Ճառ 386. « ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 386. « ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ »

Քրիստոնեական սերը փարվում է նաև թշնամիներին

1. Հորդորում եմ ձեզ, եղբայրներ, ձեր ջանքն ուղղել դեպի սերը։ Աստվածային Գիրքն այն փառաբանում է որպես աննման բարիք։ Չպետք է կարծենք, թե Աստված մեզ պատվիրում է սիրել միմյանց միայն այն պատճառով, որ մենք սիրում ենք մեզ սիրողներին. Աստծուն բավական չէ այդ փոխադարձ սերը։ Նա կամենում է մղել մեզ սիրելու մեր թշնամիներին. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին», ասում է, «բարի՛ք արեք ձեզ ատողներին, աղոթեցե՛ք ձեզ հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր երկնավոր Հոր, Ով Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է տեղացնում արդարների և անարդարների վրա» (Մտթ 5, 44-45)։

Սակայն թշնամուն սիրելու այս պահանջի առջև, դու թերևս կկամենայիր պատասխանել, թե, տկարությանդ պատճառով, չես կարողանում անել դա։ Բայց ես հորդորում եմ քեզ ջանք գործադրել. դու կկարողանաս։ Հատկապես կօգնի քեզ այն աղոթքը, որը կուղղես Նրան, Ով քո Դատավորն է. այն Դատավորը, որին ոչ ոք չի կարող խաբել, կպաշտպանի քո դատը։ Կարող ես դիմել Նրան առանց շփոթություն ստեղծող գրագիրների, առանց իրավագետների խոչընդոտները հաղթահարելու կարիքի, առանց փաստաբանի, որին հարկավոր է վճարել, որպեսզի քո փոխարեն ներկայացնի աղերսանքը կամ ասի այն խոսքերը, որոնք դու չես սովորել ասել։

Հե՛նց Ինքը՝ Աստծո Որդին, Հորը հավասար Միածինը, որ բազմում է Նրա աջ կողմում՝ գործակցելու համար Նրա հետ, և որը քո Դատավորն է, սովորեցրել է քեզ այն մի քանի բառերը, որոնք նույնիսկ անգրագետը կարող է սովորել և կրկնել. դրանցով Նա տվեց քեզ գործիքը՝ քո դատի համար, քեզ սովորել տալով աղոթելու այն ձևը, որը վավերական է աստվածային օրենքի համար։ Այս կետում կկարողանայիր թերևս հարցնել՝ արդյոք դու ի՞նքդ պետք է ներկայացնես քո աղոթքը, թե՞ ուրիշին պետք է միջնորդ դարձնես։ Բայց հե՛նց Նա, Ով սովորեցրեց քեզ աղոթել, ներկայացնում է քո աղոթքը, քանի որ դու մեղքի անարդարության մեջ էիր։ Դու պետք է ցնծաս, որովհետև Նա, Ով այժմ քո փաստաբանն է, մի օր լինելու է քո Դատավորը։

Երբ, հետևաբար, աղոթես, կպաշտպանես քո դատը՝ արտասանելով այդ մի քանի էական բառերը. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մտթ 6, 12)։ Քո խնդրանքին ի պատասխան՝ Աստված Իր հերթին հարցնում է քեզ, թե դու ի՞նչ ես ընծայում Իրեն, որպեսզի ների քո պարտքերը, ի՞նչ ընծա ես ներկայացնում, ի՞նչ ներքին զոհ ես դնում Իր խորանների վրա։ Տերն Ինքը միաժամանակ սովորեցրել է քեզ թե՛ ինչ խնդրել և թե՛ ինչ ընծայել։ Նախ խնդրում ես. «Ների՜ր մեզ մեր պարտքերը», և ապա իսկույն ընծայում ես. «ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին»։

Դու պարտական ես Նրան, ով չի կարող խաբվել, բայց ինչ որ մեկը պարտական է քեզ։ Աստված հենց դա՛ է քեզ ասում. որ Ինքը քեզ քո պարտքի վերաբերյալ անում է այն, ինչը որ դու անում ես այն պարտքի վերաբերյալ, որն ուրիշներն ունեն քո հանդեպ։ Ներումը, որ տալիս ես քո հանդեպ պարտք ունեցողին, Աստծո համար այն ընծան է, որ կարող ես մատուցել Իրեն։ Եթե Իրենից ողորմություն ես խնդրում, պետք է պատրաստ լինես ողորմություն ցուցաբերելու։ Հիշի՛ր, թե ի՛նչ է ասում Սուրբ Գիրքը. «Ողորմություն եմ կամենում, և ո՛չ թե զոհաբերություններ» (Ովս 6, 6)։ Աստծուն մատուցված ընծան, որը չի ուղեկցվում ողորմության գործադրմամբ, քո համար չի ստանում մեղքերի թողությունը։

