Ճառ 377. « ՏԻՐՈՋ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 377. « ՏԻՐՈՋ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ »

Անհնարին է արժանավայել կերպով գովաբանել Աստվածային Բանին։ Հսկայի ընթացքը։ Համբարձումը։

1. Ինչպե՞ս կարող ենք մենք, սիրելի եղբայրներ, մեր անցողիկ խոսքերով խոսել հավիտենական Բանի մասին մի ձևով, որն արժանավայել կլինի Նրան։ Կամ ինչպե՞ս մեր այս ստորին երկրային իրողությունները կարող են բավարար լինել [վերին] մեծությունների համար։ Նրա գովքն են երգում երկինքները, զորությունները, երկնային պետությունները, երկնքի լուսատուները, աստղերը. իր կարողության չափով օրհներգություն է վերառաքում նաև երկիրը, որը, թեև չի հավակնում մատուցել արժանի փառաբանություն, այդուհանդերձ չի էլ կամենում ապերախտ լռությամբ դատապարտել ինքն իրեն։

Չկա ոչ ոք, որն ի զորու լինի խոսքերով ասել կամ նույնիսկ լոկ ըմբռնել, թե ինչպե՛ս Նա, Ով տիրում է ողջ երկրի երեսին և քաղցրությամբ կառավարում է տիեզերքը (հմմտ. Իմս 8, 1), խնդությամբ նետվեց ընթացքի մեջ՝ ծագելով երկնքի մի ծայրից և հասնելով մինչև մյուս ծայրը (հմմտ. Սղմ 18, 6-7)։ Եթե Նա տարածվում է ամենուր, որտեղի՞ց կարող է դուրս գալ, կամ ո՞ւր գնալ։ Իրականում Նա չունի տարածական ծավալում և ո՛չ էլ ժամանակային փոփոխություն. Նա չի կատարում ելքեր կամ վերադարձներ, այլ` մնալով Ինքն Իր մեջ, ամբողջությամբ ընդգրկում է ամեն ինչ։ Չկա, հետևաբար, մի տարածք, որ բացառված մնա Նրանից, որ ամենուր ամենակարող է, կամ որ չպարունակի Նրան, որ անսահմանորեն տարածված է, կամ որ չընդունի Նրա գալուստը։

Եթե խորհենք Բանի մասին Ինքն Իր մեջ, [ապա] ոչինչ չենք կարող ասել. բայց խոնարհներին սովորեցնելու համար, որպեսզի ինչ որ մի բան կարողանան ասել Իր մասին, Նա խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ ստանձնելով ծառայի կարգավիճակը (հմմտ. Փլպ 2, 8)։ Խոնարհվեց մեր վիճակի մեջ, և այդ վիճակի մեջ, Ավետարանի պատմության համաձայն, առաջադիմեց՝ մշակելով իմաստությունը (հմմտ. Ղկս 2, 52), և այդ վիճակի մեջ չարչարվեց՝ մաքառելով զորությամբ, այդ վիճակի մեջ մեռավ, ապա այդ վիճակի մեջ հաղթեց մահվանը և հարություն առավ, և դարձյալ այդ նույն վիճակի մեջ վերադարձավ Երկինք՝ այն Երկինքը, որից իրականում երբեք չէր հեռացել։ Հետևաբար, օրհնյա՜լ է Երկնքի հաստատության մեջ Նա, Ում մասին Առաքյալն ասաց. «Մեր համար Ինքը դարձավ [անեծք], որպեսզի Աբրահամի օրհնությունը կատարվի հեթանոսների մեջ» (Գղտ 3, 13-14)։

