
Ճառ 393. « ԱՊԱՇԽԱՐՈՂՆԵՐԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
1. Դիմում եմ ձեզ` ապաշխարողներիդ, և կուզենայի [տեսնել] ձեզ [որպես] ճշմարտապես ապաշխարող ապաշխարողներ. ապաշխարողներ, որ լրջորեն են մոտենում ապաշխարությանը, [և] այն չեն դիտարկում իբրև մի խաղ։ Հանձնարարում եմ ձեզ. փոխեցե՛ք [ձեր] վարքը և հաշտվեցե՛ք Աստծո հետ։ Դուք էլ եք սնվում արոտում, մինչ տակավին կապված եք շղթային։ Այն շղթան է, որի մասին խոսում է Ավետարանը. «Այն ամենը, որ կկապեք երկրի վրա, կապված կլինի նաև Երկնքում» (Մտթ 18, 18)։
Մի՞թե կարծում եք, թե կարող եք կատակել Աստծո հետ, երբ լսում եք այս խոսքերը։ Դուք ապաշխարություն եք անում, ծունկի եք գալիս, և ծիծաղում եք` ծաղրելով Աստծո համբերությունը[1]։ Եթե ապաշխարություն եք անում, պետք է ապաշխարություն անեք. կարելի չէ ապաշխարող կոչել մեկին, ով չի զղջացել։ Իսկ եթե զղջացել է, այլևս չի կարող անել այն, ինչը որ խոստովանում է, որ վատ է արել, որ արել է։ Այն, ինչի վերաբերյալ զղջացել եք, որ արել եք, այլևս մի՛ արեք. ապաշխարող չեք, եթե տակավին անում եք։
Իսկապես, թանկագիններս, պատահում է, որ մարդիկ ուղարկում են կանչելու եկեղեցուց [քահանային], կամ իրենց են այնտեղ տանել տալիս, երբ հիվանդանում են. և այդ ժամանակ մկրտվում են և վերածնվում, դրանից հետո երջանիկ[2] ապրելով. նման դեպքում ապաշխարության կարիք չկա։
Ով դեռևս չի ստացել Մկրտությունը, չի խախտել Խորհուրդը։ Երբ, մինչդեռ, մեկը խախտել և դավաճանել է ստացած Մկրտությանը, ապրելով հանցանքների ու չարագործությունների մեջ, և, հետևաբար, հեռացվում է Խորանի Սեղանից, որպեսզի չուտի և չխմի սեփական դատաստանը, այսպիսին պետք է փոխի իր վարքը և ուղղվի, պետք է հաշտվի [Աստծո և Եկեղեցու հետ], քանի դեռ ողջ և առողջ է։
Ինչո՞ւ հետաձգել հաշտությունը [այն օրվան], երբ սկսելու է մեռնել։ Գիտենք շատերի դեպքերի մասին, որոնք իրենց վերջին շունչն արձակեցին, երբ դեռևս գտնվում էին ապաշխարության գործընթացի մեջ։ Սրանից բացի, Աստծո առաջ արտահայտում եմ իմ վախը, դիմելով այն վախին, որ ունեք ձեզնում[3]. միայն նա, ով իր մեջ չունի Աստծո վախը, կարող է հաշվի չառնել իմ վախը, բայց դա` ի վնաս իրեն։ Ուշադրություն դարձրեք, ուրեմն, [իմ կողմից հնչեցված զգուշացումներին]։
Օրինակ վերցնենք մի մկրտված մարդու, ով իր կյանքը վարում է եթե ո՛չ առանց մեղքի, – որովհետև չգիտեմ, թե ո՛վ կարող է առանց մեղքի լինել, – գոնե առանց հանցանքների, և գործում է միայն այն մեղքերը, որոնք ամեն օր արձակվում են այն աղոթքով, որն անում ենք. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ներում ենք մեր հանդեպ պարտք ունեցողներին» (Մտթ 6, 12). հայտարարում եմ, որ ես վստահ եմ, որ երբ կավարտվի այս երկրային կյանքը, նա չի դադարի ապրել, այլ` այս կյանքից անցում կկատարի մյուս կյանքին, տանջված կյանքից` խաղաղության կյանքին, դժբախտ կյանքից` երանելի կյանքին։ Այսպիսին, և՛ այն դեպքում, որ ինքնակամ խնդրել է[4] ստանալ Մկրտությունը, և՛ այն դեպքում, որ մկրտվել է կյանքին սպառնացող վտանգի պայմաններում, երբ դուրս է ելնում այս կյանքից, գնում է իր Տիրոջ մոտ, գնում է խաղաղության մեջ։ Այն մկրտվածը, մինչդեռ, ով անտեսած կամ խախտած կլինի այսքա՜ն մեծ Խորհրդի հանձնառությունները, եթե ապաշխարած կլինի իր ողջ սրտով, այնտեղ` իր սրտի մեջ, որտեղ Աստված տեսնում է, [կստանա ներումը, այնպես` ինչպես այդ ներումը ստացավ Դավիթ արքան]։ Աստված տեսավ Դավթի սրտի մեջ, երբ նա, մարգարեի կողմից խստորեն հանդիմանվելով, գոչեց. «Մեղանչեցի՜», և իսկույն լսեց, թե ինչպե՛ս [իրեն] ասվեց. «Տերը ջնջեց քո մեղքը» (2Սմ 12, 13)։ Այդքա՜ն մեծ զորություն ունի խոստովանության այդ միակ կարճառոտ խոսքը. երեք վանկեր են. «Մեղանչեցի»[5]. բայց այս երեք վանկերի մեջ Երկինք բարձրացավ սրտի զոհընծայման բոցը։ Եթե մեկն ապաշխարությունը կատարում է անկեղծությամբ, ազատվում է այն զոդից, որն իրեն շղթայված էր պահում` բաժանելով իրեն Քրիստոսի Մարմնից, և եթե ապաշխարությունից հետո բարեվարքությամբ է ապրում, ինչպես որ պարտավոր էր ապրել նաև առաջ, այսպիսին, ո՛ր պահին էլ որ մահանա հաշտվելուց հետո, կգնա իր Տիրոջ մոտ, կմտնի հանգստի մեջ. չի հանձնվի դևի հրոսակներին, այլ` կդրվի Աստծո Արքայության կողմը[6]։
Կան, ապա, մարդիկ, ովքեր խնդրում են ապաշխարություն կատարել միայն այն ժամանակ, երբ կյանքին սպառնացող վտանգի մեջ են գտնվում, և այստեղից մեկնում են ապաշխարությունը և հաշտությունը [սոսկ փաստացի] ստացած լինելուց հետո։ Այսպիսիներին չենք մերժում մեր կողմից այն, ինչը որ նրանք խնդրում են, բայց չենք կարծում, թե լավ վախճան են ունեցել. չենք կարծում դա, չենք կարող այդպես կարծել, և չենք ուզում ձեզ խաբել։ Ոչ մի մտահոգություն չեն պատճառում վախճանը այն հավատացյալի, ով բարի վարքով է ապրել, ո՛չ էլ վախճանը նրա, ով վերջին պահին ստացել է Մկրտությունը, և ո՛չ իսկ վախճանը նրա, ով ժամանակին կատարված ապաշխարությունից ու հաշտությունից հետո ապրել է բարի վարքով. բայց ես իմ կողմից հանգիստ չեմ վախճանի վերաբերյալ նրա, ով միայն վերջին վայրկյանին է ապաշխարություն արել և հաշտվել։ Վստահ եմ այն բանին, ինչի վերաբերյալ որ վստահություն ունեմ, և սրա վերաբերյալ վստահեցնում եմ [նաև ձեզ]. բայց այն բանի մասին, որի վերաբերյալ վստահություն չունեմ, վստահ չեմ և ի վիճակի չեմ վստահեցնելու [ձեզ]. պետք է սահմանափակվեմ ապաշխարությունը նշանակելով։