Դու, սակայն, թերևս ասում ես, թե մեղքեր չունես. ես պատասխանում եմ քեզ, եղբայր, որ որքան էլ զգույշ լինես, չես կարող առանց մեղքի լինել, քանի որ այս աշխարհում ապրում ես մարմնի մեջ, շարժվում ես նեղությունների ու տագնապների մեջ, ենթակա անհամար փորձությունների։ Ճիշտ է, որ եթե դու չունենայիր պարտքեր, որոնց համար պետք է թողություն խնդրեիր, Աստված քեզ կերաշխավորեր մեղքի հարցում, և դու պարտավոր չէիր լինի քո ներումը տալու ուրիշներին, բայց լավ կլիներ, որ դու ավելի խորը քննեիր՝ տեսնելու համար, թե քո մեջ չկա՞ արդյոք մեղք։ Եթե քեզ պարտական ճանաչեիր, պետք է ուրախանայիր, որ կա ինչ որ մեկը, որ պարտական է քեզ, որի հանդեպ կարող ես անել այն, ինչը որ ցանկանում ես, որ քեզ անեն։

Բայց ուշադրություն դարձրու ասածիս և լավ քննիր, թե արդյոք պատկանո՞ւմ ես այն սակավաթիվ բարիների թվին, որոնք կարող են խոսքի ճշմարտությամբ աղոթել Տիրոջ կողմից ուսուցանված աղոթքը, որոնք կարող են ճշմարտությամբ ասել. «Տե՜ր, ների՜ր ինձ, ինչպես որ ես էլ եմ ներում»։ Պետք է այս աղոթքը լիովին ճշմարտացի դարձնես և այն ամբողջ սրտով ասես, առանց կեղծիքի կամ ձևացնելու։ Եթե նա, ով քեզ վիրավորել է և մեղանչել է քո դեմ, ներում է խնդրում քեզնից, և դու տալիս ես քո ներումը, անկասկած կարող ես առանց երկյուղի ասել. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք էլ ներում ենք մեր պարտապաններին»։

Եթե չես ընդունում քեզ ուղղված աղաչանքը, ընդունված չես տեսնի [նաև] քո աղոթքը. եթե փակում ես նրա առաջ, ով բախում է, փակ կգտնես այն դուռը, որին կբախես դու ինքդ։ Աստված կբացի քո առաջ, երբ կաղաչես Իրեն, եթե դու [էլ] ողորմությամբ բացած կլինես քո սիրտը նրա առջև, ով կխնդրի քեզ։

Այժմ խոսքս ուղղում եմ նրան, ով ներում է խնդրում իր քրիստոնյա եղբայրներից և չի ստանում։ – Կրկնում եմ, որ միմիայն նա, ով շնորհում է ներումը, կարող է իր հերթին հանգիստ սրտով աղոթել. այդպես չի լինի, մինչդեռ, եթե մեկը քար սրտով վարված լինի։ – Ասում եմ, ուրեմն, որ չպետք է վախենաս, եթե [մարդուց] ներում չես ստացել գործածդ հանցանքի համար. դու [այդ դեպքում] պետք է հե՛նց Աստծուն դիմես[1], Ով քո և քո կողմից վիրավորված անձի Աստվածն է. քանի որ խոսքը պարտքերի մասին է, ծառան չի կարող պահանջել այն պարտքը, որը Տերը ներել է։
Բայց կարող է նաև այնպիսի դեպք պատահել, որ մեկը, ով մեղանչել է քո դեմ, ներում չխնդրի քեզնից և, մանավանդ թե, նորից մեղանչի, և ավելին` բարկանալով. այդ դեպքում ի՞նչ պետք է անես։ Պետք է ներե՞ս նրան, թե՞ ո՛չ։ Եթե դու նրան չես տալիս քո ներումը, բայց միայն այն պատճառով, որ նա չի խնդրել քեզնից, կարող ես ամենայն հանգստությամբ արտասանել Տերունական աղոթքը՝ առանց քեզ մեղավոր զգալու չխնդրված ներումը նրան չտալուդ համար։ Նա մնացել է իր պարտքով, որը նրան վճարել են տալու, անկասկա՛ծ նրան վճարել են տալու։ Բայց քո մեջ թող որ գտնվի այն կատարյալ սերը, որը քեզ մղում է աղաչելու նրա համար, ով չի աղաչում. այս դեպքում դու աղոթում ես մեկի համար, ով ծանր վտանգի մեջ է գտնվում։

 

