Ճառ 391. « ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 391. « ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ »

Ոչ մի տարիքում մարդն ազատ չէ փորձություններից, և ո՛չ իսկ մանուկ հասակում

1. Խոսքս ուղղում եմ ձեզ, երիտասարդներ. ձեզ, ում կյանքը ծաղիկ հասակում է, բայց ում հոգին ենթարկվում է վտանգի։ Կյանքի ժամանակաշրջաններից ոչ մեկը, ոչ մի տարիք չի կարող ազատ լինել փորձություններից, քանի որ [դրանցից] յուրաքանչյուրը կրում է մեր ապականացու մարմնի ծանրությունը։ Եվ բոլոր բարիները, որոնք ներգրավված են պայքարի մեջ, որպեսզի պարտության չմատնվեն ոսոխի կողմից, ենթակա են վտանգների, քանի դեռ մրցում են նրա դեմ մեր մարդկային վիճակի մեջ, որը կարծես ավազի հատակով մրցադաշտ լինի։

Հազիվ մարդը ծնվում է աշխարհում և իր թշվառությամբ լի կյանքը սկսում է լացով, որը կարծես իր ապագա հոգնությունների մարգարեական ավետումը լինի, արդեն ենթակա է փորձությանը, եթե ո՛չ ինքը գիտակից կերպով, [ապա] իր ծնողների միջոցով, կամ անձանց, որոնց ձեռքերին է հանձնված – իր տկարության մեջ – կերակրվելու համար. կարող են բռնել նրան սատանայի խաբեությունները նողկալի դեղամիջոցների վիրակապերի կամ հեթանոսական սրբապիղծ ծեսերի միջոցով[1]. կամ էլ, վաղաժամ վրա հասած մահվան դեպքում, որովհետև հոգ չի տարվել արտասանելու փրկաբեր Մկրտության հրաժարումները[2]։

Կարճ կարելի է ասել, որ առաջին տարիքում արարածը ենթարկվում է փորձության, երբ ծնողները նրան սիրում են աշխարհի մտածողությամբ և անտեսում են Քրիստոսին վերաբերվող հարցերում։ Իսկապես, արարածն իր հետ կրում է իր մահկանացու սերումը և [իր] արմատները գտնում է մեղքի այն վերքի մեջ, որն օձի թունավոր ատամը հասցրեց առաջին մարդուն, որից մենք սերեցինք։ Սրա համար Սուրբ Հոբը համարում է, որ ոչ ոք զերծ չէ մեղքի արատից, և ո՛չ իսկ երեխան, որը միայն մեկ օր է, ինչ գտնվում է երկրի վրա (հմմտ. Հոբ 4, 14)[3]։ Բայց առանց խոսելու նրա մասին, ով արդեն ծնվել է, ահա՛ թե ի՛նչ է աղաղակում Դավիթը արտասվալի ձայնով. «Մեղքի մեջ եմ ես ծնվել, մեղքի մեջ է հղացել ինձ իմ մայրը» (Սղմ 50, 7)։ Կարող էր ավելորդ թվալ նորածին մանուկների մկրտությունը, եթե բոլորս մեռած չլինեինք Ադամի [անձի] մեջ, և եթե սկզբնական մեղքը, ծնողների մարմնի միջոցով, զավակների մեջ չտարածվեր մահկանացու էության իսկ միջոցով, չնայած որ ամենակարող Տերն է, որ կաղապարում է մահկանացու արարածին կարգուկանոնի օրենքի համաձայն, այնպես` ինչպես որ պարգևում է նրան անմահությունը, նրան վերածնվել տալով Իր շնորհով, Նա, որ ողորմության անզուգական Հայրն է։

 

