
Ճառ 385. « ՍԻՐՈ ՄԵՋ ԿԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ՄԵԾԱՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Կան շիտակ սերեր և այլասերված սերեր
1. Ե՛վ Նոր, և՛ Հին Կտակարանները մեզ ուսուցանում են, թանկագին եղբայրներ, թե ինչպե՛ս կարող ենք ձեռքբերել կատարյալ սերը։ Տերն Ինքը Ավետարանում ասել է. «Սիրի՛ր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ» (Մտթ 22, 39)։ Կանգ առնենք, ուրեմն, և դիտարկենք այն սերը, որը մարդը տածում է մեկ ա՛յլ մարդու հանդեպ։ Մեր քննարկումից բացառենք սիրո անօրինական ձևերը, որոնք նույնպես գոյություն ունեն․ դրանք սիրո այլասերված ձևեր են, որոնք սովորաբար կապված են սեփական անձը սխալ ձևով սիրելու հետ, ինչն էլ հանգեցնում է նաև դիմացինին սխալ կերպով սիրելուն։ Ընդհակառակը, սեփական անձի հանդեպ ուղղամիտ սերը մղում է ուղղամիտ կերպով սիրելու նաև դիմացինին։ Որպես օրինակ բերենք շնացողի կամ գայթակղեցնողի խայտառակ ու անպարկեշտ սերերը. այլանդակ սերեր, որ դատապարտվում են թե՛ մարդկային, թե՛ աստվածային բոլոր օրենքներով։ Բայց, մի կողմ թողնելով անօրինական սերերը, գանք օրինական սիրերին։
Որո՛նք են օրինական սիրո աստիճանները
2. Օրինական սիրո առաջին ձևը ամուսնական միությունն է, որը, սակայն, դեռևս մարմնական է, ինչը փաստվում է նրանով, որ այն բնորոշ է նաև կենդանիներին։ Նաև այն ճնճղուկները, որոնց ծլվլոցը հնչում է շուրջբոլորը, ունենում են զուգավորումներ և հյուսում են բներ, որտեղ թուխս են նստում ձվերի վրա և կերակրում են իրենց ձագերին։ Այս սերն օրինական է մարդկանց միջև, բայց, տեսնում եք, որ այն մարմնական ձև է։
Մեկ ա՛յլ ձև է զավակների հանդեպ սերը, որը նույնպես մարմնական է. յուրահատուկ գովասանքի արժանի չէ նա, ով սիրում է իր զավակներին, այլ ավելի՝ հարկավոր է պարսավել նրան, ով չի սիրում նրանց, որովհետև մարդու մեջ չպետք է պանծացվի այն, ինչը հատուկ է նաև վագրերին, օձերին, առյուծներին, գայլերին, որոնց բոլորին տեսնում ենք, թե ինչպե՛ս են սիրում ձագերին, որոնց ծնում են: Մարդը պարծենալու առիթ չունի զավակներին սիրելու համար, եթե այդ հարցում նման է օձերին. նրանցից ավելի ստոր կլիներ, եթե չսիրեր նրանց:
Շարունակելով անդրադառնալ միայն օրինական սիրո ձևերին, քանի որ անօրինականները մի կողմ ենք թողել, թվում է, թե մարդուն բնորոշ է ազգակիցների միջև սերը՝ հարաբերությունների սովորույթի սահմաններից դուրս:
Հետևաբար, առավել վեհ է այն սերը, որն ընդարձակվում է ազգակցական կապերից այն կողմ, որովհետև ազգականների մեջ մարդը դեռևս սիրում է իր սեփական արյունը: Ընտանիքից դուրս գտնվող, օտար մարդկանց սիրելը, պանդուխտին հյուրընկալելը շա՜տ ավելի ընդգրկուն սիրո դրսևորումներ են: Գոյություն ունի, ուրեմն, սիրո կարծես աստիճանական մի վերելք՝ կողակցից դեպի զավակները, ապա ազգականները, օտարները, [վերջում] թշնամիներին հասնելու համար: Բայց սրան հասնելու համար հարկավոր է բազմաթիվ աստիճաններով վեր բարձրանալ։
Սովորույթին կապված ընկերությունից` ազատ ընտրությամբ հաստատված ընկերությանը
3. Այժմ ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ կասեմ ընկերության մասին: Մենք չենք դիտարկում այն չարագործ ընկերությունը, որ ծնվում է արատավոր խղճից, երբ չարիք գործելու նպատակով միավորված մարդիկ իրենց կապված են զգում հե՛նց այդ ընդհանուր մեղսակից խղճով. սա և ո՛չ իսկ արժանի է կոչվելու ընկերություն:
Առանց, ուստի, դրա հանդեպ հոգ տանելու, տարբերակենք մի ընկերություն, որը դեռևս մարմնական է՝ կապված համատեղ բնակության, զրույցների և միասին ապրելու մտերմության հետ[1]։ Դրանից հետևում է, որ մարդը տառապում է, երբ կորցնում է ընկերոջը, որի հետ զրուցում էր և որի հետ համամիտ էր։ Երկու հոգի հանդիպում են, երեք օր քայլում են միասին, և ահա՛ չեն ցանկանում այլևս բաժանվել․ սա ընկերության մի ձև է, որ քաղցրություն է պարգևում և ազնիվ է։ Բայց շարունակենք մեր քննարկումը, քանի որ նպատակ ենք դրել անցնել սիրո այս ձևի տարբեր աստիճաններով՝ ցանկանալով հասնել այն կատարյալ բարեկամությանը, որի մասին նշեցի։
Ընկերության ձևը, հետևաբար, որ կապված է կյանքի սովորույթին, և ո՛չ թե մտածված ընտրությանը, հատուկ է նաև կենդանիներին: Եթե երկու ձիու միասին կերակրեք, ահա՛ նրանք միասին լինելու կարիք կզգան, և եթե պատահի, որ մի օր նրանցից մեկն ավելի շուտ հասնի ախոռ, մյուսը ևս կշտապի՝ կարծես ընկերոջը տեսնելու բաղձանքից դրդված, և կդժվարացնի կառապանի գործը՝ առաջնորդելու իրեն, իր սրընթաց թափով քաշ տալով նրան այնքան, մինչև որ հասնի այնտեղ, ուր շտապում էր հասնել: Եվ երբ հասնում է իրենից առաջ անցած ձիուն, իսկույն հանդարտվում է. մի ուժ քաշ էր տալիս նրան, սերը նրան մղում էր, իսկ երբ հասնում է նրան, խաղաղվում է, կարծես հասած լինի իր նպատակակետին:
Հետևաբար, համատեղ կյանքին կապված ընկերության այս ձևը նույնպես հանդիպում է կենդանիների մոտ։ Բայց անցնենք ավելի բարձր աստիճանին՝ մտածված ընտրությանը կապված ընկերությանը։ Սա մեզ մեր մահկանացու կյանքում սիրել է տալիս մի անձնավորության՝ հանուն այն վստահության և գորովի, որ նա ներշնչում է մեզ. և սա փոխադարձ բան է։ Այս ընկերությունից վեր գտնում ենք միայն աստվածային սերը։ Եթե մարդը սկսում է սիրել Աստծուն, չի կարողանա մարդու մեջ սիրել ա՛յլ բան, քան Աստծուն։
Ընկերությունը պետք է անշահախնդիր լինի
