Ճառ 384. « ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ՛ ՀԻՆ ԵՎ ԹԵ՛ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ՝ ԸՆԴԴԵՄ ԱՐԻՈՍԱԿԱՆՆԵՐԻ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 384. « ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ՛ ՀԻՆ ԵՎ ԹԵ՛ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ՝ ԸՆԴԴԵՄ ԱՐԻՈՍԱԿԱՆՆԵՐԻ »

Ո՞վ է Աստված

1. 1. Անդադար, ամեն օր մեր համար ընթերցվում է Աստծո սուրբ խոսքը՝ մեր հոգու փրկության և սնուցման համար։ Այս սննդով մենք հագենալու ենք հանդերձյալ կյանքի հավիտենական սեղանի շուրջը, ինչպես ասում է Մարգարեն. «Պիտի հագենամ, երբ կհայտնվի Քո փառքը» (Սղմ 16, 15)։ Մենք կարող ենք օրհներգել մեզ սպասվող փառքը, այն բարիքները, որոնք հարստացնելու են այն, և այն պայծառությունը, որով այն փայլելու է, բայց ի զորու չենք այդ ամենը խոսքերով արտահայտելու։ Դրա պատճառը մեզ բացատրում է Պողոսը, որ գրում է. «Այն բաները, որոնք աչքը չի տեսել, և ականջը չի լսել, և մարդու սրտի մեջ չի մտել, ահա ա՛յդ բաները Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են Իրեն» (1Կր 2, 9)։

Այսքա՜ն և այսպիսի՜ հավիտենական երկնային պարգևներ է պատրաստել Ամենակալ Տերը ամբողջ աշխարհի Իր սուրբ հավատացյալ ժողովուրդների համար. բայց ո՞վ է Ինքը՝ Աստված, որ դրանք պատրաստել է մեր համար։ Նրա մասին ասում ենք միայն, որ մենք ի զորու չենք չափելու Նրան, ո՛չ էլ արտահայտելու, ո՛չ էլ ըմբռնելու. որ Նա ամեն ինչից անդին է, ամեն ինչից դուրս, ամեն ինչից վեր։ Գերազանցում է Իր բոլոր արարածներին, Իր գործերից անդին է, ամեն ինչից վեր է։ Կարող էի փորձել արտահայտել Նրա մեծությունը, բայց Նա ավելի մեծ է. Նրա գեղեցկությունը, բայց Նա ավելի գեղեցիկ է։

Նա առավել քաղցր է, քան որևէ քաղցրություն, առավել պայծառ, քան որևէ պայծառություն, առավել արդար, քան որևէ արդարություն, առավել հզոր, քան որևէ հզորություն, առավել հեզ, քան որևէ հեզություն։ Բանականությունը չի հանդուրժում, որ արարածը հավակնի հավասար լինել իր Արարչին, և ո՛չ էլ ստեղծված գործը դրվի նույն հարթության վրա Նրա հետ, Ով ստեղծել է իրեն։ Հե՛նց այդպես էլ կարդում ենք Մարգարեի մոտ. «Նա զորությամբ գերազանցում է հզոր գոյություններին, որոնք ստեղծել է, գեղեցկությամբ գերազանցում է գեղեցիկ գոյություններին, որոնց Հեղինակն Ինքն է» (Իմս 13, 3)։

 

Երրորդությունը միակ Աստվածն է, և միակ Աստվածը Երրորդություն է

2. 2. Մենք հռչակում ենք միակ Աստծո վսեմագույն մեծությունը. քանի որ, սակայն, մենք հրեաներ չենք, այլ` քրիստոնյաներ, միաժամանակ դավանում ենք Նրա աստվածային Երրորդության խորհուրդը։ Ինչպես ամենակալ և անճառելի է Հայրը, այդպես ամենակալ և անհուն է Որդին, և նմանապես նաև Սուրբ Հոգին, որն անբաժանելիորեն միացած է Հորը և Որդուն, անճառելի է և անեզրական։

Հայր և Որդի և Սուրբ Հոգի՝ միակ ամենակալ Աստված, Մեկ՝ Երրորդության մեջ, Մեկ՝ զորության մեջ. միություն, երրորդություն, հավիտենական վեհափառություն, միակ զորություն ամեն ինչից վեր. Նա Երրորդություն է Միության մեջ, և Միություն՝ Երրորդության մեջ, առանց [հնարավորության,] որ Երրորդության մեջ կարողանան բաժանումներ լինել կամ Միության մեջ անջատումներ ներմուծել։
Հաստատված այս ընդհանրական հավատքի վրա, որը մեր պաշտպանությունն ու մեր ուժն է, դիմենք, սիրելիներս, արիոսական չարանուն հերետիկոսներին, որոնք մեր օրերում ամբարշտաբար մեծ ջանքեր են թափում, և փորձում են, և խաբում են մեր հավատացյալներից շատերին, ջանալով հրապուրել նրանց։ Մենք հարցնում ենք նրանց, թե ինչպե՞ս կարող են աղոթել Տիրոջը, եթե իրենց գաղափարներով դիրքավորվել են Նրա դեմ։ Նրանք պատասխանում են մեզ, թե անշուշտ աղոթում են Աստծուն Իր Երրորդության մեջ, բայց այնպես, ինչպես [իբրև թե] գրված է. Հորը՝ որպես մեծագույնի, Որդուն՝ որպես փոքրագույնի, և Սուրբ Հոգուն՝ որպես ստորադասի, քանի որ Քրիստոսն Ինքը հայտարարել է. «Հայրը ինձնից մեծ է» (Հվհ 14, 28)։

