
Ճառ 389. « ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՑԻ ՀԱՅՑՄԱՆ, ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Հոգին էլ ի՛ր հացի կարիքն ունի. Ինչպե՞ս փնտրել այն
1. Ավետարանի հատվածի միջոցով, [որն ընթերցվեց], Տերը հորդորում է ինձ անհապաղ խոսել ձեզ երկնային հացի մասին, որը պետք է հայցենք։ Ճիշտ է, որ մեր երկրային հացի կարիքն ունենք, որովհետև մեր մարմնով պատկանում ենք երկրին, բայց եթե մարմինը պետք է ստանա իր հացը, հոգին նույնպես չպետք է զրկված մնա իրեն հատուկ հացից։ Մեր հոգին էլ է կարիքի վիճակի մեջ գտնվում այս կյանքի ընթացքում. հացի կարիք ունի, որն իր կերակուրն է։ Բոլորը հացի կարիք ունեն։ Միայն Աստված, որովհետև Ինքն է Հացը, հացի կարիք չունի. Նա Ինքն է մեր հոգու հացը։ Նա, որ ուրիշների հացի կարիքը չունի, այլ՝ Ինքն Իրեն բավական է, կերակրում է նաև մեզ։ Ակնհայտ է, ուրեմն, թե ո՛րն է Երկնային Հացը, մեր հոգու սնունդը։
Հետևե՜նք ողորմություններ տալու խորհրդին և մեր առջև կբացվի Երկինքը
2. Մենք խորհրդի կարիք ունենք այն ձևի վերաբերյալ, թե ինչպե՛ս կարող ենք հասնել սնվելու այն հացով, որից այժմ սակավաթիվ փշրանքներ ենք միայն հավաքում, որպեսզի սովից չմեռնենք այս անապատում։ Տերն ասում է. «Ով ուտի այս հացից, այլևս քաղց չի զգա, և ով խմի այն խմիչքը, որը ես եմ տալու, չի ծարավի հավիտյան» (Հվհ 6, 52)։ Առատ կերակուր է մեզ խոստանում, և մի տեսակ հագեցածություն, որը սրտխառնոց չի առաջացնում, բայց այն ձևի վերաբերյալ, թե ինչպե՛ս կարող ենք հասնել այդ լիությանը սովի այն վիճակից, որի մեջ գտնվում ենք, խորհրդի կարիք ունենք։ Իզուր կլիներ մեր բախելը՝ ստանալու համար այդ հացը, եթե չընդունեինք խորհուրդը։ Կներկայացնեմ, ուստի, այդ խորհուրդը, կամ ավելի ճիշտը՝ այն կվերարթնացնեմ իմ և ձեր հիշողության մեջ, քանի որ այն միասին ենք ստացել. բայց եթե մեկը չի հետևում այս խորհրդին, ասում եմ, որ ո՛չ միայն իզուր է բախում, այլ` ուղղակի չի էլ բախում, որովհետև բախելը կայանում է հենց ա՛յս խորհրդին հետևելու մեջ, այն գործի վերածելով։
Չպետք է երևակայեք, ո՜վ եղբայրներ իմ, թե Աստված մի իրական և իսկական դուռ ունի, որը կարող է ուժգին փակել մարդկանց երեսին, և թե մեզ ասել է բախել, որովհետև պետք է բախենք դռանը [այնքան ժամանակ], մինչև որ ուժգին բախելու ձայնով մեզ լսելի դարձնենք ընտանիքի հոր կողմից, ով իր բնակարանի խորքից կհարցնի, թե արդյոք ո՞վ է բախում, ո՞վ է իրեն անհանգստացնում, և մեր առաջ բացել կտա, որպեսզի մեզ տրվի այն, ինչ հայցում ենք, և հեռանանք։ Այսպես չէ՛, բայց ինչ որ մի նման բան է։ Ինչպես որ ինչ որ մեկի դռանը բախելիս գործածում ենք մեր ձեռքերը, այդպես է նաև Տիրոջ դռանը բախելիս։ Պետք է մեր ձեռքերը գործածենք` բախելու համար, այլապես` ո՛չ միայն իզուր բախած կլինենք, այլ` և ո՛չ իսկ բախած կլինենք. իսկ չբախելով` չենք կարող և ո՛չ իսկ ընդունել, չենք կարող ստանալ։ Դուք ուզում եք իմանալ, թե ինչպե՛ս բախել։ Դուք հայցում եք ամեն օր, և լա՛վ եք անում, որ այդպես եք վարվում, որովհետև ասված է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առջև» (Մտթ 7, 7)։ Ճշտվել է, թե ի՛նչ պետք է անենք. Խնդրի՛ր, փնտրի՛ր, բախի՛ր։ Դու խնդրում ես` աղոթելով, փնտրում ես` բախելով, բախում ես` ողորմություններ տալով։ Մի՛ դադարիր գործածել ձեռքերդ։
Տալիս ենք կարճ ժամանակով հագեցնող հաց, փոխարենը ստանում ենք մի հաց, որը վերացնում է քաղցը
