Ճառ 382. « ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 382. « ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ »

Թշնամիների հանդեպ սերը պատվիրան է

1. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեզ ինչ որ բան պատվիրում է, ինչ որ բան՝ խոստանում։ Այն, ինչը որ մեզ պատվիրում է, գտնում ենք այստեղ, և դա սահմանափակ է, քանի որ ժամանակի մեջ է. այն, ինչը որ մեզ խոստանում է, գտնում ենք այլուր, և դա չունի սահման, որովհետև հավիտենական է։ Այստեղ մեզ աշխատանք է պատվիրում, այնտեղ՝ հատուցում է տալիս։ Կարող եք ճանաչել, սո՜ւրբ եղբայրներ, Նրա մեծ ողորմությունը մեր հանդեպ, եթե խորհեք, որ այն աշխատանքը, որը մեզնից պահանջում է այստեղ, սահմանափակ է, մինչդեռ անսահման է վարձատրությունը Երկնքում։ Հարկավոր է,  ուստի, նախ այստեղ ջանք թափել, որպեսզի հետո Երկնքում հասնենք մրցանակին. և հակառակը լինել չի կարող։ Ոմանց մասին, արդարև, Տերն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք արդեն ստացել են իրենց վարձը» (Մտթ 6, 2)։
Բայց ինչ որ մեկը թերևս հապաղում է հանձնառու լինել՝ մրցանակին արժանանալու համար, բայց, այդուհանդերձ, այնքան աներես է, որ պահանջում է այն, ինչը որ Աստված խոստանում է, առանց անելու այն, ինչը որ Նա պատվիրում է։ Չենք կարող պահանջել մրցանակը, եթե նախ չենք կատարում պատվիրանը. նախ ականջ դնենք այն ամենին, ինչը որ մեզ պատվիրվում է, և ապա պահանջենք խոստացվածը։

Աստված մեզ պատվիրում է սիրել մեր թշնամիներին. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք ձեզ հալածողների ու զրպարտողների համար»։ Դժվարին պատվիրան է, բայց մեծ է մրցանակը, որ համապատասխանում է դրան։ Հանձնառությունն այն է, որ սիրենք [մեր] թշնամիներին, բարիք անենք մեզ ատողներին և աղոթենք [մեզ] հալածողների ու զրպարտողների համար։ Բայց որպեսզի չսարսափենք տքնությունից, Նա անմիջապես հստակեցնում է վարձատրությունը. « ... որպեսզի որդիները լինեք ձեր երկնավոր Հոր, Ով Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է տեղացնում արդարների ու մեղավորների վրա» (Մրկ 5, 44-45)։

 

Քրիստոսի օրինակը, որն աղոթեց Իրեն սպանողների համար

2. Ուշադրություն դարձրեք, թե ի՛նչ արեց Տերն Ինքը, որ մեզ տվեց այս պատվիրանը։ Հրեաների կողմից Իր դեմ գործված բոլոր անօրինություններից հետո, երբ նրանք բարու փոխարեն չարիքով էին հատուցում, Նա խաչի վրայից, որից կախված էր, ասաց. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34)։ Որպես մարդ՝ աղոթեց Հորը, Նա՝ որ Հոր հետ միասին լսում ու կատարում է աղոթքները։ Հիմա էլ Նա աղոթում է մեր մեջ, աղոթում է մեր համար, Նրան են ուղղված մեր աղոթքները։ Աղոթում է մեր մեջ` որպես մեր Քահանա, աղոթում է մեր համար` որպես մեր Գլուխ, և մենք աղոթում ենք Նրան` որպես մեր Աստծուն։