Ծեր հասակում էլ մարդը տեղի է տալիս փորձություններին

2. Բայց եթե մահկանացու մարդու մանկությունն անգամ վերապահված չէ փորձություններից` մարմնի ապականացու վիճակի հետ ունեցած կապի պատճառով, հաջորդ տարիքների մասին, սակայն, անշուշտ չենք կարող ա՛յլ բան ասել։ Թերևս կարող էինք փորձություններից զերծ համարել ծերությունը, երբ դիակ դառնալուն մոտ գտնվող մարմնի մեջ սառել են արյունը և անթույլատրելի ցանկասիրության անդամները, և հոգնած ու մահվանը մոտեցած մարմնի մեջ փորձության նյութն ինքնին այլևս թառամել է։

Հիմնականում արատասեր ծերերի մոտ, մինչդեռ, այնքա՜ն սաստիկ է տիրապետության տենչը և փորի ու կոկորդի անհագ տենչը, որ, ի տարբերություն պարկեշտ ծերերի, որոնց հանդարտ է դարձնում իմաստությունը, նրանք, այսպես ասած, թաղվում են խմելու մոլության մեջ։ Թվում է, թե նրանց չորացած ու քայքայված աղիքներն ուռչում են` արբեցնող հեղուկով ոռոգվելու համար, կարծես ձգտելով վերստանալ սկզբնական կորովը։

Ինչ վերաբերվում է հարստությունների հանդեպ ցուցաբերված ագահությանը, որը յուրաքանչյուր չարիքի արմատն է, սա ծերերի մեջ վառում է – հակառակ այն փաստի, որ նրանք արդեն սառել են – հարստանալու մի այնպիսի՜ տենչանք, որն այնքան ավելի բուռն է, որքան ավելի շուտով նրանք հարկադրված են լինելու թողնել ձեռքբերված բարիքները։ Սա մի անառողջ վիճակ է, որն իրոք զարմացնում է. շտապում են ծանրագույն ծախսեր վերցնել իրենց վրա, երբ արդեն հասել են [իրենց] ընթացքի ավարտին։

 

Երիտասարդությունը հեշտությամբ է ենթարկվում կրքերի փոթորիկներին

3. Փորձություններից ազատ չէ, հետևաբար, ո՛չ նա, ով առաջին տարիքի մեջ` գտնվում է կյանքի մուտքին, ո՛չ նա, ով ծերությանը հասած` պատրաստվում է դուրս գալ նրանից, հետևաբար` ո՛չ նա, ով քիչ ժամանակ է, ինչ գոյություն ունի, ո՛չ էլ նա, ով քիչ ժամանակ անց գոյություն չի ունենա այլևս։

[Այս երկուսի] մեջտեղում գտնվելով, հրավառ երիտասարդությունը, հեռացած, այլևս, առաջին տարիքի տկարությունից, և հեռու նաև ծերության թմրությունից, ցնցվում է փորձությունների հաճախակի և սաստիկ փոթորիկների կողմից, և հաճախ ծածկվում է աշխարհի կոհակների տակ, որոնք իր վրա թափվում են բուռն թափով։

Հավակնոտ հայացքով է դիտում իր ուժերին, պարծենում է սեփական գեղեցկությամբ, ցանկանում է պայծառ փայլել աշխարհի բարիքներով և վայելք է ապրում դրանցով զարդարվելով։ Երիտասարդները ճշմարտության ուսուցումներն ընկալում են իբրև թույն, որը չարասիրտները փորձում են խմել տալ իրենց, մինչդեռ հուշումները, որ իրենց տալիս է սատանան որպես խայծ, դրանք հրապուրում են իրենց։ Դառնությունը, որ տալիս է «արդարության համաձայն» գործելը, դեղորայք է, որ բուժում է տարիքի հակումների պատճառով առաջ եկած վերքը, մինչ քաղցրությունը, որ տրվում է «անարդարության» գործի կողմից, թակարդ է, որ լարում է հանդգնությունը։ Սա է նշանակությունը այն խոսքի, որ գրված է. «Ավելի քաղցր են ընկերոջ հասցրած վերքերը, քան թե թշնամու կեղծ համբույրները» (Առկ 27, 6), ինչպես նաև Դավթի խոսքերի նշանակությունը. «Թող որ ուղղի ինձ արդարը՝ ողորմությամբ, և հանդիմանի ինձ, բայց անբարիշտի յուղը թող որ չօծի իմ գլուխը» (Սղմ 140, 5)։ Ճշմարտությունը պետք է այրի, բայց պետք է առողջացնի. մինչդեռ շողոքորթի համաձայնությունը շոյող է, մեղավորի յուղի նման, բայց խաբում է։ Ճշմարտության մեջ, արդարև, մեղմվում է հպարտությունը, մինչ [կեղծիքի մեջ] վտանգի տակ է կյանքը։