3. Ինչ վերաբերվում է [աղքատներին տալիք] ողորմություններին, Առաքյալն այս ուսուցումներն է տվել հավատացյալներին. «Այս հարցի վերաբերյալ ձեզ մի խորհուրդ եմ տալիս։ Շահավետ բան է ձեր համար, որ անցյալ տարվանից արդեն դուք առաջիններն եք եղել, որ ձեռնարկել եք դա և նաև սրտանց փափագել» (2Կր 8, 10)։ Դանիելն էլ այսպես ասաց Նաբուգոդոնոսոր արքային. «Ընդունի՜ր, ո՜վ արքա, իմ խորհուրդը, և մեղքերդ ողորմություններով քավիր» (Դն 4, 24)։
Եթե ընդունում ենք խորհուրդը, որով տրվում է մեզ հրահանգը, կամ խրատը, տալու մեր ունեցածի մի մասը նրան, ով կարիքի մեջ է, չենք հպարտանում մեր արածով։ Եթե մի խորհուրդ է այն, ինչը որ ընդունում ենք, այն նպաստավոր է մե՛ր համար ավելի, քան աղքատների, որոնց օգնում ենք։ Ով տրամադիր է ընդունելու խորհուրդը, նպատակ ունի նպաստ քաղելու դրանից, իսկ ով տալիս է խորհուրդը, նպատակ ունի օգտակար լինելու, և մինչ օգնության է հասնում, նպաստավոր է դառնում նրա համար, ով ստանում է խորհուրդը։ Յուրաքանչյուր աղքատ վերցնում է ողորմությունը պարզ ու խոնարհ կեցվածքով, և շնորհակալություն է հայտնում, – հպարտությունը, եթե չի վայելում նրան, ով նվիրում է, առավել ևս չի վայելում նրան, ով ստանում է. – բայց նա, ով նվիրում է, պետք է քաջ գիտենա և հիշի ո՛չ միայն, թե ի՛նչ է տալիս, այլ նաև` թե ի՛նչ է ստանում իր հերթին։ Այն դեպքում, երբ աղքատը հպարտություն է նկատում իրեն օգնողի մեջ, եթե կարողանար ազատորեն խոսել, կհարցներ նրան, թե ի՞նչ պատճառներ ունի հպարտորեն պարծենալու. չի կարող պարծենալ այն բանով, ինչ տվել է նրան, քանի որ սոսկ հաց է, հաց, որը դնելու էր տանը առանց հոգ տանելու, թողնելով, որ բորբոսի և ապա նեխի, հողի մեջ թափվի. հողից ստեղծված լինելով, այն վերադառնում է հողին։ Ինչ վերաբերվում է նրանց ձեռքերին, – աղքատի ձեռքը, որը նա երկարել է վերցնելու համար, և մյուսի ձեռքը, որը նա երկարել է տալու համար, – աղքատը կարող էր նրա ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկուսն էլ նույն ձևով են ստեղծված. հող է ձեռքը, որ տալիս է, և հող է ձեռքը, որ վերցնում է, այնպես` ինչպես որ հող է այն, ինչը որ նվիրվում է։ Հացը, որը նա ստանում է, նա այդ հացն ուտում է քաղցի տանջանքը մեղմելու նպատակով, և շնորհակալություն է հայտնում ստացած բարիքի համար։ Բայց ուզում է հպարտ հարուստին հրավեր ուղղել` խորհելու Անձամբ Տիրոջ` մեր Փրկչի կողմից տրված ուսուցման շուրջ. «Այն, ինչը որ մտնում է բերանի մեջ, ստամոքսի մեջ է գնում և հետո կոյանոցի մեջ է վերջանում» (Մտթ 15, 17)։ Պողոս Առաքյալը նույնպես ասում է. «Կերակուրը ստամոքսի համար է, և ստամոքսը` կերակուրի, բայց Աստված կործանելու է և՛ մեկը, և՛ մյուսը» (1Կր 6, 13)։ Հացը, հետևաբար, ինչպես ասացի, հող է, որ հողից գնում է հողին, պահպանելու և հանգրվան առ հանգրվան կազդուրելու հանար այն հողը, որը մեր մարմինն է։ Ով տալիս է, ի նկատի է առնում այն, ինչ տալիս է, ո՛չ թե այն, ինչը որ իր հերթին ստանալու է, բայց աղքատը պետք է որ նրա ուշադրությունը հրավիրեր մտորելու, որ հե՛նց ընդունելով նրա [կողմից տրվող] օգնությունը` նրան մի պարգև է ընծայում, որն ավելի մեծ է, քան իր տված ողորմությունը։ Իրոք, եթե չլիներ մեկը, որ ընդուներ, նա չէր կարողանա, որպես ողորմություն տրված մի քիչ հողով, ձեռքբերել Երկինքը։
