Ճառ 387. « ՍՈՒՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍԻ ԽՐԱՏԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՈՍՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. "ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԻՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ ՀԵՏ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՐԱ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՍ", ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ՇՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՍՈՒՏ ԿԱՍԿԱԾՆԵՐՈՎ ՍՆՎԵԼՈՎ՝ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԳԵՐԱՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 387. « ՍՈՒՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍԻ ԽՐԱՏԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՈՍՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. "ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԻՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ ՀԵՏ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՐԱ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՍ", ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ՇՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՍՈՒՏ ԿԱՍԿԱԾՆԵՐՈՎ ՍՆՎԵԼՈՎ՝ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԳԵՐԱՆԻ »

Քահանաների պարտքն է խրատել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն

1. Սուրբ Գիրքը ձեզ, սիրելի՛ եղբայրներ, հաճախակի զգուշացումներ է տալիս այն վտանգի մասին, որի մեջ ընկնում են այն քահանաները, ովքեր չեն կամենում կատարել այն պարտականությունը, որի վերաբերյալ իրենց հորդորում է Առաքյալը. «Քարոզի՛ր Աստծո խոսքը, պնդի՛ր պատշաճ թե անպատշաճ առիթներով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր՝ գործի դնելով քո ողջ համբերատարությունն ու ուսուցանելու կարողությունը» (2Տմ 4, 2): Եվ Սուրբ Գիրքը խոսում է մեզ նաև պարտականության ծանրության մասին, որի բեռը մենք ստանձնում ենք. «Եթե չարագործին չզգուշացնես իր մոլոր ընթացքի մասին, ես քեզնից կպահանջեմ նրա մահվան հաշիվը» (Եզկ 3, 18): Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք միջամտենք գաղտնի կամ հրապարակավ՝ հանդիմանելու համար յուրաքանչյուր մեկի, ով անտեսում են այդ պարտականությունը։

Երբ, սակայն, մենք հանդիմանում ենք ինչ որ մեկին, նա իր չարամտության պատճառով սկսում է քննել իրեն հանդիմանող անձին և նրա մեջ ավելի հեշտությամբ է բացահայտում ուղղման կարիք ունեցող թերություններ, քան իր մեջ։ Եվ եթե ինչ որ մի բան է գտնում ասելիք նրա դեմ, ով հանդիմանում է իրեն, դրանից բավարարվածություն է զգում։ Ավելի լավ կլիներ, անշուշտ, որ ուրախանար իր սեփական ապաքինման համար՝ ուղղվելուց հետո, քան թե այն տկարության համար, որն իրեն ուղղված նախատինքի պատճառով հայտնաբերել է ուրիշների մեջ։
Նույնիսկ եթե ընդունենք, որ իրոք պատահել է այնպես, որ մեկը թերություն է գտել հե՛նց այն անձի մեջ, ում կողմից որ հանդիմանվել է, համենայն դեպս ճիշտ է, որ այդ անձի միջոցով նրան խոսել էր ճշմարտությունը. ճշմարտությունն էր խոսել, նույնիսկ եթե դա արել էր մի չարագործի, մի մեղավորի միջոցով։ Ուստի, փոխանակ փնտրելու, թե ի՛նչ կարելի է քննադատել տվյալ անձի մեջ, փնտրեցե՛ք, թե արդյոք քննադատելի որևէ բան կա՞ ձեզ ասված ճշմարտության մեջ։ Կամենաք թե ո՛չ, հե՛նց ճշմարտությունն է ձեզ ամբաստանողը։ Եվ եթե կարող եք, ջանացե՛ք նրան ձեզ բարեկամ դարձնել։