Մեջբերված հատվածի մեջ մարգարեն խոսել է տալիս մեկին, ով արդեն ցանկանում է բժշկին և համբերությամբ կրում է այն ձեռքը, որը, խնամելով իրեն, իրեն [նաև] սուր ցավ է պատճառում. նա գովասանքի խոսքերով հյուսված հաստատումներ չի փնտրում, այլ` ցանկանում է բժշկվել իրեն տառապանք պատճառող տվայտանքից։ Վտանգավոր է երիտասարդության վերքը, որովհետև երիտասարդները բռնկվում են կրքերով, ուռչում են հույսերով, սպառվում են հաճույքների մեջ, բայց նրանց հույսը հուսահատների հույս է, անհետացող բաների հույս, որը գրգռում է կիրքը առանց գոհացում տալու, և անընդունակ է դարձնում համբերությամբ կրելու [սեփական վարքի] համեմատությունը ճշմարտության հետ։ Հույսներն այսպես նաև հոգու անմահությունից կտրելով, այսպիսիք սիրում են ասել. «Ուտենք և խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք», և սիրում են նրանց, ովքեր այս միտքն են արտահայտում, մինչ չեն ուզում ո՛չ իրենք ասեն, ո՛չ էլ լսեն, թե ինչպե՛ս է իրենց ասվում Սուրբ Գրքի այս մյուս հորդորը. «Ժուժկալ և արդար եղեք, և դադարեցեք մեղանչել» (1Կր 15, 32.34)։ Անմիտ [գործողությամբ] գլխիվայր շրջելով [իրականությունը], սիրում են թշնամու ավերիչ քծնանքները և մերժում են բժշկի առողջարար խստությունը. սա մի այլասերում է, մի հիմարություն, որից հարկավոր է շատ վախենալ, հատկապես երիտասարդ տարիքում։

 

Կապը ցանկասիրության և դաժանության միջև

4. Այդ նույն դիրքորոշումից սերում է նաև մտածելակերպը նրա, ով հանձնվում է հոգու դաժանությանը և համառում է մեղքերի մեջ։ Այսպիսիք, սխալ պատճառաբանությամբ, ասում են իրենց մտքում. «Կարճ և ձանձրալի է մեր կյանքի ժամանակը, չկա դեղորայք, երբ մարդը հասնում է վերջին, և չգիտենք ոչ ոքի, որ վերադարձած լինի անդենական աշխարհից»։ Եվ շարունակում են. «Դե՜, ուրեմն, վայելե՜նք ներկա բարիքները և երիտասարդական եռանդով գործածե՜նք արարածներին։ Արբենա՜նք նրբահամ գինիներով և բուրումնավետ օծանելիքներով»։ Եվ հատվածը շարունակվում է այս ձայներանգով. նա, ով գրում է, արտահայտում է հաճույքի իր սաստիկ տենչը, և ներկայացնում է ձայնը այն մարդկանց, ովքեր չունեն հավիտենական կյանքի հույսը, մինչ ամեն հույս դնում են ապականացու մարմնի վրա, որը նման է գետի ավազին։