Մեր համար լավ է, հետևաբար, բացել մեր դռանը բախող աղքատի առաջ և տալ նրան հացը` հագեցնելու համար նրա քաղցը, մեղմելու համար քաղցի տանջանքը։ Ինչպե՞ս կարող ենք համարձակվել` ուշադրություն չդարձնելու նրան, ով խնդրում է։ Կկարողանայինք այդպես վարվել, եթե կարիքը չունենայինք մեր հերթին խնդրել` դիմելով Նրան, Ով ստեղծել է և՛ մեզ, և՛ աղքատին։ Հիմա տալիս ենք այն, ինչը որ հետո խնդրելու ենք. հիմա ընդունելով և կատարելով աղքատի խնդրանքը` ինքներս մեզ նախապատրաստում ենք ընդունելի լինելու մեր հերթին։ Պետք է ուստի շնորհակալություն հայտնենք Տիրոջը, որ թույլ է տալիս մեզ ձեռքբերել մի այսքա՜ն թանկարժեք բան մի այսքա՜ն ցածր գնով. տալիս ենք ժամանակի ընթացքում քայքայվող հացը և ստանում ենք հավերժ տևող հացը. տալիս ենք այն, ինչը որ այլապես թափելու էինք շուտով, և ստանում ենք այն, ինչը որ վայելելու ենք հավիտյան. տալիս ենք այն, ինչը որ հանգեցնում է մարդկանց քաղցը և մեզ տրվում է դառնալ հրեշտակների ընկերները. տալիս ենք այն, ինչը որ մարդուն հնարավորություն է տալիս սակավ ինչ ժամանակով չենթարկվել քաղցի տանջանքին, որը շուտով կրկին սկսելու է տանջել նրան, և ստանում ենք այն, ինչը որ հնարավորություն է տալիս մեզ չենթարկվել այլևս քաղցին կամ ծարավին։ Ով գիտակցում է, թե ի՛նչ է ստանում, համեմատած այն բանի, որ տալիս է, կտա առանց վարանելու։
Աղքատը, որը մեզ առաջնորդեց ամբողջ այս խորհրդածությունը կատարելու, վերջում կարող էր հարցնել մեզ, թե ի՞նչ ենք կարծում, ավելի մեծ վնաս է կրում նա, ում մերժում են երկրային հացը տա՞լ, թե՞ նա, ով մերժելով` իր առջև փակված է գտնելու ճանապարհը, որով կարող էր հասնել Նրան, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը։ Եզրակացությունն այն է, որ ընդունելով այս խորհուրդը, որ տրվում է մեզ, մենք գործում ենք ի շահ ինքներս մեզ. ճիշտն ասած, իրականում չենք էլ կարող ասել, թե օգնություն ենք տալիս աղքատին, որովհետև օգնությունը ավելի շուտ ինքներս մեզ ենք տալիս, քան թե ուրիշին։
Աղքատներին տրվող բարիքները տեղափոխվում են Երկինք, որտեղ հարկավոր է հաստատել նաև մեր սիրտը
4. Ուստի, եղբայրներ իմ, ճշմարտության համաձայն մտածենք և կյանքի հույսը քաղենք Տիրոջ խոսքից. – եթե հեռանում ենք նրանից, մենք կորչում ենք. – մենք չպետք է մեր ձևով ապրենք, այլ` Իր խորհրդին հետևելով։ Միայն այսպես է, որ ճշմարտապես ենք ապրում։ Եթե տիրապետում ենք բարիքների, որոնք կարող ենք աղքատներին տալ, բայց չենք տալիս, դրանք լքելու ենք այստեղ` մահանալով, կամ էլ կորցնելու ենք դրանք արդեն կյանքի ընթացքում։ Քանի՜ քանիներ հանկարծակի կորցրեցին [իրենց] ունեցվածքները, որոնք թաքստոցների մեջ էին պահում ամենայն հոգատարությամբ։ Բավական է թշնամիների մի հարձակում, որպեսզի հարուստները կորցնեն իրենց գանձերը. չեն կարող խնդրել զավթիչներին` հարգել իրենց, որովհետև այդ գանձերն իրենք մի կողմ են դրել իրենց զավակների համար։
Մտորենք այս դեպքերի մասին։ Չենք ցանկանում կանգ առնել Աստծուն չճանաչող անձանց վրա, ովքեր այս կյանքում կորցնելով ունեցվածքները, որոնց մեծ կարևորություն էին տալիս, և որևէ հույս չունենալով մի ա՛յլ կյանքի ուղղությամբ, խավարի մեջ են ընկնում դրսից և ներսից, քանի որ իրենց գանձերից դատարկված է մնում սնդուկը, և է՛լ ավելի դատարկված են մնում իրենք` իրենց հոգու մեջ։