Ինչ որ մեկը կարող էր դիմել ինձ` ասելով. «Ո՜վ բարի քահանա, դու հայտարարում ես, որ չգիտես և որ չես կարող վստահաբար ասել, թե անձը, որին ապաշխարություն ես նշանակում մահվան վտանգի ներքո, արդյոք կկարողանա՞ ներկայանալ Քրիստոսին, որովհետև իր կյանքի ընթացքում, քանի դեռ վայելում էր առողջությունը, չի զղջացել։ Եվ մենք, հետևաբար, խնդրում ենք քեզ, ի սեր Աստծո, ուսուցանել մեզ, թե ինչպե՛ս պետք է ճիշտ ապրենք ապաշխարությունից հետո»։ Ահա՛ թե ինչպե՛ս եմ ձեզ պատասխանում. «Հեռո՛ւ պահեցեք ձեզ հարբեցողությունից, ցանկամոլությունից, գողանալուց, չարախոսությունից, չափազանցված ծիծաղից, դատարկ խոսքերից։ Բոլոր այս բաների համար մարդիկ պետք է հաշիվ տան դատաստանի օրը»։ Թեթև մեղքեր թվարկեցի, բայց բոլորը ծանր են ու կործանարար։ Ավելացնում եմ, որ այս մոլություններից մարդը պետք է հեռու մնա ո՛չ միայն ապաշխարությունից հետո, այլ նաև` առաջ, երբ քաջառողջ է, որովհետև չգիտի, թե, երբ կյանքի ավարտին լինի, ի վիճակի կլինի՞ ապաշխարություն անելու և իր մեղքերն Աստծուն և քահանային խոստովանելու։ Սրա համար խրատեցի ձեզ` բարի վարքով ապրել ապաշխարությունից առաջ, և է՛լ ավելի լավ` ապաշխարությունից հետո։
Ուշադրություն դարձրեք այն բանին, որ ասում եմ ձեզ. պետք է միտքս ավելի լավ բացատրեմ, քանի որ վախենում եմ, թե սխալ կհասկացվեմ։ Մտադիր չեմ ասելու, թե նա, ով կյանքի վերջին վայրկյանին է զղջում, դատապարտվելու է։ Բայց ո՛չ էլ ասում եմ ձեզ, թե փրկվելու է։ Ասում եմ, որ չգիտեմ։ Չեմ դատում, չեմ խոստանում. ընդամենը [ասում եմ, որ] չգիտեմ։ Եվ եթե մեկը կամենում է ազատվել այս անորոշությունից, եթե կամենում է դուրս գալ կասկածից, պետք է ապաշխարություն անի, քանի դեռ քաջառողջ է։ Եթե մեկն այսպես վարված կլինի, և կշտապի հաշտվել [Աստծո և Եկեղեցու հետ, նաև այն ժամանակ], երբ վրա կհասնի վախճանը, կարող է ապահով լինել, քանի որ ապաշխարությունն արդեն արել է, երբ տակավին կարող էր մեղանչել։ Եթե, մինչդեռ, մեկը տրամադիր է ապաշխարություն անել, երբ այլևս չի կարող մեղանչել, այդպիսի դեպքում մեղքերն են, որ լքում են իրեն, ո՛չ թե ինքն է, որ լքում է մեղքերը։
Ինչ որ մեկը կարող է ինձ ասել, որ գուցե Աստված ներում է նրան, և որ ես չեմ կարող դա իմանալ։ Այո՛, ամբողջովին ճիշտ է. ես դա չգիտեմ։ Մի դեպքում գիտեմ, մյուս դեպքում չգիտեմ։ Ապաշխարությունը հենց այն պատճառով եմ նշանակում, որ չգիտեմ. եթե իմանայի, թե դրա կարիքը չկա, չէի նշանակի։ Բայց պե՞տք է նաև խուսափեի ձեզ խրատելուց և վախեցնելուց, եթե իմանայի, որ այն օգտակար է։ Այլընտրանքը այն է, որ մարդը ստանա կամ չստանա ներումը. ես չգիտեմ, թե երկու հնարավորություններից ո՛ր մեկն է իրականանալու տվյալ դեպքում։ Հետևաբար, մի կողմ թողեք անորոշը և հետամուտ եղեք ստույգ ու աներկբա ճանապարհին։