Հաճույքների ու անպարկեշտությունների նման սանձարձակությունից, ճիճուների փտածության նման, դուք տեսնում եք, թե ինչպիսի՛ ահավոր մեղքերի ու ոճիրների է անցում կատարվում։ Հազիվ, ապա, անպարկեշտ ու ոճրագործ սանձարձակության այլասերումը ավարտում է հոգին ներսից քայքայելու և խեղաթյուրելու գործը, հասցնելով նրան ատելու ճշմարտության խիստ կոչը, որը նրան հորդորում է ետ վերադառնալ, ահա՛ թե ի՛նչ են այդպիսիք ասում. «Մեր քմահաճույքին ենթարկենք աղքատ արդարին, չխնայենք այրիներին, ոչ մի ակնածանք չունենանք ծերունու տարիներով հարուստ ալեհերության նկատմամբ։ Թող որ մեր ուժը լինի արդարության կանոնը, որովհետև տկարությունը վերջին հաշվով անօգուտ է։ Որոգայթներ լարենք արդարի առաջ, որովհետև ամաչելու առիթ է մեր համար և հակառակ է մեր արարքներին»։ Սա՛ եղավ վերաբերմունքը, որը հրեաներն անբարշտորեն ծրագրեցին Հիսուս Քրիստոսի` մեր Տիրոջ դեմ. Քրիստոսին ուղղված ակնարկը է՛լ ավելի հստակ կերպով երևում է խոսքերից, որ հետևում են. «Հայտարարում է, թե տիրապետում է Աստծո գիտությանը, և իրեն հռչակում է Տիրոջ որդի»։ Եվ մի քիչ ավելի ներքևում. «Փորձի ենթարկենք նրան վիրավորանքներով ու տանջանքներով, ճանաչելու համար իր նկարագրի հեզությունը։ Դատապարտենք նրան մի անպատիվ մահվան, որովհետև, ըստ իր խոսքերի, օգնություն կհասնի իրեն»։ Բայց ուշադրություն դարձրեք դատաստանին, որը Սուրբ Հոգին հաջորդ տողում տալիս է դրանց վերաբերյալ. «Նրանք այս կերպ են մտածում, բայց սխալվում են. իրենց չարությունը կուրացրել է իրենց» (Իմս 2)։

Բոլոր սարսափելի ոճիրները, որոնք վախով սպասվում են չարագործ մարդկանցից, ծնվում են այդօրինակ գարշելի անբարոյականությունից, որն ամենաանողնաշար ցանկամոլությունը խառնում է ամենաանգութ դաժանությանը։ Նոր էին ասել. «Վայելե՜նք ներկա բարիքները և երիտասարդական եռանդով գործածե՜նք արարածներին։ Բաց չթողնե՜նք գարնան ծաղիկը։ Ամենուր թողնե՜նք մեր ուրախության նշանները», և այժմ, մինչդեռ, ասում են. «Մեր քմահաճույքին ենթարկենք աղքատ արդարին, չխնայենք այրիներին, ոչ մի ակնածանք չունենանք ծերունու տարիներով հարուստ ալեհերության նկատմամբ։ Որոգայթներ լարենք արդարի առաջ։ Փորձի ենթարկենք նրան վիրավորանքներով ու տանջանքներով։ Դատապարտենք նրան մի անպատիվ մահվան»։ Խելագարությունն է, որ հետևում է արբածությանը. [հաճույքի] օծանելիքներին իբրև հետևակ հաջորդում են տանջանքները, վարդերին` արյունը, զվարթությանը` զայրույթը։ Հենց սրանք էին, որ կապեցին, սպանեցին Տիրոջը։ Ոչ ոք չէր կարող վախն ունենալ, թե իրենց հաճույքների ծաղկեպսակները կարող էին փոխակերպվել արյունոտված շղթաների, կամ կանխատեսել, որ անուշ ըմպելիներին հետևելու էին դառնահամ ցավերը, կամ փափուկ հովիտներում նախապես պատկերացնել զարհուրելի խաչափայտը։ Եվ սակայն, հենց երիտասարդությունն էր ասել տվել իր ցանկասիրությամբ. «Գործածե՜նք արարածներին երիտասարդական եռանդով». սա պատկերավոր կերպով ասվել է կյանքի ծաղիկ հասակի մասին։

