Ճառ 392. « ԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 392. « ԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐԻՆ »

Մարդկային ցեղը` իր տարփանքների պատճառով կորացած, նմանվում է Ավետարանում հիշվող հիվանդ կնոջը

1. Քիչ առաջ լսեցինք Առաքյալին, ով, մեզ դիմելով, ասում է. «Մենք Քրիստոսի կողմից ուղարկված դեսպանների նման ենք, որպեսզի հորդորենք ձեզ` հաշտվել Աստծո հետ» (2Կր 5, 20)։ Մեզ չէր հորդորի հաշտվել [Աստծո հետ], եթե Նրա հակառակորդները եղած չլինեինք։ Ամբողջ աշխարհը թշնամի էր իր Փրկչին, իր Աստծուն, և ընկեր էր, մինչդեռ, սատանային, որն իրեն դարձրել էր իր գերին. ամբողջ մարդկային ցեղը կորացած էր դեպի գետին, [Ավետարանում ներկայացված] մեղավոր կնոջ նման։ Ինչ որ մի մարդ, արդեն իսկ նկատելով դա, այս թշնամիների դեմ աղաղակ բարձրացրեց` այսպես դիմելով Աստծուն. «Կքեցին հոգիս» (Սղմ 56, 7)։ Սատանան և նրա կամակատարները մարդկանց դեպի գետին են կքում այն իմաստով, որ նրանց ենթակա են դարձնում ժամանակավոր և երկրային բարիքներին, և նրանց ուշադրությունը շեղում են առավել բարձր բարիքների ձգտելուց։ Այս բանին է ակնարկում Տերը, երբ Ավետարանում խոսում է այն կնոջ մասին, ով արդեն տասնութ տարի է, ինչ գտնվում էր սատանայի շղթաների մեջ. այդ կինն, ուրեմն, պետք է արձակվեր շղթաներից, պետք է արձակվեր շաբաթ օրվա մեջ։ Նրանք, ովքեր քննադատում էին Հիսուսին, որ ուղղեց նրան (հմմտ. Ղկս 13, 11-16), կասկած չկա, որ իրենք էլ կքված էին միևնույն ձևով, քանի որ Տիրոջ պատվիրաններին ևս նայում էին երկրային սրտով, առանց ըմբռնելու դրանք. շաբաթ օրվա խորհուրդը հանդիսակատարում էին նյութական իմաստով, չընկալելով դրա հոգևոր իմաստը։

 

Օրինավոր չէ հարճեր ունենալը, ո՛չ էլ ամուսնուց հեռացած կամ ամուսնու կողմից հեռացված կնոջ հետ ամուսնանալը

2. Ուշադրությո՛ւն դարձրեք, թանկագիններս, դուք, որ Քրիստոսի անդամներն եք և Ընդհանրական Մոր[1] զավակները։ Հավատավորները թող որ լսեն այն, ինչը որ ասում եմ Մկրտությանը պատրաստվողներին, իսկ Մկրտությանը պատրաստվողները` այն, ինչը որ ասում եմ հավատավորներին, և այն, ինչը որ ասում եմ մեկերին և մյուսներին, թող որ լսեն ապաշխարողներն ու նորադարձները, թող որ լսեն բոլորը, բոլորը` երկյուղով ու հարգանքով։ Ձեր ունկնդրումից ակնկալում եմ մխիթարություն ստանալ, որպեսզի իմ ցավն, ընդհակառակը, փաստարկ չհանդիսանա ձեր դեմ։