Աստծո խոսքն է ձեզ ամբաստանողը։ Մեղավոր մեկը կասի դա, թե մի արդար, այն անսխալական է։ Նա է ձեզ ամբաստանողը. «Համաձայնության հասիր հակառակորդիդ հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես»։ Բանը, որ Ճանապարհն է, Կյանքը, այն ամբաստանողն է, որին բոլոր մեղավորները գտնում են իրենց դեմ։ Իսկապես փոքր բան չէ, որ նա ճանապարհ ընկավ Իր երանելի և հեռավոր օթևանից, և եկավ ձեր մոտ՝ ձեր ճանապարհին ձեր հետ լինելու համար։ Նա կամեցավ ընկերակցել ձեզ, որպեսզի, քանի դեռ ճանապարհին եք և դեռ հնարավորություն ունեք, կարողանաք կարգավորել ձեր դատը և պատրաստել ձեր պաշտպանությունը այն պահի համար, երբ կհասնեք ձեր ուղևորության ավարտին։ Դրա հնարավորությունն այլևս չես ունենա, երբ ճանապարհն ավարտված կլինի. այնժամ հակառակորդը կհանձնի քեզ դատավորին, իսկ դատավորը՝ ոստիկանին, և ոստիկանը քեզ բանտ կնետի։ Այնտեղից դուրս չես գա, մինչև որ չվճարես վերջին լուման (Մտթ 5, 25.26)։

Փաստը, որ ճանապարհի ընթացքում Աստծո խոսքը, այսպես ասենք, ձեզ ամբաստանողն է, ձեզ հնարավորություն է տալիս համաձայնության գալու նրա հետ, և դուք պետք է դա անեք։ Մի ամբաստանող է, որն ուրիշ ոչինչ չի պահանջում, բացի նրանից, որ համաձայնության գաք իր հետ, և այդ համաձայնությունը կայանում է ձեր փրկության մեջ։ Նա քայլում է նրանց հետ, ովքեր հակասության մեջ են իր հետ, և նրանց հրավիրում է հաշտություն կնքելու։

Թող որ դա արվի, քանի դեռ ճանապարհը չի ավարտվել։ Թող որ այսօր արվի այն, ինչը որ չի արվել երեկ. դուք դեռ ճանապարհին եք։ Մի՞թե սպասում եք, որ այն ավարտվի։ Բայց երբ այն ավարտված կլինի, այլևս հնարավորություն չեք ունենա համաձայնության գալու ձեզ ամբաստանողի հետ։ Այնժամ ձեզ կսպասեն դատավորը, ոստիկանը և բանտը։ Շատերի համար այս ճանապարհը հանկարծակի ավարտվեց, մինչ նրանք իրենք իրենց խոստանում էին դեռ տարիներով շարունակել այն։ Բայց նույնիսկ եթե ընդունենք, որ դեռ երկար ճանապարհ ունեք ձեր առջև, միևնույն է՝ ձեզ ամբաստանողը ձեր հետ ճանապարհին կլինի, և դուք պետք է ամոթից կարմրեք նման ամբաստանողի հետ այդքան երկար ժամանակ թշնամության մեջ մնալու համար։

Աստծո խոսքն, իր կողմից, բարեկամ է ձեզ. դուք եք, որ նրան ձեզ հակառակորդ եք դարձնում։ Նա ձեր բարիքն է կամենում, մինչ դուք չարիք եք կամենում ինքներդ ձեզ։ Այն պատվիրում է. «Մի՛ գողացիր», իսկ դուք գողանում եք. այն պատվիրում է. «Մի՛ շնացիր», իսկ դուք շնանում եք. և տակավին պատվիրում է. «Մի՛ խաբիր», իսկ դուք խաբում եք։ Այն արգելում է երդվելը, իսկ դուք սուտ երդում եք տալիս։ Ամեն ինչ նրա պատվիրաններին հակառակ անելով՝ դուք նրան ձեր դեմ եք դնում. Աստծո խոսքը ձեզ թշնամի եք դարձնում։