 

Հորդոր երիտասարդներին` իրենց սերն ուղղելու իմաստությանը

5. Հատկապես ձեզ` երիտասարդներիդ, հետևաբար, ուղղում ենք հորդորը` թույլ տալու, որ հրապուրի ձեզ ճշմարիտ առաքինության գեղեցկությունը։ Չկա երկրային արարածներին պատկանող ոչ մի գեղեցկություն, մետաղների փայլ, անտառների աչք շոյող գրավչություն կամ ծաղիկների շքեղություն, չկա մարմնի զարդարանք` բնական կամ արհեստական, ո՛չ էլ երիզների ու սրունքների ներդաշնակություն, ո՛չ էլ բուրմունքների անուշություն, կամ համի դուրեկանություն, կամ որևէ գրկախառնություն, որ կարող է դիմանալ իմաստության ինքնատիպ գեղեցկության, նրա տված ներշնչման, նրա անուշության, նրա տված սննդի հետ համեմատությանը։ Ձեզ չենք արգելում սիրել, այլ` արգելում ենք սիրել անպարկեշտ կերպով։ Եթե կամենում եք սիրել, սիրեցեք իմաստությունը, գործի լծվեցեք` իմաստությանը հասնելու համար։ Որպեսզի չսարսափեք նրան տեսնելիս, կարգուկանոն հաստատեցեք ձեր ներսում։ Ինչպես որ անառակ աչքերը սևեռվում են մարմնի զարդարանքների վրա, այնպես էլ իմաստությունը նայում է դեպի ներս` սրտի զարդարանքներին։ Այս զարդարանքները չեք կարող հայթայթել ձեր հարստություններով. այն տանել չի կարողանում հպարտներին և նրանց, ովքեր սիրում են պարծենալ բաներով, որոնք չունեն. «Ի՞նչ ունես դու, որը չես ստացել» (1Կր 4, 7)։ Հենց իմաստությունն ինքն է պարգևում մեզ այն, ինչով որ կարող ենք հաճելի լինել իրեն։ Միայն թե սիրեք իրեն, նա կփրկի ձեզ. փարվեցեք նրան, և նա ձեզ վեր կբարձրացնի. պատվեցեք նրան, և նա կպսակի ձեր գլուխն իր պարգևների թագով (հմմտ. Առկ 4, 9)։ Իմաստությունը լուսաշող է և անթերի, հեշտությամբ է գտնվում նրա կողմից, ով սիրում է նրան (Իմս 6, 13)։ Առաջադրանք դրեք ձեր առաջ` յուրացնելու այն, դեպի նրան ուղղեցեք ձեր ցանկությունը, սիրով տոչորվեցեք նրա նկատմամբ, սպառվեցեք նրա համար։ Ուրացեք ինքներդ ձեզ, որպեսզի ինքը չուրանա ձեզ` տեսնելով, որ ինքնահաճությամբ եք նայում ինքներդ ձեզ։ Նրա ընկերությունը դառնություն չի պատճառում (Իմս 8, 16)։ Եթե սիրելու մղում եք զգում, սիրեցեք իմաստությունը. եթե գեղեցիկ եք, ջանացեք հաճելի լինել Աստծուն. եթե երիտասարդ եք, հանձնառու եղեք` հաղթելու դևին։ Հրեշտակը Դանիելին «ցանկությունների այր» անվանեց (հմմտ. Դն 10, 11)։ Նրա ցանկություններն ա՛յլ բան չէին, եթե ո՛չ միայն` եռանդագին կերպով բացվել իմաստության գեղեցկությանը. սրա համար նա երիտասարդ տարիքից հաղթեց անառակությանը, [և] երբ բանտարկվեց, ոտնակոխ արեց թագավորների հպարտությունը, [իսկ] երբ առյուծների գուբը գցվեց, փակեց նրանց երախները։

