Ճառ 390. « ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 390. « ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »

Տիրոջ խորհրդին հետևելով` մեր համար գանձ կուտակենք Երկնքում

1. Բոլոր ուժերով, որ Տերը տալիս է մեզ, կոչ ենք ուղղում ձեր Սիրույն, հորդորելով ձեզ ողորմություններ տալ [աղքատներին]։ Սուրբ հավատավորները սովոր են ողորմությունները զուգորդել պահքին, որպեսզի չունեցողին տրվի այն, ինչը որ վերցվում է ունեցողից։ Այդ կերպ, մինչ [ձեր] հոգին զրկում եք ձեր շահածի վայելքից, պետք է մարմնի սնուցումից պահում կատարեք ինչ որ մի բանի, որը կարող եք [ի պահ] դնել Երկնքում։ Այնտեղ` Երկնքում տիրապետեցեք ձեր ամբարներին, որոնք [այնտեղ] պահպանվում են ապահով պահակների կողմից։ Տեսնում ենք, թե ինչպե՛ս են այստեղ մարդիկ վարձակալության վերցնում պահպանվող տարածքներ, ուր կարող են [ի պահ] դնել այն բաները, որոնք իրենց թանկարժեք են երկրի վրա, և ամեն տեսակ ջանք գործի են դնում` պահպանելու համար դրանք մի տեղում, որտեղ գողերը չեն կարողանա դրանց հասնել. բայց բոլոր զգուշավորությունները բավական չեն` տալու համար այդ ապահովությունը, որովհետև [երբեմն] պարզվում է, որ գող է հենց նա, ով պետք է պահակություն աներ։

Ուշադիր կերպով գնահատելով, թե ի՛նչն է մարդկանց մղում պաշտպանելու իրենց ունեցվածքներն այստեղ` երկրի վրա, Հիսուսը խորհուրդ տվեց ի պահ դնել դրանք Երկնքում, վստահելով դրանք Իրեն։ Այն, ինչը որ ձեզնից խնդրում է տալ, չի ուզում ձեզ դրանք կորցնել տա, այլ` տեղափոխել տա դրանք. ուզում է, որ դրանք ձեզնից առաջ ուղարկեք Երկինք, որպեսզի [հետո] դուք էլ հետևեք դրանց։ Այն ունեցվածքները, որոնք չեք ուղարկում Երկինք, սահմանված են կորչելու այստեղ, որտեղ դուք սակավ ժամանակ եք մնում վայելելու դրանք, և չգիտեք անգամ, թե ձեզնից հետո ո՛վ է կարողանալու տիրապետել այն բաներին, որոնք դուք պահպանել եք։ Այս երկրից վե՛ր բարձրացրեք, ուրեմն, ունեցվածքները, որոնք մոտ են ձեր սրտին, որովհետև սիրով շղթայվելով դրանց` ենթարկվում եք ունեցվածքները և միասին նաև ինքներդ ձեզ կորցնելու վտանգին։ Տերն Ինքն է պահապանը և՛ ձեր, և՛ այն բաների, որոնք ձերն են։ Եթե ընտանիքի ընկերներից մեկը [ընտանիքի հորը] խորհուրդ տար վերև տեղափոխել – ավելի ապահով կերպով պահպանելու նպատակով – ցորենը, որը նա, անփորձ լինելով, դրել էր ցածր տեղում, անկասկած նրա խորհուրդն ընդունելի կլիներ։ Նույն կերպ ձեզ Իր խորհուրդն է տալիս Տերը, չուզենալով, որ կորստյան մատնվի ձեր ունեցվածքը, ո՛չ էլ` որ կորստյան մատնվեք դուք. ասում է ձեզ, որ Իրեն ի պահ հանձնեք ձեր ունեցվածքները, եթե չեք ուզում, որ դրանք կորստյան մատնվեն։ Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչպիսի՛ ընթացք ունեն իրողությունները, վստահ եմ, որ Իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող իմանալ դա, քանի որ Նա Ինքն է դրանց հեղինակը։ Եթե Նրան հարցնում եք, թե որտե՞ղ են պահվելու ձեր ունեցվածքները, Նա հստակեցնում է, որ դրվելու են Երկնքում։ Նա դա հստակորեն է ասում. «Ձեր համար հարստություններ կուտակեցեք Երկնքում, ուր գողերը չեն գողանում [և] ցեցը չի կրծում, որովհետև որտեղ որ քո հարստություններն են, այնտեղ կլինի նաև քո սիրտը» (Մտթ 6, 20-21)։ Հետևեցե՜ք [Տիրոջ կողմից տրված] խորհրդին, որովհետև ձեզ հնարավորություն է տրվում այսքա՜ն ապահով պահեստ ունենալու, որի վրա ոչ մի ժամկետ չի գործում և որը հավիտենական տիրապետություն է լինելու։

 

Այն ամենը, որ տրվում է աղքատներին, տրվում է Տիրոջը, Ով տրվածը ետ է վերադարձնելու տոկոսների հետ միասին