Կանգ առնենք, մինչդեռ, այն անձանց վրա, ովքեր [գոնե] մի քիչ քրիստոնեական հավատք ունեն. ասում եմ մի քիչ հավատք, որովհետև եթե ամրապինդ և լիարժեք հավատք ունենային, չէին անտեսի հետևել Տիրոջ կողմից տրված խորհրդին։ Եթե այսպիսիք հարկադրված լինեին ներկա գտնվելու իրենց տների թալանին, կամ, առանց ներկա գտնվել կարողանալու, գերեվարված հեռացվեին և հեռանալիս տեսնեին իրենց տները կրակի մատնված, այսպես ամեն ինչից զրկված գտնվելով` կզղջային, որ չեն հետևել Տիրոջ խորհրդին։ Լսենք, թե ի՛նչ խորհուրդ տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարուստ երիտասարդին, ով Իրենից հարցնում էր, թե ինչպե՛ս կարող էր հավիտենական կյանքը ժառանգել։ [Տերը] նրան չասաց, թե պետք է թափեր այն, ինչ ուներ, այսինքն` թե պետք է թափեր երկրային բարիքները, որպեսզի հավիտենական բարիքները ժառանգեր։ Նրան այդպիսի բան չասաց, որովհետև տեսնում էր, որ նա սիրում էր իր ունեցվածքները. փոխարենը նրան ասաց, որ կարող էր տեղափոխել դրանք այնտեղ, որտեղ հարկադրված չէր լինի կորցնել դրանք։ Նա սիրում էր իր գանձերը, իր հարստությունները, իր կալվածքները, բոլոր ունեցվածքները, որոնց տիրապետում էր երկրի վրա։ Տիրապետում էր դրանց և սիրում էր դրանք երկրի վրա, և այստեղ դրանք կորցնելու էր, դրանց հետ միասին կորցնելով նաև ինքն իրեն։ Դրա համար Հիսուսը նրան խորհուրդ է տալիս տեղափոխել դրանք Երկինք։ Այստեղ ունեցվածքների տիրապետելով` դրանք [մի օր] կորցնելու էր, ունեցվածքների կորստին ավելացնելով նաև իր սեփական կորուստը. մինչդեռ, ունեցվածքների տիրապետելով Երկնքում, դրանք [երբեք] չէր կորցնի, և ինքն էլ կկարողանար գնալ այնտեղ` դրանց ետևից։
Ահա՛, ուրեմն, Հիսուսի խորհուրդը. Տո՛ւր աղքատներին և գանձ կունենաս Երկնքում։ [Հիսուսը] չի ցանկանում, որ այդ երիտասարդը ունեցվածքներից [մշտապես] զուրկ մնա. [նա] Երկնքում կկարողանար հանգիստ վայելել իր ունեցվածքները, մինչդեռ դրանց երկրի վրա տիրապետելը նրան մտատանջություն էր պատճառում։ Հետևաբար, այդ տեղափոխությունը կատարելու հորդորը չի ենթադրում ունեցվածքների կորուստը, այլ` պահպանումը, ճշմարի՛տ ունեցվածքների պահպանումը։ «Գանձ կունենաս Երկնքում», ասում է, և հավելում. «Ե՛կ և հետևի՛ր ինձ» (հմմտ. Մտթ 19, 16-21)։ Նա Ինքը կառաջնորդի նրան այնտեղ, որտեղ գտնվում է իր գանձը։ Կորուստ չէ, հետևաբար, [Հիսուսի] խորհրդին հետևելը, այլ` շահ։ Թող որ արթուն լինեն մարդիկ, փորձառությամբ իմանալով արդեն, թե ինչի՛ց պետք է երկնչեն, և այնպես վարվեն, որ երկնչելու պատճառներ չունենան այլևս, Երկինք տեղափոխելով իրենց գանձերը։
Նմանատիպ ձևով, ցորենի վերաբերյալ, կարող էր անհեթեթ թվալ ցորենի հատիկները հողի տակ թաղելը, որտեղ խոնավ է և հատիկը այնպես է փտում, որ թվում է, թե կորում է հոգնատանջ աշխատանքի արդյունքը։ Բայց ով անփորձ է, գործում է` հետևելով իր ընկերոջ խորհրդին, ով գիտի, թե ի՛նչ է կատարվում ցորենի հետ, երբ հողի տակ է։ Դուք լսում եք [ձեր] ընկերոջ խորհուրդը ցորենի վերաբերյալ, [բայց] չեք լսում Տիրոջ խորհուրդը ձեր սրտի վերաբերյալ. հրաժարվելով երկրից վեր տեղափոխել ձեր սիրտը` այն կորստյան եք մատնում թաղված հողի մեջ, որտեղ մինչդեռ վախենում ենք թաղել ցորենի հատիկները։ Խորհուրդը, որը Տերը մեզ տալիս է մեր գանձերի վերաբերյալ, վերաբերվում է նաև մեր սրտին, որովհետև ասում է. «Որտեղ քո գանձն է, այնտեղ է գտնվում նաև քո սիրտը» (Մտթ 6, 21)։ Սա մի հրավեր է` դեպի Երկինք բարձրացնելու մեր սիրտը, որպեսզի չփտի հողի մեջ. խորհուրդն է Նրա, Ով կամենում է մեզ փրկված [տեսնել], ո՛չ թե` դատապարտված։ Քանի որ իրականում այսպիսին է իրավիճակը, զղջալու հիմնավոր պատճառներ ունեն նրանք, ովքեր [ժամանակին] չհետևեցին այս խորհրդին, իսկ այժմ [վերջապես] հասկանում են, որ կարող էին Երկնքում տիրապետել այն բարիքներին, որոնք կորցրեցին երկրի վրա։ Չէին կարող Երկինք ներխուժել թշնամիները, որոնք