Ճառ 383. « ԻՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 383. « ԻՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ »

Եպիսկոպոսական ծառայության անցած տարիների վերագնահատումը

1. Ամեն օր և ամեն ժամ, ո՜վ թանկագիններ, պետք է եպիսկոպոսի անդադար մտահոգությունը լինի գիտակցելն այն կառավարման կարևորությունը, որի բեռը ստանձնել է, և իր Աստծուն հաշիվ տալու պարտականությունը։ Բայց մինչ նշում ենք Մեր ձեռնադրության տարեդարձի օրը, Մեր միտքը առանձնահատուկ կերպով ուղղում ենք Մեր այս պաշտոնի ծանրությանը, ինչպես եթե այժմ այն առաջին անգամ ստանձնելիս լինեինք։

Այժմ իրավիճակն ա՛յլ է, քան այն օրը, երբ ստանձնեցինք այս պաշտոնը. այն ժամանակ միայն խորհում էինք, թե ինչպե՛ս պետք է իրականացնեինք այն։ Հետագայում, և հատկապես տարեդարձների կապակցությամբ, մեր հանձնառությունը դարձավ այլևս ո՛չ միայն գործողությունների ծրագիր մշակելը խոհեմությամբ, այլ` ուշադրությամբ վերհիշելը, թե ինչպե՛ս ենք գործել անցյալում, որպեսզի առաջադրենք նմանվել մենք մեզ այն բաներում, որոնք թվում են լավ արված, և խուսափենք կրկնել այն սխալները, որոնք տեսնում ենք անցյալում, և որոնց համար ներողություն ենք հայցում։

Նախանձախնդրորեն նվիրվելով բարին գործելու նպատակին, խուսափում ենք, որքան որ դա մեզ հնարավոր է, սատանայի կողմից մեղադրվելուց, և, որքան որ կարողանում ենք, հաղթում ենք նրա մեղադրանքներին՝ բարեպաշտորեն խոնարհվելով խոստովանվելու։ Ինչպես, ապագայի համար, արդարության դեմ զանցանքները հանգեցնում են մեղքին, այնպես էլ, անցյալի համար, անարդարության [գործերի] պաշտպանությունը, [որոնց մեջ ընկել ենք,] հանգեցնում է դրանք ավելի ծանր դարձնելուն։ Առաջին դեպքում օգնում է սերը, որը նախազգուշացնում է հանցանքը գործելու դեմ, երկրորդ դեպքում օգնում է խոնարհությունը, որը ջնջում է արդեն գործված հանցանքները, այնպես` որ հանցանքները, որոնցից հնարավոր չէ զերծ մնալ, գոնե կարողանան ներվել, եթե բարիք ենք գործում. միայն թե մարդը չցանկանա դրանցով պարծենալ։

Մենք սովորել ենք ասել մեր Հորը, որ Երկնքում է. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ներում ենք մեր պարտապաններին» (Մտթ 6, 12)։ Որպեսզի կարողանանք այս աղոթքն անկեղծությամբ ասել, պետք է սիրենք նաև նրանց, ովքեր թշնամի են մեզ, մանավանդ թե՝ մենք նույնիսկ չպետք է թշնամիներ ունենայինք, եթե դա չի պահանջում արդարությունը։ Եթե մեր վատ վարմունքն է պատճառ դարձել, որ մեկը մեզ թշնամի դառնա, մենք պետք է մտահոգվենք ո՛չ թե նրա պարտքերը ներելու, այլ` մեր պարտքերը նրան վճարելու մասին, որովհետև եթե մեր կողմից որևէ վիրավորական բան է արթնացրել նրա հակակրանքը, մենք ենք նրան պարտապան, և ո՛չ թե հակառակը։

 

