Ճառ 378. « ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 378. « ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ »

Սուրբ Հոգին հավիտենական կյանքի գրավականն է մեր՝ պանդուխտներիս համար

1. Հաճելի է Աստծուն այս հանդիսավոր տոնակատարությունը, որի ժամանակ բուռն կերպով դրսևորվում է ձեր բարեպաշտությունը, և ջերմեռանդ` ձեր սերը, որոնք հե՛նց Սուրբ Հոգու ներկայության արդյունքն են։ Դա ուսուցանում է Առաքյալը, երբ ասում է. «Աստծո սերը մեր սրտերի մեջ հեղվել է Սուրբ Հոգու միջոցով, որ տրվել է մեզ» (Հռմ 5, 5)։ Սուրբ Հոգին եկավ և [Իր զորությամբ] լցրեց միևնույն վայրում հավաքված հարյուր քսան մարդկանց. մենք դա իմացանք Գործք Առաքելոց գրքի այն հատվածից, որն ընթերցվեց մեր համար։ Նրանք հավաքվել էին՝ սպասելով Քրիստոսի խոստմանը (հմմտ. Գրծ 1, 4-2), քանի որ Նա նրանց պատվիրել էր քաղաքում մնալ, մինչև որ կզգեստավորվեին զորությամբ ի վերուստ։ «Ես, հիրավի», ասել էր, «ձեր վրա կուղարկեմ այն, ինչ խոստացել եմ» (Ղկս 24, 43)։ Նա, Ով խոստացել է, հավատարիմ է, և առատաձեռն՝ պարգևելու մեջ։

Համբարձվելով Երկինք, Նա ուղարկում է այն, ինչը որ խոստացել էր, երբ դեռ այստեղ էր՝ երկրի վրա։ Մենք, այսպիսով, ունենք հավիտենական կյանքի և Երկնքի Արքայության գրավականը։ Նա, Ով չզրկեց մեզ այն բանից, ինչը որ խոստացել էր [Իր կյանքի] վերջին շրջանում, հաստատ չի զրկի մեզ այն բանից, ինչին սպասում ենք ապագայում։ Ընդունված սովորություն է, որ երբ մարդիկ, միմյանց միջև պայմանագիր կնքելով, բաժանվում են վճարման պարտավորությամբ, ստանում կամ տալիս են մի երաշխիք, որն ապահովում է, որ կատարվելու է այն վճարումը, որի կանխավճարն է հանդիսանում [տրված] երաշխիքը։ Քրիստոսը մեզ տվեց Սուրբ Հոգու գրավականը, որով Նա, Ով ամեն դեպքում չէր կարող խաբել մեզ, կամեցավ մեզ վստահություն ներշնչել Իր խոստման կատարման հարցում, թեև առանց այդ գրավականի էլ Նա հաստատ պահելու էր Իր խոստումը։

Ի՞նչ է Նա խոստացել։ Խոստացել է հավիտենական կյանքը, որի գրավականը Հոգին է, որ տվել է մեզ։ Հավիտենական կյանքը ունեցվածքն է նրանց, ովքեր հասել են օթևանին. դրա գրավականը մխիթարությունն է նրանց, ովքեր դեռ ճանապարհին են։ Ավելի ճիշտ է ասել «գրավական», քան «երաշխիք». այս երկու եզրերը նման են թվում, բայց նրանց միջև կա իմաստային ո՛չ աննշան տարբերություն։ Թե՛ երաշխիքով, թե՛ գրավականով, [մարդիկ] կամենում են երաշխավորել խոստացվածի կատարումը, բայց մինչ երաշխիքը վերադարձվում է, երբ կատարվում է այն, ինչի համար ստացվել էր, գրավականը, մինչդեռ, չի վերադարձվում, այլ` դրան ավելացվում է այն ամենը, ինչը որ լրացնում է հասանելիքը։

Մենք, հետևաբար, ունենք գրավականը. այն պետք է մղի մեզ` ձգտելու հենց այն աղբյուրից ջուր վերցնելու, որից այն եկել է մեզ։ Մեզ որպես նախաճաշակ տրվել է Սուրբ Հոգու ցողումը. ով զգում է այդ կաթիլները, փափագում է խմել ակունքից։ Գրավականը մեզ տրվել է հենց այն բանի համար, որ քաղցն ու ծարավը մեզ ուժասպառ չանեն մեր ուղևորության ընթացքում։ Բայց միայն եթե գիտակցում ենք, որ պանդուխտներ ենք, զգում ենք [այդ] քաղցն ու ծարավը. միայն եթե գիտակցում ենք, որ հեռվում ենք, զգում ենք Հայրենիքի կարոտը, և այդ կարոտը մեր համար ցավալի է դարձնում այստեղ պանդուխտ լինելը։ Եթե, ընդհակառակը, մեկը կապվածություն է զգում իր պանդխտության վայրի հանդեպ, մոռանում է Հայրենիքը և այլևս չի ձգտում վերադառնալ այնտեղ։

Բայց մեր հայրենիքն այնպիսին է, որ նրանից առավել ոչինչ չի կարող դասվել։ Կարող է պատահել, որ երբ մարդիկ հարստանում են իրենց հայրենիքից դուրս, որտեղ ընդհակառակը` ապրում էին կարիքի մեջ, այլևս չեն կամենում վերադառնալ։ Բայց մենք բոլորս ծնվել ենք մեր Տիրոջից հեռու՝ այն օրվանից, երբ Նա կյանքի շունչը հաղորդեց առաջին մարդուն։ Մեր Հայրենիքը Երկինքներն են, մեր համաքաղաքացիները՝ Հրեշտակները։ Մեր Հայրենիքից, մեզ վերադարձի մղելու համար, ուղարկվել են նամակներ, որոնք ամեն օր ընթերցվում են մարդկանց համար։ Սակավ գնահատանքի արժանացնենք, ուրեմն, այս աշխարհին, և մեր սերն ուղղենք առաջին հերթին դեպի Նա, Ով այն ստեղծել է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։