 

Երիտասարդ աղջիկներին առաջարկվում է Սուսաննայի, Աննայի և Մարիամի օրինակը

6. Ինչ վերաբերվում է ձեզ, պարմանուհիներ, ձեզ չվերաբերվող մի՛ համարեցեք այս խոսքերը։ Ձեզ չեմ խոսում ձեզ ամաչեցնելու համար[4], այլ` խրատելու, որպես իմ շատ թանկագին դուստրերի. հեռո՛ւ մնացեք ձեր երիտասարդական տարիքի ցանկություններից[5]։

Եթե ամուսնացած եք, մտածեցեք Սուսաննայի մասին. եթե այրի եք, մտածեցեք Աննայի մասին. եթե կույս եք, [մտածեցեք] Մարիամի [մասին]։ Հանրային վայրերում մի՛ ներկայացեք` փնտրելու մահը կյանքի տան մեջ[6], ցանկության պատճառով` տղամարդկանց աչքերի առաջ ի ցույց դնելու ծաղիկը ձեր ցողունների, որոնք շուտով հարդ են դառնալու։ Արդարև. «Ամեն մարդ խոտի պես է, և իր փառքը նման է խոտի ծաղկին։ Ի՞նչ եք անելու, երբ խոտը չորանա և ծաղիկը թոռոմի։ Բայց Տիրոջ այն խոսքը, որ տևում է միշտ» (հմմտ. Ես 40, 6-8), և որը դուք հիմա` ձեր երիտասարդության փարթամ ծաղկման ժամանակ արհամարհում եք, չեք կարծո՞ւմ, որ կարողանալու է հեշտորեն հասնել ձեր մոխիրներին։

Ասում եմ ձեզ և կրկնում եմ ձեզ պաղատելով. Հեռո՜ւ մնացեք[7] երիտասարդության ցանկություններից։ Եթե ականջ դնեք, եթե հնազանդվեք, եթե ընդունեք իմ խոսքերը որպես Աստծո խոսք` պատվով ու երկյուղով, գեղեցիկ կլինեք Աստծո առաջ, և նաև առողջ։ Եթե, մինչդեռ, ծաղրեք մեր այս խրատը, գուցե ձեր սիրային զվարճանքների պատճառով, մահացու վերք կհասցնեք ինքներդ ձեզ հենց այն գործիքով, որը բժիշկը գործածում է բուժելու համար[8]։ Ճիշտ է, որ հրեաները խաչեցին Տիրոջը, – և դա սոսկում է պատճառում մեզ, երբ լսում ենք դրա մասին, և մեր մեջ խստագույն դատապարտություն է ծնում, – բայց ուշադրություն դարձնենք նաև, թե ի՛նչ էին նրանք մտածում իրենց տռփասիրության մասին, երբ, մտորելով հաճույքների մենավոր մարգագետինների առաջ, ասում էին. «Թող որ մարգագետին չմնա, որտեղով անցած չլինի մեր տռփասիրությունը» (Իմս 2, 8)։ Հարցնում ենք, ուրեմն, ինքներս մեզ, թե Քրիստոսն ինչպե՞ս կարող է խնայել նրան, – եթե գտնվի այդպիսի մեկը երկրի վրա, – ով իր տռփանքի համար գրգիռ է փնտրում ո՛չ թե մեկուսի մարգագետիններում, այլ` մարդաշատ եկեղեցիներում Նրա, Ով թագավորում է Երկնքում[9]։