ներխուժեցին իրենց տները. սպանվեց այն ծառան, ով պահակ էր նշանակվել այդ բարիքների վրա, մինչդեռ չէր կարող սպանվել մեր Փրկիչ Տերն այնտեղ, որտեղ չի կարող հասնել ոչ մի գող, որտեղ ցեցը չի կրծում (հմմտ. Մտթ 6, 19-21)։ Շատերն են այդ կերպ հասնում ընդունելու, որ իրենց գանձերը պետք է այնտեղ դրած լինեին, որտեղ ո՛չ շատ ժամանակ անց կարողանալու էին հասնել դրանց նաև իրենք։ Դժգոհում են իրենք իրենցից, որ չլսեցին Տիրոջը, արհամարհեցին Հոր խրատը, ենթարկվեցին թշնամիների հարձակումներին։ Սա է փորձառությունը, որը շատերին առաջնորդեց զղջալու։
Կարող է խրատական լինել այս պատմությունը, որն ասում են, թե իսկապես տեղի է ունեցել։ Մի մարդ, ո՛չ հարուստ, բայց բարեկեցիկ` իր համեստ ունեցվածքներով, սիրո առատությունից մղված` հարյուր դահեկանով վաճառեց իր կալվածքներից մեկը, և գումարի մի մասը հատկացնել տվեց աղքատներին։ Այսպես արվեց, բայց այդ կետում միջամտեց հին թշնամին` սատանան, այն մտադրությամբ, որ նրան զղջալ տա արած բարի գործի համար, և տրտնջանքով փչացնել տա նրան այն, ինչը որ արել էր [Տիրոջ] խորհրդին հնազանդվելով. սատանան մի գող ուղարկեց` գողանալու այն ամբողջ գումարը, որ մնացել էր աղքատներին տրված մասը հանելուց հետո։ Ակնկալում էր, որ աստվածանարգ ինչ որ մի խոսք դուրս կգար նրանից, և մինչդեռ` [Աստծուն ուղղված] գովաբանության մի բացականչություն դուրս եկավ. ակնկալում էր, որ նա կսասանվեր բարու մեջ, և մինչդեռ` է՛լ ավելի ուժեղացավ բարու մեջ։ Թշնամին ցանկանում էր, որ զղջար. և նա իրոք զղջաց, բայց զղջաց, որ ամբողջը չէր տվել [աղքատներին]։ Իսկապես կորցրել էր այն, – այսպես էր ասում հե՛նց ինքը, – ինչը որ չէր տվել աղքատներին, որովհետև չէր դրել [այդ գումարն] այնտեղ, որտեղ ոչ մի գող մուտք չունի։
Չպետք է ուրեմն վարանենք` հետևել մի այսքա՜ն լավ խորհրդի, երբ խորհուրդն այն է, ինչը որ ասացինք. տեղափոխել մեր ունեցվածքները այնտեղ, որտեղ դրանք չենք կորցնի այլևս։ Աղքատները, որոնց օգնություն ենք տալիս, դառնում են մեր առաքիչները, որոնք մեր համար կատարում են երկրից Երկինք այս տեղափոխությունը։ Մենք տալիս ենք առաքիչին և նա Երկինք է տեղափոխում այն, ինչ իրեն տրվում է։ Թերևս ինչ որ մեկը կուզենար նկատել տալ, որ աղքատը ուտելով սպառում է այն, ինչ ստացել է։ Բայց պատասխանում ենք, որ ճի՛շտ որովհետև այն չի պահում իր մոտ, այլ` այն սպառում է` դրանով սնվելով, նա [հենց այդ գործողությամբ] կատարում է տեղափոխությունը, որի մասին խոսում ենք։ Չմոռանանք այն, ինչ գրված է. «Եկե՜ք, իմ Հոր օրհնյալներ, ստացե՜ք Արքայությունը։ Քաղցած էի և ինձ ուտելիք տվեցիք»։ Եվ ապա. «Ամեն անգամ, որ արեցիք դա իմ այս ամենափոքր եղբայրներից միայն մեկի համար, ի՛մ համար է, որ արեցիք դա» (Մտթ 25, 34.35.40)։ Եթե չմերժեցիր տալ մուրացկանին, որ կանգնած էր քո առաջ, ուշադրությո՛ւն դարձրու, թե Ո՛ւմ է վերջին հաշվով հասել այն, ինչ տվել ես. «Ամեն անգամ, որ արեցիք դա իմ այս ամենափոքր եղբայրներից միայն մեկի համար, ի՛մ համար է, որ արեցիք դա»։ Քրիստոսն է ստանում օգնությունը, որ տվել եք. ստանում է Նա, Ով մեզ շնորհել է [հնարավորություն`] շնորհ տալու Իրեն. ստանում է Նա, Ով մեր [կյանքի] ավարտին շնորհելու է մեզ հենց Ի՛նքն Իրեն։
Վերջին Դատաստանի ժամանակ կշիռ են ունենալու միայն բարի գործերը, որոնք Քրիստոսի համար արել կամ մերժել ենք անել հանձինս աղքատի
