
Ճառ 381. « ՊԵՏՐՈՍ ԵՎ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Մեկ միասնական տոնակատարության մեջ միավորված՝ որպես համերաշխության նշան։ «Աստված նրանց մեջ արժանիքներ չգտավ, այլ` ստեղծեց դրանք»։
1. Այսօր, ըստ Հռոմեական Եկեղեցու ավանդության, տարեդարձն է այն օրվա, երբ Պետրոս և Պողոս Առաքյալները, սատանայի դեմ հաղթանակ տանելուց հետո, որպես պարգև ստացան հաղթության պսակը։ Հանդիսավոր է տոնը, և թող որ հանդիսավոր լինի նաև նրանց պատվին մատուցվող քարոզը։ Թող որ նրանք լսեն գովաբանությունները մեզնից և աղոթեն մեր համար։ Հայրերից մեզ փոխանցված ավանդությունից գիտենք, որ նրանց չարչարանքները տեղի չեն ունեցել մեկ օրվա ընթացքում, այլ` այն օրը, երբ Պողոսը մարտիրոսացավ, համընկավ Պետրոսի ծննդյան օրվա հետ։ Ծննդյան օր ասելով ի նկատի ունեմ ո՛չ թե այն օրը, երբ նա մայրական արգանդից դուրս եկավ մարդկանց մեջ, այլ` այն օրը, երբ նա մարմնական կապանքներից դուրս ելավ հրեշտակների լույսի մեջ։ Հե՛նց այդ պատճառով է, որ երկուսի էլ տոների նշումը սահմանվեց մեկ միասնական օրվա մեջ։
Սրա մեջ ես տեսնում եմ համերաշխության մի մեծ նշան. նա, ով Առաքյալներից վերջինն էր, հանդիպեց առաջինին, ով նրա հետ Առաքյալ էր եղել, քանի որ կանչվեց Պետրոսի նույն օրը և նույն օրն էլ ստացավ պսակը։ Մեկն ընտրվեց Չարչարանքներից առաջ ընկած ժամանակահատվածում, մյուսը՝ Նրա Համբարձումից հետո. անհավասար՝ ժամանակի առումով, բայց հավասար՝ հավիտենական երջանկության մեջ։ Մեկն Առաքյալ դարձվեց, մինչ ձկնորս էր, մյուսը՝ մինչ հալածող էր։ Հանձինս առաջինի ընտրվեց այն, ինչն աշխարհում տկար է, հզորներին շփոթեցնելու համար (հմմտ. 1Կր 1, 27), մյուսի մեջ առատացավ մեղքը, որպեսզի է՛լ ավելի առատանա շնորհը (հմմտ. Հռմ 5, 20)։ Երկուսի մեջ էլ մեծ եղավ Աստծո շնորհը և փայլեց Նրա փառքը, քանի որ Աստված նրանց մեջ արժանիքներ չգտավ, այլ` ստեղծեց դրանք։
Պետրոսը` խոնարհների ընտրությունը։ Պողոսը` ողորմությունն անսահման է։
2. Իր Արքայության մեջ նախևառաջ ձկնորսների կանչելով, և միայն հետո` նաև կայսրերի, Նա կամեցավ ցույց տալ, որ «ով պարծենում է, թող որ Տիրոջով պարծենա» (հմմտ. 1Կր 1, 31)։ Նա նպատակ չուներ փրկությունից մերժել գիտուններին, հզորներին, ազնվականներին, նրանցից վեր դասելով աննշան, տկար և անուս մարդկանց, այլ` ընտրեց տկարների նվաստությունը, որպեսզի բժշկի հպարտներին իրենց գոռոզությունից։ Եթե Քրիստոսի կողմից նախ հարուստները կանչվեին, նրանք կկարծեին, թե իրենց մեջ ընտրվել են հարստությունը, ճարտասանությունը, պերճախոսությունը, գիտության ու ազնվականության փայլը, կամ էլ` առատաձեռնությունը, թագավորական արժանապատվությունն ու իշխանությունը։ Եվ իրենց աշխարհիկ հաջողության հպարտության մեջ կկարծեին, թե նախ իրենք են Քրիստոսին ընծայել այն, ինչ կային, և այդպիսով նրանց կթվար, թե Քրիստոսից ստանում են փոխհատուցում և ո՛չ թե պարգև։ Բայց այդ կերպ նրանք չէին կարողանա ո՛չ ըմբռնել, ո՛չ էլ պահպանել այն, ինչը որ Աստված նրանց մեջ գործելու էր Իր շնորհով։
