Ճառ 388. « ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 388. « ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »

Ողորմությունը որոշիչ տարր է Վերջին Դատաստանի ժամանակ

1. Սուրբ Ավետարանի այն հատվածը, որը քիչ առաջ լսեցինք, ո՜վ եղբայրներ, հորդորում է մեզ ողորմություն անել՝ մատնանշելով, որ վերջնական դատավճիռը Տիրոջ կողմից արձակվելու է բացառապես ողորմությունների հիման վրա. արված ողորմություններն արժանանալու են Նրա աջ կողմում դասվելուն, իսկ չարվածները՝ Նրա ձախ կողմում դասվելուն (հմմտ. Մտթ 25, 31.46)։ Դատաստանից զերծ չեն մնա բարի կամ չար մյուս գործերը, քանի որ գրված է, որ ամեն ինչ ենթարկվելու է դատաստանի (հմմտ. Ժղվ 12, 14). այնուամենայնիվ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, կանխավ հայտնելով մեզ դատաստանը, որն Ինքը կատարելու է մեր նկատմամբ, որպես մեզ խրատելու պատճառ ընտրել է միայն ողորմությունը: Կասկած չկա, որ նրանց, որոնց Նա կանգնեցնելու է [Իր] աջ կողմում, ճանաչելու է նաև, որ ապրել են ողջախոհության մեջ, հարգել են ուրիշների ունեցվածքները, դավանել են Նրա հանդեպ հավատքը մինչև սեփական արյունն ընծայելը. բոլոր բարի գործերը դատաստանի ժամանակ անպայմանորեն ճանաչվելու են Քրիստոսի կողմից: Եվ նմանատիպ կերպով նրանց, որոնց կանգնեցնելու է [Իր] ձախ կողմում, Նա հանդիմանելու է անպարկեշտության, պոռնկության, ուրիշների ունեցվածքների հափշտակության համար, և ասելու է, որ իրենց հպարտությամբ և իրենց վատ վարքով մղել են [մարդկանց] հայհոյելու Իր Անունը, և չի լռելու որևէ ա՛յլ չարիքի մասին: Այդուհանդերձ, սակայն, Իր գալիք դատաստանը հայտարարելիս, Տերը սահմանափակվեց միայն ողորմությունը հիշատակելով՝ առանց մյուս բոլոր բարի գործերը նշելու, և չխոսեց չարագործների այլազան մեղքերի մասին՝ համարելով, որ պետք է կշտամբի մեզ միայն ողորմության պակասի համար, և սա՝ անշուշտ մեզ խրատելու նպատակով: Հե՛նց այն պատճառով, որ ողորմությունը քավում է [անցյալի] մյուս բոլոր մեղքերը, Նա առաջին դեպքում գովաբանեց դրա պտղաբերությունը, իսկ երկրորդում՝ մեղադրեց և դատապարտեց դրա բացակայությունը:

 

Եթե կյանքը չի փոխվում, ողորմությունը չի կարող ջնջել ծանր մեղքերը

2. Սխալ մի՛ մեկնաբանեցեք, սակայն, ինչպես ոմանք են անում, այն փաստը, որ ողորմությունը քավում է ամեն մեղք: Ողորմությունը ծառայում է անցյալ կյանքի մեղքերը ջնջելուն, եթե մարդը փոխում է իր կյանքը, բայց նա, ով համառում է իր մեղքերի մեջ, չի կարողանա իր ողորմություններով կաշառել Դատավորին: Սա ասելով` ես դիմում եմ հատկապես նրանց, ովքեր ստանում են Քրիստոսի Մարմինն ու Արյունը, զգուշացնելու համար նրանց` զերծ մնալ սրբապղծություններից ու մեղքերից: Քաջ գիտեմ, որ այս մահկանացու կյանքը, որն ապրում ենք ապականությանը ենթակա մարմնի մեջ, չի կարող զերծ լինել մեղքից. բայց այն ամենօրյա ու թեթև մեղքերը, որ մեր կյանքն իր հետ բերում է, ունեն իրենց ամենօրյա լվացարանները: Հե՛նց [դրա համար] ենք մեր կուրծքը ծեծում և Տերունական աղոթքի մեջ Աստծուն ասում. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մտթ 6, 12)։ Մենք այս խոսքերն առանց պատճառի չենք ասում, և Երկնավոր Վարդապետը մեզ այս աղոթքը չէր սովորեցնի, եթե արդարև չկանխատեսեր, որ մենք մեղավորներ ենք: Նա տեսավ, թե ինչպիսի՛ չարիքներից մենք պետք է զգուշանանք, և նաև՝ թե որքա՜ն դժվար է մեր համար դրանցից զգուշանալը. և Նա անհնարին համարեց, որ կկարողանանք բոլոր մեղքերից խուսափել, քանի որ ամենօրյա աղոթքը սովորեցրեց ո՛չ թե պարզ քրիստոնյաներին, այլ` հե՛նց Առաքյալներին, որոնք քրիստոնյա հոտի խոյերն են: Եվ եթե Առաքյալներն են իրենց կուրծքը ծեծում՝ ասելով. «Ների՜ր մեզ մեր պարտքերը», այսինքն՝ մեր մեղքերը, ապա հոտի ոչխարիկներից ո՛չ մեկը սեփական արդարությամբ պարծենալ չի համարձակվի։