5. Խոստովանում եմ, որ Աստծո Գրքի այս հատվածը, որ մեջբերեցի, ինձ միշտ ուժգին տպավորել է։ Ուրիշ անգամներ էլ եմ հիշեցրել ձեզ այն, ձեր Սերը վերարթնացնելու նպատակով, և իմ պարտականությունն է հաճախ հիշեցնել ձեզ այն։ Խնդրում եմ ձեզ մտածել այն բանի մասին, թե ի՛նչ է ասելու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ժամանակների ավարտին, երբ կգա Իր առաջ հավաքելու բոլոր ժողովուրդներին և մարդկանց կհավաքի երկու խմբերի մեջ, մի խմբի մարդկանց Իր աջ կողմում կանգնեցնելով, իսկ մյուս խմբի մարդկանց` Իր ձախ կողմում։ Իր աջ կողմում կանգնածներին [ասելու է]. «Եկե՜ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՜ք Արքայությունը, որը ձեր համար պատրաստվել է աշխարհի հիմնումից ի վեր»։ Իր ձախ կողմում կանգնածներին, մինչդեռ, [ասելու է]. «Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ, որը պատրաստվել է սատանայի և նրա հրեշտակների համար» (Մտթ 25, 35.41.42)։
Հարցնում են մեզ այսքա՜ն մեծ պարգևի պատճառը և այսքա՜ն սոսկալի պատժի պատճառը. «Ժառանգեցե՜ք Արքայությունը» և «Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ»։ Առաջինները ժառանգում են Արքայությունը, որովհետև. «Քաղցած էի և ինձ ուտելիք տվեցիք»։ Մյուսները գնալու են հավիտենական կրակի մեջ, որովհետև. «Քաղցած էի և ինձ ուտելիք չտվեցիք»։ Փորձենք հասկանալ։ Նրանք, ովքեր ժառանգելու են Արքայությունը, որպես լավ ու հավատարիմ քրիստոնյաներ` օգնություն են տվել աղքատին, Տիրոջ խոսքերին հետևելով և վստահությամբ հույս տածելով Նրա խոստումների հանդեպ. նրանք այդպես են վարվել` համարելով, որ իրենց սուրբ կյանքին վայել չէ ամլության մեջ մնալը, մոլություններից հեռու մնալով միայն սահմանափակվելով, ողջախոհությունը չխախտելով, արբեցությունների չտրվելով, խարդախություններ չանելով, չար արարքներ չգործելով։ Եթե սիրո գործեր ավելացրած չլինեին, ամուլ մնացած կլինեին, պահելով պատվիրանի միայն առաջին մասը. «Հեռո՛ւ մնա չարից», բայց ո՛չ` մյուս մասը. «Եվ գործի՛ր բարին» (Սղմ 36, 27)։ Նաև նրանց, որոնց ասում է. «Եկե՜ք, ժառանգեցե՜ք Արքայությունը», որպես հիմնավորում չի ներկայացնում փաստը, որ նրանք ապրել են ողջախոհության մեջ, խարդախություններից հեռու, որ չեն ճնշել աղքատին և չեն հափշտակել ուրիշների ունեցվածքները, և որ կեղծ երդումներ չեն տվել[1], այլ` ասում է. «Որովհետև քաղցած էի և ինձ ուտելիք տվեցիք»։ Այս փաստը, հետևաբար, ճանաչվում է որպես շա՜տ ավելի կարևոր, եթե Տերը լռում է մնացածի մասին և մատնանշում է միայն այս արժանիքը։ Համանման կերպով, երբ մյուսներին ասում է. «Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ, որը պատրաստվել է սատանայի և նրա հրեշտակների համար», ուրիշ շատ պատճառներ չի ներկայացնում նրանց դատապարտության համար, որոնք կարող էր մեջտեղ բերել, որովհետև շնացողներ էին, մարդասպաններ, խաբողներ, սրբապիղծներ, աստվածանարգներ, անհավատարիմներ. մինչդեռ, միայն մեկն է ասում. «Քաղցած էի և ինձ ուտելիք տվեցիք»։
Տեսնում եմ, որ սա ձեզ էլ է տպավորում և ձեզ զարմացնում է. իրոք որ ապշեցուցիչ բան է։ Կփորձեմ կարողացածիս չափով ըմբռնել այս իրողության նշանակությունը և ձեզ հաղորդել։ Գրված է. «Ինչպես ջուրը հանգցնում է մոլեգնող կրակը, այդպես էլ աղքատներին տրված օգնությունը ջնջում է մեղքերը» (Սրք 3, 33)։ Եվ տակավին. «Ողորմությունը աղքատի սրտի մեջ դիր, և հենց նա՛ կաղոթի քո համար Տիրոջը» (Սրք 29, 15)։ Վերևում արդեն մեջբերել ենք այս մյուս հատվածը. «Լսի՜ր, ո՜վ թագավոր, իմ խորհուրդը, և մեղքերդ ողորմություններով քավիր» (Դն 4, 24)։ Սրանք մի քանիսն են Աստծո