
Ճառ 375. « ՏԻՐՈՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Հայտնություն հրեաներին, ապա՝ հեթանոսներին։ Քրիստոսը՝ անկյունաքար։
1. «Էպիֆանի՛ա» հունարեն[1] նշանակում է հայտնություն։ Մի քանի օր առաջ տոնակատարում էինք Տիրոջ հայտնությունը հրեաներին՝ Նրա ծննդյամբ։ Այսօրվա նման մի օր Նա հայտնվեց հեթանոսներին՝ աստղի միջոցով։ «Եզը ճանաչեց իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը» (Ես 1, 3)։ Եզը խորհրդանշում է հրեաներին, էշը՝ հեթանոսներին։ Երկուսն էլ եկան մսուրի մոտ և գտան Բանի[2] կերակուրը։ Մոգերը, որոնք եկան երկրպագելու Քրիստոսին և ներկայացնում են հեթանոսների երախայրիքը, չէին ստացել Օրենքը, չէին լսել Մարգարեներին։ Երկնքի աստղը նրանց համար բարբառ եղավ։ Կարծես ասվեր նրանց. «Ի՞նչ եմ պահանջել ձեզնից։ Երկինքներն են, որ պատմում են Աստծո փառքը» (Սղմ 18, 2)։
Եվ սակայն Հերովդեսը, տագնապած, հարցրեց հրեաներին, թե որտե՞ղ պիտի ծնվեր Քրիստոսը։ Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթղեհեմում», և վկայակոչեցին մարգարեական պատգամը։ Եվ [այնուամենայնիվ], մինչ մոգերը գնում էին երկրպագելու, նրանք անշարժ մնացին, ինչպես փողոցի սալահատակի քարերը. ցույց են տալիս ուղղությունը, բայց իրենք մնում են տեղում։ Մոգերը, այդուհանդերձ, հասան Բեթղեհեմ։ Բայց քաղաքը գտնելուց հետո՝ որտե՞ղ կարող էին գտնել տունը։ Եվ ահա՛ աստղը, որ փայլել էր երկնքում և ցույց էր տվել ճանապարհը, կանգ առավ այն տեղի վրա, ուր Մանուկն էր։ Տարրերի ինչպիսի՜ ծառայություն և, ընդհակառակը, հրեաների ինչպիսի՜ այլասերում։
Հերովդեսը տագնապած է, կարծես Քրիստոսը եկել էր երկրավոր թագավորություն փնտրելու և գտնելու համար։ Երկրավոր փոքրիկ աղվեսը տագնապում է երկնային Առյուծի ծննդյան պատճառով։ Տերը Հերովդեսի մասին ասաց. «Գնացե՛ք, ասացե՛ք այդ աղվեսին» (Ղկս 13, 32)։ Տագնապած աղվեսն ի՞նչ արեց. սպանեց մանուկներին։ Այն, ինչը որ նա արեց, մանուկներ սպանելն էր հանուն Մանուկ Բանի (հմմտ. Մտթ 2, 1-18; հմմտ. Հյտ 5, 5)։ Նրանք արյամբ վկաներ դարձան նախքան Տիրոջ հանդեպ հավատքը դավանել կարողանալը։ Եվ այս երախայրիքները Քրիստոսն առաքեց Հորը։ Եկավ Մանուկը, և մանուկներ գնացին. Մանուկը՝ մեզ, մանուկները՝ Աստծուն։ «Մանուկների և կաթնակերների բերանով ես հաստատում Քո զորությունը» (Սղմ 8, 3)։
Ուրախանա՜նք. եկել է օրը, որը մեզ ողողել է լույսով։ Մոգերը մեր համար հեթանոսների երախայրիքի խորհրդանշանը եղան։ Հրեաները Նրան ճանաչեցին այն օրը, երբ ծնվեց. հեթանոսները՝ այսօրվա օրը։ Երկու տարբեր պատեր հանդիպում են անկյունաքարի շուրջը. մի կողմից՝ հրեաները, մյուս կողմից՝ հեթանոսները. տարբեր ելակետերից, բայց ո՛չ տարբեր ուղղությամբ։ Կարող եք նկատել, որ պատերն այնքան ավելի հեռու են միմյանցից, որքան հեռու են միացման անկյունից։ Կամաց կամաց, որքան ավելի են մոտենում անկյանը, այնքան ավելի են մերձենում միմյանց։ Իսկ երբ հասնում են անկյանը, կպչում են իրար։ Սա՛ արեց Քրիստոսը։ Միմյանցից հեռու էին հրեաներն ու հեթանոսները, թլփատվածներն ու անթլփատները, Օրենքին ենթականերն ու Օրենքը չունեցողները, միակ ճշմարիտ Աստծուն պաշտողներն ու բազում կեղծ աստվածների պաշտողները։ Որքա՜ն հեռու էին միմյանցից։ Բայց Նա՛ է մեր խաղաղությունը, որ երկու տարբեր բաներից առաջ բերեց միայն մեկին։ Նրանք, որ եկան հրեաների կողմից, ներգրավված են ամուր[3] պատի մեջ. նրանք, իհարկե, ովքեր եկան և չմնացին կործանման մեջ։ Մենք, ապա, դարձանք մեկ ամբողջություն՝ նրանք և մենք, բայց Նրա՛ մեջ, և ո՛չ թե ինքներս մեր մեջ (հմմտ. Եփս 2, 11-22)։
Որտեղի՞ց ծնվեց Քրիստոսը։ Հրեաներից։ Արդարև, այսպես է գրված. «Փրկությունը հրեաներից է» (Հվհ 4, 22). բայց ո՛չ միայն հրեաների համար։ Իրոք, գրված չէ. «Փրկությունը հրեաների համար», այլ՝ «Փրկությունը հրեաներից»։ Նրանք բռնեցին Նրան, բայց Նրան կորցրեցին. կապեցին Նրան, բայց Նա նրանց տիրապետության տակ չմնաց. տեսան Նրան և սպանեցին. մենք Նրան չբռնեցինք, բայց պահում ենք. չտեսանք, բայց հավատում ենք. [նրանցից] հետո եկանք, բայց նրանցից առաջ անցանք։ Նրանք, ովքեր նախորդեցին մեզ, կորցրեցին ճանապարհը. մենք, մինչդեռ, գտանք Ճանապարհը, և, նրա մեջ քայլելով, հասնելու ենք Հայրենիք։