Ուստի, մի լավագույն և կարգավորված գործելակերպի համաձայն, Նա «փոշու միջից վեր բարձրացրեց տնանկին, աղբի միջից ոտքի կանգնեցրեց աղքատին, նրան Իր ժողովրդի իշխանների հետ նստեցնելու համար» (Սղմ 112, 7-8), այդպիսով ակնհայտ դարձնելով այն փաստը, որ Աստծուց են բխում խելքի և գիտության պարգևները։ Մեծագույն խնդությամբ, ուրեմն, մենք փա՜ռք ենք բարձրացնում առ Աստված, տեսնելով, թե ինչպե՛ս է մի ձկնորս արհամարհում հզորի հարստությունները, և մի հզոր մարդ աղոթքներ է վերառաքում ձկնորսի հիշատակին. մեկն՝ առանց ընկճվելու իր աղքատությունից, մյուսը՝ առանց հպարտանալու իր հարստությամբ։
Ձկնորս Պետրոսից սովորում ենք հպարտ չլինել, հալածող Պողոսից՝ չհուսահատվել
3. Մեծապես արդյունավետ է Պողոսի օրինակը, որին Քրիստոսը Իրեն հալածողից փոխակերպեց Իր Առաքյալի. այլևս ոչ ոքի թույլատրելի չէ հուսահատվել Աստծո ողորմությունից՝ սեփական մեղքերի գիտակցման պատճառով: Մեզ դա Պողոսն ինքն է ասում. «Ապահով է այս խոսքը և արժանի է բոլորի կողմից ընդունվելու. Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու համար, և դրանցից առաջինը ես եմ: Բայց հե՛նց դրա համար ես ողորմություն գտա, որովհետև Հիսուս Քրիստոսը կամեցավ ցույց տալ ինձ, առաջինը, Իր ողջ մեծահոգությունը՝ օրինակ տալու համար բոլոր նրանց, ովքեր ապագայում կհավատան Իրեն՝ ստանալու համար հավիտենական կյանքը» (1Տմ 1, 15-16):
Ով հաշվի կառնի այս օրինակը, իսկապես չի կարող հուսահատվել, թե Ամենակալի ձեռքից իրեն փրկություն չի հասնի. նա, ով թշնամի էր, դարձավ ավետարանիչ. նա, ով հալածող էր, ո՛չ միայն ազատված է պատիժներից, այլ նաև` պսակված է վարդապետի փառքով. նա, ով տենչում էր արյուն հեղել՝ դաժանաբար հարձակվելով Քրիստոսի անդամների վրա, հավատքի վկա դարձած` իր սեփական արյունն է հեղում Նրա Անվան համար:
Այսպիսով, երկու լույսեր են փայլում ժողովուրդների համար Հռոմում, որը ժողովուրդների մայրաքաղաքն է: Դրանք վառել է Նա, Ով լուսավորում է յուրաքանչյուր մարդու, որ գալիս է այս աշխարհ (հմմտ. Հվհ 1, 9): Նրանցից մեկի մեջ Աստված բարձրացրեց արհամարհված խոնարհին, մյուսի մեջ՝ բժշկեց անօրինությունը, որը պետք է պատժվեր: Առաջինից սովորում ենք հպարտ չլինել, մյուսից՝ չհուսահատվել: Մեծագույն և փրկարար օրինակներ են ընծայվել մեզ. պետք է միշտ հիշենք դրանք և, ի փառս նրանց, մեծարենք Ճշմարիտ Լույսը: Ոչ ոք չպետք է պարծենա այս աշխարհի մեծություններով, քանի որ Պետրոսը ձկնորս էր: Ոչ ոք չպետք է թաքնվի Աստծո ողորմությունից՝ մտածելով իր սեփական անօրինության մասին, քանի որ Պողոսը հալածող էր: Մեկից լսում ենք, որ ասում է. «Տերը ապավեն է աղքատների համար» (Սղմ 9, 10), մյուսից. «Անօրեններին կուսուցանեմ Քո ճանապարհները, և մեղավորները կվերադառնան առ Քեզ» (Սղմ 50, 15)։