խոսքից քաղված այն բազմաթիվ հատվածներից, որոնք փաստում են ողորմությունների կարևորությունը` մեղքերը մարելու և ջնջելու գործում։ Ե՛վ նրանց դեպքում, որոնց մտադիր է դատապարտել, և՛ նրանց դեպքում, որոնց փառավորելու է, Տերը, ինչպես լսեցինք, գնահատելու է միայն բարի գործերը, որովհետև, եթե ուշադրությամբ կշռեր նրանց [սրտերը] և քններ նրանց գործերը, դժվար թե պատճառ չգտներ նրանց դատապարտելու համար. մինչդեռ ասում է. «Մտե՜ք Արքայությանս մեջ, որովհետև քաղցած էի և ինձ ուտելիք տվեցիք»։ Ուստի, փրկվելու են ո՛չ որովհետև չեն մեղանչել, այլ` որովհետև իրենց մեղքերը քավել են[2] բարի գործերով։ Մյուսները, մինչդեռ, որոնք կլսեն, թե ինչպե՛ս է իրենց ասվում. «Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ, որը պատրաստվել է սատանայի և նրա հրեշտակների համար», մեղադրանքի ենթարկվելով իբրև հանցավորներ, բռնվելու են ահուդողով, թեև չափազանց ուշ, և դրվելով իրենց մեղքերին դեմ հանդիման` չեն համարձակվում ասել, թե անարդար է իրենց դատապարտությունը, թե անարդար է գերազանցապես արդար դատավորի կողմից արտասանված դատավճիռը։ Այն անկասկածելիորեն արդար են ճանաչում, որովհետև մտորելով գիտակցում են իրենց հանցանքները, և այն վերքերը, որոնք այդ հանցանքները հասցրել են իրենց խղճին։ Նրանց է վերաբերվում այն խոսքը, որ գրված է Իմաստության գրքում. «Նրանց անօրենությունները, նրանց դիմաց հառնելով, մեղադրելու են նրանց» (Իմս 4, 20)։ Բայց հասկացնելու համար նրանց, որ իրենց դատապարտության պատճառը չի կայանում [իրենց] մյուս գործերի մեջ, ինչպես իրենք կարծում են, ճշգրտում է. «Որովհետև քաղցած էի և ինձ ուտելիք չտվեցիք»։ Եթե, իրոք, հեռանալով իրենց բոլոր հանցանքներից և դարձի գալով Իրեն, ողորմություններով քաված լինեին իրենց մեղքերը, հե՛նց ողորմություններն այժմ ազատ կարձակեին իրենց, ներում շնորհելով հանցանքների մեղադրանքից, որոնք համենայն դեպս ծանր էին։ Արդարև, գրված է. «Երանելի՜ են նրանք, ովքեր կարեկցանք են դրսևորում այլոց հանդեպ, որովհետև Աստված կարեկցանք կդրսևորի իրենց հանդեպ» (հմմտ. Մտթ 5, 7)։ Մինչդեռ, նրանց համար հնչում է «Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ» դատապարտությունը, որովհետև. «Դատաստանն անողոք է լինելու նրա համար, ով գործադրած չի լինի ողորմությունը» (Հկբ 2, 13)։
Հարկավոր է ողորմություններով քավել անձնական մեղքերը
6. Ցանկանում եմ հորդորել ձեզ, թանկագին եղբայրներ, աղքատներին տալ երկրային հացը և բախել երկնային Հացի դուռը։ Տերը մեր Հացն է. «Ես Եմ Կյանքի Հացը» (Հվհ 5, 35)։ Նա չի կարողանա տալ ձեզ Իր Հացը, եթե դուք օգնության չեք հասնում նրան, ով կարիքի մեջ է։ Ձեր դիմաց կանգնած է կարիքավոր մեկը, մինչ դուք ձեր հերթին կարիքավոր եք Ուրիշ Մեկի դիմաց։ Միմյանցից տարբեր են կարիքի այս երկու հարաբերությունները. առաջինը` ձեր հանդեպ, կարիք է մեկի նկատմամբ, ով իր հերթին կարիքավոր է մի Ուրիշի հանդեպ, Ով ոչնչի կարիք չունի։ Արա՛ քո կողմից այն, ինչը որ կուզենայիր, որ արվեր քո նկատմամբ։ Մի՛ կարծեք, թե պետք է այնպես պատահի, ինչպես կատարվում է ընկերների միջև, որոնք սովոր են փոխադարձաբար միմյանց երեսով տալ արած լավությունները` նախ մեկը, ապա մյուսը. «Քեզ այսինչ բանը տվեցի», «Ես էլ քեզ այս մյուս բանը տվեցի»։ Աստված չի կամենում, որ մենք ինչ որ մի բան տանք Իրեն` Իր տված պարգևների փոխարեն։ Ինքը ոչ ոքի կարիքը չունի. սրա համար է ճշմարիտ Տերը. «Ասացի Տիրոջը. "Դու ես իմ Աստվածը և իմ ունեցածի