Դուք տեսնում եք, թե ինչպիսի՜ աշակերտ էր Հովհաննեսը. նա իր գլուխը դնում էր Տիրոջ կրծքին՝ Նրա հետ սեղան նստելիս, Նրա խորունկ աղբյուրից ըմպում էր իմաստության գաղտնիքները. [իր] Ավետարանի մեջ նա հեղել է այն ամենը, ինչը որ քաղել էր այնտեղից. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր» (Հվհ 1, 1)։ Նրա Ավետարանը բազմիցս վկայում է, որ Տերը սիրում էր նրան (Հմմտ. Հվհ 13, 23; 21, 20)։ Այդուհանդերձ,  նա հայտարարում է. «Եթե ասենք, թե մեղք չունենք, խաբում ենք ինքներս մեզ, և ճշմարտությունը մեր մեջ չէ» (1Հվհ 1, 8)։ Չնայած սրան, սակայն, ով ծանր մեղքի մեջ է, չի կարող խաղաղվել, եթե, մինչ ամեն օր կրկնում է «Ների՜ր մեզ մեր մեղքերը» աղերսանքը, ի նկատի է ունենում պոռնկություններն ու հափշտակությունները, որոնք գործում է ամեն օր: Այն, ինչը որ Տերը սահմանել է, որ ամեն օր ասենք թեթև մեղքերի համար, ոչ ոք չպետք է կարծի, թե կարող է օգտակար լինել իրեն այն ծանր մեղքերի դեպքում, որոնցից չի կամենում հեռանալ, այլ՝ մանավանդ թե, տենչում է հարատևել դրանց մեջ: Այս մեղքերի համար նույնպես մարդը պետք է կուրծք ծեծի, դրանց համար ևս պետք է ողորմություն անի՝ փոխելով սակայն սեփական կյանքը, հեռանալով այնտեղից՝ հին կյանքից, և շրջվելով այս կողմ՝ դեպի նորը:

Եթե մեկն իր մտքում կարծի, թե կարող է հարատևել իր վարքի մեջ՝ շարունակելով բռնություններ գործել, ամեն օր պղծվել շնությամբ, դիմելով գուշակներին, զոհեր մատուցելով կուռքերին, խորհրդակցելով աստղագուշակների հետ, և կարծի, թե ամենօրյա ողորմություններով կմարի իր բոլոր մեղքերը, ես նրան կասեի. «Ճիշտ է, որ դու կմարես քո մեղքերը, բայց այն ժամանակ, երբ դու ինքդ կմարես. քո համար կգա այն չարաբաստիկ պահը, երբ քո վերաբերյալ կլսվի. "Մի փոքր ևս, և ամբարիշտն անհետանում է. փնտրում ես նրա տեղը և այլևս չես գտնում: Տեսա ամբարիշտին հաղթական՝ Լիբանանի մայրիի պես վեր խոյացած. անցա և այլևս չկար, փնտրեցի նրան և այլևս չգտնվեց" (Սղմ 36, 35-36)»: Կորչում են, ուրեմն, քո մեղքերը, բայց դու՝ դրանց հետ մեկտեղ. գեհենում քեզ չի թույլատրվի այլևս մեղանչել, չես կարողանա մտածել քո հեշտասիրությունը հագեցնելու մասին, երբ սկսի տանջել քեզ հավիտենական հուրը: Մարում են, ուրեմն, քո մեղքերը, բայց դու՝ դրանց հետ մեկտեղ: Իսկ եթե դու փոխում ես կյանքդ, մարում են մեղքերը, բայց դու վերագտնված ես լինում. քո մասին կասվի. «Մեռած էր և կենդանացավ: Կորած էր և գտնվեց» (Ղկս 15, 24)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։