Երբ, ուրեմն, Նա աղոթում էր խաչի վրայից, տեսնում էր և կանխատեսում. տեսնում էր Իր բոլոր թշնամիներին, բայց կանխատեսում էր, որ նրանցից շատերը դառնալու էին Իր բարեկամները, և այդ պատճառով նրանց համար թողություն էր հայցում։ Նրանք կատաղում էին, իսկ Նա աղոթում էր։ Նրանք Պիղատոսին ասում էին. «Խաչի՛ր դրան» (Ղկս 23, 22), իսկ Նա աղերսում էր. «Հա՜յր, ների՜ր նրանց»։ Թեև դաժանորեն խոցված էր գամերից, Նա չէր կորցնում իր քաղցրությունը։ Նրանք մոլեգնում էին Նրա դեմ՝ բղավելով ու գլուխները շարժելով, – քանի որ նրանց գլուխներն առողջ չէին, – կատաղած շրջում էին, խելագարվածների նման, Նրա շուրջը, Ով կանգնած էր մեջտեղում. Նա, Ով միակ Գերագույն Բժիշկն է։ Կախված էր խաչից, բայց և այնպես` բժշկում էր։ Կախված էր խաչից, բայց և այնպես` տիրում էր բարձունքից։ Չէր կամենում ցած իջնել [խաչից], քանի որ Իր Արյունով պատրաստում էր դեղը` այդ մոլեգնածներին բուժելու համար։ Իր հարությունից հետո Նա առողջացրեց այդ խելագարներին, որոնց վիրավորանքներին համբերել էր խաչի վրա կախված ժամանակ. Քրիստոսն, արդարև, եկավ ո՛չ թե կորստյան մատնելու այն, ինչը գտավ, այլ` փնտրելու և փրկելու նրանց, որոնք կորսված էին (Ղկս 19, 10), հավատացյալներ և բարեկամներ դարձնելու համար Իր վրա հարձակվող թշնամիներին, նրանց սիրելով։

 

Ստեփանոսի օրինակը, որն աղոթեց իրեն քարկոծողների համար

3. Մեր Տերը, մեր համար կրելով չարչարանքները, ձեզ օրինակ թողեց, որպեսզի հետևեք Իր հետքերին (1Պտ 2, 21)։ Որպեսզի Նրան նմանվելը մեզնից չափազանց հեռու բան չթվա, նայե՜նք Ստեփանոսին՝ մեր ծառայակցին։ Նա մարդ էր, մեզնից յուրաքանչյուրի նման, մեր պես մեղքի մեջ ծնված և միևնույն գնով փրկագնված։ Նրա մասին գիտենք, որ սարկավագ էր, և որ, երբ հրեաների կողմից արձակված քարերի կարկուտի տակ էր, սպառնալիքներ չտեղաց, այլ` մինչև իսկ ներում հայցեց նրանց համար, ովքեր քարկոծում էին իրեն։ Ասաց. «Տե՜ր, սա նրանց համար մեղք մի՛ համարիր» (Գրծ 7, 60), կարծես ասեր. «Ես մարմնով կմեռնեմ, բայց նրանք թող որ հոգով չկորչեն»։ Նրանք քարեր էին նետում. նա կանխում էր նրանց՝ արձակելով իր աղոթքը։

 

Ստեփանոսի աղոթքի արդյունավետությունը Պողոսի դարձի համար

4. Հասկանալու համար, թե որքա՜ն մեծ արժեք է ունեցել Սուրբ Մարտիրոսի աղոթքը, ձեր միտքը իմ հետ միասին ուղղեցեք դեպի այն երիտասարդը, որի անունը Սավուղ էր։ Մինչ Ստեփանոսը քարկոծվում էր, նա պահպանում էր հագուստները նրանց, ովքեր քարկոծում էին նրան, կարծես նրանց ձեռքերին միանալով` հարվածելու նրան։ Թե ի՛նչ պատահեց հետո, դուք արդեն գիտեք, որովհետև ես հիմա խոսում եմ եղբայրակիցներիս՝ իմ Հոր որդիների հետ, և խոսում եմ որպես աշակերտակից նրան, ով Տիրոջ աշակերտներից է։

Նա քահանայապետներից նամակներ խնդրեց, որպեսզի լիազորություն ունենա` շղթայված Երուսաղեմ բերելու Քրիստոսի վարդապետությանը հետևող այն տղամարդկանց ու կանանց, որոնց կգտներ, կամենալով, որ տանջանքների ենթարկվեին ու պատժվեին։ Մինչ նա ճանապարհին էր, հանկարծ երկնքից մի լույս պատեց նրան, և նա, գետնին ընկնելով, մի ձայն լսեց, որն իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ։ Խիստ է քո համար խթանի դեմ աքացի տալը»։ Նա պետք է կանգնեցներ ո՛չ թե իրեն հարվածող խթանը, այլ` այն ոտքերը, որոնցով աքացի էր տալիս։ Եվ քանի որ, հազիվ գետնին տապալված, նա ճանաչում է Տիրոջը, հարցնում է Նրան. «Ո՞վ ես Դու, Տե՜ր»։ Նա ասում է. «Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես» (Գրծ 9, 1-5)։ «Ինչո՞ւ ես իմ դեմ ելնում քո չարությամբ», ասում է նրան Տերը, «և փոխարենը չես խոնարհվում իմ առջև քո բարությամբ։ Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ի՞նչ կա իմ ու քո միջև։ Հակառակվելու համար այն ամբողջ չարիքին, որ դու գործում ես իմ դեմ, պիտի կորստյան մատնեի քեզ, բայց իմ Ստեփանոսը աղոթեց քո համար»։