Եվ դա տարօրինակ չէ, քանի որ դուք ձեր իսկ թշնամիներն եք, ինչպես գրված է. «Ով սիրում է անօրինությունը, ատում է իր սեփական հոգին» (Սղմ 10, 6)։ Եվ եթե մեկը, սիրելով անօրինությունը, ատում է իր սեփական հոգին, զարմանալի չէ, որ ատելություն է տածում Աստծո խոսքի հանդեպ, որը կամենում է իր հոգու բարիքը։

 

Ով կամենում է հանդիմանել եղբայրներից մեկին, պետք է նախ ինքն իրեն ուղղի

2. Բայց պետք է, ուրեմն, լռե՞նք, և ո՛չ մեկին հանդիմանություն չուղղե՞նք։ Ո՛չ, մենք անկասկած պետք է հանդիմանենք, բայց նախ պետք է հանդիմանենք ինքներս մեզ։ Կամենում եք հանդիմանե՞լ ձեր մերձավորին։ Ինչո՞ւ փնտրել նրան, ով հեռու է։ Մերձավորը, որն ամենից մոտիկն է ձեզ, որը ձեր առջև է, դուք ինքներդ եք։ Դա Տերն է ասում Սուրբ Գրքում. «Սիրի՛ր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ» (Մտթ 22, 39)։ Եվ եթե մեկը չի սիրում ինքն իրեն, չի կարող սիրել նաև իր մերձավորին։ Մերձավորին սիրելու կանոնը դուք ստանում եք հե՛նց ձեզնից։ Եթե մեկն ինձ ասի, թե սիրում է իր մերձավորին, ես նրան կպատասխանեմ, որ նախ պետք է ինքն իրեն սիրի և հանդիմանությունները ինքն իրեն ուղղի։

Պարզ է, որ եթե հանդիմանությունը արվում է սիրով, խոսքը, որ ասվում է, ինչ որ մի բան է ներգործում [տվյալ մարդու] ներսում։ Մինչդեռ վախ կա, որ հավակնելով հանդիմանել ուրիշներին՝ առանց սեփական անձը սիրելու, մարդը դա կանի ատելությամբ։ Բայց եղբոր հանդեպ ատելություն տածելն ավելի ծանր մեղք է, քան այն, որի համար կամենում են նրան հանդիմանել։ «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (1Հվհ 3, 15). այսպես է ասում Հովհաննեսի Նամակի այն հատվածը, որն այսօր ընթերցվեց ձեր համար։

Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ մարդասպան է նա, ով ատելություն է տածում [իր] եղբոր հանդեպ, կամենալով սովորեցնել մարդկանց լավ քննել այն, ինչ ունեն իրենց սրտում, և մեղք չհամարել միայն այն գործերը, որոնք կատարվում են մարմնով։ Նախքան ձեռքը կմեկնվի զենքին կամ կբռնի թշնամու պարանոցը, նախքան կպատրաստվի դարանը, կամ էլ` թույնը, մարդն արդեն դատվում և հանցավոր է ճանաչվում Աստծո առաջ՝ այն ատելության համար, որը սնուցում է իր մեջ։ Նա, ով մահ է նյութում, դեռ ողջ է, բայց ահա՛ արդեն դատված է որպես մարդասպան։
Եթե, ուրեմն, մեկը հանդիմանելիս ատելություն է կրում, ես հարցնում եմ, թե ինչպե՞ս կարող է նա հանդիմանել ուրիշներին, երբ հե՛նց ինքը մարդասպան է։ Թերևս այն պատճառով, որ ոչ ոք նրան չի ձերբակալում և դատի չի տալիս, նա կարող է չճանաչել իր սեփական մեղքը Նրա առաջ, Ով Աստված է և գերագույն Դատավոր։ Բայց եթե չի կամենում ճանաչել [իր] մեղքը, կճանաչի [դրա] պատիժը, քանի որ Աստված չի ներում [անզեղջ] մարդասպանին։