Պարտապանների ներում և դարձի գալու հորդոր

2. Եպիսկոպոսությանս այս տարեդարձի օրը, ուրեմն, պիտի դիմեմ նախևառաջ իմ պարտապաններին. նրանք, առանց դա իմանալու, Աստծո առջև օգնում են ինձ՝ ինձ հնարավորություն ընձեռելով ներելու նրանց պարտքերը, որոնք ունեն իմ նկատմամբ, որպեսզի ես էլ իմ հերթին արժանանամ իմ պարտքերի թողությանը։

Դիմում եմ ձեզ, թե՛ այստեղ ներկաներիդ և թե՛ բացականերիդ. ես դառնում եմ ձեր հակառակորդը՝ ճշմարտության ավետմամբ, ձեզ անհանգստություն եմ պատճառում իմ խրատներով և, կամենալով հետամուտ լինել ձեր բարիքին, ստիպված եմ լինում ընդդիմանալ ձեզ. «Մի՛ եղեք ձիու և ջորու նման, որոնք չունեն բանականություն» (Սղմ 31, 9)։ Այս կենդանիներն էլ են քացիներ տալով ու կծելով հարձակվում հե՛նց նրանց վրա, ովքեր իրենց դիպչում են՝ իրենց վերքերը բուժելու համար։ Եթե դուք համառում եք, ես էլ եմ համառում. եթե դուք ինձ հակառակվում եք, ես էլ եմ ձեզ հակառակվում. եթե դուք ինձ ընդդիմանում եք, ես էլ եմ ձեզ ընդդիմանում։ Պայքարը միավորում է մեզ, բայց դրա պատճառը մեզ բաժանում է։ Դուք հակառակվում եք բժշկին. ես, մինչդեռ, հակառակվում եմ հիվանդությանը. դուք ընդդիմանում եք իմ նախանձախնդրությանը, ես՝ ձեր կործանմանը։
«Ինձ չարիք հատուցեցին բարիքի փոխարեն», ասում է. «ես, սակայն, աղոթում էի» (Սղմ 34, 12)։ Աղոթում էր նրանց համար. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34)։ Եվ տակավին ասում է. «Երբ ձեր մասին չարախոսում են և ամեն տեսակ չար խոսք են ասում ձեր դեմ` արդարության պատճառով, ուրա՜խ եղեք և ցնծացե՜ք, որովհետև մի մե՜ծ վարձատրություն սպասում է ձեզ Երկնքում» (Մտթ 5, 11-12)։
Բայց հորդորում եմ ձեզ՝ սրբագրե՛ք ձեր մոլորությունը, ճանաչեցե՛ք իմ սերը ձեր հանդեպ և սիրույն սիրով հատուցեցեք. մենք չենք ձգտում ավելացնելու մեր վարձը ձեր կորստյան գնով։ Այն քիչը, որ պետք է ներեմ իմ պարտապաններին, բավական կլինի, որպեսզի ներվի նաև իմ պարտքը։

 

Ներողության հայցում սեփական պարտքերի համար և սիրո հավաստում բոլորի հանդեպ

3. Այնուհետև մտադիր եմ դիմելու նաև նրանց, որոնց ես եմ պարտական։ Ինչպես Առաքյալը, որ ասում է. «Պարտական եմ հույներին և բարբարոսներին, իմաստուններին և տգետներին» (Հռմ 1, 14), այնպես էլ ես` պարտական եմ ո՛չ թե ոմանց, այլ` բոլորին, իմ ուժերի սահմաններում և իմ կառավարմանը վստահված փոքր բաժնի համեմատ։ Նկատի ունեմ այն պարտքերը, որոնց համար փափագում եմ, որ ինձ ներվեն, և ո՛չ թե` պահանջվեն վճարել։