կարիքը չունես"» (Սղմ 15, 2)։ Եվ հե՛նց որովհետև, ճշմարիտ Տերը լինելով, մեր ունեցածի կարիքը չունի, բայց ուզում է, որ մենք [էլ] Իր նկատմամբ ինչ որ մի բան [կարողանանք] անել, բարեհաճությամբ ընդունեց քաղց կրել Իր աղքատների մեջ. «Քաղցած էի և ինձ ուտելիք տվեցիք»։ «Տե՜ր, ե՞րբ Քեզ քաղցած տեսանք»։ «Երբ դա իմ ամենափոքր եղբայրներից մեկի համար արեցիք, ի՛մ համար արեցիք դա» (Մտթ 25, 37)։ Եվ նույն կերպ մյուսներին. «Այն, ինչը որ այս փոքրերից մեկի համար չարեցիք, ի՛մ համար չարեցիք դա»։
Եզրափակելու համար, թող որ ուշադիր լսեն մարդիկ և հարկ եղած ձևով գնահատեն, թե ի՛նչ կարգի արժանիք է Քրիստոսին ուտելիք տալը, և թե ինչպիսի՛ հանցանք է քաղցած Քրիստոսին անտեսելը։ Մեղքերի համար կատարված ապաշխարանքն էլ, որի մասին գիտենք, որ նորոգում է մարդուն` դարձնելով նրան ավելի լավը, ոչնչի չի ծառայում, եթե արգասաբեր չի դարձվում ողորմության գործերի միջոցով։ Ճշմարտությունն Ինքը վկայում է այս բանին Հովհաննեսի բերանով, ով իրեն մոտեցողներին ասում էր. «Իժերի սերունդ, ո՞վ ձեզ կարծել տվեց, թե կարող եք խուսափել պատժից, որն արդեն մոտ է։ Այնպիսի պտուղներ տվեք, ուրեմն, որոնք կփաստեն ձեր դարձի գալը, և մի՛ սկսեք ասել. "Մենք Աբրահամի սերունդն ենք"։ Որովհետև վստահեցնում եմ ձեզ, որ Աստված այս քարերից էլ կարող է Աստծո ճշմարիտ որդիներ հարուցել։ Կացինն արդեն դրված է ծառերի արմատին, պատրաստ` կտրելու. յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղներ չի տալիս, կտրվելու է և կրակի մեջ է գցվելու»։ Այս պտուղները տալու կոչ է անում նախորդ նախադասությունը. «Այնպիսի պտուղներ տվեք, որոնք կփաստեն ձեր դարձի գալը»։ Եթե այս պտուղները բացակայում են, անպտուղ ապաշխարությունը ոչնչի չի ծառայում` մեղքերի ներումը ստանալու համար։
Իսկ թե ինչպիսի՛ պտուղներ է հարկավոր տալ, նույն Հովհաննեսը մատնանշում է խոսքի շարունակության մեջ, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, [որովհետև] բազմությունները հարցեր էին ուղղում նրան, հարցնելով, թե ի՛նչ պետք է անեին, այսինքն` թե ի՛նչ պտուղներ տալու էր նա կամենում մղել նրանց իր սպառնալիքներով։ Եվ նա պատասխանում էր. «Ով երկու հագուստ ունի, մեկը թող տա նրան, ով չունի. և նույն բանը թող անի նա, ով ապրուստի միջոցներ ունի» (հմմտ. Ղկս 3, 7-10)։ Սա մի հստակ, վստահ, միանշանակ պատասխան է։ Մեջբերված մյուս նախադասությունը. «Յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղներ չի տալիս, կտրվելու է և գցվելու է կրակի մեջ», միևնույն նշանակությունն ունի այն խոսքերի, որոնք լսելու են որպես իրենց ուղղված` նրանք, ովքեր դասվել են ձախ կողմում. «Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ, քանի որ քաղցած էի և ինձ ուտելիք չտվեցիք» (Մտթ 25, 42)։ Բավական չէ, հետևաբար, դադարել մեղանչելուց, եթե անտեսվում է անցյալի հանցանքների համար հատուցում տալը։ Սուրբ Գիրքն, արդարև, ասում է. «Որդյակ, մեղանչե՞լ ես։ Այլևս մի՛ արա»։ Բայց որպեսզի չկարծեք, թե սա բավարար է, իսկույն հավելում է. «Եվ աղոթիր, որպեսզի անցյալ հանցանքները ներվեն քեզ» (Սրք 21, 1)։ Բայց աղոթելն էլ օգուտ չի ունենա, եթե ապաշխարության պատշաճ պտուղներ տալով ձեզ արժանի չեք դարձնում, որ ձեր աղոթքներն ընդունելի լինեն, այնպես` որ անպտուղ ծառի նման չկտրվեք և կրակի մեջ չգցվեք։ Եթե ուզում եք, որ ձեր աղոթքները լսելի լինեն, երբ աղոթում եք ձեր մեղքերի համար, «Ներեցե՛ք և կներվեք, տվե՛ք և կտրվի ձեզ» (Ղկս 10, 37-38)։