- 3. Պատասխանում ենք նրանց, որ եթե նրանք պատվում են Աստծուն՝ աղոթելով Նրան այդ ձևով, որը հայտարարում են, թե համապատասխանում է գրված խոսքին, ապա նրանք չեն պատվում և չեն աղոթում միակ մեծ Աստծուն, այլ` Նրանից երեք աստվածություններ են սարքում։ Եվ հարցնենք նրանց, թե ո՞ւր թողեցին աստվածային օրենքի պատվիրանը. «Լսի՛ր, Իսրայել. Աստված, Տերը` քո Աստվածը, միայն մեկ Աստված է»։ Եվ նմանապես, մեկ ա'յլ տեղ ասվում է մեզ. «Պիտի երկրպագես Տիրոջը` քո Աստծուն, և միայն Նրան պիտի պաշտես» (2Օր 6, 4-5.13)։
Եթե, մինչդեռ, ա՛յլ է Հայրը, ա՛յլ է Որդին, ա՛յլ է Սուրբ Հոգին, [ուրեմն] այլևս չկա միասնական Երրորդությունը, աստվածային զորությունը բաժանված է։ Բայց ինքն իր մեջ բաժանված զորությունը չի կարող կանգուն մնալ, համաձայն այն խոսքի, որ կարդում ենք Ավետարանում. «Ամեն տուն և ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, չի կարող կանգուն մնալ» (Մտթ 12, 25)։

Ինչպես որ հնարավոր չէ անջատել լույսից իր փայլը, արևից՝ իր ջերմությունը, այնպես էլ հնարավոր չէ անջատում ներմուծել աստվածության մեջ։ Եթե դիտարկենք արևը, նրա մեջ կարող ենք երեք անբաժանելի բաղադրիչներ տեսնել. շարժում, փայլ, ջերմություն. արդարև, մենք այն տեսնում ենք երկնքում շարժման մեջ՝ որպես լույսի և ջերմության աղբյուր։ Բայց ես հրավիրում եմ արիոսականին անջատել արևն [իր] այդ բաղադրիչներից, եթե դա հաջողվի իրեն. այդ նույն ձևով նա կկարողանա անջատել Երրորդությունը։

Բայց եթե արևի մասին դատողություններ անելը, նրա այն հատկությունների վերաբերյալ, որոնք մենք զատորոշում ենք տեսողությամբ, կարող է թերևս դժվար հաջողվել, քանի որ այն հեռու է՝ երկնքում, առաջարկում ենք արարչության մեկ ա՛յլ տարր, որը չունի արևի մեծությունը և այստեղ է՝ երկրի վրա, մեր մոտ. ի նկատի ունեմ կրակը, որն ունենք մեր ձեռքի տակ, և որը, սակայն, բաժանելի չէ։ Կրակը ևս չի կարող բաժանվել՝ շարժման, լույսի, ջերմության երեք բաղադրիչներն ունենալով հանդերձ։

Ուստի դարձյալ դիմում եմ քեզ, չարանո՜ւն հերետիկոս, հարցնելով, թե ինչպե՞ս կարող ես հավակնել` բաժանելու Աստծուն, Ով բոլոր գոյությունների Արարիչն է, եթե չես կարողանում բաժանել արևը կամ կրակը, որոնք Նրա արարածներն են։

 

Սուրբգրային վկայություններ։ Ընդհանրական հավատքի գովքը

3. 4. Բայց եթե ուշադիր լսես, կարող ես սովորել, որ մարդկային ցեղի սկզբից ևեթ հայտնվել է մեծ և միակ Երրորդությունը։ Այն մեզ հայտնում են Օրենքը և Մարգարեները, Սաղմոսները և Ավետարանը, հստակ կերպով հաստատում է Առաքյալը։ Լսի՛ր Ծննդոց գիրքը. «Աստված ստեղծեց մարդուն Աստծո պատկերով» (հմմտ. Ծնդ 1, 26-27)։ Եվ Երրորդության անբաժանելիությունը ցույց տալու համար` նույն գիրքն ասում է. «Եվ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծնդ 1, 2)։