Մկրտությանը պատրաստվողներին, ուրեմն, ասում եմ. Ձեր համար օրինավոր չէ պոռնկանալը։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է բավարարվի իր կնոջով, կամ էլ` պետք է առանց կին ապրի, եթե կին չունի, բայց ձեզ արգելված է հարճ պահելը։ Եթե դուք խուլ եք ի լուր այս պատվիրանի, որ տալիս եմ ձեզ, կա Աստված, որ լսում է. եթե դուք չեք ուզում ընդունել խրատը, Աստծո հրեշտակները լսում են։ Ձեր համար օրինավոր չէ հարճեր պահելը։ Նաև կին չունենալու դեպքում, ձեր համար օրինավոր չէ հարճ պահելը, որին հետո պիտի հեռացնեք, որպեսզի կին առնեք։ Է՛լ ավելի ծանր կլինի ձեր դատապարտությունը, եթե ցանկանաք հարճ և կին պահել։ Արտոնված չէ նաև, որ իբրև կին առնեք մեկին, որի նախորդ ամուսինը ողջ է. և ձեր համար, կանայք, օրինավոր չէ որպես ամուսին ունենալ մի մարդու, որի նախորդ կինը ողջ է. ամուսնական նմանատիպ միությունները պոռնկաբարո են, եթե ո՛չ ձեր դատարանների իրավունքի, ապա Երկնքի իրավունքի համաձայն։ Արտոնված չէ նաև, որ կին առնեք մեկին, ով հեռացվել է իր ամուսնու կողմից, քանի դեռ ամուսինը ողջ է։ Միայն այն դեպքում, երբ կինը պոռնկացել է, օրինավոր է հեռացնել նրան իբրև շնացած, բայց հետո, քանի դեռ նա ողջ է, չեք կարոք ուրիշ կին առնել։ Եվ դուք, կանայք, արտոնված չէ, որ իբրև ամուսին առնեք մի մարդու, ով հեռացրել է իր կնոջը։ Այս տեսակ միությունները պոռնկաբարո միություններ են, ո՛չ թե ամուսնական միություններ։ Եթե հաշվի չեք առնում Օգոստինոսին, գոնե երկյուղ ունեցեք Քրիստոսի հանդեպ։ Նմանվելով մի՛ հետևեցեք չարագործների, անհավատների բազմությանը, զավակնե՜ր իմ։ Մի՛ ընթացեք ընդարձակ ճանապարհներով, որոնք հանգեցնում են մահվան։ Երբ մեկը ստանում է Մկրտությունը, նրա առջև դրվում է այլընտրանքը. կա՛մ Աստծուն երդում տալ՝ ապրելու ժուժկալության մեջ, կա՛մ էլ հաստատուն կերպով միացած մնալ սեփական կնոջը, իսկ եթե դեռ կին չունի, ամուսնանալ։

 

Պետք է հրապարակային ապաշխարություն կատարեն նրանք, ովքեր խախտել են ողջախոհության երդումը

3. Լսեցեք ինձ դուք, հավատավորներ, որ [արդեն] ստացել եք Մկրտությունը։ Ինչո՞ւ կորստյան մատնվել վերածնվելուց հետո։ Պետք է իմանաք, որ եթե Մկրտությունից հետո ծուռ, սայթաքուն, աղտոտ ճանապարհներ եք բռնում, դուք վատ վախճան եք ունենալու։ Հավատացեք ինձ, զավակներ իմ, դուք կորստյան եք մատնվում։ Չեք ուզո՞ւմ հավատալ ինձ։ Ինչպե՞ս հասկացնեմ ձեզ դա։ Դուք, որ [Քրիստոսի] հավատավորներն եք և այս պահին լսում եք ինձ, եթե անցյալում ընկել եք այս սխալների մեջ, մի՛ ցանկացեք կրկին ընկնել, և աղոթեցեք Աստծուն, որ ների ձեզ։ Եթե չեք կարողացել կամ չեք կամեցել պահպանել ողջախոհությունը ամուսնության մեջ և ժուժկալությունը, և շեղվել եք ամուսնական հանձնառությունից ու զոդից, կամ ողջախոհության երդումից, դրա համար ապաշխարություն արեք զղջմամբ և խոնարհությամբ։