Քրիստոսի և Ստեփանոսի օրինակը, որոնք բարեխոսում են իրենց թշնամիների համար

2. Այս կետում հայացքդ պետք է ուղղես քո Վարդապետին և Տիրոջը. Նա նստած չէ վարդապետական ամբիոնին, այլ` կախված է խաչափայտից, և այնտեղից հայացքն ուղղում է Իր շուրջը գտնվող թշնամիների վրա։ Ասում է. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34)։ Նայի՛ր Նրան, Ով քո Վարդապետն է, և ապա լսի՛ր նաև նրան, ով դարձավ Նրան նմանվողը։ Դու տեսնում ես, որ Քրիստոսն այնժամ ներում խնդրեց ո՛չ թե նրա համար, ով ներում էր խնդրում Իրենից, այլ` նրա համար, ով անարգում էր Իրեն և մատնում մահվան։ Նա բժիշկ էր, և չլքեց հիվանդին, որը, կատաղությամբ բռնված, մոլեգնում էր Իր դեմ։

Դու նույնպես սովորիր ասել. «Ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Քանի որ չեն փնտրում փրկությունը, նրանք սպանում են Նրան, Ով փրկում է իրենց։ Բայց թերևս հարցնում ես ինքդ քեզ, թե դու նույնպես երբևէ ի վիճակի կլինե՞ս անելու այն, ինչը որ կարողացավ անել Տերը։ Սակայն, եթե ի նկատի ունենաս, որ Տերն այդպես վարվեց, երբ այստեղ՝ խաչի վրա էր, և ո՛չ թե վերևում՝ Երկնքում, կտեսնես, որ քո հարցն արդարացված չէ։ Նա, որ որպես Աստված միշտ Երկնքում է Հոր հետ, որպես մարդ` քո համար եղավ խաչի վրա, որպեսզի այդտեղից որպես հետևորդության օրինակ ընծայվի բոլորին։ Քո համար հնչեցրեց այդ խոսքերն այնպես, որ բոլորը լսեին. եթե լռությամբ աղոթած լիներ նրանց համար, դու օրինակ չէիր ունենա հանձինս Նրա։

Իսկ եթե Տիրոջ օրինակը չափազանց բարձր է քո համար, այդպիսին չպետք է լինի Նրա ծառայի օրինակը։ Եթե չես կարողանում նմանվել քո խաչված Տիրոջը, նայիր Նրա քարկոծված ծառա Ստեփանոսին. նա դիմում է Տիրոջը որպես Նրան հավատարիմ հոգի. «Տե՜ր Հիսուս, ընդունի՜ր իմ հոգին», և ապա ծնկի գալով ավելացնում է. «Տե՜ր, հաշվի մի՛ առ նրանց մեղքը» (Գրծ 7, 59-60), և այս խոսքերից հետո ննջում է սիրո հանգստի մեջ։ Նա ամենալիակատար խաղաղությունը գտավ, որովհետև խաղաղություն խնդրեց իր թշնամիների համար։

Նա էլ ներումը չխնդրեց նրա համար, ով իրենից խնդրում էր այն, այլ` նրանց համար, ովքեր կատաղությամբ նետվում էին իր վրա` քարկոծելով, և զրկում էին իրեն կյանքից։ Հանձինս նրա դու ունես օրինակը, որից պետք է սովորես։ Ուշադրությո՛ւն դարձրու. նա ուղիղ ոտքի կանգնած աղոթեց իր համար, մինչդեռ ծնկի եկավ նրանց համար աղոթելիս։ Չկարծենք, եղբայրներ, թե նա այդպես վարվեց, որովհետև նրանց սիրում էր ավելի, քան ինքն իրեն։ Իր համար աղոթում էր ուղիղ ոտքի կանգնած, քանի որ արդար էր և կարող էր հեշտությամբ լսելի լինել. պետք է ծնկի գար, [մինչդեռ,] այդ անօրենների համար աղոթելիս։

Նա, ուստի, ցույց տվեց, որ սերը պետք է տարածվի նաև այն թշնամիների վրա, որոնք ներում չեն խնդրում։ Տիրոջ կողմից մեզ ուսուցանված աղոթքը լիակատար վստահությամբ արտասանելու համար, հետևաբար, դուք, եղբայրներ, պետք է սրտանց ներեք նրան, ով ձեզնից ներում է խնդրում. այդպես վարվելով դուք կունենաք վստահությունը, որ Տերը թողություն կտա ձեր մեղքերին այս մահկանացու կյանքում և հանդերձյալ հավիտենական կյանքում։

[1] Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ Հայրապետը սա ներկայացնում է որպես երկրորդ քայլ։ Առաջինը հե՛նց նրան դիմելն է, ում հասցվել է բարոյական կամ նյութական վնասը, ներում հայցելու և հասցված վնասը վերականգնելու նպատակով։ Եվ միայն այն դեպքում, երբ նա կարծրասրտություն է դրսևորում և չի ցանկանում ներել, մեղավորը դիմում է իր և նրա ընդհանուր Տիրոջը։ Աստծուն աղոթքով դիմելը երբեք չի կարող ընկալվել որպես առաջին, առավել ևս` միակ քայլ, մարդուց ներում խնդրելու պարտականությունը շրջանցելու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։