Ահա՛, երրորդ անգամ եմ պաղատում ձեզ` հեռո՛ւ մնալ երիտասարդական ցանկություններից. [փոխարենը] լցվեցեք Դանիելի ցանկություններով։ Ձեր երիտասարդությունից սկսած, որդյակնե՜ր, հետևեցե՜ք ձեզ տրված ուսուցմանը և կհասնեք իմաստության ձեռքբերմանը, մինչև ձեր ալեհերության տարիները (հմմտ. Սրք 6, 18)։

[1] Հայրապետն ակնարկում է ինչ որ սնապաշտական պրակտիկաների, որոնց մեջ նշմարում է նաև դիվային ազդեցությունների հնարավորությունը, որոնք պետք է որ քաջ ծանոթ լինեին իր ժամանակակիցներին, բայց որոնք մեր համար անհայտ են մնում։ Ամենայն հավանականությամբ, որքան որ հասկացվում է տեքստից, նորածիններին փաթաթում էին ինչ ինչ խոտաբույսեր կամ քսուկներ պարունակող երիզներով, թերևս կարծելով, թե այդպես հնարավոր է բախտ, ուժ, սեր, հարստություն ապահովել երեխային։ Այդ պրակտիկաները, թերևս, կապակցության մեջ էին դրվում այս կամ այն հեթանոսական աստվածության հետ։ Փաստ է, որ հնում գործածվում էին թմրեցուցիչ միջոցներ` երեխայի լացը կտրելու և քնեցնելու նպատակով, ինչը որ հանգեցնում էր երեխայի նյարդային համակարգի և ուղեղի թերզարգացման։ Հնարավոր է, որ Հայրապետն ակնարկում է նման դատապարտելի պրակտիկաների։
[2] Ակնարկում է Մկրտությունից առաջ արտասանվող հրաժարման բանաձևերին, որոնցով մարդն ազատակամ հրաժարվում է սատանայից, նրա գործերից, նրա կամակատարներից, և հայտնում է Աստծուն ծառայելու իր կամքը, այսինքն` կամովին դիրքավորվում է որպես Քրիստոսի հետևորդ և Աստծո ծառա։ Մանուկ երեխաների դեպքում այդ կամքն արտահայտվում է նրա ծնողների (կամ կնքահոր) կողմից։
[3] Ըստ Յոթանասնիցի։
[4] Բնագրում բառացի` շփոթեցնելու համար։
[5] Հայրապետն անշուշտ ի նկատի չունի որևէ ցանկություն, այլ, ինչպես արդեն ասել է և կրկնելու է քիչ հետո, անկարգ ցանկությունները։
[6] «Կյանքի տուն» ասելով Հայրապետն ամենայն հավանականությամբ ի նկատի ունի սեռային ոլորտը, ի մասնավորի՝ արգանդը, որը պետք է ծառայի կյանքի ավանդմանը՝ որդեծնությանը։ Դառնում է մահվան վայր, երբ ընկալվում է միայն որպես հաճույքի գործիք. նման դեպքերում շատ հաճախ դառնում է մահաբեր ոճիրների առիթ, որոնց շարքում առաջինը արհեստական վիժումն է, հղացված զավակի սպանությունը։
[7] Բնագրում բառացի` փախեք։
[8] Ամենայն հավանականությամբ, Հայրապետն ի նկատի ունի սերը, որն աստվածային գործիք է` մարդուն մոլություններից բժշկելու համար (հմմտ.  Մտթ 22, 35-40; Մրկ 12, 28-31), բայց հենց որի շուրջ սխալ պատկերացումները մեծ վնաս են հասցնում հոգուն և մարմնին։
[9] Այս տողով պարզ է դառնում Հայրապետի մտահոգության պատճառներից մեկը, թերևս գլխավորը. հանդիպում են կանայք և տղամարդիկ, ովքեր ծիսական հավաքներին մասնակցում են ո՛չ թե հոգևոր տրամադրվածությամբ, այլ` ծանոթություններ ձեռքբերելու նպատակով։ Նմաններին է ուղղված Հայրապետի խիստ գնահատականը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։