Նա խնդությամբ ցատկ կատարեց ինչպես հսկա (Սղմ 18, 6)։ Ինչպիսի՞ հսկա։ Կոչվում է հսկա, որովհետև Իր մահվամբ հաղթեց մահվանը, խորտակեց դժոխքի դռները, դուրս եկավ այնտեղից և համբարձվեց Երկինք։ Եվ ո՞վ է այս Փառքի Թագավորը, Ում համար ասվեց որոշ իշխանների. «Բացե՛ք ձեր դռները, իշխաննե՜ր, վե՛ր բարձրացեք, հավիտենակա՜ն դռներ»։ Դռները պետք է վեր բարձրանան, որովհետև Նա մեծ է, իսկ դրանք, նեղ լինելով, չեն կարող Նրան ներս թողնել, որպեսզի մտնի Փառքի Թագավորը։ Նրանք սարսափով են համակված, չեն ճանաչում Նրան. «Ո՞վ է այս Փառքի Թագավորը»։ Նա ո՛չ միայն Աստված է, այլ` նաև մարդ. ո՛չ միայն մարդ է, այլ` նաև Աստված։ Բայց չարչարանքներ է կրում. իսկապե՞ս Աստված է։ Հարություն է առնում. իսկապե՞ս մարդ է։ Այո՛, հե՛նց Աստված և Մարդ է. ճշմարտապես չարչարվեց և ճշմարտապես հարություն առավ։

Նախադասությունը երկու անգամ կրկնվում է այս նույն Սաղմոսի մեջ. «Բացե՛ք ձեր դռները, իշխաննե՜ր, վե՛ր բարձրացեք, հավիտենակա՜ն դռներ, և ներս կմտնի Փառքի Թագավորը»։ Նույն խոսքերը կրկնվում են քիչ ներքևում, կարծես առատության պատճառով կրկնվում է մի բան, որն անհրաժեշտ չէ։ Բայց կրկնության մեջ ուշադրություն դարձրեք վերջնական նպատակին և կհասկանաք, թե ինչո՛ւ է կրկնվում երկու անգամ։ Մի անգամ, երբ հարություն է առնում, բացվում են դժոխքի դռները. մյուս անգամ, երբ համբարձվում է, բացվում են Երկնքի դռները։ Նոր բան է, որ Աստված ներկա լինի դժոխքում, նոր բան է, որ մարդը համբարձվի Երկինք։ Երկու պահերին էլ, երկու վայրերում էլ իշխանները համակված են սարսափով. «Ո՞վ է այս Փառքի Թագավորը»։ Թե Ո՛վ է Նա, հասկանում ենք՝ լսելով նրանց հարցին տրվող պատասխանը, որը կրկնվում է. «Տերը՝ հզոր և կարող, Տերը՝ պատերազմի մեջ հզոր»։ «Պատերազմ» բառով ակնարկ է կատարվում այն կերպին, որով Նա դիմագրավեց մահվանը մարդկանց համար՝ չարչարվելով Ինքը միայնակ բոլորի համար, առանց դիմադրության, Նա, որ ամենակարող էր` այդքանով հանդերձ, և հաղթանակ տանելով Իր մահվամբ։

Ուրեմն մեծ է այս Փառքի Թագավորը, մեծ է նաև դժոխքում։ Նույն խոսքերն ուղղվում են նաև երկնային զորություններին. «Բացե՛ք, իշխաննե՜ր, ձեր դռները, և վե՛ր բարձրացեք, հավիտենակա՜ն դռներ»։ Սրանք այն հավիտենական դռներն են, որոնց բանալիները Պետրոսի ձեռքում էին։ Բայց քանի որ Նա Իր հետ բարձրացնում է նաև մարդուն, այստեղ ևս կրկնվում է հարցը, ինչպես մի անհայտ մեկի առջև. «Ո՞վ է այս Փառքի Թագավորը»։ Բայց քանի որ հիմա Նա չի ներկայանում այլևս որպես մարտնչող, այլ` որպես հաղթանակող, չի մարտնչում, այլ` հաղթանակում է, պատասխանը փոխվում է. այլևս ո՛չ թե՝ «Տերը՝ պատերազմի մեջ հզոր», այլ՝ «Զորությունների Տերը, Նա՛ է Փառքի Թագավորը» (Սղմ 23, 7.10)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։