2. Գուցե կհարցնեք, թե ինչպե՛ս կարող եք Երկինք տեղափոխել ձեր ունեցվածքները։ Կարիք չկա, որ անհանգստանաք` փորձելով աստիճաններ երևակայել, կամ մեքենաներ, որոնք կարող եք [այդ նպատակի համար]  գործածել։ Տեղափոխման պայմանագիր ստորագրեցեք, այնպես` ինչպես սովորաբար անում են հեռավոր վայրերում բնակվող քաղաքացիները. շատերն են դա անում, պատշաճ անձանց դիմելով, որոնց անհապաղ վճարում են ապահովագրության գումարը։ Այսպես վարվեց ձեր Տերը` Քրիստոսը, Ով, հարուստ լինելով Երկնքում, ինքնակամ կերպով աղքատացավ` երկիր գալով։ Այստեղ Նա տառապում է սովից, և ձեզնից պարտքով փող է խնդրում, որը ետ է վերադարձնելու, ինչպես և արդարացի է։ Վախենալու կամ հետաձգելու պատճառ չկա, ուրեմն, որովհետև կարելի չէ կասկածել, թե Նա ի վիճակի չէ վերադարձնելու այն, ինչ ստացել է։ Մի՛ վախեցեք. նվիրեցեք աղքատներին և կորուստներ չեք ունենա. Քրիստոսին եք նվիրում այն, ինչը որ նվիրում եք Իր փոքրերից մեկին։ Ավետարանն է մեզ դա ասում։ Երբ նրանք, որոնց Նա դասել էր Իր աջ կողմում, ապշել էին, և լսելով, թե Նա ինչպես էր թվարկում մի շարք կարիքներ, որոնց մեջ գտնված ժամանակ Ինքը նրանցից օգնություն էր ստացել, հարցնում էին, թե ե՞րբ էին Նրան այդպիսի վիճակների մեջ տեսել, Տերը պատասխանում է. «Ամեն անգամ, որ այս բաներն արել եք իմ ամենափոքր եղբայրներից մեկի համար, Ի՛մ համար է, որ արել եք դա» (Մտթ 25, 37-40)։ Հիսուսը հայտարարում է, որ հենց Ինքն էր ստացել այն, ինչը որ տրվել էր աղքատին. Ինքն էր քաղց կրել հանձինս աղքատի, Ինքն էր ուտելիք ստացել հանձինս աղքատի։ Տվե՜ք, ուրեմն, ապահովությամբ. Տերն Ինքն է ստանում, Տերն Ինքն է խնդրում։

Բայց եթե նախ դուք ստացած չլինեիք Իրենից, Իրեն ոչ մի բան տալու հնարավորությունը չէիք ունենա։ Մինչ, եթե պարտք ես տալիս մի մարդու, նա կրում է դրա բեռը, Աստված չի կարող պարտքերի որևէ բեռի ծանրությանը ենթարկվել։ Բայց հենց Ինքն է առաջարկում ձեզ Իր մոտ աշխատացնել [ձեր] փողը իբրև պարտք. Ինքը խոստանում է, որ տոկոսներով հանդերձ կվերադարձնի այն, ինչ ստանում է։ Քաջաբա՜ր, ուրեմն. սահման մի՛ դրեք շահ ստանալու ձեր ցանկությանը։ Ձեր դրամագլուխը տասը, հարյուր, հազար տոկոս չի տալու. որպես արդյունք չի տալու երկիրը, այլ` Երկինքը։ Կարող էինք արդեն իսկ գոհ լինել, եթե մեկ կշիռ[1] պղնձից մեկ կշիռ արծաթ շահեինք, կամ մեկ կշիռ արծաթից` մեկ կշիռ ոսկի. մինչդեռ այն բանից, որ տրվում է, [տվյալ դեպքում] շահվում է իսկապես տարբեր մի բան, ո՛չ ոսկի կամ արծաթ, այլ` հավիտենական կյանքը։ Փոխակերպվելու է տրված բանը, որովհետև փոխակերպվելու է տվողը։ Տրված բանը, ահա՛ այն, փոխակերպվել է հրեշտակային գահի, և հրեշտակ է դառնալու անձը, որ տվել է այն։ Աղքատին տրված ողորմությունը, հետևաբար, միակ դարմանն է, որ ազատում է [հավիտենական] մահվանից, և քանի որ որևիցէ մի մարդու համար դժվար է ապրել այս կյանքն առանց մեղանչելու, հորդորում եմ ձեզ, եղբայրնե՜ր[2], առատաձեռն լինել ձեր ունեցվածքների մեջ. մի՛ կուտակեցեք պարկերի մեջ, որոնք մաշվում են, այլ` բաշխեցեք աղքատներին, ձեր համար մնայուն գանձ նախապատրաստելու համար Երկնքում։ Լսեցե՜ք Սաղմոսը. «Մարդն անցնում է ստվերի նման և իզուր է մտահոգվում։ Հարստություններ է դիզում, բայց չգիտի, թե դրանք ո՛ւմ են բաժին հասնելու» (Սղմ 38, 7)։ [Լսեցե՜ք նաև Ավետարանի խոսքը, որն ասում է.] «Տվեք և կտրվի ձեզ» (Ղկս 6, 38)։

[1] Բնագրում մատնանշված հռոմեական չափման միավորը (լատիներեն` «libra») համապատասխանում է մոտ կես կիլոգրամի (453,59 գր)։
[2] Լատիներենում, ինչպես և բոլոր հին լեզուներում, հոգնակի թվով ասելով «եղբայրներ», հասկացվում են երկու սեռերը միասին, արդի հայերենով ասած՝ «քույրեր և եղբայրներ»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։