Ավելի բաց կերպով կխոսեմ, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել, թե չի հասկացել։ Եթե մեկը, կին առնելուց հետո, ինքն իրեն արատավորել է սեռային ապօրինի հարաբերությամբ` իր կնոջ հետ ունեցած հարաբերություններից դուրս, անկողին մտնելով ինչ որ մի ուրիշ կնոջ հետ, թող որ Եկեղեցում ապաշխարություն անի դրա համար` [եկեղեցական] սովորության համաձայն, որպեսզի Եկեղեցին աղոթի իր համար։ Թող որ ոչ ոք չմտածի, թե կարող է ծածուկ կերպով բանակցել Աստծո հետ, այն պատճառաբանությամբ, որ իր արարքը ծածուկ արարք է եղել, ասելով ինքն իր մեջ. Աստված գիտի, թող որ Աստված ների, որովհետև իմ սրտի մեջ ապաշխարություն եմ անում։ [Այդպիսի դեպքում] այլևս իմաստ չէր ունենա խոսքը, որ ասվել է. «Այն, ինչը որ կարձակեք երկրի վրա, արձակված կլինի Երկնքում» (Մտթ 18, 18)։ Եվ աննպատակ կերպով տրված կլինեին բանալիները Աստծո Եկեղեցուն։

Չենք կարող ունայն դարձնել Ավետարանը, չենք կարող ունայն դարձնել Քրիստոսի խոսքերը։ Եթե ձեզ խոստանանք այն, ինչը որ Նա մերժում է, կխաբենք ձեզ։ Հոբն ասում է. «Չամաչեցի ամբոխի առաջ խոստովանել իմ մեղքերը» (Հոբ 31, 33)։ Եթե այսպես խոսեց այդ արդարը, որն աստվածային գանձարանի զտված ոսկիներից մեկն էր, զտված` Նրա հնոցի մեջ, ինչպե՞ս կարող եք դուք դիմադրել ինձ։ Մի՞թե ժանտահար զավակներ եք, և ձեր հպարտ պարանոցն ու ձեր ծուռ հոգին խոչընդոտում են ձեզ` ծնկի գալու Աստծո օրհնության առջև։ Աստված կամեցավ, որ Թեոդոսիուս կայսրը հրապարակային ապաշխարություն կատարեր ժողովրդի առաջ, հատկապես այն պատճառով, որ նրա մեղքը չէր կարողացել ծածուկ մնալ. բայց այժմ, այն, ինչը որ ամաչելու պատճառ չհանդիսացավ մի կայսրի համար[2], մի՞թե կարող է ամաչելու պատճառ հանդիսանալ մի պատգամավորի, կամ մինչև իսկ մի պարզ քաղաքացու, մի սովորական մարդու, մի վաճառականի համար։ Մի այնպիսի հպարտություն եք դրսևորում, որ միայն դա բավական կլիներ դժոխքի արժանանալու համար, նույնիսկ եթե մեջտեղում չլիներ շնությունը։

 

Հանդուրժելի չէ ամուսինների շնությունը, ո՛չ պակաս, քան կանանց շնությունը

4. Ի վերջո, եղբայրներ իմ, արք և կանայք թող որ ուշադիր լսեն ինձ. ինչո՞ւ եք զայրանում իմ դեմ։ Գոնե այնպես լիներ, ինչպես որ կարդում ենք Սաղմոսի մեջ. «Բարկացեք, եթե ուզում եք, բայց բա՛վ է մեղանչել» (Սղմ 4, 5)։ Արդյո՞ք պետք է վախն ունենամ, որ ինձ կպատահի այն, ինչ կատարվեց Պողոս Առաքյալի հետ։ Ինչպես որ լսեցիք, – եթե ուշադիր եղաք ընթերցվածին, որը քիչ առաջ լսեցինք, – նա ասում է. «Հիմա ձեր թշնամին եմ դարձել, որովհետև ասացի ձեզ ճշմարտությունը» (Գղտ 4, 16)։ Եթե անխուսափելի բան է, ընդունում եմ, որ ինձ ձեզ թշնամի զգաք. նախընտրում եմ հակասության մեջ լինել ձեր հետ, քան թե` արդարության։