Մարգարեն, այնուհետև, Քրիստոսի անունից խոսելով` ասում է. «Տեր Աստծո Հոգին իմ վրա է, որովհետև Տերը օծմամբ նվիրագործեց ինձ, և ուղարկեց ինձ` խոնարհներին բարի լուրն ավետարանելու» (Ես 61, 1)։ Եվ դարձյալ, Սաղմոսներում. «Տիրոջ Խոսքով երկինքները հաստատվեցին, Նրա բերանի Շնչով՝ նրանց բոլոր զորությունները» (Սղմ 32, 6)։ Եվ մեկ ա՛յլ Սաղմոսում. «Վերստին տո՜ւր ինձ փրկված լինելու ցնծությունը և ինքնիշխան Հոգիով նեցո՜ւկ եղիր ինձ» (Սղմ 50, 14)։

Լսի՛ր նաև Ավետարանը, որն այս բանի հաստատումը տալիս է այնտեղ, որտեղ Քրիստոս Տերն Առաքյալներին ասում է. «Ինձ է տրվել ամեն իշխանություն Երկնքում և երկրի վրա։ Գնացե՛ք և աշակերտեցե՛ք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մտթ 28, 18-19)։ Եվ լսի՛ր Առաքյալին. «Ո՜վ Աստծո հարստության, իմաստության և գիտության խորություն։ Որքա՜ն անքննելի են Նրա դատաստանները, և անզննելի՝ Նրա ճանապարհները։ Արդարև, ո՞վ երբևէ կարողացավ իմանալ Տիրոջ միտքը, կամ ո՞վ երբևէ եղավ Նրա խորհրդատուն։ Կամ ո՞վ առաջինը ինչ որ մի բան տվեց Նրան, որ հետո փոխհատուցում ստանա Նրանից։ Քանի որ Նրանից և Նրանով և Նրա մեջ են բոլոր գոյությունները։ Նրան փա՜ռք հավիտյանս» (Հռմ 11, 33-36)։

Հետևաբար[1], Հին և Նոր Կտակարանները լիովին և պարզորոշ կերպով հաստատում են, թե ինչպե՛ս Աստծո միությունը անբաժանելի Երրորդություն է։ Մենք, ուստի, ուշադրություն չդարձնենք հերետիկոսներին՝ Առաքյալի հորդորին հետևելով. «Նրան մեկ անգամ խրատելուց հետո` հեռո՛ւ մնա հերետիկոս մարդուց» (Տիտ 3, 10), և նվիրվենք մեր հավատացյալ ժողովրդին ընդհանրական հավատքի մեջ ամրապնդելուն։

Չկան հարստություններ, կամ գանձեր, կամ պատիվներ, որոնք կարող են ավելի մեծ լինել, քան ընդհանրական հավատքը. այս աշխարհի ո՛չ մի բարիք չի գերազանցում նրան։ Այն փրկում է մեղավորներին, լուսավորում է կույրերին, բժշկում է հիվանդներին, մկրտում է երախաներին, արդարացնում է հավատացյալներին։ Նրա միջոցով ապաշխարողները հատուցում են իրենց մեղքերի փոխարեն, արդարները հոգևորապես աճում են, մարտիրոսները ստանում են պսակը։ Այն պաշտպանում է կույսերի, այրիների, ամուսնացածների մաքուր պարկեշտությունը։ Նրա միջոցով քահանաները ստանում են Կարգը։ Այն նախապատրաստում է Երկնային Արքայությանը հավիտենական ժառանգության մեջ և հաղորդություն է ստեղծում Սուրբ Հրեշտակների հետ։ Սա Տերն Ինքը հաստատում է Իր խոստումով. «Հարության ժամանակ ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում, այլ` լինելու են Աստծո հրեշտակների նման» (Մտթ 22, 30)։ Քրիստոսի` մեր Տիրոջ միջոցով։

[1] Տվյալ ճառը համեմատաբար կարճառոտ լինելով՝ Հայրապետը լիովին չի զարգացրել մեջբերված հատվածների մեկնությունը, ինչը որ տարբեր առիթներով կատարել է ա՛յլ ճառերի և ուրիշ աշխատությունների մեջ (օրինակ՝ «Երրորդության մասին», «Ընդդեմ արիոսականների քարոզչության», «Ընդդեմ արիոսական Մաքսիմինումի», «Վիճաբանություն Մաքսիմինումի հետ», «Հովհաննեսի Ավետարանի մեկնություն», և այլն)։ Հստակ տեղեկություններ չունենք, թե ի՛նչ առիթով է նա խոսել այս համառոտ ճառը, բայց գիտենք, որ այն շարադրվել է իր կյանքի վերջին տարիներին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։