Չեմ հասնում այնպիսի հպարտության, որ համարձակվեմ ասել, թե այն ժամանակվանից ի վեր, ինչ կրում եմ իմ պաշտոնի բեռը, ոչ ոքի հանդեպ վատ չեմ վարվել. դա եթե ո՛չ անհնարին, ապա առնվազն դժվարին բան է ցանկացած մարդու համար, որը բռնված և մասնատված է այսքա՜ն բազմազան ու ծանրակշիռ զբաղմունքներով։ Բայց է՛լ ավելի դժվարին կամ մինչև իսկ անհնարին է իմ համար, որ ճանաչում եմ իմ տկարությունը. այն վստահում եմ Տիրոջը` մեր Աստծուն, բժշկվելու համար, օր ու գիշեր Նրան մատուցելով իմ աղոթքները, և աղոթքները, որոնք դուք անում եք իմ համար։

Ինձ ձեր պարտապանն եմ խոստովանում, եթե [պատահել է, որ] զանազան մտահոգությունների պատճառով տագնապած և դժվարությունների պատճառով մտահոգված, թերևս պատշաճ կերպով ականջ չեմ դրել մեկին, ինչպես նա պահանջում էր. եթե ինչ որ մեկին խոժոռ հայացք եմ ուղղել, կամ պատշաճից ավելի խիստ խոսքեր. կամ եթե որևէ վշտացած կամ օգնության կարիք ունեցող անձի թերևս խռովեցրել եմ անվայել պատասխանով. եթե, մինչ մեկ ա՛յլ գործով էի զբաղված, անտեսել կամ հետաձգել եմ, կամ նաև կտրուկ ակնարկով դառնացրել եմ ինչ որ մի աղքատի, որը հայցում էր իմ ուշադրությունը։ Կամ եթե դառնությամբ բարկացել եմ, երբ ինչ որ մեկն իմ հասցեին կեղծ կասկածներ է հայտնել, ինչպես որ կարող է պատահել մարդկային հարաբերություններում, կամ ընդհակառակը, եթե, ինչպես դարձյալ մարդկային է, ես եմ կասկածել ինչ որ մեկի մասին, ինչ որ մի բան, որն ինքն իր խղճի մտոք արդարացի չէր համարում։

Բայց մինչ խոստովանում եմ ինձ ձեր պարտապանը` այս և նմանօրինակ վիրավորանքների համար, դուք հավատացե՜ք նաև, որ ես լի եմ ձեր հանդեպ սիրով։ Նաև մայր հավը, որը գուրգուրանքով իր թևերը փռում է իր ձագուկների վրա, հաճախ [պատահում է, որ] նեղ տարածության մեջ շարժվելիս ճզմում է նրանց, թեկուզև ո՛չ ծանրորեն, բայց [միևնույն է՝] մնում է նրանց մայրը։

Ներեցե՜ք, որպեսզի ձեզ ներվի։ Ներեցե՜ք ձեզ սիրողին այն պարտքերը, որոնք առաջ են եկել նրա դժվարություններից. ձեր թշնամիներին էլ չպետք է մերժեք ներել այն պարտքերը, որոնք բխում են նրանց կարծրությունից։ Կարճ ասած, բոլորիդ խնդրում եմ Աստծուն հանձնարարել այն խնամքը, որը ես պետք է ունենամ ձեր հանդեպ, և Նրանից հայցում եմ, ինչպես որ արդարացի է, ձեր կողմից խնամք՝ իմ հանդեպ։ Թող որ Աստված բարեհաճորեն ներողամիտ լինի և խստությամբ չնայի այն ամենին, ինչի մեջ անցյալում կարող եմ թերացած լինել ձեր հանդեպ։ Թող որ Նա առաջնորդի այն ուղին, որը դեռ պիտի անցնեմ՝ կրելով այս բեռը, և թող որ ինձ հաճելի դարձնի Իր աչքին, և օգտակար՝ ձեր համար, որպեսզի, ինչպես որ կերևաք Նրա հայացքի առաջ, դուք իմ համար ո՛չ թե սարսափի ու տառապանքի, այլ` ուրախության և փառքի պատճառ հանդիսանաք։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։