Արդ, մի հանձնարարություն եմ ուղղում ձեր կանանց. հանձնարարում եմ, որ պահպանեն ձեզ։ Իմ դուստրերն են, ինչպես որ դուք իմ որդիներն եք։ Թող որ լսեն ինձ. թող որ նախանձախնդրություն ունենան իրենց ամուսինների հանդեպ և պարծանք չգտնեն այն գովասանքների մեջ, որոնք անհավատարիմ ամուսինները սովոր են արտասանել իրենց կանանց հասցեին, այն բանի համար, որ հանգիստ են վերաբերվում իրենց անհավատարմություններին։ Չեմ ուզում համբերատարության այս ձևը քրիստոնյա կանանց կողմից, որոնք պետք է նախանձախնդիր լինեն իրենց ամուսինների համար` ո՛չ թե մարմնական կապվածության, այլ` նրանց նկատմամբ հոգևոր հոգատարության պատճառով։ Կարճ ասած, մի խրատ, մի հանձնարարություն, մի հրաման է այն, ինչը որ տալիս եմ ձեզ։ Ես` Եպիսկոպոսս եմ, որ հրամայում եմ ձեզ, և հանձինս իմ հրամայում է Քրիստոսը. Նա, Ով գիտի, Նա, Ում առաջ վառվում է իմ սիրտը։ Ես, կրկնում եմ, հրամայում եմ. թույլ մի՛ տվեք, որ ձեր ամուսինները պոռնկություն անեն։ Վկա կանչեցեք Եկեղեցուն` նրանց դեմ։ Ձեզ չեմ ասում, թե պետք է դիմեք հանրային դատավորներին, նահանգապետին կամ նրա տեղապահին, պետական պաշտոնյաներին կամ կայսրին. պետք է դիմեք Քրիստոսին։ Մնացած ամեն ինչի մեջ ձեր ամուսինների աղախինները եղեք, սիրալիր նվիրվածությամբ ենթակա [եղեք նրանց]։ Համառ կամ հպարտ մի՛ եղեք, վիրավորական հակազդեցություններ մի՛ դրսևորեք, անհնազանդ մի՛ եղեք. մի խոսքով, հլու և բարեսիրտ աղախիններ եղեք։

Բայց մի տեսանկյուն կա, որի համար Առաքյալը ձեզ երկուսիդ էլ նույն հարթության վրա է դրել։ Գրում է. «Ամուսինը պետք է իր պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, հավասարապես նաև կինը` իր ամուսնու հանդեպ»։ Ապա հավելում է. «Կինն իր մարմինը չի տնօրինում, այլ` ամուսինը», բայց որպեսզի սա պարծենալու առիթ չունենա, շարունակում է տակավին. «Միևնույն ձևով, ամուսինը չի տնօրինում իր մարմինը, այլ` կինը» (1Կր 7, 3-4)։ Երբ խաղի է դրված այս իրավունքը, պահանջեցե՛ք այն, ինչը որ հասնում է ձեզ։ Եթե պատահում է, որ ամուսինն ուզում է վաճառել իր կնոջ ոսկեղենը` իր[3] ինչ որ մի կարիքի համար, դու` իր կինը, դու` իր աղախինը, համբերությա՛մբ կրիր, մի՛ վիճիր, մի՛ հակառակվիր։ Ոսկեղենիդ սրտով կապված չլինելդ իր հանդեպ քո սիրո վկայություն կլինի։ Իր կարիքը նաև քոնն է, եթե կա քո մեջ այն սերը, որը կինը պետք է ունենա իր ամուսնու հանդեպ. այս իսկ պատճառով, այն դեպքում, որ կարիքը ամուսնուդ կմղի վաճառելու գյուղում գտնվող քո տունը, պետք է ընդունես դա համբերությամբ, և մանավանդ թե` եթե ինքը վարանում է, դու ինքդ առաջարկիր դա իրեն։ Ամուսնուդ սիրո համար պետք է ընդունակ լինես կտրվելու որևիցէ ունեցվածքից։ Նրա վերաբերյալ պետք է ցանկանաս, որ ողջախոհ լինի, և պետք է պայքարես նրա ողջախոհության համար։ Եթե պետք է համբերությամբ կրես քո կալվածքներից մեկի կորուստը, չպետք է նույն ձևով թույլ տաս, որ կորստյան մատնվի ամուսնուդ հոգին։

 