Այսպիսով, տապալվեց գայլը, և ահա՛ վեր խոյացվեց գառը. տապալվեց հալածողը, և ահա՛ վեր խոյացվեց քարոզիչը. կամ – ավելի հստակ կերպով ասելու համար – տապալվեց կորստյան որդին (հմմտ. Հվհ 17, 12), և վեր խոյացվեց Ընտրյալ Անոթը (հմմտ. Գրծ 9, 15)։ Եթե Ստեփանոսն այդպես աղոթած չլիներ, Եկեղեցին Պողոսին չէր ունենա։ Ստեփանոսը, գետնին ծնկի եկած, լսելի եղավ, և գետնից վեր բարձրացվեց Պողոսը։

 

Աստված չի կամենում մեղավորի մահը, և ուսուցանում է ներողամտությունը

5. Այս վեհագույն օրինակներին հակառակվում է դիրքորոշումը նրա, ով չի սիրում։ Խոսքս վերաբերվում է քեզ, որ ճակատդ գետնին ծնկի իջած՝ գոռում ես առ Աստված, որ սատկացնի չարագործին։ Աղոթելով մի մարդու մահվան համար, դու ինքդ քեզ բացահայտում ես որպես չար, և առաջին չարագործի վրա ավելացնում ես ևս մեկին, այնպես` որ Տերը հարցնելու է, թե երկուսից ո՞ր մեկին պետք է սատկացնի, որպեսզի լսած և կատարած լինի չարագործի դեմ ուղղված քո աղոթքը։

Սո՜ւրբ եղբայրներ, ձեզ առաջարկում եմ մի հայտնի օրինակ, և դուք ուշադի՛ր եղեք. այն մարդը, ով որպես դատավոր վճիռ է կայացնում, ինքը չի գործադրում այն, այլ` հանձնարարում է նրան, ով ունի այդ պարտականությունը։ Այդպես էլ դու, երբ աղոթում ես Տիրոջը, որ սատկացնի քո թշնամուն, քեզ նրա դատավորն ես հռչակում և Աստծուց խնդրում ես լինել այդ դատավճռի կատարողը։ Աստված Իր կողմից կպատասխանի, որ մտադիր չէ լինել մեղավորի դահիճը, այլ` նրա ազատարարը, քանի որ [ասում է.] «Ես չեմ կամենում մեղավորի մահը, այլ` որ դարձի գա և ապրի» (Եզկ 33, 11)։

«Նախքան իմ հրավերն ընդունելդ, դու զազրախոսեցիր իմ դեմ, բարկացրեցիր ինձ քո չար գործերով, փորձեցիր երկրի երեսից ջնջել իմ Անունը, արհամարհեցիր ինձ՝ չհարգելով իմ պատվիրանները, ո՛չ էլ` իմ ծառաներին։ Եթե ես այն ժամանակ սատկացրած լինեի քեզ, հիմա չէի կարողանա քեզ իմ բարեկամը դարձնել»։ Աստված մինչև իսկ հասնում է ասելու քեզ. «Կսովորեցնեմ քեզ` նմանվել ինձ, որ խաչի վրայից ասացի. "Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում" (Ղկս 23, 34)։ Այսպե՛ս սովորեցրեցի վարվել նրանց, ովքեր անդամակցում են իմ զորքին՝ Սուրբ Մարտիրոսներին։ Դո՛ւ էլ իմ զինվորը դարձիր սատանայի դեմ մղվող պայքարի մեջ։ Հաղթական կերպով պայքարելու ուրիշ ձև չկա քո համար, քան թշնամիներիդ համար աղոթելը»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։