Կան ոմանք, որ առարկում են, թե քանի դեռ ճանապարհին ենք, զղջալու ժամանակ ունենք։ Բայց նրան, ով այդպես է մտածում, ես հորդորում եմ ուղղվել, և երբ ուղղված կլինի, կկարողանա ուղղել նաև [իր] եղբորը։ Այժմ, մինչդեռ, նա նրան հանդիմանում է թեթև մեղքերի համար, երբ ինքը ծանր հանցանքներ է գործում. «Տեսնում ես եղբորդ աչքի միջի շյուղը, բայց չես նկատում քո աչքի միջի գերանը» (Մտթ 7, 3)։ Այս խոսքերը Տերն արտասանում է հե՛նց նրանց համար, ովքեր հարձակվում են ատելությամբ պարսավելու. հանդիմանում են նրան, ով տրվել է բարկությանը, մինչդեռ իրենք սպառվում են ատելության մեջ։

Բայց եկեք կշեռքի վրա դնենք բարկությունն ու ատելությունը՝ դրանք գնահատելու համար. բարկությունը հոգու մի պոռթկում է, որ խռովում է մի պահ. բարկությունը, որ դառնում է հնացած, ծնում է ատելություն։ Բարկությունն, ուստի, համապատասխանում է շյուղին. սա աճելով դառնում է գերան, հնացած բարկությունը դառնում է ատելություն։ Ով, ուրեմն, ատելությունից դրդված հանդիմանություններ է տեղում բարկացողի վրա, զայրույթ է զգում այն շյուղի համար, որը տեսնում է մյուսի մեջ, մինչդեռ չի զայրանում այն գերանի համար, որը դեռևս կրում է իր մեջ։
Կարող եք հասկանալ տարբերությունը՝ խորհելով այն մասին, թե որքա՜ն հաճախակի են հայրերը բարկանում [իրենց] որդիների վրա, մինչդեռ դժվար թե ատելություն տածի [նրա նկատմամբ]. հայրը բարկանում է որդու վրա, որին սիրում է, և կարելի է ասել, որ նա սիրում է ու բարկանում, մինչդեռ չի կարելի ասել, թե նա սիրում է ու ատում։ Այս խոսքն ուղղեցի նրանց, ովքեր հավակնում են ուրիշների մեջ պատժել թեթև հանցանքները, մինչդեռ չեն պատժում իրենց սեփական հանցանքները, որոնք ծանր են։

 

Ներդաշնակվե՜նք Աստծո Խոսքի հետ, քանի դեռ այս կյանքում ենք

3. Փրկարար խորհրդածությունը, որ միասին կատարեցինք, թանկագին եղբայրներ, մեզ հորդորում է բարեկամանալ նրա հետ, ով մեր ամբաստանողն է, քանի դեռ նրա հետ ճանապարհին ենք։ Խոսքս Աստծո խոսքի մասին է, որին պետք է կերպարանակից դարձնենք մեզ, քանի դեռ այս կյանքում ենք, որովհետև այս աշխարհից դուրս գալուց հետո մեր համար այլևս հնարավորություն չի մնա հաշտության կամ հատուցման համար. այնժամ մեզ կսպասեն դատավորը, ոստիկանը և բանտը։

Որպեսզի Աստծո օգնությամբ կարողանանք ավարտին հասցնել մեր հանձնառությունն այս կյանքում, պետք է ամբողջ սրտով սիրենք ո՛չ միայն նրանց, ովքեր մեր բարեկամներն են, այլ նաև` թշնամիներին, որպեսզի մեր մեջ կատարվի այն, ինչ գրված է. «Ամբողջ օրենքն իր լրումը գտնում է միայն մեկ պատվիրանի մեջ. ''Պիտի սիրես մերձավորիդ ինչպես ինքդ քեզ''» (Գղտ 5, 14), և նաև. «Սերը ծածկում է մեղքերի բազմությունը» (1Պտ 4, 8)։

Նա, Ով ճշմարիտ սերն է, թող որ բարեհաճի տալ մեզ այս պարգևը. Նա, որ Հոր և Սուրբ Հոգու հետ ապրում և թագավորում է հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։