Տղամարդը պետք է վավերական առաջնորդ հանդիսանա կնոջ համար, որը պետք է հետևի նրան

5. Ամուսինների դեպքում կարիքը չունեմ այս ուղղությամբ հանձնարարություններ տալու, որ նախանձախնդիր լինեն իրենց կանանց նկատմամբ, որովհետև լավ գիտեմ, որ այդպես են վարվում։ Ո՞վ կհանդուրժեր շնացող կնոջը։ Ինքս ինձ հարցնում եմ, ուստի, թե արդարացի՞ է, մինչդեռ, որ կնոջը պարտադրվի համբերել շնացող ամուսնուն։ Մի՞թե արդարացի է սա։ [Վավերական] արդարացո՞ւմ է փաստը, որ տղամարդիկ են։ Տղամա՞րդ եք, հարցնում եմ նրանց։ Փաստացի ցույց տվեք ձեր ուժեղությամբ, որ տղամարդ եք։ Տղամա՞րդ եք։ Հաղթեցե՛ք տռփամոլությանը։ Ինչպե՞ս կարող է մեկը տղամարդ կոչվել, եթե կինն իրենից ավելի ուժեղ է։ Ճիշտ է, որ տղամարդը կնոջ գլուխն է, և որպես այդպիսին` պետք է առաջնորդի նրան, և կինը պետք է հետևի իր ամուսնուն, բայց սա պահանջում է, որ տունը լավ կառավարված լինի։ Ամուսինը, որպես գլուխ, պետք է առաջնորդի իր կնոջը, որը պետք է հետևի նրան. բայց սա ենթադրում և պահանջում է, որ նա իմանա, թե ո՛ւր է գնում, և չընթանա մի ճանապարհով, որի վրա չէր ուզենա, որ իր կինը հետևեր իրեն. վտանգ կստեղծվեր, որ երկուսն էլ գահավիժեին շնության մեջ, քանի որ կինը կսովորեր անել այն, ինչ անում է ամուսինը։ Անշուշտ քեզ տառապանք կպատճառեր երկուսիդ միասին ընկնելը, բայց քեզ պետք է ցավ պատճառի նաև միայն քո ընկնելը։ Իսկ եթե կնոջդ նախանձախնդիր կերպով սիրելով չես ուզում, որ շնության մեջ ընկնի, ուշադիր հսկի՛ր և դու ինքդ էլ մի՛ ընկիր դրա մեջ։

Ինչ վերաբերվում է ձեզ, հավատարիմ կանայք, մի՛ նմանվեք ձեր անհավատարիմ ամուսիններին. ամբողջովին հեռո՛ւ մնացեք նրանց նմանվելուց։ Թող որ կա՛մ ձեզ միացած ապրեն, կա՛մ միայնակ կորստյան մատնվեն[4]։ Եթե կինը ողջախոհության պարտավորություն չունի անհավատարիմ ամուսնու հանդեպ, ողջախոհության պարտավորություն ունի, սակայն, Աստծո հանդեպ, Քրիստոսի հանդեպ։ Թող որ ողջախոհ մնա, ուրեմն, ո՛չ թե ամուսնու համար, որն արժանի չէ դրան, այլ` Քրիստոսի համար։ Թող որ ի նկատի առնի սեփական արժեքը, թող որ վերընթերցի իր ամուսնական խոստումները։

Ի վերջո, եթե ինչ որ մեկը բարկանում է իմ խոսքերից, ազատ է մտածելու այն, ինչ ցանկանում է։ Բայց գիտեմ, որ նրանք, ովքեր իմաստուն են, սիրում են ինձ հե՛նց այն բանի համար, ինչը որ նոր ասացի։ Արդարացի կերպով է գրվել. «Եթե իմաստունին հանդիմանես, երախտագետ կլինի քեզ։ Եթե տգետին սրբագրես, կավելացնի իր արհամարհանքը քո հանդեպ» (Առկ 9, 8)։ Չի ասում, թե կսկսի արհամարհել քեզ, այլ` որ կավելացնի իր ատելությունը, որովհետև արդեն իսկ տանել չէր կարողանում նրան։ Հետևաբար, ես լավ գիտեմ, որ իմաստունները հաստատում են այն, ինչ ես ասում եմ։ Կոչ եմ անում այժմ չմերձենալ Հաղորդությանը նրանց, ովքեր գիտեն, որ ես ճանաչում եմ իրենց հանցանքը, այլապես ստիպված կլինեմ [եկեղեցու] դռներից դուրս հանել տալ իրենց։ Նրանց, որոնց հանցանքին ես տեղյակ չեմ, հանձնում եմ Աստծո դատաստանին։ Պետք է ապաշխարություն անեն, և դրանից հետո հեռու մնան պիղծ պոռնկությունից։