4. Նախևառաջ, սիրելիներս, հրավիրում եմ ձեզ խորհելու այն մասին, թե ընկերական սիրո համար որքա՛ն էական է անշահախնդրությունը. պետք չէ ընկեր ունենալ կամ սիրել ընկերոջը՝ նրանից ակնկալվող որևէ օգուտի համար։ Եթե մեկն իր ընկերոջը սիրում է նրանից փող կամ ա՛յլ ժամանակավոր շահ ստանալու նպատակով, ապա այդ սերն ուղղված չէ ընկերոջը, այլ` այն բարիքին, որը ստացվում է նրանից։ Ընկերոջը պետք է սիրել ի՛ր իսկ համար և ո՛չ թե ա՛յլ նպատակով։
Եթե ընկերության կանոնը պահանջում է, որ ընկերոջ հանդեպ սերն անշահախնդիր լինի, ապա առավել ևս անշահախնդիր պետք է լինի մեր սերը Աստծո հանդեպ, Ումից ստացել ենք մարդուն սիրելու պատվիրանը։ Աստծուց է գալիս [ընկերության] մեծագույն հաճույքը։ Մարդու մեջ գտնում ենք բաներ, որոնք մեզ տհաճություն են պատճառում, թեև հանուն ընկերության ջանում ենք հանդուրժել դրանք՝ առանց ընկերությունը խզելու. առավել ևս Աստծո հանդեպ սիրո մեջ ոչինչ չի կարող դրդել մեզ, որ մեր կողմից խզենք ընկերությունը։ Աստծուց է գալիս [ընկերության] մեծագույն հաճույքը։ Ոչինչ չի կարող նեղացնել մեզ Աստծո կողմից, եթե մենք ինքներս չենք վիրավորում Նրան. Նրա մեջ են գտնվում բարձրագույն գեղեցկությունն ու քաղցրությունը։
Բայց քանի որ մենք Աստծուն չենք տեսնում, ձեզնից ոմանք կարող են հարցնել ինձ, թե ինչպե՛ս կարող ենք սիրել Նրան՝ առանց Նրան տեսնելու։ Հե՛նց օգնելու համար ձեզ` սիրել Նրան, Ում չեք տեսնում, ցույց կտամ ձեզ, թե ինչպե՛ս կարող եք տեսնել այն, ինչը որ մեր աչքերը չեն կարողանում տեսնել:
Դիտարկենք մի ընկերոջ [օրինակը], ով մեզ թանկ է, ում սիրում ենք անշահախնդիր կերպով, և հարցնենք ինքներս մեզ, թե ի՞նչն ենք սիրում նրա մեջ: Բերենք մի տարեց ընկերոջ օրինակը. կարող է պատահել, որ մեր ընկերը տարեց անձն լինի: Մենք նրա մեջ չենք սիրում իր կքված մարմինը, ալեհեր գլուխը, կնճիռները ճակատի վրա կամ կծկված ծնոտը. մարմինը, որ տեսնում ենք, ծերության պատճառով տգեղացել է ինչպես երբեք դրանից առաջ: Մենք չենք սիրում այն տգեղ մարմինը, որ տեսնում ենք, այլ` նրա մեջ գտնում ենք ինչ որ մի բան, որը մեզ սիրել է տալիս նրան:
Ի՞նչն է մեզ տեսնել տալիս այն, ինչը որ սիրում ենք: Եթե մեզ հարցնեն, թե ինչո՞ւ ենք սիրում նրան, մենք կպատասխանենք՝ որովհետև նա հավատարիմ մարդ է: Ուրեմն, մենք սիրում ենք նրա հավատարմությունը: Ահա՛, նույն աչքերը, որոնք քեզ թույլ են տալիս տեսնել ընկերոջ հավատարմությունը, թույլ են տալիս քեզ տեսնել Աստծուն: Սկսի՛ր սիրել Աստծուն, և Աստծո սիրո օգնությամբ կսիրես մարդուն:
Աստծուն չպետք է սիրենք վարձատրության ակնկալիքով
