մեջ։ Որովհետև ընդունեց մահը՝ առանց դիմադրելու։ Ինչո՞ւ Առյուծ` չարչարանքների մեջ։ Որովհետև, Ինքը սպանված, սպանեց մահվանը։ Ինչո՞ւ Գառ` հարության մեջ։ Որովհետև հավիտենական է մնում Նրա անմեղությունը։ Ինչո՞ւ Առյուծ՝ հարության մեջ։ Որովհետև Նրա զորությունը մշտնջենական է։
Քրիստոսն Աստված է
2. Ո՞վ է այս Գառն ու Առյուծը։ Նրա ո՞ր կողմերն ես փնտրում։ Եթե փնտրում ես, թե ի՛նչ էր Նա նախապես. «Սկզբում էր Բանը»։ Եթե՝ թե որտե՛ղ էր. «Բանը Աստծո մոտ էր»։ Եթե փնտրում ես, թե ի՛նչ բան էր. «Բանը Աստված էր»։ Եթե փնտրում ես, թե ինչպիսի՛ն է Նրա զորությունը. «Ամեն ինչ Նրա միջոցով ստեղծվեց»։ Եթե փնտրում ես, թե ի՛նչ դարձավ. «Բանը մարմին եղավ» (Հվհ 1, 1.3.14)։ Եվ եթե փնտրում ես, թե ինչպե՞ս ծնվեց Հորից՝ առանց մոր, կամ Մորից՝ առանց հոր, [հիշի՛ր այս խոսքը]. «Ո՞վ կարող է պատմել Նրա ծննդաբանության մասին» (Ես 53, 8)։
Հավիտենությունից Ծնված, Ծնողին համահավիտենակից. մնայուն Բան, մարմին դարձած. բոլոր ժամանակների Արարիչ, սահմանված ժամանակի մեջ ստեղծված. մահվան որս դարձած, մահվանը հաղթած. մարդկանց մեջ արհամարհված ու մերժված, մարդկանց մեջ գեղեցկությամբ փայլող. ունակ` չարչարանքներ կրելու (Ես 53, 3) և վերացնելու դրանք. մեծ՝ խոնարհ գործեր անելիս, խոնարհ՝ մեծ գործերի մեջ. մարդու Աստված և Մարդ-Աստված. Անդրանիկ և անդրանիկների Արարիչ. Միածին և բազումների Եղբայր. Հոր էությունից ծնված և որդեգիր զավակներին մասնակից դարձած. բոլորի Տեր և շա՜տ շատերի Ծառա։
Սա՛ է Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքերը (հմմտ. Հվհ 1, 29). սա՛ է Առյուծը, որ հաղթեց աշխարհի թագավորություններին։ Մենք փնտրում էինք, թե ո՛վ է Նա. այժմ փնտրենք, թե ովքե՛ր են նրանք, որոնց համար Նա մեռավ։ Արդյո՞ք արդարների և սրբերի համար։ Ո՛չ, Առաքյալն այդպես չի ասում, այլ. «Քրիստոսը մեռավ ամբարիշտների համար» (Հռմ 5, 6). անշուշտ ո՛չ այն նպատակով, որ նրանք շարունակեն ամբարիշտ մնալ, այլ` որպեսզի Արդարի մահվամբ արդարացած լինելով և, Անմեղ Արյունը թափված լինելով, վերացված լինի մեղքի մուրհակը (հմմտ. Կղս 2, 14)։