 

Ապաշխարողները թող որ փոխեն իրենց վարքը, Մկրտության թեկնածուները թող որ իրենց համար առաջնորդ ընտրեն մի լավ քրիստոնյայի

6. Այժմ խոսքս ուղղում եմ ապաշխարողներին և հարցնում եմ, թե արդյոք գիտե՞ն, թե ի՛նչ են անում։ Պետք է իմանաք, որ ձեր ապաշխարությունը ոչ մի արժեք չի ունենա, եթե ձեր ներկա ինքնախոնարհեցմանը չհետևի ձեր իսկ փոխակերպումը։

Մկրտության թեկնածուներին դիմելով` ասում եմ. Վառեցե՛ք ձեր մեջ շնորհը ստանալու ցանկությունը։ Բայց պետք է ընտրեք ձեր համար մի հավատացյալ Եկեղեցու մեջ, որին մտադիր եք հետևել և նմանվել։ Եթե այդպիսի մեկին չգտնեք, ... վա՜յ մեզ։ Աստվա՜ծ իմ, չեմ ուզում և ո՛չ իսկ ենթադրել նման մի իրավիճակ, չեմ ուզում մտածել, որ հավատացյալների ժողովրդի մեջ կարող է չգտնեք գոնե մեկին, ում կարելի կլինի նմանվել և հետևել։ Ուրեմն ապարդյուն կերպով բազում տարիներ շարունակ մկրտած կլինեինք այդքա՜ն մարդկանց, եթե չգտնվեին հավատացյալներ, որ պահպանում են ստացած շնորհը և հավատարիմ են մնում խոսքին, որը լսել են։ Չպետք է և ո՛չ իսկ մտքովս անցկացնեմ սա, այլապես` ավելի լավ կլիներ, որ ձեր Եպիսկոպոսը չլինեի։

Հուսով եմ, մինչդեռ, կարծում եմ, թե իսկապես ձեր Եպիսկոպոսն եմ։ Ցավում եմ, որ մինչ հարկադրված եմ իմանալ ձեզնից ոմանց ամուսնական անհավատարմության մասին, չգիտեմ, մինչդեռ, ուրիշների ողջախոհ հավատարմության մասին։ Ծածուկ է մնում այն իրականությունը, որն ինձ ուրախություն կնվիրեր, մինչ հայտնի է այն, որը տառապանք է պատճառում։

Դուք, ուրեմն, Մկրտության թեկնածուներ, հորդորում եմ ձեզ բաղձանքով սպասել Աստծո շնորհին, և ընտրել ձեր համար մի անձ, որին կարող եք հետևել, որպեսզի կիսեք նրա կյանքի [փորձառությունը] և զրույցի բռնվեք նրա հետ ընկերության մտերիմ երկխոսություններով։ Տեղ մի՛ տվեք նրան, ով հուշում է [գործել] չարը. «Վատ հուշումներն ավերում են լավ վարք դրսևորողին» (1Կր 15, 33)։ Կյանքի մեջ եղեք այնպես, ինչպես որ են որոմով շրջապատված հասկերը. համբերությամբ կրեք այս աշխարհի նեղությունները, ինչպես ցորենի հատիկները կալատեղում։ Գալու է Նա, Ով կատարելու է քամահարումը. բայց թող որ ոչ ոք ինքնակամ հանձն չառնի ընդհանուր բաժանումն այս ժամանակվա մեջ իրականացնելու առաջադրանքը։

[1] Այսինքն` Ընդհանրական Եկեղեցու։
[2] Այսինքն` հրապարակային ապաշխարություն կատարելը։
[3] Քանի որ Հայրապետը տղամարդուն դիտարկում է որպես ընտանիքի գլուխ, ասելով «իր» հասկանում է ընտանիքի կարիքները։
[4] «Ապրեն». ի նկատի ունի հավիտենական կյանքին հասնելը և Աստծո Արքայության մեջ ապրելը։ «Միայնակ». ի նկատի ունի հավիտենական դատապարտությունը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։