5. Այժմ ականջ դրեք մի կարևոր վկայության: Գիտենք, որ սատանան հավատացյալներին մեղադրողն է. քանի որ նա մեղադրում է նրանց մի Դատավորի առջև, Ում հնարավոր չէ խաբել, նա անշուշտ չի կարող սուտ մեղադրանքներ հնչեցնել մեր դեմ, լավ գիտակցելով, թե Ո՛ւմ է դիմում, և, [հետևաբար,] պետք է ճշմարիտ մեղադրանքներ որոնի: Հե՛նց այդ` մեր դեմ ներկայացնելիք մեղադրանքներ ունենալու նպատակով է նա մեզ փորձության ենթարկում: Թշնամի է մեզ, որովհետև նախանձում է մեզ` Երկնքի Արքայության համար, և չի կամենում, որ մենք լինենք այնտեղ, որտեղից ինքը վտարվել է: Նա մի հրահրող հարց է ուղղում մեզ. «Մի՞թե անշահախնդիր էր այն սերը, որը Հոբն ընծայում էր Աստծուն» (հմմտ. Հոբ 1, 9)։
Այս կերպ վարվելով` մեր հակառակորդը հրահրում է մեզ հե՛նց սիրելու Աստծուն անշահախնդիր կերպով. փնտրելով մի բան, որով կհակադրվի մեզ, մեծ բան է համարում մեզ Հոբի օրինակը մեջբերելը. «Մի՞թե անշահախնդիր էր Հոբի սերը»: Բայց նա այդպես է ասում, որովհետև չէր նայում Հոբի սրտի մեջ, այլ` տեսնում էր նրա հարստությունները:
Պետք է զգուշանանք Աստծուն վարձատրության համար սիրելուց. այդպիսի դեպքում պետք է հարցնենք ինքներս մեզ, թե ո՞րն է այդ վարձատրությունը, որովհետև ցանկացած պարգև, որ կստանայինք Նրանից, նվազ կլիներ, քան Ինքը՝ Աստված: Սիրելով Նրան շահի համար, ձգտում ենք ինչ որ մի բան ստանալու Նրանից. սիրելով Նրան անշահախնդիր սիրով, որպես պարգև ստանում ենք հե՛նց Իրեն: Աստված նվիրվում է մեզ, որովհետև մենք վայելք ենք ապրում Իր հետ լինելու գիտակցությունից:
Եթե սիրում ենք Նրա կողմից ստեղծված բաները, ապա ինչպիսի՞ն պետք է պատկերացնենք Նրան, Ով ստեղծել է դրանք: Եթե գեղեցիկ է աշխարհը, ապա պատկերացնենք դրա Արարչի գեղեցկությունը: Պոկե՜նք մեր սիրտը արարածների հանդեպ սիրուց, այն ուղղելու համար դեպի Արարիչը, ասելով այն, ինչ գրված է Սաղմոսներում. «Իմ համար գեղեցիկ է Աստծուն մոտիկ լինելը» (Սղմ 72, 28)։
Առանց Աստծո սիրույն դավաճանելու, հարկավոր է սիրել ընկերներին, որպեսզի, մեր հետ միասին, սիրեն Աստծուն
6. Մինչդեռ լքել Նրան, Ով ստեղծել է մեզ, սեփական սերը Նրա կողմից ստեղծված բաներին ուղղելու համար, նշանակում է շնություն գործել: «Շնացողներ». սա՛ է անունը, որն այս անհավատներին տրվում է Հակոբոսի Նամակում, որը տալիս է նաև դրա բացատրությունը. «Շնացողներ, չգիտե՞ք, որ այս աշխարհի ընկերները լինել` նշանակում է Աստծո թշնամիները լինել: Ուստի, ով կամենում է այս աշխարհին ընկեր լինել, Աստծո թշնամի է դառնում» (Հկբ 4, 4-5)։
Այս խոսքով Հակոբոսը բացատրում է, թե ինչո՛ւ է նրանց «շնացողներ» անվանել. շնացող է այն հոգին, որը լքում է Արարչին՝ արարածին սիրելու համար: Արարչի հանդեպ սերը ամենամաքուր սերն է, և այն [սերը], որը տալիս է մեծագույն հաճույքը. արարածը, որը լքում է Նրան՝ շրջվելու համար դեպի արարածները, պղծվում է: Ո՜վ հոգի, կտրվի՜ր այդ անարժան սիրուց, որպեսզի արժանի լինես Աստծո գրկախառնությանը, և տո՜ւր քեզ Նրան անշահախնդիր սիրով:
Դրա համար Սաղմոսն ասում է. «Իմ համար գեղեցիկ է Աստծուն մոտիկ լինելը»: Նախորդ համարում ասվում է. «Դու կորստյան ես մատնում նրան, ով լքում է Քեզ» (Սղմ 72, 28.27)։ Հե՛նց այդ դավաճանության ծանրությունը հասկացնելու համար հավելում է. «Իմ համար գեղեցիկ է Աստծուն մոտիկ լինելը», այսինքն՝ ես ուրիշ ոչինչ չեմ տենչում, ես հե՛նց Նրան եմ փափագում. Նրան միացած լինելն է իմ բարիքը: Դա անշահախնդիր բարիք է, որ կոչվում է նաև շնորհ, հե՛նց այն պատճառով, որ անշահախնդիր է:
Երբ, ուրեմն, կսկսեք սիրել Աստծուն այս անշահախնդիր սիրով, լիակատար անդորր կվայելեք, որովհետև անշահախնդիր կերպով կսիրեք նաև ընկերոջը, և կսիրեք նրան, որպեսզի նա ձեր հետ միասին սիրի Աստծուն: Նման մի բան է տեղի ունենում, եթե ուշադիր լինեք, սովորական ընկերության մեջ, որից սկսվեց մեր զրույցը: Ամուսինը սիրում է իր կնոջը, և կինը՝ իր ամուսնուն, և, անկասկած, երկուսն էլ փոխադարձաբար միմյանց համար առողջություն են մաղթում. և յուրաքանչյուրը կամենում է մյուսի առողջությունն ու երջանկությունը, որովհետև դրանք կամենում է նաև իր համար:
Նույնը վավերական է զավակների հանդեպ սիրո դեպքում, որոնց համար առողջություն ենք կամենում, կամ ընկերոջ [հանդեպ սիրո], որի համար անվտանգություն ենք կամենում. և եթե ինչ որ մի բան է պատահում ընկերոջը, մարդը տագնապում է, վշտանում, տանջվում, շտապում է փորձելու փրկել նրան, կամ լաց է լինում, եթե դժբախտությունն արդեն տեղի է ունեցել: Նա, ով ընկեր է, ուրիշ ո՛չ մի բանի չի տենչում, քան միայն` ընկերոջ ողջությունը տեսնելուն: Եթե սա տեղի է ունենում սովորական ընկերության մեջ, ապա, երբ մեկը հասկանում է, թե ո՛րն է ճշմարիտ փրկությունը, և սկսում է սիրել այն իր իսկ համար, նա այդ նույն ճշմարիտ փրկությունը[2] կամենում է[3] նաև իր ընկերոջ համար:
Մարմնական առողջությունը օգտակար բարիք է. ճշմարիտ փրկությունը հավիտենական կյանքն է
7. Եթե Աստծուն փնտրում ենք մարդկային աչքերով, տեսնում ենք բոցերից ազատված երեք մանուկներին (հմմտ. Դն 3). եթե փնտրում ենք հավատքով, տեսնում ենք բոցերի մեջ պսակված Մակաբայեցիներին (հմմտ. 2Մկբ 7): Սա՛ է այն փրկությունը, որի նկատմամբ պետք է հոգատարություն դրսևորենք. մյուսը` [առողջությունը], օգտակար է մեզ, այն հարկավոր է գործածել որպես անցողիկ բարիք: Այն, ինչը որ բժիշկներն անվանում են առողջություն, ճշմարիտ փրկությունը չէ: Այն տրված է մեզ որպես սփոփանք, որոշակի կերպով, այն մշտատև հիվանդության մեջ, որը բխում է մեր մարմնական տկարությունից:
Սովորաբար, իրոք, կարծում են, թե մարդը հիվանդ է, երբ ջերմություն ունի, և առողջ՝ երբ քաղցած է: Բայց քաղցն ինքնին չարիք է: Դա երևում է նրանից, որ եթե մեկին յոթ օր թողնենք առանց [սննդի] դեղամիջոցի, ահա՛, որ նա կմեռնի: Ասում ենք՝ առողջ է, բայց ապրում է, որովհետև նրան տրվում է [սննդի] դեղը. կերակուրը դեղ է քաղցի դեմ, ըմպելիքը՝ ծարավի դեմ, քունը՝ հոգնածության, քայլելը՝ չափազանց երկար նստած մնալու, նստելը՝ չափազանց երկար քայլելու դեմ: Քունը հոգնության դարմանն է, արթուն մնալու ջանքը՝ քնկոտության:
Բայց որպես ապացույց մարդկային մարմնի թուլության, տեսնում ենք, որ այն, ինչը որ ներկայացրեցի որպես դարման, վնաս է հասցնում, եթե գործածվում է շարունակաբար: Մեկը քաղցի դեմ դարման է փնտրում սննդի մեջ և վերականգնում է ուժերը, բայց եթե չափն անցնում է՝ կորցնում է դրանք: Ծարավի դեմ դարման է փնտրում խմելով, բայց ագահաբար խմելով՝ խեղդվում է: Քայլելուց հոգնածը ցանկանում է նստել, բայց եթե շարունակաբար նստած մնա, չի կարող իրեն հոգնած չզգալ: Յուրաքանչյուր դարման, որ գործածվում է չարիքներից մեկը հեռացնելու համար, կորցնում է իր ազդեցությունը, եթե չենք դադարում այն գործածելուց:
Դեպի ճշմարիտ փրկությունն է ուղղված յուրաքանչյուր սեր, որը կատարյալ եղբայրասիրություն է
8. Տեսնում եք, եղբայրներ, թե ի՛նչ արժեք ունի այս ժամանակավոր և փխրուն առողջությունը, որը սահմանված է կորստի, անհետացման: Իսկապես, ինչպես կարդում ենք Սուրբ Գրքում. «Սոսկ մի ծուխ եք. մի ծուխ, որ երևում է մի պահ» (Հկբ 4, 15)։ Այս կյանքում, հետևաբար. «Ով սիրում է իր կյանքը, կորցնում է այն, իսկ ով ատում է իր կյանքը այս աշխարհում, այն պահելու է հավիտենական կյանքի համար» (Հվհ 12, 25)։ Հավիտենական կյանքն է ճշմարիտ փրկությունը:
Եթե, ուրեմն, ընկերոջ հանդեպ տածած ձեր գորովը ձեզ այս կյանքում նրա համար ցանկանալ էր տալիս առողջություն, ապա այժմ, երբ ձեր իղձերն ուղղել եք դեպի հավիտենական կյանքը, այս [հավիտենական] կյանքի հեռանկարով եք սիրում նաև [ձեր] ընկերոջը: Ընկերոջ հանդեպ ձեր ողջ նվիրումը որպես նպատակ ունի նրան ձեր հետ միասին հավիտենական փրկությանը հաղորդակից դարձնելը։ Եթե սիրում եք արդարությունը, կամենում եք, որ ձեր ընկերն էլ արդար լինի. եթե սիրում եք հնազանդվել Աստծուն, կամենում եք, որ նա էլ հնազանդ լինի [Աստծուն]. եթե սիրում եք հավիտենական կյանքը, փափագում եք, որ [ձեր] ընկերն այնտեղ ձեր հետ թագավորի հավիտյան: Իսկ եթե տեսնում եք, որ նա ձեզ հալածում է որպես ձեր թշնամի, [իմացեք, որ] նրա մեջ եղած անօրինությունն է հալածում ձեզ, և պետք է ողորմածություն դրսևորեք նրա հանդեպ՝ վշտանալով նրա համար, որ հոգով հիվանդ է:
Նա, ով իր իսկ անձի նման սիրում է իր ընկերոջը՝ այս աշխարհի չափանիշներով, ջանում է ազատել նրան տենդից՝ նրա համար փնտրելով առողջությունն այնպես, ինչպես անձամբ իր համար: Նույն կերպ դուք, բոլոր նրանց, ովքեր թանկ են ձեր համար, պետք է սիրեք հավիտենական կյանքի հեռանկարով. և երբ մեկի հոգու մեջ գտնում եք բարկություն, ոխ, ատելություն, չարություն, պետք է փորձեք ազատել նրան հոգու այդ չարիքից, ճիշտ այնպես, ինչպես աշխարհային ընկերն է փորձում մարմնական հիվանդությունից ազատել նրան, ում սիրում է: Պետք է ձեր սիրով առաջնորդեք մյուսին` լինելու այն, ինչը որ դուք արդեն իսկ եք: Սա՛ կլինի կատարյալ սեր:
Երբ հասած կլինեք դրան, այդ միակ նպատակի համար կսիրեք ձեր կնոջը, որդուն, ազգականին, հարևանին, անծանոթին, թշնամուն, և ձեր մեջ կգտնվի կատարյալ սերը: Այն ունենալով՝ դուք կհաղթեք աշխարհին, և այս աշխարհի իշխանը կվտարվի հեռու: Տերն ասում է. «Այս աշխարհի իշխանը դուրս է նետված» (Հվհ 12, 31). Նա ակնարկում էր Իր չարչարանքներին, որոնց շուտով ենթարկվելու էր, և որոնց միջոցով մարդկանց պարգևելու էր Իր սերը: «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի. տալ սեփական կյանքը ընկերների համար» (Հվհ 15, 13)։ Սիրված լինելու համար` Նա նախ Ինքը սիրեց. որպեսզի ոչ ոք չվարաներ մեռնել Իր Անվան համար, Նա նախ Ինքը մեռավ բոլորի համար: Մարդկանց սրտերի մեջ սերն աճեցնելու համար` դուրս վռնդեց սատանային, հեռացրեց նրան մարդկանց սրտերից. ագահությունը նրան ներս է մտցնում, իսկ սերը՝ վտարում:
Չարիքներից ազատվելով` լցվենք առաքինություններով, երկյուղով սպասելով Աստծո ողորմածությանը
9. Հետևաբար, եղբայրներ, ամենայն ուշադրությամբ խորհենք սիրո աստիճանների մասին, որոնք քննեցինք, և զգուշանանք Տիրոջը բարության փոխարեն չարությամբ հատուցելուց: Նա Իր գալստյամբ շղթայեց հզորին՝ սատանային, և մեզ բոլորիս ազատեց այն իշխանությունից, որով նա տիրում էր մեր վրա. և հիմա, երբ Նրա շնորհը մեզ ազատել է այն բոլոր չարիքներից, որոնցով լցված էինք, գործի լծվենք` լցվելու համար առատ բարիքներով, սնուցելով այն երկյուղը, որի մասին խոսեց Տերն Ինքը. «Երբ պիղծ ոգին դուրս է գալիս մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ որոնելով, և չի գտնում: Հետո, վերադառնալով, դատարկ է գտնում այն տունը, որտեղից դուրս էր եկել, և իր հետ բերում է յոթը ա՛յլ՝ իրենից ավելի չար ոգիներ, և այդ մարդու վերջին վիճակն ավելի վատն է լինում, քան առաջինը» (Ղկս 11, 21-26)։
Որպեսզի մեր հետ էլ նման մի բան չպատահի, մեր բոլոր ուժերով գործի լծվենք` մեր մեջ մոլությունները առաքինություններով փոխարինելու համար, որպեսզի կարողանանք ներկայանալ Աստծո ողորմության առաջ: